Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Կրթություն
Կրթությունը մարդու կյանքի կարևորագույն իրադարձություններից և շարունակական փուլերից է։ Այն սկսվում է վաղ մանկությունից և շարունակվում ողջ կյանքի ընթացքում: Կյանքի այս իրադարձությունում մանրամասն ներկայացված են կրթական համակարգի հիմնական օղակները՝ մանկապարտեզ, դպրոց և բարձրագույն ուսումնական հաստատություն: Այստեղ կգտնես անհրաժեշտ տեղեկատվություն ընդունելության պահանջների, փաստաթղթերի, ինչպես նաև պետության կողմից կրթական համակարգին տրամադրվող աջակցության ծրագրերի և լրացուցիչ հնարավորությունների մասին:
Մանկապարտեզ
Մանկապարտեզը նախադպրոցական կրթական հաստատություն է, որը նախատեսված է 2-5 տարեկան երեխաների համար: Այն երեխայի կյանքում առաջին կրթական միջավայրն է, որտեղ փոքրիկները սովորում են հաղորդակցվել հասակակիցների հետ, ձեռք են բերում կյանքի առաջին հմտությունները և նախապատրաստվում դպրոցի փուլին: Մանկապարտեզում երեխաները զարգացնում են իրենց ստեղծագործական, մտավոր և ֆիզիկական ունակությունները՝ փորձառու դաստիարակների ուղղորդմամբ:
Դպրոց
ՀՀ-ում միջնակարգ կրթությունը նախատաեսված է 6-18 տարեկան աշակերտների համար և իրականացվում է եռաստիճան համակարգով՝ տարրական, միջին և ավագ դպրոց: Դպրոցից աշակերտները ստանում են հիմնական գիտելիքներ, ինչպես նաև կարողություններ իրենց հետագա կրթությունը շարունակելու կամ մասնագիտական գործունեություն սկսելու համար։ Գործում են պետական և ոչ պետական (մասնավոր) հանրակրթական դպրոցներ:
Նախնական և միջին մասնագիտական կրթություն
Նախնական և միջին մասնագիտական կրթությունը ՀՀ կրթական համակարգի բաղադրիչներից մեկն է։ Կրթական այս համակարգը ներառում է նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ (քոլեջներ, ուսումնարաններ), որոնք տրամադրում են մասնագիտական կրթություն հիմնական կամ միջնակարգ կրթություն ունեցող անձանց: Ընդունելության դիմում-հայտերը տեղի են ունենում առցանց եղանակով։
Առցանց ներկայացնել դիմում-հայտ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար
Բարձրագույն կրթություն
Բարձրագույն կրթությունը կարևորագույն քայլ է մասնագիտական զարգացման և կարիերայի կառուցման ճանապարհին: Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթությունն իրականացվում է բակալավրիատի, մագիստրատուրայի և հետազոտողի կրթական ծրագրերով: Ուղեցույցը ներկայացնում է բուհ ընդունվելու, սովորելու և կրթաթոշակ ստանալու հիմնական պայմաններն ու առանձնահատկությունները: