Կյանքի իրադարձություն

Ստանալ կենսաթոշակ

Ուղեցույցում կգտնեք կենսաթոշակի դիմելու և ստանալու վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները։
  • Հայաստանում քաղաքացիները թոշակի անցնում են 63 տարեկանից և ստանում աշխատանքային կենսաթոշակ, եթե ունեն առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ։
  • 10 տարվանից պակաս աշխատանքային ստաժ ունեցողները ստանում են ծերության նպաստ։
  • 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնվածների համար գործում է կուտակային կենսաթոշակային համակարգը, որի դեպքում կենսաթոշակի ֆոնդը ձևավորվում է նաև անձի աշխատավարձից՝ պարտադիր վճարների տեսքով։
  • Յուրաքանչյուր 12 ամիսը մեկ անգամ թոշակառուն կարող է դիմել կենսաթոշակի վերահաշվարկի, եթե ավելացել է աշխատանքային ստաժը։
  • Կենսաթոշակառուն կարող է ստանալ 20% հետվճար (քեշբեք) կենսաթոշակային բանկային քարտից անկանխիկ վճարումներ կատարելու դեպքում, ամսական մինչև 10,000 դրամ:
  • Բացի աշխատանքային կենսաթոշակից՝ ՀՀ-ում գործում են կենսաթոշակի այլ տեսակներ՝ երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու և և այլ դեպքերում։
Աշխատանքային կենսաթոշակի դիմելու քայլերի հաջորդականություն

Ինչպե՞ս դիմել աշխատանքային կենսաթոշակի

  1. Քայլ 1

    Փաստաթղթերի հավաքում

    Նախօրոք պետք է պատրաստեք այն փաստաթղթերը, որոնք պահանջվելու են կենսաթոշակի դիմելու համար։

  2. Քայլ 2

    Կենսաթոշակի դիմում

    Անհրաժեշտ փաստաթղթերով այցելեք միասնական սոցիալական ծառայության ցանկացած բաժին (սոցապ) և դիմեք կենսաթոշակի։

  3. Քայլ 3

    Բանկի ընտրություն

    Ընտրեք բանկը, որի միջոցով ցանկանում եք ստանալ ձեր աշխատանքային կենսաթոշակը։

  4. Քայլ 4

    Կենսաթոշակի ստացում

    Ստացեք կենսաթոշակը անկանխիկ եղանակով։

Աշխատանքային կենսաթոշակի դիմումի, տրամադրման, հաշվարկի պայմաններ

Աշխատանքային կեսնաթոշակ

թոշակի դիմում
Ֆիզիկապես դիմել աշխատանքային կենսաթոշակ ստանալու համար
Սկսել

Ծերության նպաստ

Ֆիզիկապես դիմել ծերության նպաստ ստանալու համար
Սկսել

Կենսաթոշակի նվազագույն չափ

  • ՀՀ-ում նվազագույն կենսաթոշակի չափը 46,000 դրամ է։

  • Աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքը առաջին 10 տարվա համար 950 դրամ է։

  • 10 տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար՝ 500 դրամ։

 

Առցանց հաշվել աշխատանքային կենսաթոշակի չափը
Սկսել

Աշխատանքային կենսաթոշակը օտարերկրյա քաղաքացիների համար

Բացի ՀՀ քաղաքացիներից՝ աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն ՀՀ երկքաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք։

Օտարերկրյա քաղաքացիները կարող են ստանալ կենսաթոշակ կացության քարտ ունենալու դեպքում։

Երկքաղաքացիները կենսաթոշակը ստանում են ՀՀ բնակության վայրի հասցեում հաշվառված լինելու ժամանակահատվածի համար։ Ընդ որում՝ Անկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ) երկրների երկքաղաքացիները աշխատանքային կեսնաթոշակ կարող են ստանալ միայն մեկ երկրից։ 

Աշխատանքային կենսաթոշակը քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ՀՀ քաղաքացիների համար

Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ՀՀ քաղաքացիները նույնպես ունեն կենսաթոշակ ստանալու իրավունք։ 

Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձի կենսաթոշակի դիմումի ներկայացումը իրականացվում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարի միջոցով: Դրա համար անհրաժեշտ է գրավոր դիմում ներկայացնել ղեկավարին, ով դիմումի հիման վրա նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը, ներկայացնում է համապատասխան բաժին, որից հետո պատիժ կրող անձին նշանակվում է կենսաթոշակ։

Բաժինը կազմվել է՝ համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի

Աշխատանքային կենսաթոշակի մերժում, դադարեցում, պահումներ

Որոշ դեպքերում կենսաթոշակառուի դիմումը կարող է մերժվել տարածքային սոցիալական ծառայության կողմից, իսկ որոշ դեպքերում հնարավոր են կենսաթոշակի վճարման դադարեցում և պահումներ։

Բաժինը կազմվել է՝ համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի

Աշխատանքային կենսաթոշակի վերահաշվարկ

Աշխատանքային կենսաթոշակի վերահաշվարկ

Աշխատանքային կենսաթոշակը ենթակա է վերահաշվարկման, եթե՝

  • օրենքով փոփոխվել է հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքը։ Այս դեպքում վերահաշվարկի դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ համակարգը ինքնաշխատ եղանակով կատարում է վերահաշվարկը տվյալ ամսվա 1-ից,
  • կենսաթոշակ նշանակելուց 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներկայացնում է նախորդ տարվա աշխատած ժամանակահատվածը աշխատանքային ստաժում ներառելու դիմում։ Կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է դիմումը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից,
  • կենսաթոշակի գործում հայտնաբերվել է կեղծ փաստաթուղթ, որի արդյունքում նվազում է կենսաթոշակի չափը,
  • կենսաթոշակի գործում հայտնաբերվել է փաստաթուղթ, որը հաշվի առնելու դեպքում ավելանում է կենսաթոշակի չափը։

Ուշադրություն
Նկատի ունեցեք, որ յուրաքանչյուր 12 ամիսը մեկ անգամ կարող եք դիմել կենսաթոշակի վերահաշվարկի, եթե ավելացել է ձեր աշխատանքային ստաժում աշխատած ժամանակահատվածը։

Բաժինը կազմվել է՝ համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի
Առցանց դիմել կենսաթոշակի վերահաշվարկման
Սկսել

Կենսաթոշակի 20% հետվճար (քեշբեք)

Կենսաթոշակի 20% հետվճարը պետական աջակցության ծրագիր է, ըստ որի՝ եթե կենսաթոշակառուն բացառապես ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում ու ծառայություններ մատուցող կազմակերպություններում կատարում է անկանխիկ վճարումներ, ապա ամսական ստանում է առավելագույնը 10,000 դրամ հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 20%-ի չափով:

Ուշադրություն

20% հետվճարը չի գործում, եթե կենսաթոշակառուն՝

  • անկախիկ եղանակով վարկ է վճարում կամ առցանց գնումներ է կատարում,
  • վճարում է կոմունալ ծառայությունների համար (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված և բջջային հեռախոսի մատակարարման)։
Աջակցության ծրագիր
Առցանց դիմել կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկի փոփոխության համար
Սկսել

Կուտակային կենսաթոշակ

  • 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնվածները կենսաթոշակի են անցնելու 63 տարեկանում և ստանալու են կուտակային կենսաթոշակ կենսաթոշակային ֆոնդերից, որոնք ձևավորվում են իրենց պարտադիր վճարների և պետության համաֆինանսավորման հաշվին:
  • Կուտակային կենսաթոշակը՝ աշխատողի սոցիալական վճարների հաշվին կուտակված միջոցներից ձևավորված և ապագայում նրան վճարվող կենսաթոշակն է:
  • Այս վճարումները կուտակվում են անհատական հաշվի վրա և ներդրվում ֆինանսական շուկաներում կապիտալի աճի ապահովման նպատակով:

Այլ կենսաթոշակներ

Բացի աշխատանքային կենսաթոշակից՝ ՀՀ-ում գործում են կենսաթոշակի այլ տեսակներ՝

  • արտոնյալ պայմաններով,
  • երկարամյա ծառայության, 
  • հաշմանդամության, 
  • կերակրողին կորցնելու,
  • մասնակի։

Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ

Արտոնյալ պայմաններով կենսաթոշակը նշանակվում է 63 տարեկանը չլրացած այն անձանց, որոնք ունեցել են առավել ծանր, վտանգավոր և արտոնյալ հնարավորություններով աշխատանք։

Երկարամյա ծառայության կենսաթոշակ

Երկարամյա ծառայության կենսաթոշակը նշանակվում է հատուկ մասնագիտություն ունեցող այն անձանց, որոնք երկար ժամանակ ծառայել են քաղաքացիական ավիացիայում։

Հաշմանդամության կենսաթոշակ

Հաշմանդամության կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին։

Կերակրողին կորցնելու կենսաթոշակ

Կերակրողին կորցնելու կենսաթոշակը նշանակվում է ընտանիքի այն անդամներին, ովքեր գտնվել են մահացած ճանաչված անձի խնամքի տակ։

Մասնակի կենսաթոշակ

Որոշ ոլորտի ներկայացուցիչներ կարող են ստանալ մասնակի կենսաթոշակ։

Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից
Այս էջը օգտակա՞ր էր