Հիպոթեքային վարկը երկարաժամկետ վարկատեսակ է՝ սովորաբար մինչև 20 տարի ժամկետով, որը տրամադրվում է բնակարանի (անհատական տան) ձեռքբերման կամ կառուցման համար։
This site is new, your feedback will help us improve it.
Ինչպե՞ս ձեռք բերել բնակարան նորակառույց շենքից հիպոտեքային վարկով
Այս ուղեցույցի օգնությամբ կտեղեկանաս, թե ինչպես ձեռք բերել բնակարան նորակառույց շենքից հիպոտեքային վարկով, ի՞նչ փաստաթղթերն են անհրաժեշտ գործընթացը սկսելու և ավարտին հասցնելու համար։
Հիփոթեքային վարկի դիմում
Կառուցապատողից բնակարանի հիպոթեքային վարկ ստանալու համար կարող են դիմել ՀՀ և օտարերկրյա 18 տարին լրացած քաղաքացիները (օտարերկրյա քաղաքացիները պետք է լինեն ՀՀ ռեզիդենտ և ունենան ՀՀ քաղաքացի երաշխավոր)։
Օտարերկրյա քաղաքացիներին վարկը տրամադրվում է նաև արտարժույթով, եթե ՀՀ ռեզիդենտ համավարկառու ներգրավված չէ։
Կառուցապատողից հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելիս տեղեկացված եղիր, որ․
-
հիպոթեքային վարկը ստանալիս անհրաժեշտ է վճարել միանվագ կանխավճար՝ գնվող բնակարանի արժեքի 10-30%-ի չափով,
-
հիպոթեքային վարկը տրամադրվում է գրավի դիմաց, որը սովորաբար հենց գնվող գույքն է,
-
գրեթե բոլոր դեպքերում գրավադրված գույքը պետք է ապահովագրված լինի վարկային պայմանագրի ողջ ընթացքում։ Երբեմն վարկը տրամադրող բանկի կողմից մատուցվող ծառայություններում ներառված է նաև գույքի ապահովագրությունը,
-
որոշ դեպքերում վարկատու կազմակերպությունները պահանջում են նաև վարկառուների և/կամ համավարկառուների (օրինակ` ամուսիններ) դժբախտ պատահարից, մահացության և/կամ մշտական անաշխատունակության ռիսկերի ապահովագրություն։
Հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու տարբեր փուլերում կատարելու ես հետևյալ վճարումները․
-
վարկային հայտի ուսումնասիրության վճար՝ 5,000 դրամ (բանկին),
-
վարկի տրամադրման վճար, սկսվում է 50,000 դրամից (բանկին),
-
գրավի առարկայի գնահատման ծախսեր՝ 18,000-25,000 դրամ (գնահատող կազմակերպությանը),
-
գույքի և դժբախտ պատահարներից ապահովագրության վճարներ՝ նվազագույնը 1000 դրամ (բանկին),
-
միասնական տեղեկանքի վճար՝ 10,000 դրամ (Կադաստրի կոմիտեին),
-
նոտարական վավերացման վճար՝ 20,000 դրամ (նոտարին),
-
սեփականության իրավունքի գրանցում Կադաստրի կոմիտեում՝ 45,000 դրամ (Կադաստրի կոմիտեին),
-
անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցում Կադաստրի կոմիտեում՝ 27,000 դրամ (Կադաստրի կոմիտեին)։
Կառուցապաողից հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար հիմնական փաստաթղթերի ցանկը ներկայացնում է վարկը տրամադրող բանկը։ Բոլոր դեպքերում փաստաթղթերի հիմնական ցանկն այսպիսին է․
- վարկի հայտ-դիմումի նմուշը, որը տրամադրվում է տեղում,
-
անձը հաստատող փաստաթղթեր (բնօրինակները),
-
ձեռք բերվող/գրավադրվող գույքի սեփականության վկայականի (գնման իրավունք) պատճենը (տրամադրում է կառուցապատող ընկերությունը),
-
տեղեկանք աշխատավայրից։
Հիփոթեքային վարկի տրամադրման ժամկետներն են՝
-
վարկը տրամադրելու որոշման կայացումը տևում է առավելագույնը 10 օր,
-
հաճախորդը տեղեկացվում է մեկօրյա ժամկետում,
-
վարկային պայմանագրերը հաստատվում են հաճախորդի կողմից փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելուց հետո 3-5 օրվա ընթացքում,
-
վարկի փաստացի տրամադրումը հաճախորդին կատարվում է համապատասխան պետական մարմիններից անշարժ գույքի գնման իրավունքի վկայականը ստանալուն պես:
Հիփոթեքային վարկի հաստատում
Հիփոթեքային վարկի հայտը ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում բանկի աշխատակիցը քեզ կտեղեկացնի վարկի հաստատման մասին և կհրավիրի բանկ, որպեսզի փաստաթղթերդ ներկայացնես վարկավորման հաջորդ փուլի համար։
Հիփոթեքային վարկի նախնական հաստատումից հետո անհրաժեշտ է ներկայացնել․
-
տեղեկանք աշխատավարձի վերաբերյալ. կարող են պահանջվել եկամուտը հավաստող այլ փաստաթղթեր (եկամուտների մասին տեղեկանք, արտերկրից եկամուտներ ունենալու դեպքում՝ նաև այդ եկամուտները հավաստող փաստաթղթեր)։
-
ամուսնության (ամուսնալուծության, կնոջ/ամուսնու մահվան վկայական),
-
ծննդյան վկայական,
-
գրավադրվող անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական (գրավադրվող գույքը ձեռք բերվող գույքն է, որի մասին տեղեկանքը տրամադրում է կառուցապատող ընկերությունը, իսկ բանկի հետ համագործակցող ընկերությունները սովորաբար այն իրենք են ուղարկում բանկի էլեկտրոնային հասցեին),
-
բանկի աշխատակիցը կարող է պահանջել նաև այլ փաստաթղթեր, օրինակ, եթե քո փաստացի բնակության հասցեն տարբերվում է անձնագրումդ գրանցված հասցեից, կպահանջվի ներկայացնել փաստացի բնակության հասցեի վերաբերյալ տեղեկանք։
Ուշադրություն
Անհրաժեշտ է ներկայացնել պահանջվող փաստաթղթերի բնօրինակները, իսկ տեղեկանքները ուժի մեջ են 15-30 օր ժամկետով։
Հիփոթեքի վարկային պայմանագիրը ստորագրելու առաջարկը ընդունելու կամ մերժելու համար ունես 7 աշխատանքային օր, մինչև այդ՝
-
բանկը առձեռն կամ փոստով քեզ տրամադրում է հիպոթեքային վարկի պայմանագիր կնքելու գրավոր առաջարկը (օֆերտան) վարկային պայմանագրի և վճարումների մոտավոր ժամանակացույցի պատճենի հետ, որպեսզի ծանոթանաս և հայտնես առարկություններդ,
-
պայմանագիրը կնքելու առաջարկին համաձայնությունդ հայտնելու ես՝ ֆիզիկապես ներկայանալով բանկ և գրավոր կերպով այն ընդունելով։
Հիփոթեքային վարկի հատատումից հետո հնարավոր է նաև առաջանա հետևյալ փաստաթղթերը ներկայացնելու անհրաժեշտությունը․
-
անշարժ գույքի սեփականության իրավունքի հիմքերի պատճենները (ներկայացվում են ըստ բանկի պահանջի),
-
ձեռք բերվող/գրավադրվող գույքի սեփականատերերի անձը հաստատող փաստաթղթերը (բնօրինակները),
-
գրավադրվող գույքի սեփականատերերի ամուսնության, ամուսնալուծության, կնոջ/ամուսնու մահվան վկայականի պատճենը,
-
տեղեկանք Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից` գույքի պարտավորություններով ծանրաբեռնվածության վերաբերյալ (միասնական տեղեկանք),
-
անշարժ գույքի ապահովագրության պայմանագիրը,
-
անշարժ գույքի նկատմամբ հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք,
-
այլ փաստաթղթեր` բանկի մասնագետի պահանջով։
Հիփոթեքային վարկի վճարում
Հիփոթեքային վարկի վճարումների ժամանակացույցն ու տոկոսադրույքը սահմանվում են վարկավորող բանկի կողմից։ Կան մի քանի կարևոր կետեր, որոնց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ամսական վճարումները կատարելիս։
Վարկի ամսական վճարումները կարող ես կատարել հետևյալ տարբերակներով․
-
հավասարաչափ ամսական մարումներ (անուիտետային), որի դեպքում մայր գումարը և կուտակված տոկոսները ներառված են փոփոխական մասերով,
-
փոփոխական ամսական մարումներ (զսպանակաձև), որում մայր գումարը ներառված է հավասար չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական,
-
խառը մարումներ․ այս դեպքում կարելի է ընտրել մարումների նախընտրելի ժամանակացույց, իսկ տարեկան վճարվող մայր գումարը պետք է հավասար լինի վարկի պայմանագրային արժեքի առնվազն 5%-ին։
Այո՛, սակայն հաշվի առ, որ նման դեպքերում գուցե բանկի կողմից տույժեր սահմանված լինեն։ Այդ մասին պետք է նշված լինի վարկային պայմանագրում, բանկի աշխատակիցը նույնպես պետք է քեզ տեղեկացնի դրա մասին։
Եթե ցանկանում ես վարկի մայր գումարը նվազեցնելու համար ավել գումար վճարել, այդ մասին պետք է անպայման նշես ինչպես կանխիկ, այնպես էլ առցանց վճարումների դեպքում։
Այո՛, հնարավոր է, որ վարկային պայմանագրում նշված լինի ֆիքսված տոկոսադրույք, սակայն որոշ ժամանակ անց այն փոփոխվի՝ բարձրանա կամ նվազի։
Ուշադիր ուսումնասիրիր վարկային պայմանագիրդ, քանի որ նման դեպքերում պայմանագրում նշված է լինում նախապես ֆիքսված և փոփոխվող տոկոսադրույքի ժամանակացույցը։
Տոկոսադրույքի փոփոխությունը կախված է Կենտրոնական բանկի լողացող տոկոսադրույքից (ԿԲԼՏ)։
Տոկոսադրույքի փոփոխության դեպքում բանկը պետք է քեզ հավելյալ ծանուցի այդ մասին էլեկտրոնային փոստի կամ հեռախոսազանգի միջոցով։
Ուշադրություն
Տոկոսադրույքի փոփոխության հետևանքով վերանայվում է ինչպես վճարման ժամանակացույցը, այնպես էլ՝ ամսական վճարումները։