ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ուղեցույց

Ինչպե՞ս գրանցվել բնակության վայրում

Բնակության վայրում գրանցվելիս (hաշվառվելիս) անձի բնակության վայրի մասին տվյալները գրանցվում են բնակչության պետական ռեգիստրում, ինչի շնորհիվ նա կարող է մասնակցել ընտրությունների, ազատ տեղաշարժվել կամ փոխել բնակության վայրը, օգտվել մասնավոր ու պետական բազմաթիվ ծառայություններից։ 

Այս ուղեցույցում ներկայացված է տեղեկատվություն որևէ տարածքում գրանցման համար դիմելու գործընթացի, ներկայացվող փաստաթղթերի և գործընթացի այլ առանձնահատկությունների վերաբերյալ։

Երևանում գրանցվելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ նախընտրելի անձնագրային բաժանմունք՝ նախապես այց ամրագրելով։ Մարզերում հերթագրման համակարգ դեռևս ներդրված չէ․ անհրաժեշտ է ներկայանալ ֆիզիկապես՝ առանց նախապես այց ամրագրելու։

Առցանց ամրագրել այց բնակության վայրում գրանցվելու համար
Սկսել
Գրանցումը բնակության վայրում

Գրանցումը սեփականության իրավունքի կամ վարձակալության պայմանագրի հիման վրա

Բնակության վայրում գրանցվելու համար անձը պետք է դիմի անձնագրային բաժանմունք՝ տրամադրելով իր բնակության վայրի հասցեն և ներկայացնելով իր բնակվելու իրավունքը հավաստող փաստաթուղթ:

Բնակության իրավունքը հավաստող փաստաթղթերն են՝

  • բնակարանի սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայական,
  • վարձակալության պայմանագիր՝ նոտարական հաստատմամբ,
  • սեփականատիրոջ համաձայնությունը՝ առանց վարձակալության պայմանագրի,
  • դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ,
  • ոստիկանության կողմից տրված փաստացի բնակվելը հավաստող փաստաթուղթ (քանի դեռ բնակելի տարածության սեփականատիրոջ կողմից հաշվառման վերաբերյալ գրավոր առարկություն չի ստացվել),
  • զինապարտների դեպքում՝ զինվորական գրքույկ կամ կցագրման վկայական,
  • օրդեր,
  • պայմանագիր։

ՀՀ քաղաքացի լինելու դեպքում՝ 

  • անձնագիր,
  • բնակարանի սեփականության իրավունքի վկայական,
  • ՀՀ արական սեռի զինապարտ քաղաքացիները ներկայացնում են նաև կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ։


Օտարերկրյա քաղաքացի լինելու դեպքում՝

  • անձնագիր՝ նոտարական հաստատմամբ հայերեն թարգմանությամբ,
  • բնակարանի սեփականության իրավունքի վկայական։ 

Անկախ քաղաքացիությունից՝ տվյալ տարածքում բնակվող անձինք գրանցվելու համար պետք է ներկայացնեն՝

  • անձնագիր (այլ երկրի անձնագրի դեպքում՝ նաև դրա նոտարական վավերացմամբ հայերեն թարգմանությունը),
  • սեփականատիրոջ անձնագրի պատճենը (այլ երկրի անձնագրի դեպքում՝ նաև դրա նոտարական վավերացմամբ հայերեն թարգմանությունը),
  • բնակելի տարածքի վարձակալության պայմանագիրը՝ նոտարական վավերացմամբ, ընդ որում՝ այն ներկայացնելու դեպքում բնակարանի սեփականատերը կարող է չներկայանալ,
  • արական սեռի ՀՀ զինապարտ քաղաքացիներ լինելու դեպքում՝ նաև կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ։

Անկախ քաղաքացիությունից՝ տվյալ տարածքում բնակվող անձինք գրանցվելու համար պետք է ներկայանան այդ բնակելի տարածքի սեփականատիրոջ հետ՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

  • իրենց և սեփականատիրոջ անձնագրերը (այլ երկրի անձնագրի դեպքում՝ նաև նոտարական վավերացմամբ հայերեն թարգմանությունը),
  • բնակարանի սեփականության իրավունքի վկայականը, բնակարանի սեփականատիրոջ համաձայնությունը (համաձայնության ձևը հնարավոր է ներբեռնել այստեղ),
  • սեփականատիրոջ բացակայության դեպքում՝ նրա կողմից տրված համաձայնությունը նոտարական հաստատմամբ,
  • այլ սեփականատերերի առկայության դեպքում՝ նրանց տված գրավոր համաձայնությունը։ 
Գրանցումը փաստացի բնակվելու (գտնվելու) վայրում

Գրանցումն առանց սեփականության իրավունքի կամ վարձակալության պայմանագրի

Քաղաքացին գրանցվում է փաստացի բնակության վայրում, եթե չունի տվյալ հասցեում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթուղթ։

Անկախ քաղաքացիությունից՝ անձը պետք է դիմի ոստիկանության տարածքային բաժին փաստացի ստուգում կատարելու խնդրանքով։ 5 աշխատանքային օրվա ընթացքում ոստիկանության ներկայացուցիչը կայցելի նշված հասցե՝ հաստատելու անձի բնակվելու փաստը և կտրամադրի անձի փաստացի բնակությունը հավաստող տեղեկանք։

Դրա հիման վրա դիմողը հրավիրվում է անձնագրային բաժին, որտեղ նրա անձնագրում նշում են կատարում այդ հասցեում փաստացի բնակվելու վերաբերյալ։

Այն դեպքում, երբ նախապես հայտնի է բնակելի տարածքի սեփականատիրոջ առարկությունը այդ հասցեում տվյալ անձին գրանցելու վերաբերյալ, կամ անձը բնակվում է այնպիսի տարածքում, որը բնակելի չի համարվում,  անձնագրային բաժնում նշում են կատարում նրա փաստացի բնակվելու (գտնվելու) վայրի մասին։

Անձի փաստացի բնակվելու փաստը հերքվելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում գրանցող մարմինը գրավոր եղանակով մերժում է նրան:

Երեխաների գրանցումը հասցեում

Գրանցումը մինչև անձի 16 տարին լրանալը

Երեխան, որը ծնվում է ՀՀ-ում, համարվում է այն վայրի բնակիչ, որտեղ գրանցված են նրա ծնողները (ծնողը):

Եթե երեխայի ծնողները գրանցված են տարբեր վայրերում, ապա ծնողները երեխայի ծննդյան օրվանից հետո 7-օրյա ժամկետում համատեղ դիմում են ներկայացնում նրանցից որևէ մեկի մշտական բնակության վայրում երեխային հաշվառելու համար, որի համար ներկայացնում են․ 

  • ծնողների անձնագրերը, 
  • երեխայի ծննդյան վկայականը,
  • տվյալ բնակելի տարածքում ծնողների գրանցված լինելը կամ բնակության իրավունք ունենալը հավաստող փաստաթուղթ։ 

Մինչև 16 տարեկան անձանց դեպքում երեխային գրանցելու դիմումը ստորագրում է նրա ծնողը (որդեգրողը) կամ օրինական ներկայացուցիչը (խնամակալը, հոգաբարձուն):

Խնամակալական կազմակերպության խնամքի ներքո գտնվող` մինչև 16 տարեկան քաղաքացու դիմումը ստորագրում է խնամակալական կազմակերպության տնօրենը կամ նրա կողմից լիազորված անձը:

Այլ դեպքեր

Գրանցման դիմումի ներկայացումը, փոփոխությունը կամ մերժումը

Անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու դիմումը ստորագրում է նրա խնամակալը կամ հոգաբարձուն:

Այն անձը, որը ՀՀ քաղաքացի է, սակայն Հայաստանում մշտական բնակության վայր չունի և մշտապես կամ առավելապես բնակվում է այլ պետությունում, ՀՀ անձնագիր ստանալիս գրանցվում է տվյալ պետությունում իր բնակության վայրի հասցեով:

Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ, փախստականի կարգավիճակ, ժամանակավոր կամ քաղաքական ապաստան ստացած անձը պետք է դիմի հաշվառվելու՝ համապատասխան կարգավիճակը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում:

Ո՛չ․ բնակության վայրի հասցեում փոփոխություն լինելու դեպքում (բնակարանի կամ տան համարի փոփոխություն, փողոցի, թաղամասի, համայնքի, բնակավայրի անվանափոխում և այլն) ՀՀ բնակիչը հաշվառման մասին նոր դիմում չի ներկայացնում:

Գրանցման դիմումը կարող է մերժվել, եթե համաձայնություն չեն ներկայացրել՝

  • բնակելի տարածքի սեփականատերը,
  • պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բնակելի ֆոնդի տներում բնակվելու դեպքում՝ վարձակալներն ու նրանց հետ համատեղ բնակելի մակերեսի իրավունք ունեցող չափահաս անձինք,
  • մեկուսացված բնակելի տարածության սեփականատերը, եթե այդ տարածությունը զբաղեցնող վարձակալի տարածքում այլ քաղաքացիներ են բնակվում (բացառությամբ այն դեպքերի, երբ անչափահաս երեխաները բնակվում են ծնողների մոտ, կամ ամուսինները կամ անաշխատունակ ծնողները բնակվում են երեխաների մոտ),
  • խնամակալի զբաղեցրած բնակելի տարածությունում բնակվելիս` խնամակալը կամ հոգաբարձուն:

Հղում օրենսդրությանը՝

  • ՀՀ կառավարության՝ 14․07․2005 թվականի N 1231-Ն որոշումը «Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին»
  • «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք
Ուղեցույցը պատրաստվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կողմից
Այս էջը օգտակա՞ր էր