Առանց մահվան վկայականի՝ հնարավոր չէ իրականացնել մահվան հետ կապված որևէ գործարք, օրինակ՝ ստանալ թաղման նպաստ, կառավարել հանգուցյալի պարտավորությունները և նույնիսկ կազմակերպել հուղարկավորություն։
ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ի՞նչ է անհրաժեշտ անել հարազատի մահվան դեպքում
Ուղեցույցում ներկայացված է հարազատի կորստի դեպքում անհրաժեշտ բոլոր քայլերի հաջորդականությունը`
- Հարազատի կորստի մասին տեղեկանալուց հետո անհրաժեշտ է պետականորեն գրանցել մահը և ստանալ մահվան վկայականը։
- Պետականորեն գրանցելուց հետո անհրաժեշտ է տեղեկանալ թաղման արարողությունը կազմակերպելու համար անհրաժեշտ գործողությունների մասին և հավաքել թաղման արարողության համար անհրաժեշտ փաստաթղթերը։
- Այնուհետև անհրաժեշտ է ծանոթանալ թաղման նպաստի իրավունք ունեցող անձանց ցանկին և դիմել նպաստը ստանալու համար։
- Այս ամենից հետո կարևոր է կարգավորել իրավաբանական հարցերը՝ կապված հանգուցյալի պարտավորությունների հետ։
Ինչպե՞ս գրանցել հարազատի մահը
Քայլ 1
Զանգահարեք 103
Շտապօգնությունը կհաստատի մահը, կկազմի արձանագրություն՝ նշելով մահվան ժամը և մահացածի տվյալները։
Եթե Ձեր հարազատը մահացել է հիվանդանոցում կամ ծերանոցում, հետագա անելիքների վերաբերյալ գործողությունները կտրամադրվեն հիվանդանոցում կամ ծերանոցում:Քայլ 2
Ստացեք մահվան վկայականը
Մահվան վկայականը անվճար տրամադրվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից (ՔԿԱԳ, տարածված է նաև ռուսերեն անվանումը՝ ЗАГС) դիմումի հիման վրա։
Առանց մահվան վկայականի՝ հնարավոր չէ իրականացնել մահվան հետ կապված որևէ գործարք։Քայլ 3
Կազմակերպեք հուղարկավորությունը
Հանգուցյալի հուղարկավորությունը կազմակերպելու համար կարող եք այցելել թաղման բյուրո, ներկայացնել դիմում և որոշել հանգուցյալի գերեզմանատունը, ինչպես նաև հուղարկավորության օրը և ժամը։
Քայլ 4
Ստացեք թաղման նպաստը
Թաղման նպաստը տրամադրվում է միայն որոշ խմբերի քաղաքացիների համար։ Նպաստը ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայություն։
Մահվան վկայականը
Մահվան վկայականը մահը հավաստող պետական փաստաթուղթ է, որն ունի եզակի համար։ Այն անվճար տրամադրվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից (ՔԿԱԳ, տարածված է նաև ռուսերեն անվանումը՝ ЗАГС) դիմումի հիման վրա։
Մահվան վկայականում նշվում են մահացածի անունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան և մահվան տվյալները։
Ընդ որում ՝ մահացած ծնված երեխայի մահվան պետական գրանցում չի կատարվում:
Մահվան վկայականը տրամադրվում է անվճար քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից (ՔԿԱԳ, տարածված է նաև ռուսերեն անվանումը՝ ЗАГС) դիմումի հիման վրա։
- Մահացածի մարմնի հերձման դեպքում մահվան վկայականը տրվում է մահվան պատճառի մասին անվճար տրված եզրակացության հիման վրա։
- Առանց մահացածի մարմնի հերձման՝ մահվան վկայականը կարող է տրվել մահվան պատճառի մասին եզրակացություն տվող բժշկի տեղեկանքի հիման վրա։
Եթե երեխան ծնվում է մահացած կամ մահանում է կյանքի 4 շաբաթվա ընթացքում, ՔԿԱԳ մարմնին (տարածված է նաև ռուսերեն անվանումը՝ ЗАГС) մահվան մասին տեղյակ պետք է պահի՝
- այն բժշկական կազմակերպության ղեկավարը, որտեղ ընդունվել է ծնունդը, կամ որտեղ երեխան մահացել է,
- բժշկական կազմակերպությունից դուրս ծննդի դեպքում` այն բժշկական կազմակերպության ղեկավարը կամ բժշկը, որը հաստատել է մահացած ծնված երեխայի ծննդի կամ կյանքի 4 շաբաթվա ընթացքում երեխայի մահվան փաստը:
Մահվան պետական գրանցման համար հարկավոր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
-
մահվան վկայականը ստացողի անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը,
-
մահացածի անձնագիրը,
-
մահվան պատճառի մասին եզրակացություն համարը, որը տրվում է բժշկի կամ պաթոլոգիական կենտրոնի (տարածված է նաև Морг անվանումը) կողմից։
Առցանց դիմել մահվան գրանցման և մահվան վկայական ստանալու համար
Սկսել
Ի՞նչ անել մահվան վկայականը կորցնելու դեպքում
Եթե կորցրել եք Ձեր հարազատի մահվան վկայականը, կարող եք դիմել վկայականի կրկնօրինակը ստանալու համար։ Այս ծառայության արժեքը 5,000-7000 դրամ է՝ կախված մահվան վկայականի տրամադրման թվականից և ապոստիլով վավերացման կարիքից։ Որոշ դեպքերում հարազատի մահվան վկայաանը տրամադրվում է անվճար։
Առցանց դիմել մահվան վկայականի կրկնօրինակը ստանալու համար
Սկսել
Հուղարկավորության կազմակերպումը
Հոգեհանգիստները լինում են կրոնական կամ քաղաքացիական։
Կրոնական ավանդույթներին համապատասխան հոգեհանգստի արարողությունը կարող է տեղի ունենալ եկեղեցում։
Քաղաքացիական հոգեհանգիստը անցկացվում է սգո սրահներում։
Այստեղ ներկայացված են Երևանում և մարզերում գործող սգո սրահների հասցեները։
Հանգուցյալի հուղարկավորությունը կազմակերպելու համար կարող եք այցելել «Բնակչության հատուկ սպասարկում» պետական փակ բաժնետիրական ընկերություն (ՊՓԲԸ), որը առավել հայտնի է Թաղման բյուրո անվանմամբ (հասցե՝ Էրեբունի փողոց 6/1)։
Դիմումի համաձայն որոշվում է գերեզմանատունը, ինչպես նաև հուղարկավորության օրը և ժամը։
Ինչպես նաև տեղում կարող եք կատարել ծառայության անհրաժեշտ վճարները։
Նկատի ունեցեք, որ գերեզմանատները աշխատում են առանց հանգստյան օրերի՝ ժամը 9։00-ից 17։00։
Կրոնական ավանդույթներով հոգեհանգիստ կազմակերպելու համար անհրաժեշտ է ընտրել եկեղեցին, որտեղ ցանկանում եք անցկացնել հոգեհանգիստն ու կապ հաստատել տվյալ եկեղեցու հետ հոգեհանգստի բկազմակերպման բոլոր պայմաններին ծանոթանալու համար։
Մահվան վկայականի հիման վրա գրանցում է կատարվում թաղումների և գերեզմանատեղերի գրանցամատյանում, և հուղարկավորության կազմակերպումը ստանձնողին տրամադրվում է գերեզմանի վկայական։
Հանգուցյալի աճյունը հողին հանձնելու համար անվճար տրամադրվում է գերեզմանատեղ՝ 2.5 քառակուսի մետր մակերեսով։
Ընտանեկան գերեզմանի համար անվճար հիմունքներով տրամադրվում է առավելագույնը 12 քառակուսի մետր մակերես։
Այստեղ կգտնեք Երևանի գերեզմանատների ցանկը։
Ֆիզիկապես դիմել գերեզմանատեղի ընտրության և հուղարկավորություն կազմակերպելու համար
Իմանալ ավելին
Ուշադրություն
ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված է, որ հարազատի մահվան դեպքում անձն իրավունք ունի դիմելու չվճարվող արձակուրդի համար։ Արձակուրդը կարող է լինել առավելագույնը 3 աշխատանքային օր։
Թաղման նպաստը
Թաղման նպաստ նշանակվում է՝
- կենսաթոշակառուի մահվան դեպքում,
- հաշմանդամություն ունեցող անձի մահվան դեպքում, եթե հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո 3 ամսվա ընթացքում չի ներկայացել փորձաքննության և այդ ընթացքում մահացել է,
- հաշմանդամ ճանաչված անձի մահվան դեպքում, ով ճանաչվել է հաշմանդամ, բայց չի դիմել նպաստը ստանալու համար և մահացել է հաշմանդամ ճանաչվելու օրվանից հետո 3 ամսվա ընթացքում,
- ծառայությունից ազատված նախկին զինծառայողի մահվան դեպքում, ով հաշմանդամ է և ձեռք է բերել կենսաթոշակի իրավունք, սակայն չի դիմել այն նշանակելու համար ծառայությունից ազատվելուց կամ հաշմանդամ ճանաչվելուց հետո 6 ամսվա ընթացքում:
Ուշադրություն
-
Սոցիալական պաշտպանության հաստատությունում բնակվող նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստ չի վճարվում, եթե հուղարկավորությունը կատարում է այդ հաստատությունը:
-
Նպաստը նշանակելու համար պարտադիր պայման է, որ նպաստառուն մահացած լինի և հուղարկավորությունը կատարված լինի ՀՀ-ում։
Թաղման նպաստը տրամադրում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ համապատասխան դիմումի հիման վրա։
Թաղման նպաստը տրամադրվում է բացառապես հուղարկավորությունը կազմակերպած անձին և միայն մահվան վկայականի առկայության դեպքում:
Թաղման միանվագ նպաստը 200,000 ՀՀ դրամ է։
Թաղման նպաստի դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
-
մահվան վկայական և դրա պատճեն,
-
հաշմանդամության ժամկետը լրացած և վերափորձաքննության չներկայացած անձի մահվան դեպքում բացի վերը նշված փաստաթղթերից ներկայացվում է նաև տեղեկանք մահացած անձի` վերափորձաքննության չներկայանալու մաuին:
Տեղեկանքը տրամադրում է բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնող իրավասու պետական մարմինը։
Աջակցության ծրագիր
Առցանց դիմել թաղման նպաստ ստանալու համար
Սկսել
Աջակցության ծրագիր
Ֆիզիկապես դիմել թաղման նպաստ ստանալու համար
Իմանալ ավելին
Թաղման նպաստի համար կարող եք դիմել հարազատի մահվանից հետո 6 ամսվա ընթացքում։
6 ամսից ուշ դիմելու դեպքում թաղման նպաստի դիմումը մերժվում է։
Թաղման նպաստը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Կտակ, ժառանգություն և հանգուցյալի պարտավորությունների փոխանցում
Ժառանգությունը կարող է փոխանցվել ըստ կտակի կամ ըստ օրենքի։ Եթե անձը մահվանից առաջ չի ներկայացրել կտակ, ապա ժառանգությունն անցնում է ըստ օրենքի ժառանգներին։
Կտակի միջոցով ժառանգատուն իր կամքով իր գույքը փոխանցում է իր ժառանգներին կամ այլ անձանց։
Կտակը կարող է լինել ինչպես տնային պայմաններում գրված, այնպես էլ նոտարի կողմից վավերացված:
Ըստ օրենքի ժառանգները մահացածի հետ ազգակցական կապեր ունեցող անձինք են։
Առաջին հերթի ժառանգներն են՝
- ամուսինը կամ կինը,
- երեխաները,
- ծնողները։
Թոռները կարող են ստանալ ժառանգություն իրենց ծնողի փոխարեն, եթե նրանց ծնողը մահացել է մինչև հանգուցյալի (ժառանգատուի) մահը:
Երկրորդ հերթի ժառանգներն են՝
- եղբայրները,
- քույրերը:
Եղբայրների և քույրերի երեխաները կարող են ստանալ ժառանգություն իրենց ծնողի փոխարեն, եթե նրանց ծնողը մահացել է մինչև հանգուցյալի (ժառանգատուի) մահը:
Երրորդ հերթի ժառանգներն են՝
- տատիկները,
- պապիկները։
Չորրորդ հերթի ժառանգներն են՝
- ծնողների եղբայրները,
- ծնողների քույրերը:
Հանգուցյալի զարմիկները կարող են ստանալ ժառանգություն իրենց ծնողի փոխարեն, եթե նրանց ծնողը մահացել է մինչև հանգուցյալի (ժառանգատուի) մահը:
Ըստ կտակի ժառանգ կարող է լինել յուրաքանչյուր ոք, ում մահացած անձը կորոշի կտակել որևէ գույք։
Այո՛։ Կտակը կարող է դատարանով բողոքարկվել և անվավեր ճանաչվել այն անձի հայցով, ում իրավունքները կամ շահերը խախտվել են այդ կտակով, կամ կտակի հավաստիության հարցում առաջացել են կասկածներ։
Օրինակ՝ կտակով ստացած ժառանգությունը կարող է փոխվել այն դեպքում, երբ հանգուցյալը ունի հաշմանդամ երեխաներ, անգործունակ կամ 60 տարին լրացած ամուսին, ծնողներ և երեխաներ: Այս անձինք «պարտադիր ժառանգներ» են ու անկախ կտակի բովանդակությունից՝ իրավունք ունեն դատարանի որոշմամբ տնօրինելու ժառանգության առնվազն կեսը:
Այո՛։ Ժառանգությունից հրաժարվելու համար ժառանգը պետք է ներկայանա հանգուցյալի (ժառանգատուի) բնակության վերջին վայրի նոտարական գրասենյակ և նոտարին ներկայացնի ժառանգության հրաժարման վերաբերյալ դիմում։
Հրաժարվելով հասանելիք ժառանգությունից՝ ժառանգը այլևս չի կարող հետ ստանալ հրաժարվելու մասին դիմումը նոտարից։
Եթե կտակ չի կազմել, ապա ժառանգության իրավունքը նախևառաջ տարածվում է անձի ամուսնու/կնոջ, երեխաների և ծնողների վրա: Նրանք ունեն ժառանգական գույքը տնօրինելու հավասար իրավունքներ:
Երկրորդ հերթի ժառանգներ են հանգուցյալի հարազատ եղբայրն ու քույրը, նրանց երեխաները՝ ներկայացման սկզբունքով (եթե ծնողները մահացած են), և վերջում միայն ժառանգ կարող են ճանաչվել հանգուցյալի հայրական ու մայրական տատիկը և պապիկը:
Եթե հանգուցյալը ունեցել է վարկային պարտավորություններ, ապա նրա մահից հետո այդ պարտավորությունները փոխանցվում են առաջին հերթի ժառանգներին կամ վարկային պայմանագրում նշված երաշխավորող անձին։
Հարազատի կորստից հետո ժառանգներին չեն փոխանցվում՝
-
ալիմենտային իրավունքները և պարտավորությունները,
-
կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունքը։
Ժառանգությունը պետք է ընդունել կտակի բացման օրվանից 6 ամսվա ընթացքում։ Նշված 6 ամսվա ընթացքում ժառանգները պետք է ներկայանան հանգուցյալ (ժառանգատուի) բնակության վերջին վայրի նոտարական գրասենյակ և նոտարին ներկայացնեն ժառանգության ընդունման վերաբերյալ դիմում:
Եթե կտակը վավերացված է նոտարի կողմից, ապա այն արդեն իսկ հավաստի է համարվում, քանի որ նոտարը մինչև անձի կողմից գրված կտակը հաստատելը ստուգում է կտակը գրողի անձը հաստատող փաստաթուղթը, հավաստիանում է, որ հենց նա է գրել կտակը և վավերացնում է այն։
Այսկերպ նոտարը հավաստում է, որ կտակը գրող անձը գիտակցում է իր քայլերը, իսկ կտակը արժանահավատ է։ (Կտակի փաստաթղթի վերջին տողում անձը ստորագրում է, որ գիտակցում է իր քայերն ու գիտակցաբար է ժառանգությունը փոխանցում կտակում նշված անձանց)
Եթե կտակը վավերացված չի եղել նոտարի կողմից, օրինակ՝ գրվել է տանը կամ վավերացվել է նոտարի կողմից, բայց պարզվել է, որ անձն ունեցել է հոգեկան որևէ խնդիր ու իրականում չի գիտակցել իր քայլերը, ապա այդ պատճառով տուժած անձինք կարող են դիմել դատարան ու պարզել կտակի արժանահավատությունը` բողոքարկելով կտակը դատական կարգով:
Այս էջը օգտակա՞ր էր