BETA

This site is new, your feedback will help us improve it.

Կյանքի իրադարձություն

Գործազրկություն

Այս ուղեցույցի օգնությամբ կտեղեկանաս քո աշխատանքային իրավունքներին և պարտականություններին։ Կծանոթանաս արձակուրդների տեսակներին, աշխատավարձի և վերջնահաշվարկի տրամադրման պայմաններին, պետական աջակցության ծրագրերին և այլն։

Աշխատանքային պայմանագիր

Աշխատանքային պայմանագիրը գրավոր համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի՝ աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք։ 

Գործատուն էլ իր հերթին պարտավորվում է աշխատողին վճարել աշխատանքի դիմաց վարձատրություն՝ ապահովելով աշխատանքի կատարման համար անհրաժեշտ պայմաններ։

Աշխատանքային պայմանագիրը կնքվում է գրավոր՝ 2 օրինակից, որոնցից մեկը մնում է աշխատողի մոտ, իսկ մյուսը՝ գործատուի: 

Որպես կանոն աշխատանքային պայմանագիր կնքելու համար գործատուն քեզանից կխնդրի ներկայացնել․

  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • բանկային հաշվի տվյալներ (որոշ դեպքերում գործատուն է աջակցում այս հարցում և համագործակցող բանկի միջոցով տրամադրում է բանկային քարտ՝ հոգալով քարտի սպասարկման հետ կապված տարեկան վճարները),
  • դիպլոմ (ըստ գործատուի ցանկության),
  • տեղեկանք առողջական վիճակի մասին (ըստ գործատուի ցանկության):

Գործատուն կարող է խնդրել նաև ներկայացնել այլ փաստաթղթեր` բնութագիր, երաշխավորագիր, հավաստագրեր, տեղեկանք նախորդ աշխատավարձի մասին և այլն։

Աշխատանքային պայմանագիրը անհրաժեշտ է կնքել գործատուի և աշխատողի իրավունքները պաշտպանելու համար։ Այդ իսկ պատճառով անչափ կարևոր է մանրամասն ուսումնասիրել այն աշխատանքի ընդունվելուց առաջ՝ խնդրահարույց իրավիճակներում անհամաձայնություններից խուսափելու համար։

Մինչև աշխատանքի անցնելը անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել աշխատանքային պայմանագիրը՝ ուշադրություն դարձնելով հետևյալ կետերին՝

  • վայրը, որտեղ պետք է իրականացվի աշխատանքը,

  • աշխատավարձի չափը և դրա որոշման կարգը,

  • հնարավոր արտոնություններ,

  • աշխատանքային գրաֆիկը,

  • արձակուրդի տևողությունը և տրամադրման կարգը,

  • պաշտոնի անվանումը,

  • աշխատանքային պայմանագրի տեսակը,

  • աշխատանքային պայմանագրի կնքման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը,

  • աշխատանքի մեկնարկի տարին, ամիսը, ամսաթիվը,

  • աշխատանքային պարտականություններն ու գործառույթները,

  • հավելավճարի, պարգևավճարի տրամադրման կարգը (առկայության դեպքում),

  • փորձաշրջանի դեպքում՝ դրա տևողությունը և պայմանները։

Աշխատանքային պայմանագիրը կնքվում է․

  • անորոշ ժամկետով, երբ ֆիքսվում է միայն աշխատանքն սկսելու ամսաթիվը,
  • կոնկրետ ժամկետով, երբ պայմանագիրն ունենում է աշխատանքների կատարման հստակ տևողություն։

Սովորական պայմանագրից բացի՝ գոյություն ունեն նաև պայմանագրի հետևյալ տեսակները․

Տնաշխատների հետ

Տնաշխատ են համարվում այն անձինք, որոնք աշխատանքային պայմանագրով աշխատանքները կատարում են տանը` գործատուի տրամադրած կամ իր հաշվին ձեռք բերած նյութերով, գործիքներով ու սարքավորումներով:

Համատեղության կարգով

Համատեղությամբ աշխատանքը հիմնական աշխատանքից ազատ ժամանակ աշխատողի կատարած աշխատանքն է, որը կարող է իրականացվել միևնույն կամ այլ գործատուի մոտ աշխատանքային պայմանագրի հիման վրա:

Սեզոնային 

Սեզոնային է համարվում այն աշխատանքը, որը բնակլիմայական պայմանների պատճառով կատարվում է ոչ թե ամբողջ տարին, այլ 8 ամիսը չգերազանցող որոշակի ժամանակահատվածում (սեզոնում)։

Ժամանակավոր

Ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է կոնկրոտ աշխատանք կատարելու համար, որի տևողությունը 2 ամսից պակաս է։

Փորձաշրջան

Փորձաշրջանը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում գործատուն և աշխատողը գնահատում են աշխատողի համապատասխանությունը տվյալ հաստիքին և դրա պայմաններին։

Փորձաշրջանը տևում է 3-ից 6 ամիս։ 

Փորձաշրջան չի սահմանվում, եթե աշխատանքի են ընդունվում․

  • 18 տարին չլրացած անձինք,
  • ընտրովի պաշտոն զբաղեցնողները,
  • պաշտոնի նշանակման համար որակավորման քննություններ հանձնած անձինք,
  • գործատուի մոտ կամ գործատուի նախաձեռնությամբ այլ վայրում ուսուցում անցած անձինք,
  • գործատուի համաձայնությամբ այլ աշխատանքի տեղափոխվող անձինք։

Այո՛։ Աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել փորձաշրջանի ընթացքում, եթե գործատուն փորձաշրջանի ընթացիկ արդյունքներով գնահատում է, որ աշխատողը չի համապատասխանում իր պահանջներին։ Աշխատողն էլ իր հերթին կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը, եթե գործատուն կամ տվյալ աշխատանքը չի համապատասխանում իր սպասելիքներին։

Թե՛ գործատուն, թե՛ աշխատողը պարտավոր են աշխատանքային պայմանագիրը լուծելուց 3 օր առաջ գրավոր ծանուցել դրա մասին։

Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի։

Աշխատողի և գործատուի իրավունքներ և լիազորություններ

Գործատուն պարտավոր է.

  • աշխատողին ապահովել աշխատանքով և կազմակերպել նրա աշխատանքը,

  • նախատեսված ժամկետում և սահմանված չափով վճարել աշխատողի աշխատավարձը,

  • աշխատողին տրամադրել վճարվող և չվճարվող արձակուրդ,

  • ապահովել անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ,

  • պահպանել աշխատողի անձնական տվյալները, որոնք պետք է ձեռք բերել միայն աշխատողից,

  • տեղեկացնել աշխատողին անձնական տվյալների ստացման նպատակի, տվյալների ստացման հնարավոր միջոցների մասին, 

  • ձեռք չբերել աշխատողի քաղաքական, կրոնական կամ անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ, եթե դա անմիջականորեն կապված չէ աշխատանքային հարաբերությունների հետ և աշխատողի գրավոր համաձայնությամբ չէ,

  • որոշումներ կայացնելիս չհիմնվել բացառապես էլեկտրոնային միջոցներով ստացված անձնական տվյալների վրա։

Աշխատողը լիազորություններ չունի, եթե․

  • ունի մեղադրյալի կարգավիճակ,
  • գտնվում է կալանքի տակ։

Ընդ որում՝ վարույթի շրջանակներում աշխատողի պաշտոնը պահպանվում է, իսկ աշխատավարձը՝ ոչ։ Իսկ այդ ընթացքում աշխատողը չի կարող օգտվել ամենամյա արձակուրդի իրավունքից։

Այո՛, գործատուն իրավունք ունի թույլ չտալ աշխատողին կատարել իր աշխատանքային պարտականությունները և նույնիսկ չվճարել աշխատավարձ, եթե աշխատողը գտնվել է ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ։ 

Աշխատանքի չթույլատրելու ժամանակահատվածը լրանալուց հետո աշխատողը կարող է վերադառնալ աշխատանքի այն դեպքում, եթե այդ ընթացքում աշխատանքային պայմանագրի լուծման հիմքեր չեն առաջացել: 

Աշխատողը իրավունք ունի պահանջելու վնասների հատուցում, եթե գործատուն անհիմն կերպով նրան թույլ չի տվել աշխատել:

Աշխատավարձ

Աշխատավարձը հաշվարկվում է ամսական կտրվածքով և աշխատողին վճարվում աշխատանքային օրերին։ Վճարումը կատարվում է ամսական առնվազն 1 անգամ (երբեմն ավելի հաճախ) մինչև հաջորդ ամսվա 15-ը։

Աշխատավարձերը վճարվում են հայկական արժույթով՝ դրամով, և անկանխիկ եղանակով։

Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը (ներառյալ հարկերը) 75,000 դրամ է։

Այո՛, գործատուն կարող է աշխատավարձից պահումներ կատարել, եթե․

  • աշխատավարձի սխալ հաշվարկ է տեղի ունեցել, և գործատուն ավել է վճարել աշխատողին,
  • գործուղման կամ այլ աշխատանքի տեղափոխվելիս ավել կանխավճար է տրվել,
  • աշխատողը վնասել է գործատուի գույքը կամ այլ վնաս է պատճառել։

Ընդ որում՝ պահումները չեն կարող գերազանցել աշխատողի 1 ամսվա աշխատավարձի 50 տոկոսը։

Աշխատանքային գրաֆիկ

Աշխատանքային գրաֆիկը այն ժամանակահատվածն է, որը հատկացված է աշխատողին աշխատելու համար։

Աշխատանքային գրաֆիկում ներառված են․

  • փաստացի աշխատած ժամանակահատվածը,
  • գործուղման ժամանակահատվածը,
  • աշխատավայրը կարգի բերելու կամ նախապատրաստելու համար անհրաժեշտ ժամանակահատվածը,
  • ընդմիջումները,
  • պարտադիր բժշկական զննությունը,
  • աշխատավայրում կամ ուսումնական հաստատություններում որակավորման բարձրացման համար անհրաժեշտ ժամանակահատվածը,
  • պարապուրդի ժամանակահատվածը։

Աշխատանքային գրաֆիկի համար սահմանված է շաբաթական 40 ժամ՝ օրական առավելագույնը 8 ժամով: Աշխատանքային շաբաթը ներառում է 5 աշխատանքային օր, շաբաթվա մյուս օրերը հանգստյան են։

Այն կազմակերպություններում, որտեղ արտադրության բնույթից կամ այլ պայմաններից ելնելով՝ անհնար է 5 օր աշխատել, սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ՝ 1 հանգստյան օրով։

Ոչ լրիվ աշխատանքային գրաֆիկ սահմանվում է հետևյալ դեպքերում․

  • աշխատողի և գործատուի համաձայնությամբ,

  • աշխատողի պահանջով` կապված նրա առողջական վիճակի հետ, բժշկական եզրակացության հիման վրա,

  • հղի կնոջ և մինչև 1 տարեկան երեխա խնամող աշխատողի պահանջով,

  • հաշմանդամություն ունեցող անձի պահանջով` բժշկական եզրակացության հիման վրա,

  • ընտանիքի հիվանդ անդամի խնամքն իրականացնող աշխատողի պահանջով` բժշկական եզրակացության հիման վրա։

Աշխատանքային օրը կրճատվում է 1 ժամով տոնական և հիշատակի օրերի նախորդ օրը։

Արտաժամյա աշխատանք

Արտաժամյա աշխատանքը այն աշխատանքն է, որը տեղի է ունենում աշխատանքային գրաֆիկից դուրս։ Արտաժամյա աշխատանքը չի կարող գերազանցել շաբաթական 48 ժամը և օրական 12 ժամը։

Արտաժամյա աշխատանքը թույլատրվում է, եթե․

  • կատարվում են արտակարգ դեպքերի, պատահարների, բնական աղետների, վթարների և նմանատիպ դեպքերի կանխարգելիչ աշխատանքներ,
  • անհրաժեշտ է ավարտել աշխատանքը, քանի որ դադարի դեպքում կարող է առաջանալ աշխատանքային նյութերի, սարքավորումների անսարքություն,
  • պարտադիր պետք է փոխարինել այն աշխատակցին, ում բացակայությունը կարող է հանգեցնել աշխատանքի խաթարման։

Արտաժամյա աշխատանքը չի թույլատրվում․

  • մինչև 18 տարեկան աշխատողներին,
  • հանրակրթական և մասնագիտական դպրոցներում սովորող աշխատողներին,
  • վտանգավոր պայմաններում աշխատողներին,
  • հղի կանանց և մինչև 1 տարեկան երեխային խնամող աշխատողներին։

Արտաժամյա աշխատանքը իրար հաջորդող 2 օրերի ընթացքում չպետք է գերազանցի 4 ժամը, իսկ տարվա ընթացքում՝ 180 ժամը։

Արձակուրդ և հանգիստ

Արձակուրդն աշխատանքային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար: Այդ ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղը և վճարվում է միջին աշխատավարձը:

Բացի ամենամյա արձակուրդից՝ կան նաև նպատակային արձակուրդի հետևյալ տեսակները․

Ուսումնական արձակուրդ

Այս տեսակի արձակուրդը տրամադրվում է, եթե աշխատողը․

  • պատրաստվում է ընդունվել ուսումնական հաստատություն,
  • նախապատրաստվում է քննությունների,
  • մասնակցում է այլ կրթական ծրագրերին։

Ընդ որում՝ յուրաքանչյուր քննության համար տրամադրվում է արձակուրդ 3 աշխատանքային օրով:

Պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար տրամադրվող արձակուրդ

Այս տեսակի արձակուրդը աշխատողին տրամադրվում է, եթե նա․

  • մասնակցում է դատական նիստերին,
  • ընտրական իրավունք է իրականացնում,
    ներկայացել է հետաքննության, նախաքննության մարմինների, դատախազի և դատարանի կանչով որպես վկա, տուժող, փորձագետ, մասնագետ, թարգմանիչ, ընթերակա,
  • դոնոր է։


Չվճարվող արձակուրդ

Արձակուրդի այս տեսակը տրամադրվում է․

  • հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև 1 տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն: Այդ արձակուրդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 2 ամիսը,

  • հաշմանդամություն ունեցող աշխատողին կամ ընտանիքի հիվանդ անդամին խնամող աշխատողին՝ ոչ ավելի, քան 30 աշխատանքային օր տարվա ընթացքում,

  • ամուսնության համար` 3 աշխատանքային օր,

  • ընտանիքի անդամի մահվան դեպքում` մինչև 3 աշխատանքային օր,

  • ազգային, կրոնական տոները կամ հիշատակի օրերը նշելու համար` տարեկան 4 աշխատանքային օր,

  • համատեղությամբ աշխատողին` հիմնական աշխատավայրում գործուղման մեջ գտնվելու դեպքում կամ հիմնական աշխատավայրի աշխատողին` համատեղությամբ աշխատավայրում գործուղման մեջ գտնվելու դեպքում՝ 30 օր աշխատանքային տարվա ընթացքում:

Վճարվող ամենամյա արձակուրդից կարող ես օգտվել տվյալ կազմակերպությունում 6 ամիս շարունակ աշխատելուց հետո կամ ավելի շուտ, եթե գործատուն տալիս է իր համաձայնությունը։

Եթե դեռ չի լրացել անընդմեջ աշխատանքիդ 6 ամիսը, ապա կարող ես ունենալ չվճարվող արձակուրդ՝ տարեկան առավելագույնը 60 օր տևողությամբ։ Այս դեպքում արձակուրդային օրերի համար արձակուրդային կամ աշխատավարձ չի վճարվում։  

Ամենամյա արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա համար 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա համար՝ 24 աշխատանքային օր:

Աշխատողը այն կարող է օգտագործել մաս-մաս։ Ամենամյա արձակուրդը մասերով օգտագործելու դեպքում այդ մասերից մեկը պետք է առնվազն 10 աշխատանքային օր լինի։

Առանց աշխատողի համաձայնության՝ գործատուն չի կարող հետ կանչել արձակուրդից։

Ընդ որում՝ եթե աշխատողն արդեն ստացել է ամենամյա արձակուրդի գումարը և արձակուրդից հետ է կանչվում աշխատանքի, ապա աշխատած օրերի համար ստանում է աշխատավարձ, իսկ արդեն ստացած արձակուրդայինը չի վերադարձնում։

Արձակուրդայինը պետք է փոխանցվի աշխատողին արձակուրդը սկսելուց առնվազն 3 օր առաջ, իսկ եթե աշխատողից կախված պատճառներով դա հնարավոր չէ ապահովել, ապա՝ արձակուրդի օրվանից սկսած՝ 3 օրվա ընթացքում։

Արձակուրդայինը հաշվարկվում է՝ աշխատողի միջին օրական աշխատավարձը բազմապատկելով տրամադրվող արձակուրդի օրերի քանակով:

Առցանց հաշվել արձակուրդայինի չափը
Սկսել

Հանգիստ աշխատավայրում

Աշխատողը իրավունք ունի աշխատանքային օրվա ընթացքում հանգստանալու 1 ժամ, որը կարող է օտագործել իր հայեցողությամբ։

Գործում են հանգստի հետևյալ տեսակները՝

  • հանգստանալու և սնվելու համար ընդմիջում,
  • աշխատանքային օրվա ընթացքում հանգստանալու համար լրացուցիչ և հատուկ ընդմիջումներ,
  • աշխատանքային օրերի միջև ընկած անընդմեջ հանգիստ,
  • ամենշաբաթյա անընդմեջ հանգիստ,
  • ամենամյա հանգիստ։

Լրացուցիչ հանգստի կարիք ունի․

  • մինչև 18 տարեկան աշխատողը (նվազագույնը 30 րոպե), որի աշխատաժամանակի տևողությունը գերազանցում է 4 ժամը,
  • ծանր ֆիզիկական, մտավոր, հուզական գերլարված բնույթ կրող կամ առողջության համար բացասական ներգործություն ունեցող, վտանգավոր պայմաններում աշխատողը։

Ո՛չ, գործատուն իրավունք չունի ներգրավելու աշխատողին աշխատանքի հանգստյան օրերին։

Բացառություն են կազմում միայն այն աշխատանքները, որոնց դադարեցումը տեխնիկական պատճառներով անհնար է, կամ որոնք անհրաժեշտ են բնակչության սպասարկման համար։ Օրինակ՝ տրանսպորտի, կապի, առողջապահության ոլորտի աշխատանքների դեպքում։

Անաշխատունակություն

Անաշխատունակությունը իրավիճակ է, երբ անձը չի կարողանում կատարել իր աշխատանքային պարտականությունները առողջական խնդիրների պատճառով:

Ժամանակավոր անաշխատունակության իրավունք ունեն․

  • վարձու աշխատողը,
  • անհատ ձեռնարկատերը,
  • նոտարը։

Ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվումա նույն սկզբունքով, ինչպես արձակուրդայինը՝ 2 առանձնահատկությամբ՝

  • անաշխատունակության առաջին օրվա համար գումար չի վճարվում,

  • յուրաքանչյուր օրվա համար վճարվում է հաշվարկված միջին աշխատավարձի 80%-ի չափով։

Ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարվում է աշխատողի հիվանդության 2-րդ օրվանից սկսած օրերի քանակի հիման վրա։ Ժամանակավոր անաշխատունակության վիճակում գտնվող աշխատողը պոլիկլինիկայի կամ հիվանդանոցի կողմից տրված հիվանդությունը փաստող անաշխատունակության թեթրիկը (բյուլետեն) ներկայացնում է գործատուին։ 

Անաշխատունակության թերթիկում նշվում են հիվանդի և բժշկական հաստատության տվյալները, անաշխատունակության մեջ գտնվելու ժամկետները և այլ տվյալներ։

Ժամանակավոր անաշխատունակության նպաստը սովորական հիվանդությունների դեպքում վճարվում է մինչև 120 օրերի համար, իսկ տուբերկուլյոզի դեպքում՝ մինչև 240 օրերի համար:

Ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարվում է աշխատողի աշխատավարձի հետ միաժամանակ ամսվա վերջում կամ հաջորդ ամսվա սկզբին:

Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը ժամանակավոր անաշխատունակության առաջին աշխատանքային օրվա համար չի վճարվում, դրան հաջորդող 5 աշխատանքային օրվա համար վճարում է գործատուն, իսկ նպաստի մնացած մասը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն:

Այո՛, ժամանակավոր անաշխատունակության նպաստը տրամադրվում է նույնիսկ այն դեպքում, եթե համատեղության կարգով ես աշխատում։ Նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր գործատուի կողմից:

Անաշխատունակության նպաստ չի տրամադրվում`

  • այն անձանց, որոնց ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է նրանց կողմից հանցագործություն կամ այլ հակաիրավական արարք կատարելիս ստացված վնասվածքների հետևանքով,
  • եթե աշխատողը հրաժարվում է ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության,
  • բժշկի սահմանած բուժման ռեժիմն առանց հարգելի պատճառի խախտած օրերի համար:

Գործատուն սովորաբար իրավունք չունի քեզ աշխատանքից ազատելու ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում: Սակայն կան որոշակի բացառություններ՝ ըստ որոնց՝ գործատուն կարող է քեզ ազատել աշխատանքից։ Այդ բացառություններն են,

  • կազմակերպության լուծարումը,
  • գործատուի սնանկացումը,
  • հաստիքի կրճատումը,
  • աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը:

Ժամանակավոր անաշխատունակության նպաստների ժամկետներ

Հիվանդության նպաստը տրամադրվում է 3 ամիս ժամկետով՝ հիվանդության 2-րդ օրվանից սկսած:

Պրոթեզավորման նպաստը տրամադրվում է բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած 2-րդ աշխատանքային օրվանից:

Առողջարանային բուժման նպաստը տրամադրվում է բուժական հաստատությունից (ստացիոնարից) անմիջապես առողջարան բուժման ուղարկված վարձու աշխատողին, ինչպես նաև տուբերկուլյոզային առողջարան մեկնած վարձու աշխատողին` առողջարանում գտնվելու ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած 2-րդ աշխատանքային օրվանից: Առողջարանային բուժման հիվանդությունների ցանկ։

Ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստը տրամադրվում է`

  • տնային (ամբուլատոր) պայմաններում ընտանիքի հիվանդ չափահաս անդամի խնամքի անհրաժեշտության դեպքում` 7 օրացուցային օրից ոչ ավելի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած 2-րդ աշխատանքային օրվանից,
  • տնային (ամբուլատոր) պայմաններում հիվանդ երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 24 օրացուցային օրից ոչ ավելի, իսկ վարակիչ հիվանդությունների պատճառով երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 28 օրացուցային օրից ոչ ավելի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած 2-րդ աշխատանքային օրվանից,
  • հիվանդանոցում (ստացիոնարում) գտնվող հիվանդ երեխայի խնամքն իրականացնելու դեպքում` հիվանդանոցում գտնվելու ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած 2-րդ աշխատանքային օրվանից,
  • մինչև 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման ընթացքում նրա խնամքն իրականացնելու դեպքում` երեխայի առողջարանային բուժման ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած 2-րդ աշխատանքային օրվանից, բայց ուղեգրում նշված ժամանակահատվածից ոչ ավելի: Ընդ որում՝ նպաստ է տրվում տարին 1 անգամ:

Պայմանագրի լուծում և վերջնահաշվարկ

Աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել․

  • եթե աշխատողը աշխատանքային պայմանագրում նշված օրը անհարգելի պատճառով չի ներկայացել աշխատանքի,
  • գործատուի և աշխատողի համաձայնությամբ,
  • գործատուի և աշխատողի նախաձեռնությամբ,
  • եթե լրացել է աշխատանքային պայմանագրի ժամկետը,
  • եթե աշխատողը պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է զորակոչվել,
  • եթե դատարանի օրինական վճռով աշխատողը ենթարկվել է այնպիսի պատասխանատվության, որը թույլ չի տալիս շարունակել աշխատանքը,
  • եթե աշխատողը մինչև 16 տարեկան է, և ծնողներից մեկը, խնամակալը, նրա բժիշկը կամ տեսչական մարմինը պահանջում է աշխատանքային պայմանագրի լուծում,
  • եթե փոփոխվել են աշխատանքային պայմանները,
  • գործատուի մահվան դեպքում (եթե գործատուն ֆիզիկական անձ է),
  • աշխատողի մահվան դեպքում,
  • եթե աշխատողը աշխատանքի ընդունվելիս գործատուին ներկայացրել է կեղծ փաստաթղթեր։

Աշխատանքային պայմանագիրը կողմերի համաձայնությամբ լուծվում է, եթե գործատուն կամ աշխատողը գրավոր ձևով առաջարկում է լուծել աշխատանքային պայմանագիրը։

Իսկ եթե կողմերից մեկը համաձայն է առաջարկին, ապա պետք է 7 օրվա ընթացքում տեղեկացնի այդ մասին առաջարկող կողմին։

Այս դեպքում կնքվում է գրավոր համաձայնագիր, որում նշվում են պայմանագրի լուծման ժամկետը և այլ պայմանները։

Թե՛ գործատուն, թե՛ աշխատողը կարող են լուծել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը։ Այդ մասին կողմերից մեկը պետք է ներկայացնի գրավոր ծանուցում պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն 10 օր առաջ։

Եթե աշխատողը չի ծանուցել գործատուին աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին և պայմանագրով նախատեսված վերջին աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրը չի եկել աշխատանքի, ապա պայմանագիրը համարվում է լուծված, և գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ 5 օրվա ընթացքում:

Աշխատողը կարող է իր նախաձեռնությամբ լուծել աշխատանքային պայմանագիրը։ Նա առնվազն 30 օր առաջ պետք է ծանուցի այդ մասին գործատուին։

Եթե աշխատողը ունի առողջական խնդիրներ, կամ գործատուն չի կատարում աշխատանքային պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները, ապա աշխատողը իրավունք ունի ծանուցումը ներկայացնելու առնվազն 5 օր առաջ։

Գործատուն պարտավոր է աշխատանքային պայմանագիրը լուծելուց առնվազն 2 ամիս առաջ ծանուցել աշխատողին։ Սակայն որոշ դեպքերում ծանուցման ժամկետները փոխվում են հետևյալ կերպ․

  • մինչև 1 տարի աշխատելու դեպքում՝ առնվազն 14 օր առաջ,
  • 1-5 տարի աշխատելու դեպքում՝ 35 օր առաջ,
  • 5-10 տարի աշխատելու դեպքում՝ 42 օր առաջ,
  • 10-15 տարի աշխատելու դեպքում՝ 49 օր առաջ,
  • 15 տարի և ավելի տարի աշխատելու դեպքում՝ 60 օր առաջ։


Ընդ որում՝ ծանուցումն ուշացնելու յուրաքանչյուր օրվա համար գործատուն պարտավոր է աշխատողին վճարել տույժ աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով։

Գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը, եթե․

  • լուծարվել է կազմակերպությունը,
  • կրճատվել է հաստիքը,
  • աշխատողը չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին,
  • աշխատողը վերականգնվել է նախորդ աշխատավայրում,
  • աշխատողը պարբերաբար չի կատարել ներքին կարգապահական կանոնները,
  • գործատուն կորցրել է վստահությունը աշխատողի նկատմամբ,
  • աշխատողի երկարատև անաշխատունակության դեպքում (եթե աշխատողը ավելի քան 120 օր անընդմեջ աշխատանքի չի ներկայացել),
  • աշխատողը ոգելից խմիչքների, թմրամիջոցների ազդեցության տակ է եղել աշխատավայրում,
  • աշխատողը անհարգելի պատճառով մի ամբողջ աշխատանքային օր աշխատանքի չի ներկայացել,
  • աշխատողը հրաժարվել է անցնել պարտադիր բժշկական զննություն,
  • աշխատողը ստացել է կարգապահական առնվազն 2 նկատողություն,
  • աշխատողը ավելի քան 10 աշխատանքային օր անընդմեջ կամ վերջին 3 ամսվա ընթացքում ավելի քան 20 աշխատանքային օր չի կատարել իր աշխատանքային պարտականությունները,
  • լրացել է տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի 63 տարին կամ տարիքային կենաթոշակի իրավունք չունեցող աշխատողի 65 տարին (եթե տվյալ կետը նախատեսված է աշխատանքային պայմանագրով),
  • կացության կարգավիճակը կորցրել է ուժը կամ անվավեր է ճանաչվել (օտարերկրյա քաղաքացու դեպքում)։

Գործատուն իրավունք չունի լուծելու աշխատանքային պայմանագիրը, եթե աշխատողը․

  • ժամանակավոր անաշխատունակության մեջ է,
  • արձակուրդում է,
  • մայրության արձակուրդում է,
  • մինչև 1 տարեկան երեխային խնամքի արձակուրդում է,
  • գործադուլ է անում,
  • պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրված աշխատանք է իրականացնում,
  • չի ներկայացել աշխատանքի արտակարգ դեպքերի կանխարգելման կամ վերացման ժամանակահատվածում (տարերային աղետներ, տեխնոլոգիական վթարներ, համաճարակներ, դժբախտ պատահարներ),
  • չի ներկայացել աշխատանքի, եթե ունի մինչև 12 տարեկան երեխա, և ուսումնական հաստատությունները չպլանավորած արձակուրդ են տրամադրել երեխային,
  • մասնակցում է մարտական գործողությունների։

Վերջնահաշվարկ

Վերջնահաշվարկը աշխատանքի ընթացքում չօգտագործված արձակուրդային օրերի վճարն է, որը տրվում է աշխատողին աշխատանքից դուրս գալուց հետո։

Վերջնահաշվարկ չի կատարվում, եթե աշխատողը նույն գործատուի մոտ փոխադրվում է այլ աշխատանքի։

Առցանց հաշվել վերջնահաշվարկը
Սկսել

Աշխատանք պետական մարմիններում

Պետական թափուր աշխատատեղեր

Պետական ոլորտի թափուր աշխատատեղերում ընդունվել հնարավոր է՝  

  • որպես փորձնակ,
  • ըստ վարկանիշային ցուցակի,
  • մասնակցելով քաղաքացիական ծառայության մրցույթներին (ներքին կամ արտաքին),
  • ժամկետային պայմանագրով, որի ընթացքում կնքվում է կոնկրետ ժամանակահատվածի համար առավելագույնը 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր։

Ընդունվել պետական մարմիններում աշխատանքի որպես փորձնակ

Փորձնակն այն անձն է, որը աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով գործատուի մոտ անցնում է աշխատանքային պրակտիկա։ Փորձնակների աշխատանքը չի վարձատրվում։

  • Մասնավոր կազմակերպություններում փորձնակը գործատուի մոտ աշխատանքի է անցնում մինչև 2 ամիս ժամկետով։
  • ՀՀ պետական մարմիններում անձը կարող է փորձնակի թափուր հաստիք զբաղեցնել առավելագույնը 1 տարի ժամկետով։

Պետական մարմինների փորձնակների ցանկում ընդգրկվելու համար պետք է մասնակցել վարկանիշային թեստավորմանը և հավաքել առնվազն 30 միավոր։

Էլեկտրոնային փոստով դիմել փորձնակի աշխատանքի համար պետական մարմիններում
Սկսել

Ընդգրկվել վարկանիշային ցուցակում

Վարկանիշային ցուցակը քաղաքացիական ծառայության պաշտոնները զբաղեցնելու համար հարցազրույցին մասնակցելու թեկնածուների ցուցակն է:

Վարկանիշային ցուցակը բաղկացած է միայն ոչ ղեկավար պաշտոններից կամ հաստիքներից։

Վերը նշված պաշտոնները զբաղեցնելու համար աշխատանքային ստաժ և բարձրագույն կրթություն չեն պահանջվում։

Վարկանիշային ցուցակում ընդգրկվելու համար պետք է հանձնել ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից մշակված թեստը, հավաքել 40 և ավել միավոր և սպասել աշխատանքի առաջարկի։

Թեստավորման անցկացման մասին նախապես հրապարակվում է հայտարարություն Քաղաքացիական ծառայության գրասենյակի «Վարկանիշային թեստավորում» բաժնում։ 

Վարկանիշային ցուցակի թեստավորմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • դիմում,
  • անձնագիր և/կամ նույնականացման քարտ (նույնականացման քարտը չներկայացնելու դեպքում անհրաժեշտ է կցել ՀԾՀ-ի կամ այն չունենալու վերաբերյալ տեղեկանք),
  • կրթությունը հավաստող փաստաթուղթ (միջնակարգ կրթություն ստացած լինելու դեպքում՝ միջնակարգ կրթությունը հավաստող փաստաթուղթը (ատեստատ), բարձրագույն կրթություն ստացած լինելու դեպքում՝ դիպլոմը կամ դիպլոմները, բուհում սովորելու դեպքում՝ ուսանող լինելու վերաբերյալ տեղեկանք կամ ուսանողական տոմս),
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի բոլոր գրառված էջերի լուսապատճենները կամ կցագրման վկայականը,

  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում),

  • 3x4 չափսի մեկ լուսանկար:

Առցանց գրանցվել վարկանիշային թեստավորմանը քաղծառայողի աշխատանքի համար
Սկսել

Անցնել քաղաքացիական ծառայության

Քաղաքացիական ծառայող է ՀՀ այն քաղաքացին, որը զբաղեցնում է քաղաքացիական ծառայության պաշտոն, կատարում է այդ պաշտոնին հատուկ մասնագիտական գործունեություն կամ գրանցված է քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում։

Քաղծառայողը վարձատրվում է ՀՀ պետական բյուջեից։

Հաստիքի համալրման համար նախ հայտարարվում է ներքին մրցույթ։ Արտաքին մրցույթ անցկացվում է այն դեպքում, եթե՝
  • ներքին մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել,
  • դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել,
  • դիմումում ներկայացված անձանցից ոչ մեկը չի հաղթահարել թեստավորման փուլը,
  • դիմումում ներկայացված անձանցից ոչ մեկը չի հաղթահարել հարցազրույցի փուլը,
  • դիմումում ներկայացված անձանցից ոչ մեկը պաշտոնի նշանակման համար դիմում չի ներկայացրել։

Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները:

Պետական մարմինների թափուր աշխատատեղերի հայտարարությունները առցանց տեղադրվում են՝

Առցանց դիմել քաղաքացիական ծառայողի թափուր պաշտոնի համար
Սկսել

Գործազրկություն և պետական աջակցության ծրագրեր

Աշխատանք կորցնելու դեպքում կարող ես հաշվառվել որպես աշխատանք փնտրող անձ, ստանալ գործազուրկի կարգավիճակ, ինչի հիման վրա հետագայում կարող ես աշխատանք ունենալ։

Տարածքային սոցիալական ծառայության բաժին (տարածված է նաև Սոցապ անվանումը) անհրաժեշտ է ներկայացնել՝

  • դիմում,

  • նույնականացման քարտ կամ անձնագիր,

  • սոցիալական քարտ (նույնականացման քարտի առկայության դեպքում անհրաժեշտ չէ) կամ այն չստանալու մասին տեղեկանք,

  • աշխատանքային գրքույկ, անհրաժեշտության դեպքում ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ,

  • բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմ,

  • զինվորական գրքույկ (տղամարդկանց դեպքում),

  • կացության թուղթ (օտարերկրյա քաղաքացիների դեպքում)։

Support program
Առցանց հաշվառվել որպես աշխատանք փնտրող անձ
Սկսել

Աջակցության ծրագրեր աշխատողների համար

Support program
Ֆիզիկապես դիմել զորացրված գործազուրկ անձանց համար զբաղվածության ծրագրին
Սկսել
Support program
Առցանց դիմել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների զբաղվածության ապահովման ծրագրին
Սկսել
Support program
Ֆիզիկապես դիմել զորացրված գործազուրկ անձանց զբաղվածության ծրագրին
Սկսել

Աջակցության ծրագրեր գործատուների համար

Support program
Առցանց դիմել գործազուրկի կարգավիճակ ունեցող անձանց աշխատանքի ընդունելու դեպքում աջակցություն ստանալու համար
Սկսել
Support program
Առցանց դիմել որպես մշակող արդյունաբերության ոլորտի գործատու աջակցություն ստանալու համար
Սկսել
Support program
Ֆիզիկապես դիմել մասնագետների ներգրավման ծրագրին
Իմանալ ավելին
Was this page useful?