ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Ընտանիք և երեխաներ

Ստանալ հիպոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու համար տրվող աջակցություն

Ծրագրի շրջանակում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերած ընտանիքում երեխա ծնվելիս տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է վարկի մայր գումարի մարմանը։ 

Եթե հիպոթեքային վարկը տրամադրել է համագործակցող բանկերից որևէ մեկը, ապա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն դիմում ներկայացնելու կարիք չկա․ բանկն ինքը դիմողի տվյալները կփոխանցի նախարարություն։

Իսկ եթե հիպոթեքային վարկը տրամադրվել է ցանկում չներառված բանկի կողմից, ապա անհրաժեշտ է ներկայացնել դիմում ստորև նկարագրված եղանակով։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
2-5 րոպե
Տրամադրման տևողությունը
5 աշխատանքային օր

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո:

Աջակցության ծրագրին դիմելու համար նախ անհրաժեշտ է գրանցվել Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակում։ Դրա համար անհրաժեշտ է՝ 

  • այցելել e-request.am,
  • սեղմել էջի վերին աջ անկյունում գտնվող «Մուտք» կոճակը, այնուհետև անցնել բացվող էջի ներքևում գտնվող «Գրանցվել հիմա» հղումով, 
  • գրանցվել ԵսԵմ նույնականացման կամ էլեկտրոնային փոստի միջոցով,
  • նշել քաղաքացիությունը, այնուհետև լրացնել անհրաժեշտ տվյալները,
  • մուտքագրել էլեկտրոնային փոստի հասցեին ստացված կոդը, այնուհետև՝ բջջային հեռախոսահամարին ստացված կոդը,
  • ստեղծել գաղտնաբառ և հաստատել այն:

Հարթակում գրանցվելուց հետո աջակցություն ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է՝

  • մուտք գործել հարթակ՝ լրացնելով էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը,

  • սեղմել «Ուղարկել դիմում, հարցում կամ բողոք» պատուհանի «Ուղարկել» կոճակը,
    բացվող էջում ընտրել «Հարցում» տարբերակը,

  • ընտրել դիմումատուի տեսակը՝ «Անհատ»,

  • բացվող էջում ընտրել «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» պետական մարմինը, որին ուղղված է դիմումը,

  • կցել անհրաժեշտ փաստաթղթերը և սեղմել «Առաջ» կոճակը։

     

Հարցման ընթացքին հնարավոր է հետևել անձնական էջում առկա հսկիչ կոդի միջոցով։

Ծրագրի մասին

Ծրագրի շրջանակում հիպոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիպոթեքային վարկի մայր գումարի մարմանը։ Ծրագիրը գործում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։

 

Ներկայացվող պահանջները

Ծրագրից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք համապատասխանում են հետևյալ պարտադիր պահանջներին՝

  • շահառուն ունի ՀՀ քաղաքացիություն և հանդիսանում է հիպոթեքային վարկ մարողը՝ վարկառուն,
  • շահառուն ծրագրում ընդգրկվելու համար դիմում է մինչև երեխայի 1 տարին լրանալը (ներառյալ),
  • ձեռք բերված անշարժ գույքի (կամ կառուցվող շենքի բնակարանի, որը դեռ պատրաստ չէ)  գինը առավելագույնը 35 մլն դրամ է։ Այս շեմը դիմողի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով ավելանում է 5 մլն դրամով,
  • ձեռք բերված կամ կառուցվող/կառուցված բնակելի անշարժ գույքը շահառուին և նրա ամուսնուն (եթե ամուսնությունը գրանցված է) անձնական կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50% և ավելի մասնաբաժնով) պատկանող միակ բնակելի անշարժ գույքն է,
  • դիմելու օրվա դրությամբ շահառուն առնվազն 12 ամիս կատարել է հիպոթեքային վարկի մարումներ, և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիպոթեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացուցային օրը:

 

Պահանջվող փաստաթղթեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ուղարկվող առցանց նամակին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝

  • բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրված տեղեկանք,
  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • երեխայի (երեխաների) ծննդյան վկայական,
  • հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ),
  • վերջին 12 ամիսների մարումների վերաբերյալ քաղվածք,
  • անշարժ գույքի սեփականության վկայական,
  • գրանցված ամուսնության առկայության դեպքում՝ ամուսնության վկայական։

Աջակցության չափը

Երեխայի ծննդյան դեպքում տրամադրվող աջակցության չափը կազմում է դիմելու օրվա դրությամբ՝ 

  • վարկի մնացորդային մայր գումարի 10% չափով (բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 5% չափով (բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը), եթե ծնվողը շահառուի առաջին կամ երկրորդ երեխան է,
  • վարկի մնացորդային մայր գումարի 50% չափով (բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 25% չափով (բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը), եթե ծնվողը շահառուի երրորդ և հաջորդ երեխան է,
  • աջակցությունն ավելացվում է 50% չափով, եթե բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվել կամ անհատական բնակելի տունը կառուցվել/կառուցվում է սահմանամերձ բնակավայրում կամ այն գյուղական բնակավայրում, որտեղ կառուցվում են դպրոցներ կամ մանկապարտեզներ,
  • միաժամանակ 1-ից ավելի երեխա ծնվելու դեպքում աջակցության չափը հաշվարկվում է` ըստ ծնված երեխաների թվի։

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2020 թվականի մայիսի 14-ի N 968-Լ որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Շուրջօրյա հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր