BETA

This site is new, your feedback will help us improve it.

Guide

Start a Business

Ուղեցույցը պարունակում է բիզնեսի գրանցման վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է Ձեր բիզնես գաղափարն իրագործելու և հաջողակ գործարարությամբ զբաղվելու ճանապարհին։

Որոշել եք բիզնե՞ս սկսել

Բիզնեսը գրանցելու հաջորդական քայլերը

  1. Քայլ 1

    Նախապատրաստվեք գրանցմանը

    Նախ այս ուղեցույցի միջոցով ծանոթացեք բիզնեսի գրանցման հերթական քայլերին՝ սկսած կազմակերպության գործունեության տեսակի ընտրությունից, քանի որ դրանից է կախված լինելու, թե հետագայում ինչ հարկեր եք վճարելու Ձեր բիզնեսի համար։

     

  2. Քայլ 2

    Գրանցեք բիզնեսը

    Պատրաստեք և բիզնեսի գրանցման ծառայության կենտրոններ ներկայացրեք բիզնեսի գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Ի դեպ՝ ԱՁ-ի և ՍՊԸ-ի գրանցումը հնարավոր է կատարել նաև առցանց եղանակով։  

     

  3. Քայլ 3

    Գործարկեք բիզնեսը

    Օգտվեք բիզնեսի աջակցության ծրագրերից ու արտոնություններից, վճարեք հարկերը և Ձեր բիզնես գործունեությունը ծավալեք արդեն օրինական դաշտում։   

     

Ինչո՞ւ է բիզնեսի պետական գրանցումը կարևոր

Եթե սկսում եք բիզնեսով զբաղվել կամ արդեն ունեք գործող բիզնես, գրանցեք այն, քանի որ այդպես Դուք կկարողանաք՝ 

Բիզնեսի տեսակները և մասնակիցների իրավունքները

Ընտրեք գործունեության տեսակը, որով զբաղվելու է Ձեր բիզնեսը

Գործունեության տեսակը այն ոլորտն է, որտեղ գործելու է բիզնեսը։ Դա կարող է լինել ծառայությունների մատուցումը, առևտուրը կամ արտադրությունը։ 

Բիզնեսը կարող է ունենալ գործունեության մեկից ավելի տեսակներ։

Գործունեության տեսակից են կախված բիզնեսի գրանցման իրավական տեսակի (անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ) և հարկային համակարգի ընտրությունը։

Ըստ դրա է որոշվում նաև լիցենզիաների կամ թույլտվությունների անհրաժեշտությունը, հարկային արտոնություններից և պետական աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորությունը։

Գործունեության տեսակներին և դրանց համապատասխան կոդերին կարող եք ծանոթանալ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի էջում։

Որոնման դաշտում մուտքագրեք Ձեր բիզնեսի գործունեության ոլորտը բնութագրող բանալի բառեր և առաջարկվող տարբերակների ցանկից ընտրեք համապատասխանը։

Բիզնեսի պետական գրանցման ժամանակ ներկայացնելու եք Ձեր բիզնեսի գործունեության հիմնական տեսակի կոդը։

Ձեր բիզնես գործունեության ընթացքում կարող եք զբաղվել գործունեության մեկից ավելի տեսակներով։ Պարզապես անհրաժեշտ կլինի հարկային մարմին ներկայացվող հաշվետվություններում համապատասխան դաշտում նշում կատարել գործունեության տեսակի մասին, որով զբաղվել եք տվյալ ժամանակահատվածում։

Անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ գրանցել անհրաժեշտ չէ գործունեության հետևյալ տեսակներով զբաղվելու դեպքում․   

  • լեզուների ուսուցման դասընթացներ, մասնավոր նախապատրաստական կամ այլ մասնագիտական դասընթացներ,

  • պարեր, երգեցողության դասընթացներ,

  • կատարողական արվեստի և դրա հետ կապված այլ օժանդակ գործունեություն,

  • ստեղծագործական գործունեություն,

  • խնջույքավարների գործունեություն,

  • կրթական գործունեություն, արտադպրոցական մարմնամարզության և սպորտի բնագավառում գործունեություն,

  • հոսթելային (զբոսաշրջային տների) ծառայություններ,
  • կենցաղային ծառայություններ,

  • դարբնոցային ծառայություններ,

  • ժամացույցների, ժամանակաչափ սարքերի, երաժշտական գործիքների նորոգման ծառայություններ։


Առանց ԱՁ կամ իրավաբանական անձ գրանցելու կարող եք նաև ֆիզիկական անձանց պատվերով կատարել հետևյալ աշխատանքները՝

  • կոշիկի, կաշվե և համանման այլ արտադրատեսակների արտադրություն և նորոգում,

  • հագուստների և գլխարկների արտադրություն և նորոգում,

  • գորգերի և կարպետների արտադրություն և նորոգում,

  • փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում,

  • ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում,

  • համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և կենցաղային այլ տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում,

  • հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում,

  • տնտեսական և խեցեգործական, այլ ճենապակե արտադրատեսակների արտադրություն,

  • թիթեղագործական գործունեություն:

Ընտրեք Ձեր բիզնեսի կազմակերպման իրավական տեսակը

Իրավական տեսակը բիզնեսի կազմակերպման այն ձևն է, որը գրանցվում է Պետական ռեգիստրում և բիզնեսին տալիս է որոշակի իրավունքներ ու պարտականություններ։ Այդ տեսակներից են ԱՁ-ն, ՍՊԸ-ն, ՓԲԸ-ն, ԲԲԸ-ն և այլն։

Յուրաքանչյուր տեսակ ունի իր առանձնահատկությունները, որոնց ծանոթանալով՝ կարող եք ընտրել Ձեր բիզնեսին ամենահամապատասխան տարբերակը։    

Հայաստանում բիզնեսը կարող եք գրանցել որպես անհատ ձեռնարկատեր (ԱՁ) կամ  իրավաբանական անձ (իրավաբանական անձանց ավելի քան 34 տեսակներ կան)։

Բիզնեսի գրանցման առավել տարածված տեսակներն են․

Անհատ ձեռնարկատեր (ԱՁ)
ԱՁ-ի ընտրությունը ցանկալի է, եթե որոշել եք գործել միայնակ և տարեկան կտրվածքով մեծ շրջանառություն չեք ակնկալում։

Նկատի ունեցեք, որ ԱՁ-ի ռեսուրսներն առանձնացված չեն լինելու Ձեր անձնական գույքից, այսինքն՝ բիզնեսի գործունեությունից առաջացած պարտավորությունների դիմաց ամբողջությամբ պատասխանատու եք լինելու Ձեր անձնական գույքով:

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)
Եթե նախատեսում եք բիզնեսում ներգրավել նաև համահիմնադիրների, կարող եք գրանցել ՍՊԸ (այն կարող է ունենալ մեկ կամ մի քանի հիմնադիրներ)։

ՍՊԸ-ի գույքը, ծախսերն ու եկամուտներն առանձնացված կլինեն հիմնադիրների անձնական գույքից, անհրաժեշտ կլինի ընդունել աշխատակիցների և հաշվապահական հաշվառում վարել։

Բաժնետիրական ընկերություն (ԲԸ)
Բաժնետիրական ընկերությունը ևս նախընտրելի տարբերակ է, եթե նախատեսել եք տնտեսական գործունեությունը ծավալել այլ ներդրողների (բաժնետերերի) հետ։ Ընդ որում՝ բաժնետեր կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք։

Կազմակերպության այս ձևն ունի երկու տեսակ՝

  • բաց բաժնետիրական ընկերության դեպքում կարող են ներգրավվել անսահմանափակ թվով բաժնետերեր,
  • փակ բաժնետիրական ընկերության դեպքում հնարավոր է ներգրավել առավելագույնը 49 բաժնետերերի։

Կարող եք ծանոթանալ նաև իրավաբանական անձանց մյուս տեսակների առանձնահատկություններին՝ ճիշտ որոշում կայացնելու համար։    

Ձեր բիզնեսին համապատասխան կազմակերպության տեսակն ընտրելու համար փորձեք պատասխանել այս հարցերին․

Միայնա՞կ եք բիզնեսը սկսելու, թե՞ համահիմնադիրների կամ ներդրողների հետ:

Միայնակ սկսելու դեպքում դիտարկեք ԱՁ գրանցելու տարբերակը, քանի որ այս դեպքում գործունեությունը կկարողանաք ծավալել որպես ֆիզիկական անձ՝ ունենալով իրավաբանական անձի իրավունքներ։

Եթե Ձեզ հետ կան համահիմնադիրներ, ավելի նպատակահարմար է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հիմնելը, քանի որ այն կարող է ունենալ 1-ից մինչև 49 մասնակից։ Ըստ իրենց ներդրումների չափի՝ նրանք կարող են մասնակցել որոշումների կայացմանը և պատասխանատվություն կրել ՍՊԸ-ի գործունեության համար։ 

Բաժնետիրական ընկերությունը նպատակահարմար է ընտրել ներդրումներ ներգրավելու տեսանկյունից, երբ բաժնետերերի թիվը մեծ է, և պետք է համակարգել նրանց մասնակցությունը որոշումների կայացմանը։

Ունե՞ք կապիտալ, որը ներդնելու եք բիզնեսը սկսելու համար։

Կանոնադրական կապիտալը այն նվազագույն  գումարն է, որը ձևավորվում է հիմնադիրների կատարած ներդրումներից՝ ընկերության ծախսերը հոգալու նպատակով։

Առևտրային կազմակերպությունների համար կապիտալի նվազագույն շեմ սահմանված չէ (բացառությամբ գործունեության առանձին տեսակների, օրինակ՝ ֆինանսական, ապահովագրական և ներդրումային ոլորտներում):

ԱՁ-ի դեպքում կանոնադրական կապիտալ չի ձևավորվում, քանի որ ԱՁ-ի հիմնադիրն իր ամբողջ գույքով է պատասխանատու կազմակերպության գործունեության համար։

ՍՊԸ-ի և ԲԸ-ի դեպքում կանոնադրական կապիտալը ձևավորվում է հիմնադիրների ներդրումներից: Այն բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի, որոնք երաշխավորում են ընկերության պարտավորությունների կատարումը։

Գործընկերների և ներդրողների  համար առավել հուսալի է պայմանագրեր կնքել ՍՊԸ-ի, ԲԸ-ի կամ կանոնադրական կապիտալի հիման վրա գործող այլ կազմակերպությունների հետ։

Նախատեսո՞ւմ եք աշխատակիցների ընդունել։

Բիզնեսի կազմակերպման ցանկացած իրավական տեսակ ընտրելու դեպքում էլ կարող եք կնքել թե՛ աշխատանքային, և թե՛ ծառայությունների մատուցման պայմանագրեր։

Աշխատավարձերի վճարման և հարկային պարտավորությունների կատարման համար ավելի նպատակահարմար է գրանցել ՍՊԸ կամ ԲԸ, քանի որ դրանք ունեն որոշակի կապիտալ։

Ի՞նչ ծավալի շրջանառություն եք ակնկալում գործունեության առաջին տարիներին։

Եթե մեծ շրջանառություն չեք ակնկալում, նախընտրելի է գրանցել ԱՁ, իսկ մեծ շրջանառության, միջազգային ներդրողների ներգրավման և պայմանագրային առավել վստահելի կողմ լինելու տեսակետից ավելի նպատակահարմար կլինի ՍՊԸ կամ ԲԸ գրանցելը։ 

Բաժինը կազմվել է՝ համաձայն «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի։

Ծանոթացեք մասնակիցների իրավունքներին

Անհատ ձեռնարկատեր դառնալով՝ Դուք կկարողանաք՝

  • իրականացնել ցանկացած տեսակի գործունեություն և ստանալ շահույթ,
  • հիմնադրել առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակիցը,
  • համագործակցել այլ անհատ ձեռնարկատերերի կամ առևտրային կազմակերպությունների հետ,
  • ունենալ բանկային հաշիվ և վարձու աշխատողներ,
  • ունենալ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ։

ՍՊԸ-ի մասնակիցների իրավունքները որոշվում են ՀՀ օրենսդրությամբ, ընկերության կանոնադրությամբ, հիմնադիրների պայմանագրով և ընդունած որոշումներով։

Ընկերության մասնակիցները կկարողանան՝

  • մասնակցել ընկերության կառավարմանը,
  • ստանալ ընկերության գործունեության վերաբերյալ տեղեկություններ,
  • ստանալ ընկերության գործունեությունից ստացվող շահույթի մի մասը,
  • վաճառել իրենց բաժնեմասը,
  • ցանկացած պահի դուրս գալ ընկերությունից,
  • ընկերության լուծարման դեպքում բաժին ստանալ ընկերության մնացած գույքից,
  • ունենալ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ։

Բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի իրավունքները սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ, ընկերության կանոնադրությամբ, բաժնետիրական համաձայնագրով և ժողովի որոշումներով:

Բաժնետերերի իրավունքները կախված են իրենց բաժնետոմսերի տեսակից՝ հասարակ (սովորական) և արտոնյալ։

Բաժնետոմսը արժեթուղթ է, որով սահմանվում են դրա սեփականատիրոջ (բաժնետիրոջ) իրավունքները՝ ստանալու շահութաբաժիններ, մասնակցելու ընկերության կառավարմանը և դրա լուծարումից հետո ստանալու գույքի մի մասը։

Հասարակ (սովորական) բաժնետոմսի սեփականատերն առնվազն իրավունք ունի`

  • մասնակցելու ժողովին՝ վերջինիս իրավասությանը պատկանող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով,

  • մասնակցելու ընկերության կառավարմանը,

  • ընկերության գործունեությունից առաջացած շահույթից ստանալու շահութաբաժիններ, սակայն ընկերության կողմից դրանք չեն երաշխավորվում,

  • առաջնահերթ կարգով ձեռք բերելու ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնետոմսերը,

  • տեղեկացված լինելու ընկերության գործունեության վերաբերյալ,

  • ժողովներում իր իրավունքները ներկայացնելու համար լիազորելու երրորդ անձի,

  • ժողովներում հանդես գալու առաջարկություններով,

  • ժողովներում քվեարկելու իրեն պատկանող բաժնետոմսերի ձայների չափով,

  • դիմելու դատարան` ժողովի կողմից ընդունված և գործող օրենքներին ու այլ իրավական ակտերին հակասող որոշումների բողոքարկման նպատակով,

  • ընկերության լուծարման դեպքում ստանալու ընկերության գույքի իր հասանելիք մասը:


Ընկերության որոշակի դասի հասարակ (սովորական) բաժնետոմսերն իրենց սեփականատերերին տրամադրում են միևնույն իրավունքները:

Արտոնյալ բաժնետոմսի սեփականատերն իրավունք ունի`

  • մասնակցելու ժողովին ձայնի իրավունքով, եթե դա նախատեսված է Օրենքով և կանոնադրությամբ,

  •  մասնակցելու ընկերության կառավարմանը,

  • ընկերության գործունեությունից առաջացած շահույթից ստանալու երաշխավորված շահութաբաժիններ.

  • տեղեկացված լինելու ընկերության գործունեության վերաբերյալ,

  • ժողովներում իր իրավունքները ներկայացնելու համար լիազորելու երրորդ անձի,

  •  ժողովներում հանդես գալու առաջարկություններով,

  •  դիմելու դատարան` ժողովի կողմից ընդունված և գործող օրենքներին ու այլ իրավական ակտերին հակասող որոշումների բողոքարկման նպատակով,

  • ընկերության լուծարման դեպքում ստանալու ընկերության գույքի իր հասանելիք մասը:


Ընկերության որոշակի դասի արտոնյալ բաժնետոմսերն իրենց սեփականատերերին տրամադրում են միևնույն իրավունքները:

Բաժինը կազմվել է՝ համաձայն «Անհատ ձեռնարկատիրոջ մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքների։

Բիզնեսի գրանցումը

Ընտրեք ընկերության ֆիրմային անվանումը

Ֆիրմային անվանումը այն անունն է, որի ներքո իրավաբանական անձը իրականացնում է տնտեսական գործունեություն և տարբերվում է այլ իրավաբանական անձանցից։

Անվանումը պետք է պարունակի իրավաբանական անձի կազմակերպման իրավական ձևը բնորոշող բառեր՝ օրինակ ՍՊԸ, ԲԲԸ և այլն, ինչպես նաև հատուկ, հասարակ կամ մտացածին առնվազն մեկ անուն։

Այն կարող է պարունակել նաև իրավաբանական անձի գործունեության վայրը կամ բնույթը նկարագրող այլ բառեր։  

Անվանման հասանելիությունը կարող եք ստուգել իրավաբանական անձանց ռեգիստրի կայքում որոնման համակարգի միջոցով։

Անվանումը հասանելի լինելու դեպքում այն հնարավոր է ամրագրել մինչև 6 ամիս ժամկետով, որի ընթացքում կարող եք նախապապատրաստել գրանցման փաստաթղթերը, իսկ բիզնեսը գրանցելիս օգտագործել արդեն ամրագրված անվանումը։

Ձեր նախընտրած անվանման գրանցումը կարող է մերժվել, եթե այն՝

  • նման է այլ իրավաբանական անձանց անվանմանը կամ պարունակում է հայհոյանքներ ու վիրավորական բառեր,

  • ներառում է ՀՀ պետական կառավարման մարմինների անվանումներ,

  • պարունակում է ՀՀ պատմական կամ որևէ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը և ներկայացվել է առանց այդ անվան օգտագործման թույլտվության։

  • «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները ընկերության ֆիրմային անվանման մեջ կարող են ընդգրկվել միայն ֆիրմային անվանման գրանցման հայտի հիման վրա, որին կից պետք է ներկայացվի տարեկան 600,000 ՀՀ դրամի չափով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ դրա 20-նիշանոց ծածկագիրը և համապատասխան հավաստագիր: Անվանման գրանցման հայտի ներկայացումն ու պետական տուրքի առաջին վճարումը կատարվում է բիզնեսի գրանցման պահին։ 
  • Գրանցվելուց հետո յուրաքանչյուր հաջորդ տարվա ընթացքում տվյալ անվանումներն օգտագործելու համար պետք է նախօրոք վճարել պետական տուրքը և վճարման անդորրագիրը կամ դրա 20-նիշանոց ծածկագիրը մինչև այդ տարվա ավարտը ներակայացնել ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն:
  • Նշված բառերի օգտագործման թույլտվության տրամադրման տարվա սկիզբը համարվում է ֆիրմային անվանման գրանցման կամ դրա փոփոխության օրը:
  • Այս բառերի օգտագործումը առանց պետական տուրքի վճարման հնարավոր է, եթե դրանք հիմնադրի անվանման մաս են։  
  • Ընկերության ֆիրմային անվանման մեջ հանրահայտ անձի անուն կիրառելու դեպքում բիզնեսը գրանցելիս պետք է ներկայացնեք տվյալ անձի գրավոր համաձայնությունը։
  • Անձի մահացած լինելու դեպքում համաձայնությունը պետք է տան նրա ժառանգությունը ստացած բոլոր ժառանգները։
  • Եթե անձը մահացել է և ժառանգներ չունի, իր լրիվ կամ կրճատ անունը ֆիրմային անվանման մեջ կարող է օգտագործվել Պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված թույլտվության հիման վրա, եթե այդ անձի համբավը ձեռք է բերվել այնպիսի ոլորտում, որը համընկնում է տվյալ իրավաբանական անձի գործունեության հիմնական ոլորտին:

 

ՀՀ բնակավայրերի (վարչատարածքային միավորներ) անվանումներն օգտագործվում են համապատասխանաբար մարզպետի կամ համայնքի ղեկավարի կողմից տրված թույլտվության հիման վրա:

Ֆիզիկապես դիմել ֆիրմային անվանման մեջ ՀՀ բնակավայրի անուն օգտագործելու թույլտվության համար
Սկսել
Բաժինը կազմվել է՝ համաձայն Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի, Տեղական տուրքերի և վճարների մասին ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության՝ 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1617-Ն որոշման։

Ձեռք բերեք թվային ստորագրություն

Թվային ստորագրությունը նույնականացման քարտի կամ բջջային ID SIM քարտի միջոցով թվային փաստաթղթերի վավերացման եղանակ է, որն ունենալով՝ կարող եք առցանց եղանակով գրանցել կազմակերպություն, հաշվառվել հարկային համակարգում, հաստատել էլեկտրոնային փաստաթղթեր և այլն։  

Թվային ստորագրության կիրառությունն ունի մի շարք առավելություններ․  

  • հավաստում է ստորագրողի հեղինակային իրավունքը տվյալ փաստաթղթի նկատմամբ,
  • կեղծելի չէ, քանի որ ստորագրված է հեղինակի նույնականացման քարտով,
  • եզակի է և նախատեսված միանգամյա օգտագործման համար․ ստեղծվելով էլեկտրոնային փաստաթղթի բովանդակության հիման վրա՝ կիրառվում է բացառապես տվյալ փաստաթղթի համար,
  • նրանով ստորագրված փաստաթուղթը փոփոխելի չէ, քանի որ փաստաթղթում կատարված ցանկացած փոփոխություն անվավեր է դարձնում ստորագրությունը։

Թվային ստորագրությունը ճիշտ կիրառելու համար կարող եք այցելել  ekeng.am և ծանոթանալ տարբեր ձևաչափի ֆայլեր ստորագրելու վերաբերյալ ուղեցույցներին։

Առցանց ստանալ թվային ստորագրություն
Սկսել

Ծանոթացեք գրանցման առանձնահատկություններին

  • Հայաստանում բիզնեսը կարող եք գրանցել ինչպես առցանց եղանակով, այնպես էլ ֆիզիկապես։ 
  • Առցանց եղանակով այժմ կարող եք գրանցել միայն ԱՁ և ՍՊԸ, եթե ունեք նույնականացման քարտ և թվային ստորագրություն։
  • Ֆիզիկապես բիզնես գրանցել կարող են բոլորը, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիները։ 

Բիզնեսը գրանցելու համար կարող եք դիմել․

  • Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն (ք. Երևան, Կոմիտաս 49),
  • Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տարածքային գրասենյակներ,
  • ՀՀ-ում գործող բանկեր (նախքան դիմելը բանկից անհրաժեշտ է ճշտել՝ արդյոք տվյալ բանկը իրականացնում է այդ գործառույթը),
  • Հայփոստի մասնաճյուղեր։ 

Նկատի ունեցեք, որ Ֆինանսական, բանկային, վարկային և ապահովագրական ոլորտի ընկերություն գրանցելու համար դիմելու եք ՀՀ կենտրոնական բանկ։

Իրավաբանական անձանց գրանցումը տևում է․

  • 1 աշխատանքային օր, եթե հիմնադիրները ֆիզիկական անձինք են և չեն օգտվում օրենքով նախատեսված փաստաթղթերի նմուշային ձևերից,
  • 2 աշխատանքային օր, եթե հիմնադիրների թվում կա իրավաբանական անձ, և նրանք չեն օգտվում օրենքով նախատեսված փաստաթղթերի նմուշային ձևերից,
  • գրանցվում է անմիջապես, եթե գրանցող անձը փաստաթղթերը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնելիս օգտվում է օրենքով նախատեսված փաստաթղթերի նմուշային ձևերից։ 

Գրանցման և առնչվող ծառայությունների մասին լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կայքում։ 

Հիմնադիրներից պահանջվող տվյալները կարող են տարբերվել՝ կախված նրանց քաղաքացիությունից և ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելու հանգամանքից։

ՀՀ քաղաքացի լինելու դեպքում հիմնադիրը պետք է ներկայացնի՝

  • անձնագիր կամ նույնականցման քարտ,
  • հանրային ծառայությունների համարանիշ։


ՀՀ քաղաքացի չլինելու դեպքում հիմնադիրը պետք է ներկայացնի՝

  • անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ նոտարական հաստատմամբ հայերեն թարգմանությամբ,
  • հանրային ծառայությունների համարանիշ։


Եթե հիմնադիրը ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձ է, պետք է ներկայացվի՝․

  • իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի համապատասխան որոշումը նոր իրավաբանական անձ հիմնադրելու մասին և հիմնադիր իրավաբանական անձի անվանումն ու պետական գրանցման համարը:


Եթե հիմնադիրը օտարերկրյա իրավաբանական անձ է, պետք է ներկայացվի՝ 

  • իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի համապատասխան որոշումը նոր իրավաբանական անձ հիմնադրելու մասին, իրավաբանական անձի անվանումը և պետական գրանցման համարը։ Բոլոր փաստաթղթերը պետք է թարգմանված լինեն հայերեն՝ նոտարական վավերացմամբ։

Գրանցեք բիզնեսը

Առցանց գրանցել անհատ ձեռնարկատեր (ԱՁ)
Սկսել
Առցանց գրանցել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)
Սկսել
Ֆիզիկապես գրանցել բաժնետիրական ընկերություն (ԲԸ)
Սկսել

Կնիք ունենալը պարտադիր չէ

Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս կնիք ունենալը պարտադիր չէ։ Ցանկության դեպքում այն կարող եք ձեռք բերել մասնավոր կազմակերպություններից 8,000-12,000 ՀՀ դրամով:

Իրական շահառուների հայտարարագրում

Ներկայացրեք իրական շահառուների հայտարարագիր

Բիզնեսը գրանցելուց հետո 40 օրվա ընթացքում Դուք պետք է ներկայացնեք իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր։ Անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում այս հայտարարագիրը ներկայացնելու կարիք չկա։

Իրական շահառու են համարվում․ 

  • կազմակերպության՝ ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի կամ բաժնեմասերի 20%-ից ավելին ունեցող կամ կանոնադրական կապիտալում 20%-ից ավելի մասնակցություն ունեցող մասնակիցները,
  • փաստացի կամ այլ միջոցներով կազմակերպությունը վերահսկող պաշտոնատար անձինք (օրինակ՝ կազմակերպության տնօրենը, փոխտնօրենը կամ ղեկավար անձնակազմի ցանկացած ներկայացուցիչ, ով մասնակցում է կազմակերպության վերահսկմանը, սակայն բաժնեմաս չունի)։ 

Հանքարդյունաբերության և ֆինանսական ոլորտի կազմակերպությունների կողմից իրական շահառուների հայտարարագրումն ունի որոշ առանձնահատկություններ, որոնց կարող եք ծանոթանալ վիդեո-ուղեցույցներում։

Իրական շահառուների հայտարարագիրը թույլ է տալիս՝

  • նվազեցնել կազմակերպությունը այլ անձանց կողմից փաստացի վերահսկելու և շահույթ ստանալու ռիսկերը, 
  • բացահայտել այն անձանց, որոնք փորձում են իրավաբանական անձ օգտագործելու միջոցով իրավական խախտումներ կատարել։ 

Հատարարագիրը կարող է ներկայացնել իրավաբանական անձի գործադիր ղեկավարը կամ նրա կողմից լիազորված անձը։ 

Առցանց ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր
Սկսել
Առցանց տրամադրել էլեկտրոնային լիազորագիր
Սկսել
Բաժինը կազմվել է՝ համաձայն «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ արդարադատության նախարարի՝ 2021 թվականի օգոստոսի 30-ի N416-Ն հրամանի։

Կանխիկ և անկանխիկ գործարքներ

Ստեղծեք բիզնեսի բանկային հաշիվ

Բանկային հաշիվն անհրաժեշտ է ընկերության ֆինանսական միջոցների կառավարման համար։ Իրավաբանական անձանց դեպքում բիզնեսի հաշիվ ունենալը պարտադիր է։

Բիզնես հաշիվ ունենալով՝ կկարողանաք առանձնացնել բիզնեսի դրամական հոսքերը, ծախսերն ու եկամուտները անձնական միջոցներից և վճարել հարկերը։

Բիզնեսի բանկային հաշվեհամարին է կցվում նաև հսկիչ դրամարկղային մեքենան (ՀԴՄ)։   

Դիմեք Հայաստանում գործող ցանկացած բանկ և ներկայացրեք.

  • իրավաբանական անձի պետական գրանցման քաղվածքը (այն տարածված է նաև «պետ․ ռեգիստրի վկայական» անվանմամբ),

  • տնօրենի անձնագիրը, սոցիալական կամ նույնականացման քարտը, ինչպես նաև բոլոր հիմնադիրների անձնագրի և սոցիալական քարտի պատճենները կամ նույնականացման քարտի պատճենը, 
  • կազմակերպության կանոնադրության բնօրինակը.

  • անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ հաշվառված անձի անձնագիրը և սոցիալական քարտը կամ նույնականացման քարտը։

Կարող են պահանջվել նաև այլ փաստաթղթեր՝ կախված բանկի պահանջներից։ 

Ձեռք բերեք հսկիչ դրամարկղային մեքենա (ՀԴՄ)

Բիզնեսի կանխիկ և անկանխիկ գործարքները կառավարեք հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) և Էլեկտրոնային առևտրի կետերի՝ POS-տերմինալների միջոցով։

Հսկիչ դրամարկղային մեքենան սարք է, որը գրանցում է ապրանքների կամ ծառայությունների վաճառքը և վաճառքի մասին տեղեկատվությունը փոխանցում հարկային ծառայությանը՝ գեներացնելով անդորրագիր:

Անկախ հարկման կամ գործունեության տեսակից՝ հսկիչ դրամարկղային մեքենա պարտադիր  պետք է կիրառեն բոլոր կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, եթե կանխիկ վճարումներ են ստանում։

էլեկտրոնային հարթակների միջոցով ծառայություններ մատուցող կամ առևտուր իրականացնող բիզնեսները կիրառում են Էլեկտրոնային ՀԴՄ։

Պետք է նկատի ունենալ հետևյալը․ 

  • Յուրաքանչյուր գործարքի դիմաց կանխիկ գումարի առավելագույն չափը 300 հազար դրամ է (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ մեկ ամսվա ընթացքում այդպիսի գործարքների հանրագումարի մասով` 3 միլիոն դրամ (ներառյալ ԱԱՀ-ն)։

  • Մանրածած առևտրում ամեն գործարքի դիմաց ֆիզիկական անձից կանխիկ դրամով ստացվող գումարի առավելագույն չափը 3 միլիոն ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ-ն)։ 

  • Եթե մանրածախ առևտրում ապրանքների մատակարարման համար ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վերադարձի հարկային հաշիվ է դուրս գրվում, այդ գործարքների դիմաց կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափ չի կիրառվում (ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվը դուրս է գրվում, երբ օտարերկրյա անձը ներկայացնում է հարկ վճարողից ԱԱՀ-ի գումարները հետ ստանալու պահանջ)։

Գործունեության հետևյալ տեսակների համար կանխիկ դրամով դրամական հաշվարկների դեպքում հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր չէ։   
 

  • հեռակա՝ էլեկտրոնային հաղորդակցություն ապահովող կապի կամ հեռուստատեսային խանութների միջոցով վաճառքի իրականացում,
  • բնակչությանը կոմունալ ծառայությունների մատուցում՝ պայմանով, որ այդ ծառայությունների մասով կանխիկ դրամով դրամական հաշվարկների դեպքում տրամադրվում է վճարումը հավաստող փաստաթուղթ,
  • վիճակախաղի տոմսերի վաճառք,
  • ավտոմոբիլային, ջրային, երկաթուղային, օդային տրանսպորտով կատարվող ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների և երթևեկության տոմսերի վաճառք,
  • առևտրի իրականացման վայրերի վաճառասեղաններից գյուղատնտեսական արտադրանքի և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի վաճառք,
  • տրանսպորտային միջոցներով իրականացվող գյուղատնտեսական արտադրանքի վաճառք,
  • ավտոտրանսպորտային միջոցը տաքսամետրով (սակաչափիչով) ապահովված լինելու դեպքում` մարդատար տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների իրականացում,
  • խաղատների և (կամ) շահումով խաղերի կազմակերպում,
  • օրենքով սահմանված կարգով գրանցված կրոնական կազմակերպությունների կողմից կրոնական պարագաների իրացում և (կամ) կրոնական ծիսակատարությունների ծառայությունների մատուցում,
  • փոստային ծառայությունների դիմաց վճարումը հավաստող փոստային վճարման պետական նշանների (փոստային նամականիշերի և այլ նշանների)՝ անվանական արժեքով իրացում,
  • փոստային և սուրհանդակային գործունեության իրականացում։

Հսկիչ դրամարկղային մեքենան ձեռք բերելուց հետո անհրաժեշտ է սարքի գրանցման դիմում ներկայացնել հարկային մարմին։ 

Հսկիչ դրամարկղային մեքենան անհրաժեշտ է տեղադրել առևտրի օբյեկտի, առևտրի իրականացման վայրի վաճառատեղի, աշխատանքի կատարման վայրի կամ ծառայության մատուցման վայրի այն հատվածում, որտեղ կատարվում է վճարումը:

 

ՀԴՄ կիրառողները պարտավոր են․

  • ապահովել յուրաքանչյուր հսկիչ դրամարկղային մեքենայով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկության ուղարկումը հարկային մարմին ցանցային կապի միջոցներով: Դա կատարվում է հարկային մարմնում սարքի գրանցման և ինտեգրման ճանապարհով։ 


Արտարժույթի կամ արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի գործունեության մասով կիրառվող հսկիչ դրամարկղային մեքենայի, համապատասխան ծրագիր պարունակող համակարգչային սարքավորման, ինչպես նաև համակարգչային ծրագրի կիրառության թույլտվությունը տրամադրում է ՀՀ կենտրոնական բանկը՝ համաձայնեցնելով հարկային մարմնի հետ:

Բոլոր առևտրի և սպասարկման կետերը՝ բացառությամբ կրպակների, պարտավոր են ապահովել հաճախորդի ցանկությամբ վճարային քարտերի միջոցով վճարումների ընդունման հնարավորությունը:

 

POS-տերմինալը (Point Of Sale - վաճառքի կետ) կամ էլեկտրոնային ՀԴՄ- անկանխիկ վճարումների հնարավորությունն ապահովող սարքավորում կամ ծրագրակազմ է, որի միջոցով կարելի է վաճառք  իրականացնել, ինչպես դա արվում է սովորական դրամարկղով։

Այն կարելի է ձեռք բերել և տեղադրել վաճառքի կետում, կամ ծրագրակազմը ակտիվացնել արդեն առկա հսկիչ դրամարկղային մեքենայի վրա։

Ծրագրակազմը կարելի է ակտիվացնել միաժամանակ մի քանի հասցեներում։

POS տերմինալը հեշտացնում է ապրանքի և դրա բնութագրերի որոնումը (գին, պիտանելիության ժամկետ, նկարագրություն և այլն), ինչպես նաև ապահովում է ֆիսկալ կտրոնի ստացումը՝ կատարելով փողի տարբերության՝ մնացորդի հաշվարկ։

Բացի վաճառքի հաշվառումից, POS-տերմինալը կարող է կուտակել նաև այլ տվյալներ՝ դրանց հետագա վերլուծության համար։

Առցանց դիմել հսկիչ դրամարկղային մեքենա (ՀԴՄ) գրանցելու համար
Սկսել
Բաժինը մշակվել է՝ համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի և ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի,N 1976-Ն որոշման։

Աշխատողների ներգրավումը

Աշխատողների ընդունելու իրավունք ունեն ինչպես անհատ ձեռնարկատերերը, այնպես էլ իրավաբանական անձինք։

Նկատի ունեցեք, որ՝

Իրավաբանական անձանց (ՍՊԸ, ԲԸ և այլն) գործադիր տնօրենների տվյալները պարտադիր է տրամադրել կազմակերպության պետական գրանցման ընթացքում, որից հետո սահմանված կարգով նրանց պետք է գրանցել նաև հարկային մարմնում՝ որպես աշխատողների։ 

Շատ կարևոր է աշխատողների ընդունման գործընթացը կազմակերպել օրենքի պահանջներին համապատասխան։

Նախքան նոր աշխատողին ընդունելը՝       

  • պարզեք, թե ինչքան աշխատավարձ կարող եք վճարել (նկատի ունեցեք, որ այն ՀՀ  նվազագույն աշխատավարձից պակաս չի կարող լինել),

  • ստուգեք՝ աշխատանքի ընդունվող անձն օրինական կերպով ՀՀ-ում աշխատելու իրավունք ունի՞ թե՝ ոչ (անհրաժեշտության դեպքում ստուգեք նաև նրա դատվածության բացակայությունը),

  • նախապատրաստեք աշխատանքային պայմանագիր, որտեղ հստակ կերպով պետք է ներկայացված լինեն Ձեր և աշխատողի իրավունքներն ու պարտականությունները (ցանկալի է պայմանագրի կազմելը հանձնարարել իրավաբանի),

  • կազմակերպեք աշխատողին ընդունելու հետ կապված Ձեր հարկային պարտավորությունների կատարումը։  

Նոր աշխատողին ընդունելու դեպքում ոչ ուշ, քան մինչև նրա՝ աշխատանքը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը հարկային մարմին պետք է ներկայացնել նոր աշխատողի գրանցման հայտ։

Հայտն անհրաժեշտ է ներկայացնել առցանց եղանակով՝ հարկային մարմնի Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում։

Հայտում ներառվում են աշխատանքի ընդունվող անձի մասին անհատական տեղեկություններ (անունը, ազգանունը, հայրանունը, բնակության (հաշվառման) վայրը, հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը) և օրենքով սահմանված այլ տեղեկություններ)։

Գրանցման հայտը լրացնելուց հետո անմիջապես կստանաք գրանցման հաստատումը։ 

Եթե աշխատանքի ընդունվող անձին վերաբերող տեղեկատվությունը օրենսդրությամբ համարվում է սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա տվյալ անձի համար գրանցման հայտը, ինչպես նաև եկամտային հարկի հաշվարկը հարկային մարմին է ներկայացվում ՀՀ կառավարության սահմանած կարգով:

Առցանց գրանցել նոր աշխատողի
Սկսել
Բաժինը մշակվել է՝ համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2023 թվականի սեպտեբերի 6-ի N 920-Ն հրամանի

Պահանջվող լիցենզիաների ստացումը

Ձեռք բերեք անհրաժեշտ լիցենզիաները

Լիցենզիան լիցենզավորման ենթակա որևէ գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն է։

Լիցենզիա ստանալով՝ Դուք կստանաք ոչ միայն տվյալ գործունեությամբ զբաղվելու թույլտվություն, այլ նաև կսահմանվեն դրա իրականացման պարտադիր պահանջներն ու պայմանները, որոնց պահպանումը կվերահսկվի սահմանված կարգով։   

Լիցենզավորված գործունեություն ծավալելով՝ Դուք կկարողանաք․

  • ապահովել Ձեր գործունեության համապատասխանությունը ՀՀ օրենքին և ստանձնած միջազգային պարտավորություններին,
  • բարձրացնել Ձեր բիզնեսի մատուցած ապրանքների և ծառայությունների որակը,

  • պաշտպանել Ձեր սպառողների իրավունքները,  
  • ճիշտ ընթացակարգով իրականացնել բիզնեսը, եթե այն կյանքի, առողջության, գույքի, պետության և հասարակության շահերի, բնության կամ մշակութային ժառանգության պահպանության տեսանկյունից վտանգավոր է։ 

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեն իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը և ֆիզիկական անձինք։

Լիցենզիա ստանալով՝ ֆիզիկական անձը տվյալ բնագավառում ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել միայն որպես անհատ ձեռնարկատեր` բացի օրենքով սահմանված դեպքերից։ 

Լիցենզիաները լինում են պարզ և բարդ՝ կախված նրանց տրամադրման ընթացակարգից։

Այդ տեսակների հիմնական տարբերություններն են․   

  • պարզ լիցենզիան տրվում է առանց լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության,  իսկ բարդը կարող է տրվել միայն լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա,
  • պարզ լիցենզիան կստանաք հայտը և փաստաթղթերը ներկայացնելուց 5 աշխատանքային օր հետո, իսկ բարդ լիցենզիայի տրամադրումը կարող է տևել մինչև 30 աշխատանքային օր,
  • բարդ լիցենզիան կարող է տրվել նաև մրցույթով՝ այն անցկացնելով ըստ սահմանված կարգի,
  • ինչպես պարզ, այնպես էլ բարդ լիցենզիաները տրվում են անժամկետ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ,
  • ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման կամ տարանցիկ փոխադրման և ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզիաները բարդ են ու տրվում են երեք տարի ժամկետով։ Արդեն տրամադրված լիցենզիաների ժամկետը երկարաձգվում է 5 տարի ժամկետով։ 

Լիցենզիաների անհրաժեշտ տեսակները տրամադրում են տնտեսական գործունեության համապատասխան ոլորտները կարգավորող պետական մարմինները։

Լիցենզիաների վերաբերյա տեղեկատվություն ստանալ կարող եք ՀՀ Լիցենզիաների միասնական էլեկտրոնային գրանցամատյանի միջոցով։

Լիցենզիաներն ըստ գործունեության ոլորտի տրամադրող պետական մարմինների ցանկը կարող եք գտնել e-gov.am կայքում։

Թույլտվական փաստաթղթերին և դրանք տրամադրող գերատեսչությունների ցանկին կարող եք ծանոթանալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կայքում։


Ամենահաճախ պահանջվող թույլտվություններից են.

Բաժինը կազմվել է՝ համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի։

Ապրանքային նշանի գրանցումը

Գրանցեք ապրանքային նշան

Ապրանքային նշանը տառ, թիվ, պատկեր կամ հոլոգրամ է, որը հնարավոր է պատկերել գրաֆիկորեն։

Ապրանքային նշան գրանցելու նպատակը որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի արտադրած ապրանքներն ու ծառայությունները մյուսներից տարբերակելն է։ 

Դառնալով գրանցված ապրանքային նշանի սեփականատեր՝     

  • կունենաք Ձեր ապրանքներն ու ծառայությունները ուրիշ ապրանքներից տարբերելու և տվյալ  նշանի օգտագործման թույլատվությունը վճարի դիմաց ուրիշներին տալու բացառիկ իրավունք,

  • կխթանեք Ձեր բիզնեսի զարգացումը՝ սպառողների շրջանում դառնալով ճանաչելի և ավելացնելով բիզնեսի եկամտաբերությունը,

  • կկանխեք անբարեխիղճ մրցակցությունը՝ այլ արտադրողների կողմից կեղծ կամ Ձեր ապրանքին շատ նման ապրանքի արտադրությունն ու վաճառքը,

  • կկարողանաք դատական կարգով արգելել այդպիսի ապրանքի իրացումը, պահանջել և ստանալ կրած վնասի դրամական փոխհատուցում։

  • Ապրանքային նշան կարող են գրանցել ինչպես անհատ ձեռնարկատերերը, այնպես էլ իրավաբանական անձինք:
  • Այլ երկրների քաղաքացիները ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան կամ փոխադարձության սկզբունքով և ՀՀ քաղաքացիներին համահավասար իրավունքներով կարող են ձեռք բերել և տնօրինել ապրանքային նշանը։
Առցանց գրանցել ապրանքային նշան
Սկսել
Բաժինը մշակվել է՝ համաձայն «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի։

Բիզնեսի աջակցություն և արտոնություններ

Դիմեք պետական արտոնությունների և աջակցության ծրագրերի

Դուք կարող եք ներգրավել լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ դիմելով տարբեր հարկային արտոնությունների կամ աջակցության ծրագրերի։

 

Հարկային արտոնությունները սահմանվում են միայն օրենքով։

 

Պետությունն այդպիսի ծրագրերն իրականացնում է համապատասխան ոլորտները կարգավորող գերատեսչությունների միջոցով։ 

  • Բարձր որակավորում ունեցող մասնագետների
    ներգրավման միջոցառում
 
Միջոցառման նպատակն է աջակցել տնտեսավարողներին՝ ներգրավելու բարձր որակավորում ունեցող մասնագետների (այսուհետ՝ ԲՈՈՒՄ)։ ԲՈՈՒՄ ներգրաված տնտեսավարողին փոխհատուցվում է մասնագետի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարի 20%-ը (ոչ ավելի քան 1 մլն դրամը և վճարված եկամտային հարկը)։ Իմանալ ավելին

 
  • Տնտեսության արդիականացման միջոցառում
 
Նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները և խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը ՀՀ։ Այդպիսով կբարձրանա ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակությունն ու աշխատանքի արտադրողականությունը։ Իմանալ ավելին
  • Ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների և հումքի մաքսատուրքից ազատում

 

Գերակա ոլորտի ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը կարող են ազատվել ներմուծման մաքսատուրքից։ Բացի այդ, հետագա վերամշակման նպատակով ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների և հումքի մեծ մասի նկատմամբ կիրառվում է 0% ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ): Իմանալ ավելին

 

  • Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց

 

ՀՀ կառավարությունը ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպությանը՝ շահառուին, տրամադրում է օժանդակություն, որպեսզի ներդրումային ծրագրի իրականացման համար նախատեսված տարածքն ապահովվի անհրաժեշտ ենթակառուցվածքով։

Ենթակառուցվածքներ են համարվում ճանապարհները, ջրամատակարարման (այդ թվում՝ ոռոգման նպատակով), ջրահեռացման, գազամատակարարման, էլեկտրամատակարարման և հեռահաղորդակցության համակարգերը։ Կառավարության կողմից տրամադրվող օժանդակությունը ենթակառուցվածքի կառուցումն է։ Իմանալ ավելին

 

  • Թողարկման և վարկանիշավորման աջակցության ծրագիր

 

Այս ծրագրի նպատակն է ՀՀ կապիտալի շուկային և տնտեսության իրական հատվածի ֆինանսավորման հոսքերին նոր լիցք հաղորդելը։ Իմանալ ավելին

  • ՏՏ ոլորտի հարկային արտոնություններ

 

Եթե ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող սկսնակ առևտրային կազմակերպություն կամ  անհատ ձեռնարկատեր ես, կարող ես ստանալ հարկային արտոնություններից օգտվելու մասին հավաստագիր, որն ունենալով՝ կազատվես շահութահարկից և կվճարես 10% եկամտային հարկ: 

Ծրագրին կարող ես դիմել բիզնեսը գրանցելուց հետո 3 ամսվա ընթացքում։ Իմանալ ավելին

 

  • Արտոնություններ սահմանամերձ և այլ համայնքներում գործունեության համար

 

Որոշակի սահմանամերձ համայնքներում գործունեություն ծավալելու դեպքում կարող ես օգտվել անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց համար նախատեսված հարկերից ազատման արտոնությունից.  Իմանալ ավելին 

 

  • Հարկային արտոնություններ բժշկական ոլորտին

 

Բժշկական ոլորտին նույնպես տրամադրվում են հարկային արտոնություններ։ Մասնավորապես՝ որոշ բժշկական պարագաների, բժշկական տեխնիկայի և բժշկական նշանակության ապրանքների օտարումը, բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումն ազատվում են ԱԱՀ-ից։ Տվյալ արտոնության նպատակն է՝ հանրությանն ավելի մատչելի դարձնել առողջապահական ծառայությունները։ 

Գյուղատնտեսության ոլորտի համար նույնպես նախատեսված են մի շարք աջակցության ծրագրեր։ Արտոնյալ պայմաններով ֆինանսավորում և համաֆինանսավորում է տրամադրվում գործունեության հետևյալ ոլորտների համար․

  • փոքր և միջին խելացի անասնաֆերմաների կառուցում,
  • փոքր և միջին ջերմոցների կառուցում,
  • գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների ձեռքբերում,
  • տավարաբուծության զարգացման ծրագիր
  • ինտենսիվ այգեգործություն,
  • ագրոպարենային սարքավորումների ձեռքբերում,
  • արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման ծրագիր:

Իմանալ ավելին

Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում ստեղծված է բիզնես գործունեությամբ զբաղվելու բարենպաստ միջավայր, տրամադրվում է հարկային արտոնությունների համապարփակ փաթեթ, և գործում են պարզեցված ընթացակարգեր։ Իմանալ ավելին

Բիզնեսի հարկերը

Ընտրեք բիզնեսի հարկման համակարգը

Բիզնեսի հարկերը վճարելու համար պետք է գրանցվեք հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում և ընտրեք Հայաստանում գործող հարկման համակարգերից որևէ մեկը։ Ամենահարմար տարբերակն ընտրելու համար նախ ծանոթացեք շրջանառության, միկրոձեռնարկատիրության կամ ընդհանուր հարկման համակարգերին։

  

Ուշադրություն․
Միկրոձեռնարկատիրության կամ շրջանառության հարկման համակարգ ընտրելու դեպքում բիզնեսը գրանցելուց հետո 20 օրվա ընթացքում պետք է հարկային մարմին ներկայացնեք համապատասխան հայտարարություն, այլապես տվյալ հարկային տարվա ընթացքում կհարկվեք ընդհանուր համակարգով։ 

 

Այս էջը օգտակա՞ր էր