Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ի՞նչ հարկեր են անհատները վճարում Հայաստանում
Հայաստանի Հանրապետությունում դու սկսում ես հարկ վճարել, երբ․
- ստանում ես հարկման ենթակա եկամուտ (աշխատավարձ, վարձավճարներ և այլն),
- դառնում ես անշարժ կամ շարժական գույքի (տուն, հողամաս, ավտոմեքենա և այլն) սեփականատեր:
Եթե աշխատում ես որևէ գործատուի մոտ, ապա աշխատավարձիցդ գոյացող հարկերը քո փոխարեն հաշվարկում և վճարում է գործատուն։ Քեզ փոխանցվում է քո, այսպես կոչված՝ «մաքուր» աշխատավարձը, որից այլևս հարկեր վճարելու կարիք չկա։ Իսկ քեզ պատկանող գույքի հարկերը դու պետք է անձամբ վճարես:
Բիզնես ունենալու, օրինակ՝ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում քո գործունեությունից առաջացած հարկերը հաշվարկվելու և վճարվելու են առանձին։ Մանրամասները կարող ես գտնել «Վճարել հարկերը» կյանքի իրադարձության ուղեցույցում։
Եկամուտների հայտարարագրում
Մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը ՀՀ քաղաքացի հանդիսացող և մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը չափահաս դարձած անձինք առցանց եղանակով ներկայացնելու են եկամուտների հայտարարագիր` նախորդ տարվա ընթացքում ստացված եկամուտների վերաբերյալ։
Հայտարարագրում ներկայացվող եկամուտները բաժանվում են 2 խմբի՝ հարկվող և չհարկվող։ Արդեն հարկված եկամուտների համար նոր պարտավորություններ չեն առաջանալու։
Ներկայացնել եկամուտների հայտարարագիր բջջային հավելվածով
Եկամտային հարկ
Եկամտային հարկը քո ստացած եկամուտների համար պետական բյուջե փոխանցվող պարտադիր գումար է, որի չափը կախված է եկամտի տեսակից և չափից։
Եկամտային հարկով հարկվում է՝
-
ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց՝ ՀՀ աղբյուրներից և կամ ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից (արտասահմանից) ստացվող եկամուտը,
-
ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց՝ ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտը։
Անձը համարվում է ՀՀ ռեզիդենտ, եթե՝
-
տվյալ հարկային տարում ՀՀ-ում փաստացի գտնվել է 183 և ավելի օր,
-
նրա տունը, ընտանիքը կամ գործունեության հիմնական վայրը գտնվում է Հայաստանում,
-
Հայաստանում պետական ծառայության մեջ է, բայց ժամանակավորապես աշխատում է արտերկրում։
Մյուս բոլոր դեպքերում անձը համարվում է ոչ ռեզիդենտ։
Եթե դու աշխատում ես որևէ կազմակերպությունում և ունես գործատու, ապա քո հարկերը պետք է հաշվարկի և վճարի գործատուն, ով դառնում է քո հարկային գործակալը։
Եկամտային հարկը դու հաշվարկում և վճարում ես ինքդ, եթե.
-
հարկվող եկամուտը ստանում ես հարկային գործակալ չհանդիսացող անձից,
-
քեզ հարկվող եկամուտ վճարող անձը ազատված է հարկը հաշվարկելու և վճարելու պարտավորությունից:
Եթե դու ինքդ ես հաշվարկում և վճարում քո հարկերը, ապա մինչև ամեն ամսվա 20-ը պետք է առցանց եղանակով Պետական եկամուտների կոմիտե ներկայացնես պարզեցված հաշվարկ և նույն ժամկետում վճարես հարկերդ։
Առցանց ներկայացնել եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական պարզեցված հաշվարկ
Քո գործատուն աշխատավարձիցդ առաջացած եկամտային հարկը հաշվարկում և վճարում է ամեն ամսվա համար մինչև դրան հաջորդող ամսվա 20-ը։
Եթե դու ինքդ ես հաշվարկում և վճարում քո հարկերը, ապա մինչև ամեն ամսվա 20-ը պետք է առցանց եղանակով Պետական եկամուտների կոմիտե ներկայացնես պարզեցված հաշվարկ և նույն ժամկետում վճարես հարկերդ։
Իսկ այլ եկամուտներից, օրինակ՝ բնակարանի վարձակալությունից ստացված եկամուտներից գոյացած հարկը պետք է վճարես տարեկան կտրվածքով՝ մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը՝ նույն ժամկետում ներկայացնելով նաև վարձակալությունից ստացված եկամուտների հայտարարագիրը։
Եթե ինքդ ես վճարելու եկամտային հարկը, ապա պետք է բանկային փոխանցում կատարես ՀՀ պետական բյուջեի 900008000490 հաշվեհամարին՝ փոխանցման նպատակ դաշտում նշելով «անուն, ազգանուն, հարկ վճարողի հաշվառման համար՝ ՀՎՀՀ»։
Եթե բանկային հավելվածում չի ստացվում ուղիղ փոխանցում կատարել 900008000490 հաշվեհամարին, ապա կարող ես հավելվածում ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը։
Առցանց ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)
Կախված եկամտի տեսակից՝ հարկի դրույքաչափերը տարբեր են։
Օրինակ՝
-
աշխատավարձից վճարվող հարկի դրույքաչափը 20% է,
-
բնակարանի վարձակալական եկամտից վճարվող հարկի դրուքաչափը 10% է,
-
բանկային ավանդներից ստացված տոկոսային եկամտից վճարվող հարկի դրուքաչափը 10% է։
5% դրույքաչափով հարկվում է ֆիզիկական անձի ստացած շահաբաժինը։
Ընդ որում՝ 5% դրույքաչափը գործում է միայն այն շահաբաժինների դեպքում, որոնք բաշխվել են 2018թ.-ի հունվարի 1-ից հետո ծավալած գործունեության արդյունքում ստացված շահույթից։
10% դրույքաչափով հարկվում են ֆիզիկական անձի ստացած հետևյալ եկամուտները՝
-
հեղինակային կամ այլ իրավունքների օգտագործման դիմաց ստացված ռոյալթին,
-
բանկային ավանդից կամ պարտատոմսերից ստացված տոկոսները,
-
վարձակալական վճարները,
Եթե հարկային տարվա ընթացքում ստացված վարձակալական վճարների հանրագումարը գերազանցում է 60 միլիոն դրամը, ապա գերազանցող մասի համար եկամտային հարկը հաշվարկվում է 20% դրույքաչափով, -
գույքի օտարումից ստացված եկամուտները (բացառությամբ՝ կառուցապատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից օտարվող շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների),
-
կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակում ստացված կենսաթոշակները,
-
կազմակերպության կանոնադրական կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ, կիսակառույց) ձևով մասնակցության (օրինակ՝ բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) վաճառքից ստացված եկամուտը, եթե դա տեղի է ունեցել այդ մասնակցությունը ձեռք բերելուն հաջորդող 3 հարկային տարիների ընթացքում (հարկային տարին հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածն է)։
20% դրույքաչափով հարկվում են ֆիզիկական անձի ստացած հետևյալ եկամուտները՝
-
աշխատավարձը և քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում ծառայության մատուցումից կամ աշխատանքի կատարումից եկամուտները,
-
ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները,
-
կառուցապատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից օտարվող շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների օտարումից ստացված եկամուտները,
-
անձին հարկային գործակալի կողմից վճարվող պասիվ եկամուտները, եթե դրանց ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12 ամիսների ընթացքում այդ եկամուտները չեն վճարվել (բացառություն են կազմում բանկային ավանդի և հրապարակային առաջարկի միջոցով հանրությանն առաջարկված կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված պարտքային արժեթղթերի դիմաց վճարվող տոկոսները),
-
այլ տոկոսները և եկամուտները։
Վարձակալության հանձնած անշարժ գույք ունե՞ս
Եթե տունդ, բնակարանդ կամ այլ անշարժ գույք հանձնել ես վարձակալության և դրա դիմաց եկամուտներ ես ստանում, ապա 5-օրյա ժամկետում պետք է այդ մասին հայտարարագիր ներկայացնես։
Պատրաստվո՞ւմ ես հիպոտեքային վարկով բնակարան գնել ՀՀ մարզերում
ՀՀ մարզերում տուն, բնակարան գնելու դեպքում յուրաքանչյուր եռամսյակ կարող ես հետ ստանալ աշխատավարձիցդ վճարված եկամտային հարկի մի մասը։
Սոցիալական վճար
Աշխատանքային գործունեության ընթացքում քո աշխատավարձից պետական բյուջե վճարվում է նաև սոցիալական վճար, որի շնորհիվ կենսաթոշակային տարիքում պետության կողմից տրամադրող կենսաթոշակից բացի կստանաս նաև լրացուցիչ եկամուտներ։
ՀՀ-ում սոցիալական վճարներ են կատարում՝
-
1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը,
-
մինչև 1974 թվականը ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը, եթե ներկայացրել են կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում,
-
ինքնազբաղված անձինք` անկախ տարիքից, եթե ներկայացրել են կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում կամ երբևիցե կատարել են սոցիալական վճար:
ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք սոցիալական վճարները կատարում են նույն կարգով, ինչպես ՀՀ քաղաքացիները, եթե ՀՀ միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Առցանց ընտրել կենսաթոշակային ֆոնդը և կառավարչին
Եթե դու աշխատում ես որևէ կազմակերպությունում և ունես գործատու, ապա քո հարկերը պետք է հաշվարկի և վճարի գործատուն, ով դառնում է քո հարկային գործակալը։
Սոցիալական վճարը դու հաշվարկում և վճարում ես ինքդ, եթե.
-
հարկվող եկամուտը ստանում ես հարկային գործակալ չհանդիսացող անձից,
-
քեզ հարկվող եկամուտ վճարող հարկային գործակալը ազատված է հարկը հաշվարկելու և վճարելու պարտավորությունից:
Եթե դու ինքդ ես հաշվարկում և վճարում քո հարկերը, ապա մինչև ամեն ամսվա 20-ը պետք է առցանց եղանակով Պետական եկամուտների կոմիտե ներկայացնես պարզեցված հաշվարկ և նույն ժամկետում վճարես հարկերդ։
Առցանց ներկայացնել եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական պարզեցված հաշվարկ
Քո գործատուն աշխատավարձիցդ առաջացած սոցիալական վճարը հաշվարկում և վճարում է ամեն ամսվա համար մինչև դրան հաջորդող ամսվա 20-ը։
Եթե դու ինքդ ես հաշվարկում և վճարում քո հարկերը, ապա մինչև ամեն ամսվա 20-ը պետք է առցանց եղանակով Պետական եկամուտների կոմիտե ներկայացնես պարզեցված հաշվարկ և նույն ժամկետում վճարես հարկերդ։
Եթե ինքդ ես վճարելու եկամտային հարկը, ապա պետք է բանկային փոխանցում կատարես ՀՀ պետական բյուջեի 900008000490 հաշվեհամարին՝ փոխանցման նպատակ դաշտում նշելով «անուն, ազգանուն, հարկ վճարողի հաշվառման համար՝ ՀՎՀՀ»։
Եթե բանկային հավելվածում չի ստացվում ուղիղ փոխանցում կատարել 900008000490 հաշվեհամարին, ապա կարող ես հավելվածում ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը։
Առցանց ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)
Ամսական կտրվածքով քո աշխատավարձից պետական բյուջե փոխանցվում է՝
-
5 % սոցիալական վճար, եթե աշխատավարձիդ ամսական չափը չի գերազանցում 500,000 դրամը,
-
10 %-իև 25,000 դրամի տարբերության չափով սոցիալական վճար, եթե աշխատավարձիդ ամսական չափը գերազանցում է 500,000 դրամը։
Եթե գրանցված աշխատող չես և եկամուտ ես ստանում որպես ինքնազբաղված անձ, ապա սոցիալական վճար վճարելու ես ստացված եկամուտների 5 %-ի չափով:
Տարվա կտրվածքով քո եկամտից վճարված սոցիալական վճարը չի կարող գերազանցել՝
- եկամտի 5%-ը, եթե այդ եկամտի չափը չի գերազանցում 6,000,000 դրամը,
- եկամտի 10%-ի և 300,000 դրամի տարբերությունը, եթե այդ եկամտի չափը գերազանցում է 6,000,000 դրամը։
Դու ամսական կտրվածքով առավելագույնը պետք է վճարես 87,500 դրամ սոցիալական վճար։ Եթե այնուամենայնիվ տարբեր աղբյուրներից ստացված եկամուտներից նշված գումարից ավել ես սոցիալական վճար վճարել, ապա այն կվերադարձվի քեզ։
Այսինքն՝ եթե նույնիսկ 1 ամսվա ընթացքում առնվազն 2 գործատուներից ստացած եկամուտներդ գերազանցում են 1,125,000 դրամը (նվազագույն աշխատավարձի 15-ապատիկը), միևնույն է, առավելագույնը 87,500 դրամ սոցիալական վճար ես վճարելու։
Ո՛չ։ Եթե աշխատավարձիցդ ավել է պահվել սոցիալական վճարը, ապա այն ինքնաշխատ կերպով կվերադարձվի քո գործող բանկային հաշվեհամարներից որևէ մեկին։
Եթե ցանկանում ես, որ նման դեպքերում գումարը փոխանցվի քո նախընտրելի հաշվեհամարին, ապա կարող ես այցելել Պետական եկամուտների կոմիտեի սպասարկման ցանկացած սրահ կամ նախընտրելի հաշվեհամարդ ներկայացնել էլեկտրոնային եղակակով՝ այցելելով e-request.am:
Դրոշմանիշային վճար
Քո ստացած եկամտից վճարվող պարտադիր վճար է, որը ուղղվում է զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցմանը։
Դրոշմանիշային վճար վճարում են՝
- ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, որոնք աշխատանքային պայմանագրով աշխատում են Հայաստանում կամ Հայաստանից դուրս,
- ՀՀ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք՝ միայն Հայաստանում եկամուտներ ստանալու դեպքում,
- քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող ֆիզիկական անձինք, որոնք կարող են եկամուտներ ունենալ Հայաստանում կամ Հայաստանից դուրս,
- Հայաստանում գրանցված և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը,
- նոտարները,
- ինքնազբաղված անձինք։
Ո՛չ։ Դրոշմանիշային վճարի համար հաշվետվություն չի ներկայացվում։
Եթե ինքդ ես վճարելու դրոշմանիշային վճարը, ապա պետք է բանկային փոխանցում կատարես ՀՀ պետական բյուջեի 900008000490 հաշվեհամարին՝ փոխանցման նպատակ դաշտում նշելով «անուն, ազգանուն, հարկ վճարողի հաշվառման համար՝ ՀՎՀՀ»։
Եթե բանկային հավելվածում չի ստացվում ուղիղ փոխանցում կատարել 900008000490 հաշվեհամարին, ապա կարող ես հավելվածում ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը։
Առցանց ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)
Դրոշմանիշային վճարի չափը կախված է աշխատավարձի չափից, մասնավորապես՝
- մինչև 100,000 դրամի դեպքում՝ 1,500 ՀՀ դրամ,
- 100,001-200,000 դրամի դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ,
- 200,001-500,000 դրամի դեպքում՝ 5,500 ՀՀ դրամ,
- 500,001-1,000,000 դրամի դեպքում՝ 8,500 ՀՀ դրամ,
- 1,000,001 և ավելի աշխատավարձի դեպքում՝ 15,000 ՀՀ դրամ։
Անշարժ գույքի հարկ
Եթե ունես սեփականության իրավունքով քեզ պատկանող անշարժ գույք, այդ թվում՝ տուն, հող և շինություններ, ապա պետք է տարեկան կտրվածքով հաշվարկես և պետական բյուջե վճարես անշարժ գույքի հարկ։
Անշարժ գույքի հարկով հարկվում են հողամասերը, հողամասերում կառուցված ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինություններն ու կառույցները։
Անկախ սեփականության իրավունքի առկայությունից՝ անշարժ գույքի հարկ պետք է վճարել նաև դեռևս պետական գրանցում չստացած՝
-
մշտական օգտագործման տրամադրված` պետական սեփականություն հանդիսացող հողերի համար,
-
նոր կառուցված և (կամ) փոփոխություններ կրած և անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից հաշվառված ու գնահատված` հարկման ենթակա անշարժ գույքի համար,
-
հողամասի սեփականության իրավունք ունեցող հարկ վճարողների կողմից այդ հողամասի վրա ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների, այդ թվում` բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցների համար:
Ընդ որում՝ լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի հարկ վճարող է համարվում լիզինգառուն:
Անշարժ գույքի հարկը վճարվում է տարեկան կտրվածքով մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ։
Անշարժ գույքի հարկի չափը որոշվում է ըստ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի։ Գույքի կադաստրային արժեքից կախված՝ հարկի դրույքաչափերը տարբեր են։
Օրինակ՝ բնակարանների դեպքում հարկի դրույքաչափերն են՝
-
մինչև 10 միլիոն դրամը ներառյալ արժեք ունեցող բնակարանի դեպքում՝ 0․05%,
-
10 միլիոնից մինչև 25 միլիոն դրամը ներառյալ արժեք ունեցող բնակարանի դեպքում՝ 5,000 դրամ, գումարած 10 միլիոն դրամը գերազանցող մասի 0․2%-ը,
-
25 միլիոնից մինչև 47 միլիոն դրամը ներառյալ արժեք ունեցող բնակարանի դեպքում՝ 20,000 դրամ, գումարած 25 միլիոն դրամը գերազանցող մասի 0․2%-ը,
-
47 միլիոնից մինչև 75 միլիոն դրամը ներառյալ արժեք ունեցող բնակարանի դեպքում՝ 64,000 դրամ, գումարած 47 միլիոն դրամը գերազանցող մասի 0․4%-ը,
-
75 միլիոնից մինչև 100 միլիոն դրամը ներառյալ արժեք ունեցող բնակարանի դեպքում՝ 176,000 դրամ, գումարած 75 միլիոն դրամը գերազանցող մասի 0․6%-ը,
-
100 միլիոնից մինչև 200 միլիոն դրամը ներառյալ արժեք ունեցող բնակարանի դեպքում՝ 326,000 դրամ, գումարած 100 միլիոն դրամը գերազանցող մասի 1%-ը,
-
200 միլիոն դրամից ավելի արժեք ունեցող բնակարանի դեպքում՝ 1,326,000 դրամ, գումարած 200 միլիոն դրամը գերազանցող մասի 1․5%-ը։
Իսկ բնակելի տների, այգետնակների և գույքի այլ տեսակների համար հարկի դրույքաչափերը ներկայացված են ՀՀ հարկային օրենսգրքի 229-րդ հոդվածում։ Օրենսգիրքը հնարավոր է գտնել Arlis.am-ում։
Ուշադրություն
2025 թվականի հունվարի 1-ից անհրաժեշտ է վճարել անշարժ գույքի դրույքաչափի հաշվարկված հարկի 75%-ը, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից՝ անշարժ գույքի հաշվարկված հարկի 100%-ը։
Առցանց ստուգել անշարժ գույքի հարկի չափը
Առցանց վճարել անշարժ գույքի հարկը
Փոխադրամիջոցների գույքահարկ
Հարկի այս տեսակը վճարելու ես քեզ պատկանող ավտոմեքենայի, մոտոցիկլետի կամ այլ փոխադրամիջոցների համար։
Փոխադրամիջոցների գույքահարկով հարկվում են փոխադրամիջոցների հետևյալ տեսակները՝
-
ավտոմեքենա,
-
մոտոցիկլետ,
-
ձյունագնաց,
-
քվադրոցիկլ (մոտոամենագնաց),
-
ջրային փոխադրամիջոց (շարժիչով աշխատող)։
Փոխադրամիջոցի գույքահարկը պետք է վճարես ձեռքբերման օրվանից սկսած ամեն հաշվետու տարի։
Փոխադրամիջոցների գույքահարկը հաշվարկելու համար հիմք է ընդունվում տվյալ փոխադրամիջոցի շարժիչի հզորությունը:
Օրինակ՝ 2025 թվականին արտադրված, մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար, եթե շարժիչի հզորությունը`
-
1-ից 120 (ներառյալ) ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի համար` 200 դրամ,
-
121-ից 250 (ներառյալ) ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի համար` 300 դրամ, ինչպես նաև 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր ձիաուժի համար` լրացուցիչ 1000 դրամ,
-
251 և ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի համար` 500 դրամ, ինչպես նաև 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր ձիաուժի համար` լրացուցիչ 1000 դրամ։
Այլ ավտոմեքենաների դեպքում գույքահարկի չափը կարող եք ստուգել հաշվիչի միջոցով։