BETA

This site is new, your feedback will help us improve it.

Կյանքի իրադարձություն

New Apartment

Այս ուղեցույցը կօգնի քեզ ծանոթանալ բնակարան գնելու հաջորդական քայլերին, կտեղեկանաս, թե ինչպես կարող ես ձեռք բերել բնակարան նորակառույց կամ արդեն շահագործվող շենքում, կստանաս մանրամասն տեղեկատվություն հիպոթեքային վարկի տրամադրման և եկամտային հարկի վերադարձի մասին։

Քայլերի հաջորդականությունը

Ինչպե՞ս ձեռք բերել բնակարան Հայաստանում

  1. Քայլ 1

    Սահմանիր բյուջե

    Նախ որոշիր՝ որքան ես պլանավորում վճարել բնակարանի ձեռքբերման համար, արդյոք դիմելու ես բանկին՝ հիպոթեքային վարկ ստանալու համար։

       

  2. Քայլ 2

    Ընտրիր բնակարան

    Բնակարանդ կարող ես ընտրել ինչպես նորակառույց, այնպես էլ արդեն շահագործվող շենքում։ Այս քայլում պետք է որոշես, թե որքան կարող ես սպասել քո նոր բնակարանին, քանի որ նորակառույց շենքերը սովորաբար կառուցվում են 3-4 տարվա ընթացքում։

     

  3. Քայլ 3

    Ստացիր հիպոթեքային վարկ

    Կարող ես դիմել ՀՀ-ում գործող բանկերին, որոնք կֆինանսավորեն բնակարանիդ ձեռքբերումը։

     

  4. Քայլ 4

    Հետ ստացիր եկամտային հարկդ

    Որոշ դեպքերում կարող ես հիպոթեքային վարկիդ տոկոսների չափով վերադարձնել քո աշխատավարձից վճարված եկամտային հարկը։

     

Բյուջեի սահմանում

Եթե բնակարանիդ ամբողջ գումարը ուզում ես միանգամից վճարել, նախ հաշվարկիր, թե որքան կարժենա քո բնակարանը։ Գնի վրա կարող է մի քանի գործոն ազդել՝ գտնվելու վայրը, մակերեսի մեծությունը, սենյակների քանակը, հարկը, առաջնային կամ երկրորդային շուկայից լինելու հանգամանքը։

Նկատի ունեցիր, որ բնակարանի արժեքը վճարելու ես անկանխիկ եղանակով։ 

Եթե նախատեսում ես բնակարանդ հիպոթեքային վարկի միջոցով գնել, ապա նախքան բնակարանն ընտրելը այցելիր նախընտրելի բանկ կամ վարկային կազմակերպություն, որտեղ մասնագետը կտեղեկացնի պահանջվող կանխավճարի, տրամադրվող վարկի չափի, տոկոսադրույքի, վարկի ժամկետի վերաբերյալ՝ հաշվի առնելով քո և ընտանիքիդ ընդհանուր եկամուտները, առկա պարտավորությունները կամ վարկերը։

Բանկում կպարզես նաև այն, թե առավելագույնը ամսական կտրվածքով որքան գումար կարող ես վճարել հիպոթեքային վարկի մարման համար։ 

Բնակարանի ընտրություն

Հայաստանում բնակարան կարող են ձեռք բերել ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիները և իրավաբանական անձինք։ Բնակարանը միանվագ վճարմամբ գնելու դեպքում ՀՀ ռեզիդենտ լինելու անհրաժեշտություն չկա։

Օտարերկրյա քաղաքացիները կարող են ձեռք բերել նաև տնամերձ, այգեգործական, անհատական բնակելի տան, հասարակական և արտադրական օբյեկտի կառուցման համար նախատեսված հողամասեր։ Ընդ որում՝ oտարերկրյա ֆիզիկական անձինք չեն կարող ունենալ հողի նկատմամբ սեփականության իրավունք (բացառություն են ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձինք)։ Իրավաբանական անձանց դեպքում այդպիսի սահմանափակում չի գործում։  

Եթե բնակարանդ ուզում ես գնել միանվագ վճարման միջոցով և արդեն որոշել ես, թե որքան ես վճարելու, սկսիր ուսումնասիրել քեզ հետաքրքրող տարածքում առկա բնակարանների գները, պարզիր՝ որոնք են լինելու քո քայլերը բնակարանն ընտրելուց հետո, և գնիր բնակարանդ՝ միանվագ վճարելով գումարը։

Վաճառվող բնակարանների մասին տեղեկատվությունը կարող ես գտնել անշարժ գույքի վաճառքով զբաղվող կազմակերպությունների, կառուցապատողների կամ բանկերի կայքերում։

Բնակարանի ընտրության և գնման ողջ գործընթացը դու կարող ես կատարել ինքնուրույն կամ դիմել անշարժ գույքի գործակալների օգնությանը (այս դեպքում անպայման նախապես հստակեցրու՝ որքան ես վճարելու գործակալին)։ 

Անշարժ գույքի առաջնային և երկրորդային շուկաներ

Բնակարանի ընտրության փուլում քեզ կհանդիպեն «Առաջնային շուկա» և «Երկրորդային շուկա» տերմինները։

Առաջնային շուկայից բնակարանը նորակառույց և երբեք նախկինում չբնակեցված այն բնակարանն է, որը գնորդը ձեռք է բերում անմիջապես կառուցապատողից։ 

Երկրորդային շուկայից բնակարանը նախկինում արդեն օգտագործված և մեկ կամ ավելի սեփականատերեր ունեցած բնակարանն է, որը վաճառվում է ուղղակիորեն նախորդ սեփականատիրոջ կողմից կամ անշարժ գույքի գործակալության միջոցով:

  • Առաջնային և երկրորդային շուկաների բնակարանների արժեքները կարող են տարբեր լինել․ սովորաբար երկրորդային շուկայի բնակարանների գներն ավելի ցածր են։

  • Առաջնային շուկայից ձեռք բերված բնակարանը սովորաբար կառուցապատման փուլում է լինում, և պետք է սպասես մինչև կառուցապատման ավարտը (կառուցապատումը տևում է 2-4 տարի)։ 

Երկրորդային շուկայից հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից չես կարողանա օգտվել։ 

Նոր կառուցվող շենքում (առաջնային շուկա) բնակարան գնելիս հատկապես կարևոր է կառուցապատող ընկերության ընտրությունը․ քանի շենք է արդեն կառուցել այդ ընկերությունը, որքան արագ են ընթանում աշխատանքները։

Շենքն ընտրելիս կառուցապատող ընկերությունից պետք է իմանալ՝

  • երբ է նախատեսվում շինարարական աշխատանքների ավարտը, ընկերությունը ունի արդյոք շինարարության համապատասխան թույլտվությունները,

  • առկա են արդյոք շենքի համար տրված քաղաքաշինական ու պետական գրանցման փաստաթղթերը, 

  • ինչ վիճակում է հանձնվելու բնակարանը (ներքին հարդարում, պատուհաններ, մուտքի դռան առկայություն, կոմունալ հարմարություններ և այլն),

  • որ բանկի հետ է համագործակցում կառուցապատող ընկերությունը,

  • հիպոթեքային վարկավորման ինչ ծրագրերով են վաճառվում բնակարանները, 

  • ներգրավված է արդյոք կառուցապատողը դատական գործընթացներում և այլն։ 

Արդեն շահագործված շենքում (երկրորդային շուկա) բնակարանը գնելու դեպքում պետք է խուսափել կեղծիքներից, որի համար․ 

  • ուշադրություն դարձրու վստահելի գործակալների ընտրությանը,

  • պարզիր՝ արդյոք բնակարանի բոլոր սեփականատերերը համաձայն են բնակարանի վաճառքին,

  • տեղեկացիր՝ ինչ խնդիրներ ունի բնակարանը։

Ուշադրություն

Երկրորդային շուկայից հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում չես կարողանա օգտվել եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից։

Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ Սահմանադրության և ՀՀ հողային օրենսգրքի։

Բնակարան առաջնային շուկայից՝ հիպոթեքային վարկով

Բնակարանի գնման իրավունքի պայմանագիր

Հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում կնքվում է ոչ թե բնակարանի առուվաճառքի, այլ բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման պայմանագիր (կարող է տարբեր անվանումներ ունենալ), որի հիման վրա է ապագայում գրանցվում անշարժ գույքը՝ սեփականության իրավունքով։

Բնակարանի գնման իրավունքի պայմանագիրը․

  • եռակողմ է, ստորագրվում է գույքը ձեռք բերողի, բանկի և կառուցապատողի միջև,
  • իրավական առումով համարժեք է բնակարանի առուվաճառքի պայմանագրին,
  • սահմանում է շենքի կառուցման ավարտից հետո անշարժ գույքը սեփականության իրավունքով հանձնելու կառուցապատողի պարտավորությունը, իսկ պայմանագրի լուծման դեպքում՝ կառուցապատողի կողմից կանխավճարի վերադարձման ձևը:
Առցանց դիմել բնակարանի գնման իրավունքը գրանցելու համար
Սկսել
Ֆիզիկապես դիմել բնակարանի գնամն իրավունքի ձեռքբերման պայմանագիրը ստորագրելու համար
Իմանալ ավելին

Եկամտային հարկի վերադարձ

Վարձու աշխատողները կարող են ստացված հիպոթեքային վարկի տոկոսների գումարների չափով հետ ստանալ իրենց անունից վճարված եկամտային հարկի գումարները։

Դա հնարավոր է կատարել միայն մեկ հիպոթեքային վարկի համար և միայն առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու դեպքում։   

 

Բնակարան երկրորդային շուկայից՝ հիպոթեքային վարկով

  • ՀՀ և այլ երկրների 18-70 տարեկան քաղաքացիներ (օտարերկրյա քաղաքացիները պետք է լինեն ՀՀ ռեզիդենտ), այն պայմանով, որ վարկային պայմանագրի ժամկետի ավարտին վարկառուի տարիքը չի գերազանցի 70 տարեկանը։
  • Հակառակ դեպքում վարկը տրամադրվում է 18-70 տարեկան համավարկառուի կամ երաշխավորի առկայությամբ, որոնց տարիքը նույնպես մինչև պայմանագրի ժամկետի ավարտը չի գերազանցի 70 տարեկանը:

Նախապես այցելելով բանկ՝ վարկային մասնագետին ներկայացրու քո (համավարկառուների առկայության դեպքում՝ նաև նրանց) եկամուտների մասին տեղեկանքները և պարզիր, թե որքան գումար կարող է բանկը քեզ տրամադրել:

Համադրելով բանկի կողմից տրվող գումարը քո անձնական միջոցների հետ՝ ընտրիր բնակարանդ այդ գնային սահմաններում:

Հիպոթեքային վարկի համար ներկայացվում են փաստաթղթերի բնօրինակները՝ մի քանի փուլով։ 


Վարկային հայտը լրացնելիս պահանջվող փաստաթղթեր. 

  • վարկի հայտ-դիմում,

  • անձը հաստատող փաստաթղթեր,

  • ձեռք բերվող/գրավադրվող գույքի սեփականության վկայականը,

  • այլ փաստաթղթեր` բանկի մասնագետի պահանջով։

 

Նախնական հաստատումից հետո պահանջվող փաստաթղթեր. 

  • տեղեկանք աշխատավարձի վերաբերյալ և/կամ եկամուտը հավաստող այլ փաստաթղթեր,

  • ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության, կնոջ/ամուսնու մահվան վկայականներ,

  • գրավադրվող անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական,

  • այլ փաստաթղթեր` բանկի մասնագետի պահանջով։ 

 

Վարկը հաստատելուց հետո պահանջվող փաստաթղթեր.

  • անշարժ գույքի սեփականության իրավունքի հիմքերը (ըստ բանկի պահանջի), 

  • ձեռք բերվող/գրավադրվող գույքի սեփականատերերի անձը հաստատող փաստաթղթեր,

  • գրավադրվող գույքի սեփականատերերի ամուսնության, ամուսնալուծության, կնոջ/ամուսնու մահվան վկայականներ,

  • միասնական տեղեկանք (տրվում է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից),

  • անշարժ գույքի ապահովագրության պայմանագիր (տրամադրում է բանկը),

  • անշարժ գույքի նկատմամբ հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք (տրվում է համապատասխան համայնքի թաղապետարանից),

  • այլ փաստաթղթեր` բանկի մասնագետի պահանջով։

Գրավադրվող գույքը պարտադիր գնահատվում է բանկի հետ համագործակցող ընկերություններից որևէ մեկի կողմից՝ քո ընտրությամբ։ Այդ մասին բանկի աշխատակիցը քեզ կտեղեկացնի և կտրամադրի համագործակցող ընկերությունների ցանկը։  

  • Գույքի գնահատման արժեքը կազմում է 13,000 - 30,000 ՀՀ դրամ՝ կախված գույքի տեսակից:
  • Առանձին դեպքերում խոշոր գույքի գնահատման վճարը սահմանվում է պայմանագրային հիմունքներով:

Հիպոթեքային վարկով երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելու դեպքում կատարելու ես հետևյալ վճարումները․ 

  • վարկային հայտի ուսումնասիրության վճար՝ 5,000 ՀՀ դրամ (բանկին),
  • վարկի տրամադրման վճար, որը սկսվում է 50,000 ՀՀ դրամից (բանկին), 
  • գրավի առարկայի գնահատման ծախսեր՝ 18,000-25,000 ՀՀ դրամ (գնահատող կազմակերպությանը),
  • ապահովագրության վճար (բանկին),
  • միասնական տեղեկանքի վճար՝ 10,000 ՀՀ դրամ (Կադաստրի կոմիտեին), 
  • նոտարական վավերացման վճար՝ 20,000 ՀՀ դրամ (նոտարին), 
  • սեփականության իրավունքի գրանցում ՀՀ կադաստրի պետական կոմիտեում՝ 45,,000 ՀՀ դրամ (Կադաստրի կոմիտեին),
  • գրավի իրավունքի գրանցում ՀՀ կադաստրի կոմիտեում՝ 27,000 ՀՀ դրամ (Կադաստրի կոմիտեին)։  

Վճարելու ես բնակարանի արժեքի 5-ից 30 տոկոսի չափով կանխավճար։

Ընտրված բանկում բացվում է հաշվեհամար, որին մուտքագրվում է կանխավճարը, մինչև վարկի տրամադրումը այն սառեցվում է։ 

Վարկային պայմանագիրը հաստատելուց հետո բանկի աշխատակիցը նախապատրաստում է բնակարանի գնման իրավունքի եռակողմ պայմանագիրը, որը ստորագրվում և վավերացվում է նոտարի մոտ՝ քո, վաճառողի և բանկի միջև։ 

Ֆիզիկապես նոտարի մոտ կնքել բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման պայմանագիր
Իմանալ ավելին
Առցանց դիմել բնակարանի գնման իրավունքը գրանցելու համար
Սկսել

Բնակարան՝ միանվագ վճարումով

Հայաստանում բնակարանի վաճառքը իրականացվում է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեում կամ նոտարական գրասենյակներում։

Դիմիր Կադաստրի կոմիտե, եթե վաճառքի գործարքը պարզ է, այսինքն՝ 

  • գույքի բոլոր սեփականատերերը կարող են ներկա լինել գործարքի ընթացքում,
  • գործարքը կատարվում է առանց որևէ լիազորագրի,
  • գույքը սեփականատերերի միջև բաժնեմասերի բաժանված չէ,
  • գործարքը կատարվում է գումարն ամբողջությամբ վճարելու տարբերակով։ 


Բնակարանը գնելուց առաջ Կադաստրի կոմիտեի կայքում ծանոթացիր Անշարժ գույքի վաճառքի պայմանագրի նմուշին։

Բնակարանի վաճառքի պայմանագիրը Կադաստրի կոմիտեում կնքելը անվճար է։ 

Կողմերի ցանկությամբ բնակարանի վաճառքը կարելի է կատարել նաև նոտարի միջոցով։

Նոտարին է պետք դիմել նաև այն դեպքում, երբ կան որոշակի խնդիրներ, օրինակ՝ գույքի ոչ բոլոր սեփականատերերն են ներկա, գումարը վճարվելու է մասամբ, կողմերից մեկը անչափահաս է և այլն։

Նոտարական գրասենյակ պետք է ներկայացնել․

  • կողմերի անձը հաստատող փաստաթղթեր (այլ երկրների քաղաքացիների դեպքում՝ անձնագրերի նոտարական վավերացմամբ հայերեն թարգմանությունները),
  • օտարվող գույքի ձեռքբերման պահին ամուսնացած լինելու դեպքում` ամուսնության վկայական,
  • անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական (բնակարանի սեփականության վկայական),
  • միասնական տեղեկանք,
  • ներկայացուցչի դեպքում` ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ,
  • այլ փաստաթղթեր՝ նոտարի պահանջով։

Միասնական տեղեկանքը Կադաստրի կոմիտեի կողմից տրվող փաստաթուղթ է, որում նշվում են գույքի բոլոր սեփականատերերի անձնական տվյալները, մակերեսը և տեղեկատվություն գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ (օրինակ՝ գույքը կարող է գրավ դրված լինել)։

Բնակարանը վաճառել հնարավոր է միայն առանց այդպիսի սահմանափակումների։

Միասնական տեղեկանքը պետք է ներկայացնել նոտարի մոտ։

Տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է առցանց կամ ֆիզիկապես դիմել Կադաստրի կոմիտե։

Դիմել կարող է ցանկացած անձ։ Այն տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում, անհրաժեշտ է վճարել 10,000 դրամ։

Տեղեկանքը հնարավոր է նաև ավելի շուտ ստանալ․ այն 2 օրվա ընթացքում ստանալու համար անհրաժեշտ է վճարել  20,000 դրամ, իսկ 2 ժամվա ընթացքում ստանալու համար՝ 60,000 դրամ։

Առցանց դիմել գույքի սեփականատերերի վերաբերյալ միասնական տեղեկանք ստանալու համար
Սկսել
ֆիզիկապես Կադաստրի կոմիտեում կնքել բնակարանի վաճառքի պայմանագիր
Իմանալ ավելին
Կնքել բնակարանի առքուվաճառքի պայմանագիր՝ նոտարական վավերացմամբ
Իմանալ ավելին

Բնակարանի սեփականության իրավունքի վկայականի ստացում

Բնակարանի սեփականության իրավունքի վկայականը փաստաթուղթ է, որը հավաստում է տվյալ հասցեում կառուցված բնակելի տարածքի նկատմամբ քո իրավունքները՝ որպես սեփականատեր։


Վկայականը ստանալուց հետո դու կարող ես՝ 

Միանվագ վճարման միջոցով բնակարանը ձեռք բերելու դեպքում վաճառքի պայմանագիրը կնքելուց հետո անմիջապես կարող ես դիմել սեփականության իրավունքը գրանցելու համար։ Դա կարող ես կատարել Կադաստրի կոմիտեում կամ նոտարական գրասենյակում։


Նկատի ունեցիր, որ նոտարական գրասենյակ դիմելու դեպքում գործընթացքը կարող է տևել ավելի երկար, քան օրենքով սահմանված ժամկետն Է (3 աշխատանքային օր)։   

Բնակարանը հիպոթեքային վարկով առաջնային շուկայից ձեռք բերելու դեպքում դու պետք է սպասես, մինչև կառուցապատողը շենքի կառուցումն ավարտի, համապատասխան մարմնից ստանա ավարտական ակտը (շահագործման թույլտվություն) և այն տրամադրի քեզ։

Դրանից հետո միայն պետք է դիմել Կադաստրի կոմիտե կամ նոտարական գրասենյակ՝ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար։ 

Երկրորդային շուկայից հիպոթեքային վարկով ձեռք բերված բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման պայմանագիրը պետք է կնքել և վավերացնել նոտարական գրասենյակում, այնուհետև այն գրանցել Կադաստրի կոմիտեում։ 

Գրանցել բնակարանի սեփականության իրավունքը՝ նոտարական վավերացմամբ
Իմանալ ավելին
Առցանց դիմել Կադաստրի կոմիտե՝ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու համար
Սկսել

Պետական աջակցության ծրագրեր

Բնակարան ԼՂ-ից տեղահանված ընտանիքներին

Ծրագրով տրամադրվում է՝ 

  • բնակարանի, կառուցվող շենքից բնակարանի գնման իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագիր,
  • անհատական բնակելի տան կառուցման հավաստագիր,
  • գործող հիպոթեքային վարկի մարման աջակցություն։


Աջակցություն ստանալու հավաստագրերը ընտանիքի մեկ անդամի համար (անկախ տարիքից) տրվում են հետևյալ գումարների չափով․ 

Աջակցությունը ստանալու համար կարող է դիմել 2020 թ․ սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքը, եթե ընտանիքի բոլոր անդամները (նաև անչափահասները) ՀՀ քաղաքացի են։ 


Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանում են պարզեցված կարգով։

 

Ընտանիքը աջակցության համար չի կարող դիմել, եթե՝

  • շահառու է բնակարանային մատչելիության ապահովման այլ ծրագրերի շրջանակներում (հաստատված է 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 169-Լ որոշմամբ),
  • ընտանիքի անդամներից առնվազն մեկը 19.09.2023 թ. կամ դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում սեփականության իրավունքով ունի բնակարան կամ բնակելի տուն։

 

Աջակցության առաջին և երկրորդ բաղադրիչներից օգտվելու համար  կարող են դիմել՝ 

  • 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները,
  • զոհվածի, կերակրողին կորցրածի կամ հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ունեցող անդամով ընտանիքները,
  • այլ կազմ ունեցող ընտանիքները, որոնք ֆինանսական կազմակերպության կողմից կհամարվեն վարկունակ, բացի նախատեսված հավաստագրից, դրա արժեքի առնվազն 50 տոկոսի չափով հավելյալ հիպոթեքային վարկ կստանան ծրագրի ցանկացած բաղադրիչով։ 


Աջակցության երրորդ բաղադրիչից կարող են օգտվել 2024 թվականի մայիսի 16-ի դրությամբ գործող հիպոթեքային վարկ ունեցող ընտանիքները, եթե ձեռք բերված կամ կառուցվող (կառուցված) անշարժ գույքի՝  

  • գինը չի գերազանցում 55 միլիոն դրամը,
  • բնակելի մակերեսը շահառու ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով 12 քմ-ից պակաս չէ,
  • սեփականության իրավունքը գրանցված է շահառու ընտանիքի բոլոր անդամների անունով։
Support program
Առցանց դիմել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային աջակցություն ստանալու համար
Սկսել

Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին

Ծրագրի շրջանակում հիպոթեքային վարկը տրամադրվում է՝

  • առաջնային շուկայի համար առավելագույնը 7.5 տոկոսով՝ առանց սուբսիդավորման,
  • երկրորդային շուկայի համար առավելագույնը 9.5 տոկոսով, որից պետությունը (ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը) սուբսիդավորում է Երևանում 2 տոկոսով, առավելագույնը 7․5 տոկոսադրույքով, իսկ ՀՀ մարզերում՝ 4 տոկոսով, առավելագույնը 5.5 տոկոսադրույքով։ 


Այս ծրագրով հիպոթեքային վարկի մարման նվազագույն ժամկետը 10 տարի է։

Ծրագրի շահառու կարող է դառնալ.

  • երիտասարդ ընտանիքը, որտեղ ամուսինների տարիքային գումարը չի գերազանցում 70-ը, իսկ ամուսիններից առնվազն մեկը ՀՀ քաղաքացի է,
  • երեխա ունեցող երիտասարդ միայնակ ծնողը, որի տարիքը չի գերազանցում 35-ը (ներառյալ)։

Ծրագրին մասնակցելու նպատակով պետք է դիմել հետևյալ բանկերից և վարկային կազմակերպություններից որևէ մեկին՝ հիպոթեքային վարկ ստանալու համար, պարզել՝ կարող է տրամադրվել աջակցությունը, և ներկայացնել պահանջվող փաստաթղթերը։

Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո:

Պարտադիր պահանջվող փաստաթղթերի ցանկ․

  • վարկառուի (համավարկառուի) անձը հաստատող փաստաթուղթ,

  • վարկառուի ամուսնու անձը հաստատող փաստաթուղթ,

  • վարկառուի և նրա ամուսնու ծննդյան վկայականները,

  • վարկառուի և նրա ամուսնու սոցիալական քարտերը,

  • վարկառուի ամուսնության վկայականը, երեխաների ծննդյան վկայականները (առկայության դեպքում):


Եթե վարկառուն վարձու աշխատող է, ապա ներկայացնում է՝

  • եկամուտների մասին տեղեկանք գործատուից, որտեղ պետք է նշված լինի վարկառուի (համավարկառուի) պաշտոնը, աշխատանքային ստաժը, փաստացի եկամտի չափը,

  • վարկառուի, նրա ամուսնու և համավարկառուի անհատական հաշվի քաղվածքներ (վերջին մեկ տարվա, տրամադրում է հարկային մարմինը),

  • տվյալներ նախկին զբաղվածության մասին (գործատուն, զբաղեցրած պաշտոնը, յուրաքանչյուր կազմակերպությունում աշխատանքի ստաժը (եթե դիմողի զբաղվածությունը տվյալ աշխատավայրում 12 ամսից պակաս է)),

  • վարկառուի/համավարկառուի բանկային քարտի քաղվածքը, որտեղ նշված կլինի ամսական աշխատավարձի չափը (անհրաժեշտության դեպքում):


Եթե վարկառուն ինքնազբաղված է, ներկայացնում է․

  • հարկ վճարողի հարկային համարը (ՀՎՀՀ), պետական գրանցման վկայականը, կազմակերպության կանոնադրությունը (առկայության դեպքում) և գործունեության տվյալ տեսակով զբաղվելու թույլտվության փաստաթղթերը, եթե առկա են,

  • վերջին 1 տարվա հարկային հաշվետվությունները և ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն (անհրաժեշտության դեպքում),

  • ինքնազբաղվածների եկամուտների գնահատման հաշվետվություն,

  • այլ փաստաթղթեր՝ բանկի պահանջով։

Գույքային փաստաթղթեր՝

  • գրավադրվող անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական (նաև վկայականի հիմքերը՝ ըստ անհրաժեշտության),

  • միասնական տեղեկանք՝ տրված Կադաստրի կոմիտեի կողմից,

  • գրավադրվող անշարժ գույքի գնահատման հաշվետվություն:


Այլ փաստաթղթեր՝

  • տեղեկանք վարկառուին և նրա ամուսնուն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի վերաբերյալ (տրվում է Կադաստրի կոմիտեի կողմից),

  • գրավադրվող անշարժ գույքի և վարկառուի (համավարկառուի)՝ դժբախտ պատահարից ապահովագրության վկայականներ,

  • վարկի տրամադրման անդորրագիր կամ քաղվածք:

 

Support program
Դիմել «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրին
Իմանալ ավելին
Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 98-Ն որոշման։

Հիպոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու կապակցությամբ տրամադրվող աջակցություն

Տրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիպոթեքային վարկի մայր գումարի մարմանը։ Երեխայի ծննդյան աջակցության չափը դիմելու օրվա դրությամբ կազմում է՝ 

  • մարզում շահառուի առաջին կամ երկրորդ երեխայի դեպքում վարկի մնացորդային մայր գումարի 10%-ի չափով, իսկ Երևան քաղաքում 5%-ի չափով, առավելագույնը 500,000 դրամ,  
  • մարզում երրորդ և հաջորդ երեխայի դեպքում վարկի մնացորդային մայր գումարի 50% չափով, իսկ Երևան քաղաքում՝ 25% չափով, առավելագույնը 2,000,000 դրամ։

Եթե բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվում կամ կառուցվում սահմանամերձ բնակավայրում կամ այնպիսի գյուղական բնակավայրում, որտեղ կառուցվում են դպրոցներ կամ մանկապարտեզներ, աջակցությունն ավելացվում է 50 %-ով։

Միաժամանակ 1-ից ավելի երեխա ծնվելու դեպքում աջակցության չափը հաշվարկվում է ըստ ծնված երեխաների քանակի։

Ծրագրին քաղաքացին կարող է դիմել, եթե՝  

  • ՀՀ քաղաքացի է և ստացել է հիպոթեքային վարկ,
  • դիմել է մինչև երեխայի 1 տարին լրանալը (ներառյալ)։

Աջակցությունը տրամադրվում է, եթե՝

  • ձեռք բերված անշարժ գույքի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի ձեռքբերման, շուկայական կամ նախահաշվային առավելագույն գինը 35 մլն դրամ է, 3-րդ և ամեն հաջորդ երեխայի ծննդյան դեպքում այդ գումարն ավելանում է 5 մլն դրամով,
  • տվյալ անշարժ գույքը շահառուին, գրանցված ամուսնության առկայության դեպքում՝ նաև նրա ամուսնուն անձնական կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող միակ բնակելի անշարժ գույքն է,
  • դիմելու օրվա դրությամբ շահառուն առնվազն 12 ամիս կատարել է հիպոթեքային վարկի մարումներ, և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիպոթեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացուցային օրը:
Սկսել

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո․

  • այլցելել e-request.am կայք, որը կտանի էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ,
  • ընտրել «Ուղարկել դիմում հարցում կամ բողոք» բաժինը,
  • նույնականացվել նախընտրելի «ԵսԵմ» նույնականացման հարթակում կամ գրանցվել կայքում,
  • լրացնել դիմումի ձևը, կցել համապատասխան փաստաթղթերը և հանձնել դիմումը։ 

Այս ծառայությանը առցանց եղանակով հնարավոր է դիմել այն դեպքում, երբ վարկը տրամադրած կազմակերպությունը աջակցության պայմանագրի կողմ չէ։

 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը նամակ ուղղելով՝ պետք է ներկայացնել ֆինանսական կազմակերպության կողմից տրված համապատասխան տեղեկանքը և հետևյալ փաստաթղթերը․

  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • երեխայի (երեխաների) ծննդյան վկայական,
  • հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ),
  • վերջին 12 ամիսների մարումների վերաբերյալ քաղվածք,
  • անշարժ գույքի սեփականության վկայական,
  • գրանցված ամուսնության առկայության դեպքում՝ ամուսնության վկայական։


Հղում օրենսդրությանը

ՀՀ Կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի N 968-Լ որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am կայքում։

Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի N 968-Լ որոշման։

Աջակցություն երեխա ունեցող ընտանիքներին՝ հիպոթեքային վարկով մարզում բնակարան ձեռք բերելու համար

Ծրագրի շրջանակում միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում երեխա ունեցող ընտանիքներին՝ մարզային բնակավայրերում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար։

Ծրագրին քաղաքացին կարող է դիմել, եթե՝  

  • ՀՀ քաղաքացի է և ստացել է հիպոթեքային վարկ,
  • ունի առնվազն 2 անչափահաս երեխա։
  • Միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է ձեռք բերվող բնակարանի արժեքի 5%-ի չափով, բայց չի կարող 1 մլն դրամից ավելի լինել։
  • Աջակցությանը 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար ավելանում է բնակարանի արժեքի 5%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը։
  • Աջակցության առավելագույն չափը 2 մլն դրամ է։
  • Եթե շահառուն հիպոթեքային վարկով բնակելի անշարժ գույքը ձեռք է բերում կամ անհատական բնակելի տունը կառուցում է սահմանամերձ կամ այնպիսի գյուղական բնակավայրում, որտեղ կառուցվում են դպրոցներ կամ մանկապարտեզներ, ապա աջակցությունն ավելացվում է 50%-ով։

Աջակցությունը տրամադրվում է, եթե՝

  • մարզային բնակավայրում գտնվող անշարժ գույքը ձեռք է բերվել, կամ հիպոթեքային վարկը տրամադրվել է 2024 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո,
  • անշարժ գույքի կամ բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման, շուկայական կամ նախահաշվային առավելագույն գինը 35 մլն դրամ է։ 3-րդ և ամեն հաջորդ երեխայի ծննդյան դեպքում այդ գումարն ավելանում է 5 մլն դրամով,
  • կատարվում է նվազագույն կանխավճար, որը երկրորդային շուկայից ձեռք բերվող գույքի դեպքում արժեքի 10%-ն է, իսկ առաջնային շուկայի դեպքում՝ 7,5%-ը (բացառությամբ այն դեպքի, երբ աջակցությունը տրամադրվում է բնակելի տուն կառուցելու համար հիպոթեքային վարկ ստացած շահառուին),
  • գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառուի կամ նրա ամուսնու անունով (եթե կա գրանցված ամուսնություն),
  • գույքը շահառուին կամ նրա ամուսնուն (գրանցված ամուսնության դեպքում), սեփականության իրավունքով (50% և ավելի) պատկանող միակ բնակելի գույքն է։ 

Անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած հետևյալ բանկերից կամ վարկային կազմակերպություններից մեկին։


Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է բանկը կամ վարկային կազմակերպությունը։

Support program
Դիմել երեխա ունեցող ընտանիքի աջակցության ծրագրին՝ մարզում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար
Սկսել
Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ Կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի N 968-Լ որոշման։

Մատչելի բնակարան զինծառայողներին

 Ծրագրի շրջանակում պետությունը զինծառայողներին տրամադրում է՝

  • հիպոթեքային վարկերի գծով տոկոսագումարի սուբսիդավորում,
  • վարկի ստացման նպատակով կանխավճարի, իսկ անմիջապես կառուցապատողից բնակարան կամ տուն ձեռք բերելիս՝ նաև վարկի վճարված տոկոսագումարի փոխհատուցման համար եկամտային հարկի վերադարձ,
  • վարկի մայր գումարի մարում։ 


Պետք է նկատի ունենալ հետևյալը․  

  • ծրագրի շրջանակում անշարժ գույքի արժեքի առավելագույն չափը 28.500.000 ՀՀ դրամ է։
  • պետության կողմից կանխավճարի գծով աջակցության չափը կազմում է 2.500.000 դրամ, սուբսիդավորվում է վարկի տոկոսադրույքից՝ 5 տոկոսը։

Ծրագրի շահառու կարող են դառնալ Պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական (ենթասպա, ավագ ենթասպա կոչում կրողներ) կազմերի պայմանագրային զինծառայողները։

Support program
ֆիզիկապես դիմել «Մատչելի բնակարան զինծառայողներին» աջակցության ծրագրից օգտվելու համար
Իմանալ ավելին
Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն և 2023 թվականի մայիսի 8-ի N 786-Ն որոշումների։

Բնակարանային ապահովում նախկին զինծառայողներին և նրանց ընտանիքներին

Ծրագրով անհատույց ֆինանսական աջակցություն է տրամադրվում ՀՀ ՊՆ համակարգի առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության և զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների ու զոհված (մահացած)  զինծառայողների ընտանիքներին։

Այն կարելի է օգտագործել սեփականության իրավունքով բնակարան կամ բնակարանի գնման իրավունք ձեռքբերելու համար։  

Ծրագրին կարող են դիմել․

  • 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքները, որոնք կենսաթոշակի իրավունք ստանալու կամ զինծառայողի զոհվելու (մահանալու) օրվա դրությամբ ՀՀ տարածքում չունեն սեփականության իրավունքով բնակելի տարածք կամ ունեն, սակայն այն 4-րդ աստիճանի վթարային է և ենթակա է քանդման։ 
  • 1-ին խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները, որոնք կենսաթոշակի իրավունք ստանալու օրվա դրությամբ ՀՀ տարածքում ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածք, սակայն զինծառայողի և նրա  ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով տարածքի բնակելի մակերեսը 5.5 քառակուսի մետրից պակաս է։ 
  • Մինչև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը ուժի մեջ մտնելը ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 947-Ն և 2017 թվականի օգոստոսի 10-ի N 1016-Ն որոշումներով սահմանված կարգով որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները, որոնք ՀՀ տարածքում ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածք, սակայն նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով տարածքի բնակելի մակերեսը 5.5 քառակուսի մետրից պակաս է։
  • 3-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող այն նախկին զինծառայողները, որոնք ՀՀ տարածքում չունեն սեփականության իրավունքով բնակելի տարածք կամ ունեն, սակայն այն 4-րդ աստիճանի վթարային է և ենթակա է քանդման, կամ զինծառայողի և նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով տարածքի բնակելի մակերեսը 5.5 քառակուսի մետրից պակաս է։

Անհրաժեշտ է դիմումը և պահանջվող փաստաթղթերը ներկայացնել զինծառայողի հաշվառման վայրի համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին):

Անհրաժեշտ են՝

  • Զինծառայողին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին տեղեկանքը և զինծառայողի հիվանդության, վնասվածքի կամ խեղման զինվորական ծառայության հետ պատճառական կապի վերաբերյալ ռազմաբժշկական փորձաքննական մարմնի եզրակացության պատճենը,
  • ՀՀ ՊՆ համակարգի՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունքը կամ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի կարգավիճակը հավաստող տեղեկանքը (Տրվում է ՀՀ ՊՆ սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման կողմից),
  • տեղեկանքներ բնակարանային պայմանների, ընտանիքի կազմի վերաբերյալ, որտեղ պետք է նշված լինեն բնակարանի սեփականատիրոջ, բնակարանի բնակելի մակերեսի, սենյակների թվի, այդ հասցեում հաշվառված անձանց և նրանց ազգակցական կապի մասին տվյալներ (եթե ընտանիքի չափահաս անդամները հաշվառված են տարբեր հասցեներում, ապա նմանօրինակ տեղեկանք պետք է ներկայացվի բոլորի հաշվառման վայրերից), բնակարանի և (կամ) բնակելի տան սեփականության վկայականի պատճենը,
  • ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման և տեղեկատվական կենտրոնի կողմից տրված տեղեկատվությունը` շահառուի անվամբ ՀՀ տարածքում սեփականության իրավունքով բնակելի տարածք ունենալու, ինչպես նաև զինծառայողի` 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող ճանաչվելու կամ զոհվելու (մահանալու) օրվան նախորդող 5 տարվա ընթացքում սեփականության իրավունքով բնակելի տարածքը օտարելու մասին, 
  • շահառու չափահաս անձանց անձնագրերի պատճենները` հաշվառման էջերով, ամուսնության (ամուսնալուծության) և անչափահաս երեխաների ծննդյան վկայականների պատճենները, ուսումնառության և հաշմանդամություն ունենալու, խնամքի ներքո գտնվելու վերաբերյալ տեղեկանքները:
Support program
Ֆիզիկապես դիմել նախկին զինծառայողներին և նրանց ընտանիքներին բնակարանային աջակցության ծրագրին
Իմանալ ավելին
Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն և 2023 թվականի մայիսի 18-ի N 786-Ն որոշումների։

Բնակարանի էներգաարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագիր

Սուբսիդավորվում է բնակարանի (բնակելի տան) էներգաարդյունավետ վերանորոգումը, եթե աշխատանքների ընդհանուր արժեքից էներգիայի այլընտրանքային աղբյուրների ձեռքբերմանը կամ փոխարինմանը (էներգաարդյունավետ շինարարական նյութեր, ջեռուցման համակարգեր, արտաքին դռներ և պատուհաններ), իսկ անհատական բնակելի տան դեպքում՝ նաև արտաքին պատող և պարփակող կոնստրուկցիաների ջերմամեկուսացմանն ուղղվում է՝ 

  • բնակարանների համար՝ առնվազն 20%-ը,
  • բնակելի տների համար՝ առնվազն 30%-ը։

էներգաարդյունավետության չափանիշները սահմանվելու են ծրագրի իրականացման կարգով։

Վարկի սահմանաչափը կազմում է՝

  • բազմաբնակարան շենքի բնակարանի վերանորոգման դեպքում՝ ոչ ավելի, քան 7 մլն դրամը,
  • անհատական բնակելի տների համար՝ ոչ ավելի, քան 10 մլն դրամը։

ՀՀ-ում սեփականության իրավունքով բնակարան (բնակելի տուն) ունեցող ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ծրագրի իրականացման կարգն ուժի մեջ մտնելուց հետո իրենց բնակարանի (բնակելի տան) էներգաարդյունավետ վերանորոգման համար ֆինանսական կառույցներից ներգրավել են վարկային միջոցներ:

Վերանորոգման վարկի տոկոսադրույքը սուբսիդավորվում է հետևյալ տոկոսադրույքներով՝

  • սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում՝ 14%,
  • ոչ սահմանամերձ գյուղական բնակավայրերում՝ 12%,
  • ոչ սահմանամերձ քաղաքային բնակավայրերում՝ 11%,
  • Երևան քաղաքում՝ 9%:

Վարկը ստանալու համար պետք է դիմել ֆինանսական կառույց և ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը։

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարելի է ստանալ ֆինանսական կառույցից։ 

Support program
Ֆիզիկապես դիմել բնակարանների և բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման ծրագրին
Իմանալ ավելին
Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ Կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ի N 520-Լ որոշման։
Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կողմից։
Was this page useful?