ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Վարչական իրավախախտումներ

Ինչպե՞ս երթևեկել Հայաստանում

Ուղեցույցում ներկայացված են մանրամասն տեղեկություններ ՀՀ-ում երթևեկելու կանոնների, դրանց խախտման դեպքում գործող վարչական տուգանքների, հնարավոր զեղչերի և օգտակար հավելվածների մասին։

ՀՀ-ում վարելու կանոնները, տուգանքները և բալային համակարգը

ՀՀ-ում ավտոմեքենա վարելիս արգելվում է ծխել, խոսել բջջային հեռախոսով, սակայն բարձրախոսով խոսել թույլատրվում է։ Ամրագոտիները պարտադիր է կապել միայն առջևում նստելիս, իսկ առջևի նստատեղին կարող են նստել միայն 12 տարին լրացած երեխաները։ 

Արագության թույլատրելի սահմանաչափերը քաղաքում և բնակավայրերում տատանվում են 20 կմ/ժ-ից մինչև 60 կմ/ժ, իսկ քաղաքից դուրս՝ 90 կմ/ժ-ից 110 կմ/ժ։ 

Այս և այլ կանոններ չպահպանելու դեպքում գործում են վարչական տուգանքներ, որոնց չափը և ձևը կախված են խախտման տեսակից։ ՀՀ-ում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում կիրառվում է նաև տուգանային բալերի համակարգը։

Յուրաքանչյուր վարորդի տարեկան տրվում է 9 բալ։ Եթե տարվա կտրվածքով իրավախախտում կատարես, ապա քեզ տրված բալերից կհանվեն տուգանային միավորներ, որոնց չափը որոշվում է՝ ելնելով խախտումների վտանգավորության աստիճանից ու քանակից։

Եթե գործող մեկ տարվա ընթացքում սպառես քո բոլոր 9 բալերը, ապա 6 ամսով կզրկվես ավտոմեքենա վարելու իրավունքից, ինչից հետո քեզ կրկին կտրվի 9 բալ։ 

Այս դեպքում դու կարող ես նշված ժամկետից շուտ վերադարձնել քո վարորդական իրավունքը․ դրա համար անհրաժեշտ է վարորդական իրավունքից զրկվելուց ոչ շուտ, քան 3 ամիս անց որակավորման տեսական քննություն հանձնել։

Եթե նույն տարում երկրորդ անգամ սպառես 9 բալը, ապա 1 տարով կզրկվես քո վարորդական իրավունքից, ինչից հետո ստիպված կլինես հանձնել տեսական և գործնական քննություններ և կրկին ստանալ վարորդական իրավունք։ 

Եթե քո հաշվին քիչ բալեր են մնացել, ապա կարող ես տարվա ընթացքում մեկ անգամ համալրել դրանք` հանձնելով տեսական քննություն և ստանալով 2 «բոնուսային» միավոր։

Եթե ավտոմեքենայի սեփականատերն ես, սակայն իրավախախտումը կատարել է մեկ այլ անձ, ով տվյալ պահին վարել է քո ավտոմեքենան, ապա իրավախախտման բալերը կհանվեն ոչ թե փաստացի վարորդի միավորներից, այլ քո, քանի որ ավտոմեքենայի սեփականատերը դու ես։

Նման խնդրից խուսափելու համար պարզապես անհրաժեշտ է roadpolice.am առցանց համակարգում վարորդին կցել ավտոմեքենային, և բալերը կպակասեն տվյալ վարորդի միավորներից։

Վարորդին առցանց կցել ավտոմեքենային
Սկսել

Կկորցնես 0,5 բալ, եթե.

  • ավտոմեքենան վարես անընթեռնելի համարանիշով, 

  • խախտես կանգառի և կայանման կանոնները,

  • քո սխալ կայանման կամ կանգառի պատճառով մեքենադ տարհանվի պահպանվող հատուկ տարածք։


Կկորցնես 1 բալ, եթե․
 

  • խախտես խաչմերուկներում անցման կանոնները,

  • խախտես հետիոտնային անցումների հատման կանոնները,

  • խախտես վազանցի կանոնները,

  • մանևր կատարես,

  • խախտես հետընթաց վարման կանոնները,

  • վարելիս հեռախոսով խոսես, ծխես,

  • անվտանգության գոտին չամրակապես,

  • առանց սաղավարտի վարես (մոտոցիկլետի դեպքում)։ 


Կկորցնես 2 բալ, եթե․

  • թույլատրելի առավելագույն արագությունը գերազանցես 11–30 կմ/ժ–ով,

  • համարանիշի առնվազն մեկ նիշը փակես,

  • ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում հատես, 

  • ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարես,

  • ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման կարգը խախտես և առաջացնես վթարային իրադրություն,

  • լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվես։ 


Կկորցնես 3 բալ, եթե․

  • ավտոմեքենայի համարանիշն այլ անձի հանձնես,

  • միակողմանի երթևեկությամբ ճանապարհով տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ, այդ թվում` հետընթաց վարես,

  • հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գաս,

  • թույլատրելի առավելագույն արագությունը գերազանցես 31–50 կմ/ժ–ով։ 


Կկորցնես 4 բալ, եթե․

  • թույլատրելի առավելագույն արագությունը գերազանցես 51–80 կմ/ժ–ով։

Վարորդական իրավունքից զրկվելու համար պատճառ կարող են լինել՝

  • ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելը,

  • առանց թույլտվության ավտոմեքենայի վրա կարմիր և/կամ կապույտ փարոսիկների և հատուկ ձայնային ազդանշանների տեղադրումը,

  • առանց համարանիշի կամ կեղծ համարանիշով ավտոմեքենա վարելը, 

  • հանրային տրանսպորտի «դեղին» համարանիշերի անօրինական օգտագործումը, 

  • ճանապարհային ոստիկանության տեսուչի` ավտոմեքենան կանգնեցնելու պահանջը չկատարելը, 

  • թույլատրելի առավելագույն արագությունը գերազանցելը 81կմ/ժամով և ավելի

Ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտման դեպքում գործում են վարչական տարբեր տուգանքներ, որոնց ցանկը կարող ես տեսնել այստեղ։

Առցանց ստուգել վարորդի տուգանքները
Սկսել

Տուգանքների զեղչեր

Տուգանքի 20% զեղչը գործում է էլեկտրոնային տարբերակով տուգանքի ծանուցումը ստանալու դեպքում։ Այսինքն՝ եթե ճանապարհային ոստիկանությանը տրամադրում ես գործող էլեկտրոնային փոստի հասցե, որին ցանկանում ես ստանալ կատարածդ խախտման և տուգանքի մասին ծանուցումը, ապա տուգանքիդ սահմանված չափից հանվում է դրա 20%-ը։

Օրինակ՝ եթե տուգանքի չափը 5,000 դրամ է, ապա էլեկտրոնային փոստով ծանուցվելու դեպքում տուգանքի չափը կլինի 4,000 դրամ։

Ուշադրություն

20% զեղչը չի գործում տուգանքի ծանուցումը թղթային տարբերակով ստանալու դեպքում։

Առցանց ստանալ տուգանքների վերաբերյալ ծանուցումներ
Սկսել

Տուգանքի 30% զեղչը գործում է իրավախախտումը կատարելուց հետո 15 օրվա ընթացքում տուգանքը վճարելու դեպքում։

Օրինակ՝ 5,000 դրամ տուգանքի դեպքում կվճարես 3,500 դրամ։

Այո՛, հնարավոր է, եթե․

  • ծանուցվել ես էլեկտրոնային փոստի միջոցով (20%),
  • վճարել ես տուգանքը 15 օրվա ընթացքում (30%):

Այսինքն՝ եթե կատարել ես 5,000 դրամի իրավախախտում, վերը նշված պայմանները բավարարելուց հետո տուգանքի չափը կլինի 2,800 դրամ։ 

Ընդ որում՝ երկրորդ զեղչը հաշվարկվում է արդեն զեղչված արժեքի նկատմամբ։ 

Ավտոկայանատեղի վճարումներ

Երևանում ավտոմեքենան կայանելու համար պետք է կատարել սահմանված չափով վճարներ։ Կան 2 տեսակի ավտոկայանատեղեր՝ Ա գոտի և Բ գոտի, որոնք հայտնի են նաև կարմիր գծեր անվանմամբ։ Յուրանքաչյուր գոտու համար վճարները տարբեր են։

Փոքր կենտրոնում (Ա գոտի) կայանելու համար սահմանված են հետևյալ վճարները․

  • 300 դրամ՝ 1 ժամվա համար,
  • 2,000 դրամ՝ մեկ օրվա համար,
  • 5,000 դրամ՝ մեկ շաբաթվա համար,
  • 18,000 դրամ՝ 1 ամսվա համար,
  • 160,000 դրամ՝ 1 տարվա համար:

Փոքր կենտրոնում ներառված փողոցների ցանկ

Կարող ես վճարել 2 տարբերակով․

  • SMS հաղորդագրությամբ,
  • բանկային կամ վճարային (տերմինալ) համակարգերով։

SMS հաղորդագրությամբ վճարելու համար

Ուղարկիր 1045 հեռախոսահամարին քո տրանսպորտային միջոցի համարանիշը լատինատառ և առանց միջակայքի։

Բանկային կամ վճարային համակարգերի միջոցով վճարելու համար

Կատարիր փոխանցում 900015002430 հաշվեհամարին՝ «Նպատակ» դաշտում նշելով տրանսպորտային միջոցի համարանիշը լատինատառ և առանց միջակայքի։

Փոքր կենտրոնից դուրս (Բ գոտի) կայանելու համար սահմանված են հետևյալ վճարները․

  • 200 դրամ՝ 1 ժամվա համար,
  • 1,000 դրամ՝ մեկ օրվա համար,
  • 2,000 դրամ՝ մեկ շաբաթվա համար,
  • 4,000 դրամ 1 ամսվա համար,
  • 24,000 դրամ՝ 1 տարվա համար:

Փոքր կենտրոնում ներառված փողոցների ցանկ

Կարող ես վճարել 2 տարբերակով՝

  • SMS հաղորդագրությամբ,
  • բանկային կամ վճարային (տերմինալ) համակարգերով։

SMS հաղորդագրությամբ վճարելու համար

Ուղարկիր 5045 հեռախոսահամարին քո տրանսպորտային միջոցի համարանիշը լատինատառ և առանց միջակայքի։

Բանկային կամ վճարային համակարգերի միջոցով վճարելու համար

Կատարիր փոխանցում 900015211593 հաշվեհամարին՝ «Նպատակ» դաշտում նշելով տրանսպորտային միջոցի համարանիշը լատինատառ և առանց միջակայքի։

Թե՛ փոքր կենտրում, թե՛ դրա սահմաններից դուրս ավտոմեքենան կայանելու համար պետք է վճարել ժամը 9։00-ից 22։00-ն։ Իսկ այդ ժամերից առաջ և հետո կայանելն անվճար է։

Ընդ որում՝ մինչև 15 րոպե կայանելու դեպքում ևս վճար չի գանձվում, իսկ 15 րոպեից ավելի կայանելիս 1 ժամվա համար սահմանված 300 դրամը պետք է վճարել նախապես` կայանելու պահից սկսած 15 րոպեի ընթացքում։

Ավտոմեքենայի կայանումը 2 գոտիներում անվճար է

  • յուրաքանչյուր օր՝ ժամը 22։00-ից 9։00-ն,
  • կիրակի օրերին,
  • էլեկտրամոբիլների համար։

ՀՀ ճանապարհներ

Առցանց հավելվածի միջոցով կարող ես ստանալ տեղեկություններ Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական ճանապարհների վիճակի մասին։

Առցանց տեսնել ՀՀ ճանապարհների անցանելիությունը
Սկսել
Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության, ՀՀ ճանապարհային ոստիկանության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից։
Այս էջը օգտակա՞ր էր