ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Կյանքի իրադարձություն

Երեխայի ծնունդ

Այս ուղեցույցի նպատակն է տրամադրել ամփոփ տեղեկություններ հղիության պլանավորման, ծննդաբերության, հետծննդյան և երեխայի մանկության ժամանակահատվածի վերաբերյալ՝ ներկայացնելով պետության կողմից մատուցվող բոլոր ոլորտային ծառայությունները մեկ հարթակում։ 

Այստեղ կգտնես ողջ տեղեկատվությունը, որ քեզ անհրաժեշտ է ծնող դառնալու ճանապարհը սկսելու համար․ փաստաթղթեր, արտոնություններ, նպաստներ և ավելին։

Եթե հղիության թեստը դրական է

  1. Քայլ 1

    Դիմիր քո ընտանեկան բժշկին

    Առցանց հերթագրվիր քո ընտանեկան բժշկի մոտ և այցելիր հետազոտության։ Բժիշկդ կզննի քեզ և կգրանցի խորհրդատվության։ 

  2. Քայլ 2

    Պարզիր հղիությանդ ժամկետը

    Խորհրդատվության ընթացքում կիրականացվի ուլտրաձայնային հետազոտություն, որի միջոցով հնարավոր կլինի հաստատել հղիությունը և ճշգրտել ժամկետը։

    Հղիության հաստատման դեպքում ընտանեկան բժիշկդ քեզ կուղղորդի կանանց կոնսուլտացիայի բաժին, որտեղ կհաշվառվես և կստանաս նախածննդյան հսկողություն սկսած հղիության 12-րդ շաբաթվանից։ 

  3. Քայլ 3

    Ընտրիր հղիությունդ վարող բժշկին

    Նկատի ունեցիր, որ իրավունք ունես ընտրելու քեզ սպասարկող բժշկական հաստատությունը և հղիությունը վարող բժշկին։

Առցանց հերթագրվել ընտանեկան բժշկի մոտ ԱՐՄԵԴ-ի միջոցով
Սկսել
  • Ընտրածդ բժշկական հաստատության կանանց կոնսուլտացիայի բաժին պետք է ներկայացնես քաղվածք՝ տեղամասային հիվանդանոցի (պոլիկլինիկայի) քո անհատական բժշկական քարտից։
  • Երբեմն անհրաժեշտ է ներկայացնել նաև տեղեկանք՝ նախկին բժշկական հաստատությունում որպես հղի հաշվառված չլինելու մասին (այդ մասին քեզ հիվանդանոցում նախապես կտեղեկացնեն)։
  • Քո կողմից ընտրված բժշկական հաստատությունում քեզ համար կբացվի անհատական քարտ (այն կոչվում է «Հղիի և ծննդկանի անհատական քարտ»)։
  • Սպասարկող բժիշկը անհատական քարտումդ պարբերաբար կգրանցի քո նախածննդյան և հետծննդյան հսկողության վերաբերյալ բոլոր տվյալները (հետազոտությունների արդյունքներ, գանգատներ, նշանակումներ և այլն):
  • Քեզ կներկայացվի նաև, թե բժշկական ինչ անվճար ծառայություններից կարող ես օգտվել։

ՀՀ-ում ծնված յուրաքանչյուր անձ ծննդատնից դուրս գրվելիս գրանցվում է բնակության վայրի տեղամասային հիվանդանոցում (պոլիկլինիկայում), որտեղ բացվում է նրա վերաբերյալ անհատական քարտ․ այդտեղ կատարվում են նշումներ անձի առողջության և հերթական ստուգումների վերաբերյալ։

Դու ևս ծնվելիս ստացել ես այդ քարտը, ուստի պետք է դիմես քո բնակության վայրի պոլիկլինիկա՝ այն ստանալու համար։

Դու կարող ես սպասարկվել անվճար, եթե․ 

  • ՀՀ քաղաքացի ես,

  • ՀՀ քաղաքացի չես, սակայն գրանցված ամուսնության մեջ ես ՀՀ քաղաքացու հետ,

  • ունես փախստականի և ՀՀ-ում ապաստան հայցողի կարգավիճակ,

  • ՀՀ  տարածքում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայողի ընտանիքի անդամ կամ զինծառայող ես։

Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ կառավարության՝ 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման:

Ի՞նչ է քեզ սպասվում հղիության ամիսներին

Այցեր, զննումներ, հետազոտություններ 

Հղիությունդ վարող բժշկին պետք է այցելես հետևյալ պարբերականությամբ․  

  • մինչև հղիության 12-րդ շաբաթը` 1 այց,

  • 2-րդ եռամսյակում` 2 այց, 

  • 3-րդ եռամսյակում` 5 այց։

Ըստ անհրաժեշտության և բժշկի ցուցումների՝ կլինեն հավելյալ այցեր:

  • Առաջին այցը խիստ կարևոր է․ այն կատարվում է հղիության 8-12-րդ շաբաթների ընթացքում, երբ որոշվում է՝ արդյոք հղիությունը չի վտանգում քո առողջությունը, կամ պտղի զարգացումը տեղի է ունենում տվյալ ժամկետներին համապատասխան։ 
  • Այցի ընթացքում բուժաշխատողը քեզ հարցեր կուղղի քո և ընտանիքիդ առողջության մասին և կկատարի համապատասխան գրանցումներ։ Նա կշոշափի որովայնդ, կլսի սրտիդ աշխատանքը, կստուգի թոքերդ ու շնչառությունդ, կչափի արյանդ ճնշումը, քաշդ ու հասակդ: 
  • Այս ժամկետում կարելի է պարզել հղիության ստույգ ժամկետները, զարգացման ընթացքը, պտուղների թիվը և դիրքը (արգանդում կամ փողում):
  • Կատարվում է հղիության 11-16-րդ շաբաթների ընթացքում։ 
  • Սքրինինգի ընթացքում գնահատվում է երեխայի անատոմիական կառուցվածքը և քրոմոսոմային հիվանդությունների զարգացման ռիսկը:
  • Հետազոտությունը ուլտրաձայնային է, սակայն պետք է հանձնել նաև երակային արյան նմուշ՝ երկու հատուկ հորմոնների ստուգման համար։ Այդ հորմոնների մակարդակների շեղումը նորմայից կարող է երեխայի մոտ նման հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։

Երկրորդ եռամսյակում պետք է կատարել 2 այց.

  • 18-22-րդ շաբաթների ընթացքում բժշկին այցելելը կարևոր է, քանի որ պտուղն արդեն բավականաչափ մեծ է, և հնարավոր է ավելի ճշգրիտ կերպով հետազոտել նրա կենսական օրգանները։

  • Այցելիր բժշկին նաև հղիության 28-րդ շաբաթում։ Այս այցի ընթացքում որոշվում են երկաթի մակարդակը արյանդ մեջ և գլյուկոզայի տանելիությունը: Բացասական ռեզուս արյուն ունենալու դեպքում որոշվում է նաև հակամարմինների քանակը: 

  • Երկրորդ սքրինինգը կատարվում է հղիության 18-22-րդ շաբաթների ընթացքում։ Հետազոտվում են պտղի անատոմիական կառույցները և ներքին օրգանների զարգացումը։

  • Սքրինինգի արդյունքների հիման վրա բժիշկը կարող է ուղղորդել արյան կենսաքիմիական քննության։ 

  • Երրորդ եռամսյակում այցերն ավելի հաճախակի են դառնում։

  • Մինչև հղիության 36-րդ շաբաթը բժշկին կայցելես ամիսը երկու անգամ, այնուհետև՝ ամեն շաբաթ՝ մինչև ծննդաբերություն:

  • Հղիության 30-34-րդ շաբաթների ընթացքում կատարվում է երրորդ սքրինինգը։ 

  • Այս սքրինինգի նպատակը պտղի մոտ ավելի ուշ դրսևորվող հավանական բնածին արատների բացահայտումն է։

  • Կան մի շարք բնածին արատներ, որոնք հայտնաբերել հնարավոր է միայն հղիության տվյալ ժամկետում։ Այդպիսին են, օրինակ, հենաշարժողական կամ միզասեռական համակարգի արատները։   

 

Ի՞նչ է դոպլերոգրաֆիան 

  • Դոպլերոգրաֆիան երրորդ սքրինինգին կից հետազոտություն է։ 

  • Այն արտացոլում է մոր և մանկան արյան հոսքերը, թույլ է տալիս բացահայտել արյան շրջանառության խախտումները։

  • Հետազոտությունն օգնում է բժշկին համոզվել, որ երեխայի զարգացումը նորմալ է, նա բավարար չափով սնուցում ու թթվածին է ստանում։ Դոպլերոգրաֆիան թույլ է տալիս ստուգել նաև պտղի աճի տեմպերը։

  • Ըստ հետազոտության արդյունքների՝ բժիշկը միջոցներ է ձեռնարկում հղիության հետագա ընթացքի և բարեհաջող ծննդաբերության ուղղությամբ։

Ի՞նչ անել գանգատներ ունենալու դեպքում

Նշված գանգատներն ունենալու դեպքում, անկախ պլանավորված հաջորդ այցի ժամկետից, պետք է անմիջապես դիմես բժշկին․

Դիմիր բժշկին, եթե ունես այս գանգատներից որևէ մեկը՝   

  • բարձր ջերմություն,

  • մաշկի մշտական քոր, ցան,

  • սրտխառնոց և փսխում հղիության առաջին կեսին,

  • ձեռքերի և ոտքերի այտուցներ, երակների վարիկոզ լայնացում,

  • թուլություն, գրգռվածություն, անքնություն,

  • գլխացավ, գլխապտույտ, հոգնածություն,

  • հաճախամիզություն, ցավ, այրոց միզելիս,

  • լուծ, փորկապություն,

  • ոչ արյունային առատ արտադրություն հեշտոցից,

  • հեշտոցային արտադրության քանակի, բնույթի փոփոխություն։

Դիմիր բժշկի խորհրդատվությանը նաև վարակիչ հիվանդների հետ շփման դեպքում:

Անհապաղ դիմիր հիվանդանոցային բժշկական օգնության մոտակա բժշկական հաստատություն կամ կանչիր շտապ օգնություն (1-03), եթե ունես՝ 

  • արյունային արտադրություն հեշտոցից,

  • դժվարաշնչություն, շնչարգելություն,

  • հարպտղային ջրերի արտահոսք,

  • ցանկացած տեղակայման ցավ՝ հատկապես որովայնի, կրծքավանդակի և վերստամոքսային շրջաններում,

  • տեսողության վատացում, ուժեղ գլխացավ, գլխապտույտ, ընդհանուր թուլություն, շրջապատի նկատմամբ անտարբերություն,

  • սրտխառնոց և փսխումներ հղիության երկրորդ կեսին,

  • գիտակցության մթագնում, ցնցումներ,

  • պտղի շարժումների փոփոխություն` շատ բարձր ակտիվություն, շարժումների թուլացում կամ բացակայություն։

Ի՞նչ ունենալ ծննդատուն գնալիս

Նախապատրաստում ծննդաբերությանը

Ծննդաբերությանը սկսիր նախապատրաստվել մի քանի շաբաթ առաջվանից․ վերցրու քեզ ու փոքրիկիդ անհրաժեշտ իրերը և պահանջվող բոլոր փաստաթղթերը, որոնք թվարկված են ստորև։

Մինչև հիվանդանոց գնալդ հասցրու ձեռք բերել նաև «ԵսԵմ» նույնականացում, որի շնորհիվ կկարողանաս մի քանի հպումով ստանալ 3 ծառայություն միանգամից։

  • Անձնագիր կամ նույնականացման քարտ,

  • Փոխանակման քարտ, որը  պարունակում է հղիության ընթացքի և սպասվող ծննդաբերության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն։ Այն քեզ կտրամադրվի կանանց կոնսուլտացիայի բաժնում հղիությանդ 30-րդ շաբաթում։ 
  • Հողաթափեր և բամբակյա գուլպաներ

  • Խալաթ, 2-3 բամբակյա գիշերանոց (գիշերանոցները պետք է առավելագույնս հարմար լինեն կրծքով կերակրելու համար)

  • Մի քանի բամբակյա վարտիք (սինթետիկ ներքնազգեստ կրելը թույլատրելի չէ) կամ միանգամյա օգտագործման վարտիքներ, 1-2 տուփ միջադիրներ

  • Միանգամյա օգտագործման անջրանցիկ սավաններ

  • Կերակրման կրծկալ և կրծկալի միջադիրներ

  • Պտուկների ճաքերի համար քսուք

  • Շրթունքների գել (ծննդաբերելիս շրթունքները ճաքելու հակում ունեն)

  • Ատամի խոզանակ և մածուկ

  • Շամպուն, օճառ, սպունգ

  • Սրբիչներ

  • Անձեռոցիկ՝ թաց և չոր

  • Բաժակ, ափսե, գդալ, դանակ, պատառաքաղ

  • Բջջային հեռախոս՝ լիցքավորման լարով

  • Խնամքի միջոցներ, սանր, մազակալ, հայելի

  • Դուրսգրման օրվա համար հագուստ և կոշիկ

  • Մանկական օճառ

  • Կրեմ՝ տակդիրից առաջ օգտագործելու համար

  • Տակդիրներ

  • Միանգամյա օգտագործման անջրանցիկ սավաններ

  • Հագուստի 3-4 հավաքածու (բոդի, կոմբինեզոն, թաթպան, կարդիգան, բամբակյա գուլպա, գլխարկ, գոգնոց)

  • Ծածկոց

  • Սրբիչ
  • Դուրսգրման օրվա համար հագուստ

  • Անվտանգ երթևեկության համար 0+ տարիքի երեխաների համար նախատեսված նստատեղ

Հիվանդանոցից դուրս գրվելը կախված է քո և երեխայիդ առողջական վիճակից։ Եթե ծննդաբերությունը տեղի է ունեցել բնական ճանապարհով, և բարդություններ չկան ո՛չ քո, ո՛չ երեխայիդ մոտ, ապա բժշկի թույլտվությամբ կարող եք դուրս գրվել հիվանդանոցից ծննդաբերությունից 3 օր անց։

Իսկ եթե երեխայի ծնունդը տեղի է ունեցել կեսարյան հատման վիրահատության միջոցով, ապա բժշկի թույլտվությամբ և հսկողությամբ կարող եք դուրս գրվել հիվանդանոցից վիրահատությունից 5-ից 7 օր անց։ 

Նկատի ունեցիր, որ 2 դեպքում էլ հիվանդանոցից կարող եք դուրս գրվել միայն այն դեպքում, եթե երեխադ գրանցված է պոլիկլինիկայում։

Հանգստի տեսակները

Արձակուրդ

Հղիության և երեխայի վաղ մանկության շրջանում կարող ես ունենալ արձակուրդի մի քանի տեսակ՝ հղիության և ծննդաբերության, հայրության և երեխայի խնամքի արձակուրդ։

Հղիության և ծննդաբերության արձակուրդը հաշվարկվում և տրամադրվում է ամբողջությամբ՝ հղիության և ծննդաբերության ժամանակահատվածների համար։
Երեխայի ծնունդից հետո 30 օրվա ընթացքում նորածնի հոր ցանկությամբ կարող է տրամադրվել հինգ աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ։
Երեխայի խնամքի արձակուրդ կարող է ունենալ ծնողներից միայն մեկը՝ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը։ 

Ֆինանսական աջակցության տեսակները

Նպաստներ

Երեխա ունենալիս կարող ես ստանալ մի քանի տեսակի նպաստներ, ինչպիսիք են՝ մայրության միանվագ, երեխայի ծննդյան միանվագ, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի ամսական, երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան ամսական նպաստները։

Երեխայի ծնունդի պետական գրանցում

Ծննդյան վկայականի ստացում

Երեխայի ծնունդի պետական գրանցումը կատարում է ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը (ՔԿԱԳ, տարածված է նաև ռուսերեն անվանումը՝ ЗАГС):

  • Երեխայի ծնունդը գրանցելու համար դիմումը ներկայացվում է ՔԿԱԳ գործակալություն սպասարկման կենտրոնների և բժշկական հաստատությունների միջոցով:

  • Միաժամանակ երկու կամ ավելի երեխաների ծննդյան դեպքում յուրաքանչյուր երեխայի ծնունդի պետական գրանցումը կատարվում է առանձին:

Երեխայի ծննդյան վկայականը ստանալու համար անհրաժեշտ է՝ 

 

  • ծնունդի մասին բժշկական փաստաթղթի քաղվածքը, որը կտրամադրի բժիշկը,

  • եթե երեխայի ծնողները ամուսնության մեջ են, ապա ծնողների ամուսնության պետական գրանցումը հավաստող փաստաթուղթը կամ ամուսնության ակտային գրանցման տվյալները,

  • եթե երեխայի ծնողների ամուսնությունը հաստատող փաստաթուղթը տրված է այլ երկրում, անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթի հայերեն թարգմանությունը՝  լիցենազավորված թարգմանչի կողմից,

  • երեխայի ծնողի մահվան դեպքում՝ մահվան պետական գրանցումը հավաստող փաստաթուղթը կամ մահվան ակտային գրանցման տվյալները,

  • երեխայի ծնողների ամուսնալուծության դեպքում՝ ամուսնալուծությունը հավաստող փաստաթուղթը կամ ամուսնալուծության ակտային գրանցման տվյալները,

  • բժշկական հաստատությունից դուրս և առանց բժշկական օգնության տեղի ունեցած ծննդի դեպքում`  ԴՆԹ-ի որոշումը և երեխայի տարիքն ու սեռը հաստատող փաստաթուղթը, որը տրամադրվում է բժշկական կազմակերպության կամ երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից,

  • սուրոգատ (փոխնակ) մոր օգնությամբ ծննդաբերության դեպքում՝ փոխնակ մոր հետ կնքված պայմանագիրը և երեխայի, նրա կենսաբանական մոր և փոխնակ մոր ԴՆԹ-ի որոշումը,

  • երեխայի ծնողների անձը հաստատող փաստաթղթերը,

  • եթե փաստաթղթերի բնօրինակներն այլ լեզվով են, պետք է ներկայացնել նաև դրանց հայերեն թարգմանությունը՝ վավերացված արտոնագրված թարգմանչի կողմից։ 

Ֆիզիկապես դիմել ծննդյան վկայականը ստանալու համար
Սկսել
Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ կառավարության՝ 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 577-Ն հրամանի:

Հայրության ճանաչում

  • Հայրության ճանաչման համար որպես պետական հիմք կարող են լինել երեխայի մոր և երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի համատեղ դիմումը, երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի դիմումը կամ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով սահմանված նոտարական ակտը կամ դատարանի համապատասխան վճիռը։

Հայրության ճանաչման պետական գրանցման համար անհրաժեշտ են՝ 

  • երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի և երեխայի մոր համատեղ դիմումի դեպքում՝ նրանց անձը հաստատող փաստաթղթերը,

  • երեխայի ծնունդի գրանցման մասին վկայականը կամ ակտային գրանցման տվյալները, եթե հայրության ճանաչման գրանցումը կատարվում է երեխայի ծնունդի պետական գրանցումից հետո,

  • երեխայի մոր հղիությունը հաստատող բժշկական տեղեկանքը (տրվում է բժիշկի կողմից), եթե հայրության ճանաչման մասին դիմումը ներկայացվում է մինչև երեխայի ծնվելը,

  • հայր ճանաչողի անձը հաստատող փաստաթուղթը, երեխայի մոր բացակայության մասին իրավասու մարմնի տված փաստաթուղթը (մոր մահվան վկայականը կամ տեղեկանքը, նրան անգործունակ ճանաչելու կամ մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու կամ նրան ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը) և երեխայի կենսաբանական հայր հանդիսանալու վերաբերյալ ԴՆԹ-ի որոշումը,

  • չափահաս լինելու դեպքում՝ անձի համաձայնությունը իր նկատմամբ հայրություն ճանաչելու վերաբերյալ,

  • տասը տարին լրացած երեխայի համաձայնությունը, եթե հայրության ճանաչման պետական գրանցման հետևանքով նախատեսվում է փոխել նաև նրա անունը կամ ազգանունը,

  • նոտարի կողմից հաստատված ակտը կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած համապատասխան վճիռը և դիմողի անձը հաստատող փաստաթուղթը: 

     

Եթե փաստաթղթերի բնօրինակներն այլ լեզվով են, պետք է ներկայացնել նաև դրանց հայերեն թարգմանությունը՝ վավերացված արտոնագրված թարգմանչի կողմից։

Ֆիզիկապես դիմել հայրության ճանաչման պետական գրանցման
Սկսել
Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ կառավարության՝ 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 577-Ն հրամանի:

Գրանցում պոլիկլինիկայում

Ինչպե՞ս գրանցել երեխային պոլիկլինիկայում․

  • ներկայացրու երեխայի ծնունդը հաստատող տեղեկանքը (այն տրամադրվում է ծննդատան կողմից) քո նախընտրած պոլիկլինիկա,

  • պոլիկլինիկայում երեխայի համար կնշանակվի բժիշկ, 

  • անհրաժեշտ տվյալները լրացնելուց հետո բժիշկը կգրանցի երեխային պոլիկլինիկայում, իսկ հետագայում կկատարի տնայց՝ երեխայի ընթացիկ տվյալները գրանցելու համար։

Երեխային պոլիկլինիկայում գրանցելուց հետո բժիշկը մշտական կապի մեջ կլինի քեզ հետ՝ երեխայի առողջության հետ կապված ցանկացած հարցի դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։

Տարեկան բուժզննում

Տարեկան բուժզննումը երեխայի առողջության համար շատ կարևոր է․ դա թույլ է տալիս բացահայտել և կանխարգելել հիվանդություններն ու առողջական խնդիրները հնարավորինս վաղ փուլում։

Բժիշկները խորհուրդ են տալիս տարեկան նվազագույնը մեկ անգամ անցնել կանխարգելիչ բուժզննում․ գանգատ չունենալը դեռ չի նշանակում, որ առողջական որևէ խնդիր չկա։ Հիվանդությունների ախտանշանները կարող են հայտնվել շատ ավելի ուշ, ուստի հետևողական եղիր թե՛ քո, թե՛ երեխայիդ առողջությանը։

Ի՞նչ պատվաստումներ են սպասվում

Պատվաստումներ

Վարակիչ հիվանդությունների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումներն են, որոնց շնորհիվ երեխան ծննդյան օրվանից սկսած կպաշտպանվի մի շարք վարակներից և հիվանդություններից։

Կանխարգելիչ պատվաստումների իրականացումը ՀՀ պետական քաղաքականությունն է, որը բնակչությանը տրամադրվում է անվճար։

Հերթագրում մանկապարտեզում

Երեխայիդ կարող ես առցանց հերթագրել պետական մանկապարտեզում նրա 2 տարեկանը լրանալուց հետո՝ մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Նկատի ունեցիր, որ ՀՀ-ում պետական մանկապարտեզները անվճար են։  

  • երեխայի ծննդյան վկայականը կամ հանրային ծառայությունների համարանիշի տեղեկանքը,

  • ծնողներից մեկի անձնագիրը կամ նույնականացման քարտը,

  • երեխայի հաշվառումը հիմնավորող փաստաթուղթ՝ անձնագիր կամ հանրային ծառայությունների համարանիշի տեղեկանք կամ հաշվառման տեղեկանք՝ տրված ոստիկանության անձնագրային բաժանմունքի կողմից։

Երեխային առցանց հերթագրել մանկապարտեզում
Սկսել
Առցանց դիմել հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար
Սկսել

Ընդունելություն դպրոց

Ո՞ր տարիքից երեխային հերթագրել դպրոցում

  • Երեխայիդ կարող ես հերթագրել դպրոցում, եթե նրա 6 տարին լրացել կամ լրանում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: 

  • Ընդունելությունը կազմակերպվում է տվյալ տարվա հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը:

Երեխային առցանց հերթագրել դպրոցում
Սկսել
Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ կառավարության՝ 2010 թվականի հոկտեմբերի 25-ի N 132-Ն հրամանի:

Աջակցության ծրագրեր

Աջակցության ծրագիր
Դիմել երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար
Սկսել
Աջակցության ծրագիր
Դիմել երրորդ և հաջորդ երեխաների ամսական նպաստը ստանալու համար
Սկսել
Աջակցության ծրագիր
Դիմել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու համար
Սկսել
Աջակցության ծրագիր
Ստանալ հիպոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու համար տրվող աջակցություն
Սկսել
Աջակցության ծրագիր
Դիմել երեխաների աջակցության կենտրոն
Սկսել
Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության, ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից
Այս էջը օգտակա՞ր էր