Թեթև մարդատար ավտոմեքենա վարելու համար պետք է ունենալ «B» կարգի վարորդական վկայական, որը կարող են ստանալ 18 տարին լրացած անձինք։
This site is new, your feedback will help us improve it.
Ինչպե՞ս ստանալ վարորդական իրավունք
Վարորդական վկայական ստանալու համար դու պետք է 2 փուլով որակավորման քննություններ հանձնես՝
- տեսական քննություն՝ տեսական գիտելիքների ստուգում,
- գործնական քննություն` գործնական վարման հմտությունների և վարքագծի ստուգում։
Ընդ որում՝ որակավորման քննություններ պետք է հանձնես նաև այն դեպքում, երբ բալերդ սպառվեն, և զրկվես վարորդական իրավունքից։ Այս մասին առավել մանրամասն տեղեկություններ կգտնես «Ինչպե՞ս երթևեկել Հայաստանում» ուղեցույցում։
Ուշադրություն
Արցախցիները, ովքեր չունեն ՀՀ քաղաքացիություն, նույնպես կարող են ձեռք բերել վարորդական իրավունք կամ հաշվառել տրանսպորտային միջոցները գրանցված լինելով ՀՀ-ում իրենց բնակության վայրում։
Վարորդական վկայականը և դրա կարգերը
Մոտոցիկլեր վարելու համար պետք է ունենալ «A» կամ «A1» կարգի վարորդական վկայական, որը կարող են ստանալ 18 տարին լրացած անձինք։
9-ից 16 նստատեղ ունեցող ավտոբուսներ վարելու համար պետք է ունենալ «D» կամ «D1» կարգի վարորդական վկայական, որը կարող են ստանալ 21 տարին լրացած անձինք (ՀՀ Զինված ուժեր և այլ զորքեր զորակոչված լինելու դեպքում՝ 19 տարին լրացած անձինք), ովքեր ունեն «B» կամ «C» կարգի կամ «C1» ենթակարգի վարորդական իրավունք։
16-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսներ վարելու համար պետք է ունենալ «D» կարգի վարորդական վկայական, որը կարող են ստանալ 21 տարին լրացած անձինք (ՀՀ Զինված ուժեր և այլ զորքեր զորակոչված լինելու դեպքում՝ 19 տարին լրացած անձինք), ովքեր ունեն «B» կամ «C» կարգի կամ «C1» ենթակարգի վարորդական իրավունք։
Տրանսպորտային միջոցներ վարելու համար սահմանված պահանջները ներկայացված են ստորև՝
Տրանսպորտային միջոցի կարգը/ենթակարգը | Վարորդական վկայական ստացողի նվազագույն տարիքը | Պահանջվող վարորդական իրավունքի կարգը/ենթակարգը |
«AM» | 16 տարեկան | - |
«A», «B», «C» կարգ «A1», «B1», «C1» ենթակարգ |
18 տարեկան | - |
«D» կարգ «D1» ենթակարգ |
21 տարեկան կամ 19 տարեկան ՀՀ զինված ուժեր և այլ զորքեր զորակոչված լինելու դեպքում |
«B» կամ «C» կարգ կամ «C1» ենթակարգ |
«BE», «CE», «DE» կարգ | 19 տարեկան | «B», «C» կամ «D» կարգ |
«C1E», «D1E» ենթակարգ | 19 տարեկան | «C1» կամ «D1» ենթակարգ |
«T» | 20 տարեկան | - |
1) «AM» ենթակարգ` մոպեդ և դրան համարժեք տեխնիկական բնութագրեր ունեցող քվադրոցիկլ
2) «A1» ենթակարգ` ոչ ավելի, քան 125 խորանարդ սմ աշխատանքային ծավալով և ոչ ավելի, քան 11 կՎտ (կամ 15 ձիաուժ) առավելագույն հզորությամբ շարժիչով մոտոցիկլեր (թեթև մոտոցիկլեր)
3) «A» կարգ` մոտոցիկլեր, բացառությամբ «A1» ենթակարգին վերաբերող տրանսպորտային միջոցների
4) «B1» ենթակարգ` տրիցիկլեր և քվադրոցիկլեր
5) «B» կարգ`
ա. ոչ ավելի, քան 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված կամ բացի վարորդի նստատեղից` ոչ ավելի, քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ, բացառությամբ «A» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների,
կամ
բ. ոչ ավելի, քան 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված կամ բացի վարորդի նստատեղից` ոչ ավելի, քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլ, բացառությամբ «A» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը,
կամ
գ. ոչ ավելի, քան 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված կամ բացի վարորդի նստատեղից` ոչ ավելի, քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլ, բացառությամբ «A» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը, սակայն չի գերազանցում ավտոմոբիլի զանգվածը առանց բեռնվածության, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 3500 կգ-ը
6) «C1» ենթակարգ`
ա. բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը, սակայն չի գերազանցում 7500 կգ-ը,
կամ
բ. բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը, սակայն չի գերազանցում 7500 կգ-ը` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը
7) «C» կարգ`
ա. բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը,
կամ
բ. բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը
8) «D1» ենթակարգ`
ա. ուղևորներ փոխադրելու համար նախատեսված և բացի վարորդի նստատեղից` ավելի քան 8, սակայն ոչ ավելի, քան 16 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ)
կամ
բ. ուղևորներ փոխադրելու համար նախատեսված և բացի վարորդի նստատեղից` ավելի քան 8, սակայն ոչ ավելի, քան 16 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ)` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը
9) «D» կարգ`
ա. ուղևորներ փոխադրելու համար նախատեսված և բացի վարորդի նստատեղից` ավելի քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ)
կամ
բ. ուղևորներ փոխադրելու համար նախատեսված և բացի վարորդի նստատեղից` ավելի քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ)` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը
10) «BE» կարգ`
ա. «B» կարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը և գերազանցում է ավտոմոբիլի զանգվածն առանց բեռնվածության,
կամ
բ. «B» կարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը.
11) «C1E» ենթակարգ` «C1» ենթակարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը, սակայն չի գերազանցում ավտոմոբիլի զանգվածն առանց բեռնվածության, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 12000 կգ-ը
12) «CE» կարգ` «C» կարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը
13) «D1E» ենթակարգ` «D1» ենթակարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որը նախատեսված չէ ուղևորներ փոխադրելու համար, և որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը, սակայն չի գերազանցում ավտոմոբիլի զանգվածը առանց բեռնվածության, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 12000 կգ-ը
14) «DE» կարգ` «D» կարգի ավտոմոբիլ (ավտոբուս)` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը
15) «T» կարգ` տրոլեյբուս:
Տեսական քննություն
Առցանց հերթագրվել տեսական քննությանը
Տեսական քննությունը հանձնելու համար պետք է այցելես հաշվառման-քննական բաժին (ՀՔԲ, տարածված է նաև ռուսերեն անվանումը՝ МРЭО)։ Քննությունն անցկացվում է համակարգչով և տևում է 30 րոպե։
Պատահականության սկզբունքով կազմվում է հոգեբանական 3 և գիտելիքների ստուգման 20 հարց պարունակող հարցաշար, ընդ որում՝ գիտելիքների ստուգման թեստի հարցերին թույլատրվում է պատասխանել միայն հոգեբանական թեստի բոլոր հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում։
Քննությունը հաջողությամբ հանձնելու համար անհրաժեշտ է ճիշտ պատասխանել գիտելիքների ստուգման 20 հարցերից առնվազն 18-ին։
Գիտելիքների ստուգման հարցերը ներառում են՝
-
15 հարց՝ ՀՀ ճանապարհային երթևեկության կանոններից (ՀՀ կառավարության՝ 28․06․2007 թվականի N 955-Ն որոշման հավելված 1),
-
2 հարց՝ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող պայմանների մասին (ՀՀ կառավարության՝ 28․06․2007 թվականի N 955-Ն որոշման հավելված 2),
-
2 հարց՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքից,
-
1 հարց՝ առաջին բուժօգնության վերաբերյալ։
Տեսական քննությունը հնարավոր է հանձնել հայերեն, ռուսերեն, անգլերեն և արաբերեն։
Տեսական քննությունը հաջողությամբ հանձնելու համար դու պետք է տիրապետես ճանապարհային երթևեկության կանոններին և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքին, ծանոթ լինես ճանապարհային երթևեկության նշաններին։
Գիտելիքներդ ստուգելու համար կարող ես օգտվել տեսական քննությունների հարցաշարերից, որոնք պարունակում են 1,116 հարց։
Քննությանը կարող ես պատրաստվել ինչպես ինքնուրույն, այնպես էլ ավտոդպրոց հաճախելով։
Տեսական քննությանը ներկայանալիս պետք է ունենաս անձը հաստատող փաստաթուղթ, որը կարող է լինել`
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- կացության քարտ,
- ապաստան հայցողի անձը հաստատող վկայական,
- կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ և այլն։
Նախքան քննասենյակ մտնելը հաշվառման քննական բաժնում վճարային տերմինալի միջոցով պետք է վճարես տեսական քննության մասնակցության վճարը՝ 3,000 դրամ (վճարումը հնարավոր է կատարել նաև առցանց) իսկ հաշվառման քննական բաժնում հերթագրման համակարգի առկայության դեպքում (Երևան, Կոտայք, Արտաշատ) պետք է նաև վերցնես հերթի կտրոն։
Անձը հաստատող փաստաթուղթը, հերթի և վճարման կտրոնները պետք է ներկայացնես համապատասխան աշխատակցին, ով փաստաթղթերդ ստուգելուց հետո քեզ կգրանցի, կտրամադրի հերթական համար և կլուսանկարի։ Հաշվի առ, որ հետագայում վարորդական վկայականիդ համար հենց այդ լուսանկարն է օգտագործվելու։
Քեզ կտրամադրվի եզակի հերթական համար պարունակող արձանագրություն։ Այն պետք է քեզ մոտ պահես և ներկայացնես ամեն անգամ քննության ներկայանալիս՝ մինչև վարորդական վկայական ստանալը։
Արձանագրությունը քեզ մոտ չլինելու դեպքում քննությունից առաջ կարող ես դիմել հաշվառման քննական բաժնի աշխատակցին, ով քեզ կտրամադրի նոր արձանագրություն՝ եզակի համարով։
Տեսական քննությունը հաջողությամբ չհանձնելու դեպքում այն կարող ես վերահանձնել ձախողված առաջին քննության օրվանից ոչ շուտ, քան 7 օր անց։ Դրա համար միևնույն եղանակով պետք է՝
-
նշված օրը ներկայանաս քննության,
-
կատարես վճարում,
-
հանձնես տեսական ևս մեկ քննություն։
Երկրորդ փորձից տեսական քննությունը դրական չհանձնելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ տեսական քննությանը կարող ես մասնակցել բացասական հանձնված վերջին քննության օրվանից ոչ շուտ, քան մեկ ամիս անց։
Տեսական քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո 12 ամսվա ընթացքում պետք է հերթագրվես և հանձնես նաև գործնական քննություն։ Նշված ժամկետը լրանալուց հետո գործնական քննությունը չհանձնելու դեպքում անհրաժեշտ կլինի ևս մեկ անգամ տեսական քննություն հանձնել։
Գործնական քննություն
Առցանց հերթագրվել գործնական քննությանը
Գործնական քննության ընթացքում քննությունն անցկացնողը նստում է քո կողքին (բացառությամբ մոպեդի, մոտոցիկլի, տրիցիկլի և քվադրոցիկլի՝ «A» կարգի, «AM», «A1» և «B1» ենթակարգերի տրանսպորտային միջոցների), տալիս է հրահանգներ ավտոմեքենան վարելու, կայանելու, շրջադարձ կատարելու և այլ գործողությունների մասին։
Գործնական քննությունն անցկացվում է՝
-
մոպեդի, մոտոցիկլի, տրիցիկլի և քվադրոցիկլի («A» կարգի, «AM», «A1» և «B1» ենթակարգերի տրանսպորտային միջոցների) դեպքում՝ ավտոդրոմում կամ ավտոհրապարակում, իսկ դրանց բացակայության դեպքում` ճանապարհային երթևեկության իրական պայմաններում,
-
թեթև մարդատար ավտոմեքենայի («B» կարգի տրանսպորտային միջոցների) դեպքում՝ ճանապարհային երթևեկության իրական պայմաններում,
-
բեռնատար ավտոմեքենայի, ավտոբուսի և կցորդով կցորդված ավտոմոբիլի («C», «D», «BE», «CE» և «DE» կարգերի ու «C1», «D1», «C1E» և «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցների) դեպքում՝ ավտոդրոմում և ճանապարհային երթևեկության իրական պայմաններում:
Ավտոդրոմում կամ ավտոհրապարակում անցկացվող գործնական քննությունը տևում է`
-
15 րոպե՝ մոպեդի և դրան համարժեք քվադրոցիկլի («AM» ենթակարգի տրանսպորտային միջոցների) դեպքում,
-
25 րոպե` մոտոցիկլի, տրիցիկլի և քվադրոցիկլի («A» կարգի և «A1» և «B1» ենթակարգերի տրանսպորտային միջոցների) դեպքում,
-
45 րոպե` բեռնատար ավտոմեքենայի, ավտոբուսի և կցորդով կցորդված ավտոմոբիլի («C», «D», «BE», «CE», «DE» կարգերի և «C1», «D1», «C1E» և «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցների) դեպքում։
Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում անցկացվող գործնական քննությունը տևում է՝
-
25 րոպե` կցորդով և առանց կցորդի թեթև մարդատար ավտոմեքենայի («B» և «BE» կարգերի տրանսպորտային միջոցների) դեպքում, իսկ ավտոդրոմի կամ ավտոհրապարակի բացակայության դեպքում՝ նաև մոպեդի, մոտոցիկլի, տրիցիկլի և քվադրոցիկլի («A» կարգի, «AM», «A1» և «B1» ենթակարգերի) դեպքում,
-
45 րոպե` կցորդով և առանց կցորդի բեռնատար ավտոմեքենայի և ավտոբուսի («C», «D», «CE», «DE» կարգերի և «C1», «D1», «C1E» և «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցների) դեպքում։
Տրանսպորտային միջոցների կարգերի և ենթակարգերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող ես գտնել «Որո՞նք են տրանսպորտային միջոցների կարգերը և ենթակարգերը» բաժնում։
Գործնական քննությանը կարող ես պատրաստվել ինքնուրույն կամ հաճախելով ավտոդպրոց՝ կախված տրանսպորտային միջոցի տեսակից․ մոպեդ, մոտոցիկլ, տրիցիկլ, քվադրոցիկլ, թեթև մարդատար և բեռնատար մեքենաներ («A», «B» և «C» կարգերի ու «AM», «A1», «B1» և «C1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ) վարելու վարորդական վկայական ստանալու համար որակավորման քննություններին կարող են մասնակցել ինքնուս անձինք:
Գործնական քննությանը ներկայանալիս պետք է ունենաս անձը հաստատող փաստաթուղթ, որը կարող է լինել`
- անձնագիր,
- կացության քարտ,
- ապաստան հայցողի անձը հաստատող վկայական,
- կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ և այլն։
Նախքան քննությունը սկսելը հաշվառման քննական բաժնում վճարային տերմինալի միջոցով պետք է վճարես գործնական քննության մասնակցության վճարները՝ 10,000 դրամ 900013150033 հաշվեհամարին և 3,000 դրամ 90005163218 հաշվեհամարին, և վերցնես հերթի կտրոն․ սրահի աշխատակիցները կուղղորդեն քեզ։
Այնուհետև պետք է հերթի կտրոնով մոտենաս գործնական քննության անցկացման վայր և սպասես քո հերթին։
Գործնական քննությունը հաջողությամբ չհանձնելու դեպքում այն կարող ես վերահանձնել ձախողված առաջին քննության օրվանից ոչ շուտ, քան 7 օր անց։ Դրա համար միևնույն եղանակով պետք է՝
-
նշված օրը ներկայանաս քննության,
-
կատարես վճարում,
-
հանձնես գործնական ևս մեկ քննություն։
Երկրորդ փորձից գործնական քննությունը դրական չհանձնելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ գործնական քննությանը կարող ես մասնակցել բացասական հանձնված վերջին քննության օրվանից ոչ շուտ, քան մեկ ամիս անց։
Ե՞րբ է տրամադրվում վարորդական վկայականը
Գործնական քննությունը հաջողությամբ հանձնելու դեպքում վարորդական վկայականը կստանաս նույն օրը՝ դրա համար վճարելով 12,000 դրամ։ Վճարումը կարող ես կատարել առցանց կամ տեղում վճարային տերմինալի միջոցով։
Ազգային վարորդական վկայականը տրվում է 10 տարի ժամկետով, ինչից հետո անհրաժեշտ կլինի վերաթողարկել այն։
Եթե կորցրել ես վարորդական վկայականդ և ցանկանում ես վերաթողարկել այն, կամ վկայականիդ գործողության ժամկետը լրանում է, և ցանկանում ես այն փոխանակել նորով, ապա կարող ես ստանալ նոր վարորդական վկայական համապատասխան դիմումը ներկայացնելուց 1 աշխատանքային օրվա ընթացքում։
Նկատի ունեցիր՝ թե՛ փոխանակման, թե՛ կորստի դեպքում նոր վարորդական վկայականը տրվում է՝ առանց որակավորման քննություններ հանձնելու։ Քննություն հանձնելու կարիք կառաջանա այն դեպքում, եթե որոշես փոխել քո վարորդական վկայականի կարգը։
-
անձնագիր կամ նույնականացման քարտ,
-
համապատասխան դիմում,
-
տեղեկանք հաշվառման հասցեիդ վերաբերյալ՝ անձնագրումդ հաշվառման հասցեի բացակայության դեպքում,
-
12,000 դրամ պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր։
Առցանց դիմել հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար
Առցանց հերթագրվել նոր վարորդական վկայական ստանալու համար
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներկայացնելուց և լուսանկարվելուց հետո կստանաս ժամանակավոր վարորդական վկայական 20-օրյա ժամկետով, ինչը հետագայում կփոխարինվի նոր վկայականով։
Ուշադրություն
-
Ժամանակավոր վարոդական վկայականը տրվում է միայն այն դեպքում, եթե նոր վարորդական ստանալու համար դիմումատուն հաշվառված չէ թմրաբանական կամ հոգեբուժական հաստատություններում, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց ցանկում։
-
Նոր վարորդական վկայականը ստանալուց հետո ժամանակավոր վկայականը վերադարձնելու ես։
Օտարերկրյա քաղաքացիների վարորդական վկայականի ձեռքբերումը
Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ վարորդական վկայական ստանալու քննություններ հանձնում և վարորդական վկայական են ստանում նույն կերպ, ինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Հայաստանում վարորդական վկայական ստանալու համար օտարերկրա քաղաքացիները բացի անձը հաստատող փաստաթղթից՝ ներկայացնում են նաև այլ անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք կախված են օտարերկրյա քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու կարգավիճակից։
Օրինակ՝
-
Հայաստանում օրինական բնակություն ունեցող օտարերկրյա քաղաքացիները ներկայացանում են կացության քարտ,
-
ապաստան հայցող անձինք` ապաստան հայցողի անձը հաստատող վկայական,
-
ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականները պետք է ներկայացնեն ժամանակավոր ապաստանի վկայական:
Ավտոմեքենան վարձակալելու դեպքում մի շարք երկրների քաղաքացիներ կարող են ՀՀ-ում վարել իրենց ազգային վարորդական վկայականներով։
Այս առավելությունը պայմանավորված է «Ճանապարհային երթևեկության մասին» 1968թ. նոյեմբերի 8-ի Վիեննայի Կոնվենցիայով։
Կոնվենցիայի անդամ երկրների ցանկ
Տեսական քննությունը հնարավոր է հանձնել հայերեն, ռուսերեն, անգլերեն և արաբերեն։
Օտարերկրյա վարորդական վկայականով վարելը ՀՀ-ում
ՀՀ-ում օտարերկրյա վարորդական վկայականով ավտոմեքենա վարելը ունի իր յուրահատկությունները և կանոնները: Ուղեցույցի այս բաժինը կծանոթացնի քեզ այդ կարգավորումների հիմնական դրույթներին:
Այո՛, հնարավոր է, սակայն մինչև 6 ամիս ժամկետով, եթե Հայաստան ժամանած այցելուն վարձակալում է ավտոմեքենա։
6 ամիս ժամկետը լրանալուց հետո օտարերկրյա վարորդական վկայականով վարելու դեպքում սահմանված է 10,000 ՀՀ դրամ տուգանք։
Ո՛չ, չես կարող։
ՀՀ-ում չի թույլատրվում վարել օտարերկրյա վարորդական վկայականով, եթե նույնիսկ ունես ՀՀ անձնագիր կամ կացության քարտ։
ՀՀ քաղաքացիները կամ մշտական բնակության իրավունք ունեցող անձինք պետք է ունենան ՀՀ վարորդական վկայական:
Այո՛, կարող ես, եթե ունես ստորև նշված երկրների վարորդական վկայական․
Ավստրիա, Ադրբեջան, Բահամներ, Բահրեյն, Բելոռուս, Բելգիա, Բուլղարիա, Բոսնիա և Հերցոգովինա, Բրազիլիա, Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Վենեսուելա, Գայանա, Գանա, Գերմանիա, Հունաստան, Վրաստան, Դանիա, Զաիր, Զիմբաբվե, Իսրաել, Ինդոնեզիա, Իրան, Իսպանիա, Իտալիա, Ղազախստան, Կիրգիզիա, Կոստա-Ռիկա, Կոտ դ ‘Իվուար, Կուբա, Քուվեյթ, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մակեդոնիա, Մարոկկո, Մեքսիկա, Մոնակո, Նիգերիա, Նորվեգիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Պակիստան, Լեհաստան, Պորտուգալիա, Կորիայի Հանրապետություն, Մոլդովայի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Ռումինիա, Սան-Մարինո, Սեյշելներ, Սենեգալ, Սլովակիա, Տաջիկստան, Թաիլանդ, Թուքմենստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Ուրուգվայ, Ֆիլիպիններ, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Խորվատիա, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, Չեխիա, Չիլի, Շվեյցարիա, Շվեդիա, Էկվադոր, Էստոնիա, Հարվաֆրիկյան Հանրապետություն, Հարավսլավիա:
Օտարերկրյա վարորդական վկայականը հայկականով փոխանակելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ ճանապարհային ոստիկանության նախընտրելի հաշվառման-քննական բաժին (ՀՔԲ կամ МРЭО)։
Փոխանակումը տևում է 2-4 ամիս․ ճանապարհային ոստիկանությունը հարցում է ուղարկում այն երկրի լիազոր մարմնին, որի ազգային վարորդական վկայականը պետք է փոխանակվի հայկականով։ Հարցման նպատակն է պարզել օտարերկրյա վարորդական վկայականի օրինականությունը։
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ այդ երկիրը պետք է լինի «Ճանապարհային երթևեկության մասին» Վիեննայի Կոնվենցիայի անդամ, հակառակ դեպքում փոխանակումը հնարավոր չի լինի և անհրաժեշտ կլինի հանձնել գործնական և տեսական քննությունն ՀՀ վարորդական վկայական ստանալու համար։
Ուշադրություն
Նկատի ունեցիր, որ վարորդական վկայականի փոխանակման դեպքում հանձնում ես քո ազգային վարորդական վկայականը և ունենում ես միայն ՀՀ վարորդական վկայական։ Այսինքն՝ օտարերկրյա վարորդական վկայականը կորցնում է իր օրինական ուժը։
Օտարերկրյա վարորդական վկայականը ՀՀ վարորդականով փոխանակելիս անհրաժեշտ է ՀՀ ճանապարհային ոստիկանություն ներկայացնել․
- անձը հաստատող փաստաթուղթ,
- օտարերկրյա վարորդական վկայականի բնօրինակը։
Անհրաժեշտության դեպքում ՀՀ ճանապարհային ոստիկանությանը պետք է ներկայացնել նաև․
- կացության քարտ,
- ապաստան հայցողի անձը հաստատող վկայական,
- կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ և այլն։
Փոխանակել օտարերկրյա վարորդական վկայականը ՀՀ վարորդական վկայականով
Ինչպե՞ս ստանալ միջազգային վարորդական վկայական
Գործող ազգային վարորդական վկայական ունենալու դեպքում առանց տեսական կամ գործնական քննությունների մասնակցելու կարող ես ձեռք բերել նաև միջազգային վարորդական վկայական, որը թույլ կտա քեզ ավտոմեքենա վարել արտասահմանում։ Վկայականը կտրամադրվի մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
Միջազգային վկայականը ստանալու համար պետք է ներկայանաս նախընտրելի հաշվառման քննական ստորաբաժանում և ներկայացնես դիմում, ընդ որում՝ հաշվառման քննական բաժնում նախապես հերթագրվելու անհրաժեշտություն չկա։
Մոպեդ, մոտոցիկլ, տրիցիկլ, քվադրոցիկլ և թեթև մարդատար ավտոմեքենա («A» և «B» կարգերի ու «AM», «A1» և «B1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ) վարելու իրավունքի միջազգային վարորդական վկայականները տրվում են 18 տարին լրացած անձանց, իսկ բեռնատար ավտոմեքենա, ավտոբուս և կցորդով կցորդված ավտոմոբիլ («C», «D», «BE», «CE» և «DE» կարգերի ու «C1», «D1», «C1E» և «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ) վարելու միջազգային վարորդական վկայականները` 21 տարին լրացած անձանց։
Տրանսպորտային միջոցների կարգերի և ենթակարգերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող ես գտնել «Որո՞նք են տրանսպորտային միջոցների կարգերը և ենթակարգերը» բաժնում։
Միջազգային վարորդական վկայականը ստանալու համար անհրաժեշտ է հաշվառման քննական նախընտրելի բաժին ներկայացնել՝
-
Անձը հաստատող փաստաթուղթ,
-
3x4 չափսի մեկ գունավոր լուսանկար,
-
վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի (12,000 դրամ) վճարման անդորրագիր: Վճարումն հնարավոր է կատարել առցանց կամ հաշվառման քննական բաժնում վճարային տերմինալի միջոցով։
-
գործող ազգային վարորդական վկայական։
Միջազգային վարորդական վկայականը տրամադրվում է 3 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան ազգային վարորդական վկայականի գործողության ժամկետը: