ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ինչպե՞ս վաճառել ավտոմեքենան

Այս ուղեցույցի նպատակն է տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն ավտոմեքենայի վաճառքի մանրամասների վերաբերյալ։ Այստեղ ներկայացված են ավտոմեքենան վաճառելու հերթական քայլերը՝ վաճառքի հայտարարությունից մինչև հաշվառում և սեփականության իրավունքի գրանցում։ 

Քայլերի հաջորդականությունը

  1. Քայլ 1

    Պայմանավորվածություն գնորդի հետ

    Նախ անհրաժեշտ է համաձայնության գալ գնորդի հետ՝ որոշել ավտոմեքենայի վաճառքի գինը, վճարման կարգը և այլ մանրամասներ։

  2. Քայլ 2

    Այցելություն հաշվառման-քննական ստորաբաժանում

    Ցանկության դեպքում հաշվառման ստորաբաժանումում (ՀՔԲ կամ ГАИ) հնարավոր է կնքել ավտոմեքենայի առքուվաճառքի պայմանագիր։ Այս փուլում անհրաժեշտ է նաև գնորդի հետ համաձայնեցնել, թե ով է կատարելու պետական վճարները։

  3. Քայլ 3

    Ավտոմեքենայի հաշվառում և սեփականության իրավունքի փոխանցում

    Ավտոմեքենայի վաճառքի գործարքը կատարելու համար անհրաժեշտ է ամրագրել այց հաշվառման-քննական ստորաբաժանումում (ՀՔԲ կամ ГАИ) և նշված օրն անհրաժեշտ փաստաթղթերով ներկայանալ։

Ավտոմեքենայի վաճառքի առաջին քայլերը

Ավտոմեքենան վաճառելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել շուկան, հասկանալ տվյալ մոդելի վաճառքի օպտիմալ գինը և տեղադրել վաճառքի հայտարարություն։

Ավտոմեքենայի գինը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ գործոնները՝

  • նմանատիպ մոդելի և տարեթվի ավտոմեքենաների գները շուկայում,
  • ավտոմեքենայի տեխնիկական վիճակը և անցած կիլոմետրաժը,
  • լրացուցիչ հարմարանքներն ու աքսեսուարները։

Ավտոմեքենայի վաճառքի համար առցանց հարթակները բավականին շատ են։ Բացի առցանց հարթակներից՝ գործում են նաև ավտոշուկաներ։

Անհրաժեշտ է ընտրել հարմար հարթակներից մեկը և տեղադրել վաճառքի հայտարարությունը՝ նշելով ավտոմեքենայի նկարագրությունը և տեղադրելով ավտոմեքենայի որակյալ լուսանկարներ։

Վաճառքի հայտարությունից հետո գնորդի հետ անհրաժեշտ է բանակցել և քննարկել ավտոմեքենայի վաճառքի մանրամասները։ Օրինակ՝ ինչ տարբերակով է գնորդը վճարելու՝

  • կանխիկ եղանակով՝ գումարը վճարվում է ամբողջությամբ դրամով,
  • բանկային փոխանցմամբ՝ գումարը փոխանցվում է բանկային հաշվեհամարին,
  • մաս-մաս՝ երբ գնորդը ավտոմեքենայի դիմաց վճարում է ոչ ամբողջությամբ՝ վաճառողի և գնորդի պայմանավորվածության հիման վրա։

Ավտոմեքենայի հաշվառումը և սեփականության իրավունքի փոխանցումը

Ավտոմեքենան վաճառելիս հարց է առաջանում՝ արդյոք անհրաժեշտ է գնորդի հետ վաճառքի պայմանագիր կնքել․ սովորաբար դա օրենքով չի պահանջվում։

Պայմանագիր չկնքելը, իհարկե, կրճատում է վաճառքի գործընթացը, սակայն 2 կողմերի իրավունքները պաշտպանելու և ապագայում հնարավոր վեճերը կանխելու համար խորհուրդ է տրվում կնքել պայմանագիր։

Պայմանագիրը հնարավոր է կնքել հաշվառման-քննական ստորաբաժանումում (ՀՔԲ կամ ГАИ), իսկ դրա ձևը տրամադրվում է համապատասխան գործարքն իրականացնող աշխատակցի կողմից։

Առցանց հերթագրվել ավտոմեքենայի հաշվառմանը
Սկսել

Ավտոմեքենան վաճառողը կամ նրա լիազորած անձը պետք է ներկայացնի՝

  • անձը հաստատող փաստաթուղթ,

  • ավտոմեքենայի ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, եթե դրա սեփականության իրավունքը Ճանապարհային ոստիկանությունում գրանցված չէ,

  • ավտոմեքենայի հաշվառման վկայագիրը (տեխնիկական անձնագիր),

  • ավտոմեքենայի հաշվառման համարանիշերը,

  • փաստաթղթերը լիազորված անձի կողմից ներկայացվելու դեպքում՝ նոտարի կողմից հաստատված լիազորագիր։

ԱՎաճառողը կամ նրա լիազորած անձը պետք է ներկայացնի՝

  • Անձը հաստատող փաստաթուղթ,

  • ավտոմեքենայի ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, եթե դրա սեփականության իրավունքը Ճանապարհային ոստիկանությունում գրանցված չէ,

  • ավտոմեքենայի հաշվառման վկայագիրը (տեխնիկական անձնագիր),

  • ավտոմեքենայի հաշվառման համարանիշները,

  • օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր,

  • փաստաթղթերը լիազորված անձի կողմից ներկայացվելու դեպքում՝ նոտարի կողմից հաստատված լիազորագիր։

Եթե փոփոխվել են սեփականատիրոջ անունը, ազգանունը կամ հայրանունը (իրավաբանական անձի դեպքում՝ կազմակերպության անվանումը), ապա անհրաժեշտ է ներկայացնել այդ տվյալների փոփոխությունը հավաստող փաստաթուղթ։

Եթե առանց տեխնիկական միջոցների հնարավոր չէ պարզել տրանսպորտային միջոցի համարակիր մասերի  (VIN code ունեցող մասեր, ինչպես նաև համարակալված այլ հանգույցներ ու ագրեգատներ, օրինակ՝ փոխանցման տուփ, ամրաշրջանակ և այլն) համարները, ապա անհրաժեշտ է ներկայացնել այդ մասին տեղեկանք՝ տրված ավտոմեքենան արտադրող գործարանի ներկայացուցչության կամ ավտոմեքենաների տեխնիկական զննություն անցկացնող կազմակերպության կողմից։

Եթե վաճառողը որպես ֆիզիկական անձ գրանցել է ավտոմեքենայի սեփականության իրավունքը և դրանից հետո 365 օրվա ընթացքում այն օտարում է այլ ֆիզիկական անձի, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև սեփականության իրավունքի դադարումը գրանցելու համար սահմանված պետական տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթ։

Պահանջվող պետական վճարները

Ավտոմեքենան վաճառելիս անհրաժեշտ կլինի հաշվառման-քննական բաժանմունքում (ՀՔԲ կամ ГАИ) մի քանի վճարում կատարել՝ կապված հաշվառման, համարանիշերի ձեռքբերման և գույքահարկի պարտավորությունների հետ։

Ավտոմեքենայի վաճառքի դեպքում հիմնական վճարումներն են․

  • սեփականության իրավունքի փոխանցման պետական վճար՝ 5,000 դրամ 900013150033 հաշվեհամարին,
  • տեխնիկական անձնագրի համար պետական վճար՝ 6,000 դրամ 900005016135 հաշվեհամարին,
  • համարանիշերի համար՝ 12,000 դրամ 900005016127 հաշվեհամարին:

 

Սովորաբար գնորդն է վճարում տեխնիկական վկայականի վերաձևակերպման համար, քանի որ նա է դառնում ավտոմեքենայի նոր սեփականատերը։ Սակայն ըստ պայմանավորվածության՝ այդ վճարումները կարող է կատարել նաև վաճառողը։ 

Եթե կան չվճարված գույքահարկի հետ կապված պարտավորություններ, ապա ավտոմեքենայի վաճառքը իրականացնելիս աշխատակիցը համակարգի միջոցով կստուգի և կտեղեկացնի այդ մասին։

Չվճարված մնացորդի առկայության դեպքում գույքահարկը հնարավոր է վճարել տեղում։

Առցանց վճարել գույքահարկը
Սկսել

Համարանիշի պահպանումը կամ հանձնումը

Եթե գնորդը ցանկանում է ստանալ նոր համարանիշեր, ապա ավտոմեքենա վաճառելիս անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

  • վաճառողը պետք է դիմի հաշվառման-քննական ստորաբաժանման համարանիշերի բաժին և վավերացնի ավտոմեքենայի սեփականության փոխանցման փաստը,
  • գնորդը պետք է նույն բաժին ներկայացնի անձնագիր, տեխնիկական անձնագիր և վճարի նոր համարանիշները ձեռք բերելու համապատասխան վճարը (հերթական համարանիշ ստանալու դեպքում՝ 12,000 դրամ)։

Իսկ եթե գնորդը ցանկանում է պահպանել վաճառվող մեքենայի վրա տեղադրված նույն համարանիշերը, ապա նա պետք է միայն վճարի համարանիշերը ձեռք բերելու համապատասխան վճարը և վերագրանցի դրանք անունով:

Ընդ որում՝ ավտոմեքենայի վաճառքից հետո վաճառողը պարտավոր է ապահովագրական ընկերությանը տեղեկացնել ավտոմեքենայի սեփականության փոխանցման մասին՝ ապահովագրական պատասխանատվությունը դադարեցնելու համար:

Այս էջը օգտակա՞ր էր