BETA

This site is new, your feedback will help us improve it.

Guide

Owning a car

From getting a licence through to passing your test & buying, importing or registering a  car.

Քայլերի հաջորդականությունը

Ինչպե՞ս ձեռք բերել և վարել ավտոմեքենա Հայաստանում

  1. Քայլ 1

    Ստացիր վարորդական իրավունք

    Վարորդական վկայականի (իրավունքի) ձեռքբերման համար դու պետք է հանձնես որակավորման քննություններ

  2. Քայլ 2

    Ընտրիր ու գնիր ավտոմեքենա

    Ավտոմեքենան կարող ես ընտրել ինչպես արտասահմանից, այնպես էլ Հայաստանից՝ այցելելով համապատասխան առցանց հարթակներ կամ ավտոշուկաներ։

  3. Քայլ 3

    Մաքսազերծիր ավտոմեքենան

    Արտասահմանից ներմուծելու դեպքում ավտոմեքենան անհրաժեշտ է մաքսազերծել։

  4. Քայլ 4

    Հաշվառիր ավտոմեքենան

    Ավտոմեքենան անհրաժեշտ է հաշվառել հաշվառման քննական նախընտրելի ստորաբաժանումում։

  5. Քայլ 5

    Ապահովագրիր ավտոմեքենան

    ՀՀ ճանապարհներով երթևեկելու համար ավտոմեքենան պետք է լինի ապահովագրված, հակառակ դեպքում կտուգանվես 100,000 դրամի չափով։

Վարորդական իրավունքի ստացում

Վարորդական վկայական ստանալու համար դու պետք է 2 փուլով որակավորման քննություններ հանձնես՝

  • տեսական քննություն՝ տեսական գիտելիքների ստուգում,
  • գործնական քննություն` գործնական վարման հմտությունների և վարքագծի ստուգում։
Ինչպե՞ս արտասահմանից ներմուծել ավտոմեքենա

Ավտոմեքենայի մաքսազերծում

Ավտոմեքենա կարող ես գնել ինչպես ՀՀ շուկայից, այնպես էլ արտասահմանից։ Այն արտասահմանից ներմուծելիս գործողություններդ կատարիր հետևյալ հաջորդական քայլերով․

  1. Քայլ 1

    Շուկայի ուսումնասիրություն

    Արտասահմանյան առցանց հարթակներում ուսումնասիրիր ավտոմեքենաների տարբեր մակնիշները, գտիր քեզ լավագույնս համապատասխանող տարբերակները։

  2. Քայլ 2

    Բյուջեի սահմանում

    Շուկայի մասին մոտավոր պատկերացում կազմելուց հետո պլանավորիր բյուջեն, որը պետք է ներառի ինչպես ավտոմեքենայի գնման գինը, այնպես էլ դրա տեղափոխման, մաքսազերծման և հաշվառման հետ կապված ծախսերը։ Հաջորդական քայլերը ներկայացված են այս ուղեցույցում։

  3. Քայլ 3

    Ավտոմեքենայի ընտրություն և գնում

    Ինքնուրույն կամ բրոքերային ընկերությունների օգնությամբ ընտրիր ավտոմեքենան, վաճառողի հետ հստակեցրու վերջնական գինը, վճարման կարգը և կատարիր փոխանցումը։

  4. Քայլ 4

    Ավտոմեքենայի ներմուծում և հայտարարագրում

    Ծանոթացիր օրենսդրությանը և այս ուղեցույցին՝ ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն փաստաթղթերը ներկայացնելու, ավտոմեքենան մաքսազերծելու և սահմանված վճարումները կատարելու նպատակով։

Մաքսազերծման քարտեզ

Ավտոմեքենայի ներմուծումը Հայաստան իրականացվում է թե՛ օդային, թե՛ ցամաքային, և թե՛ ծովային եղանակներով։ Ծովային ճանապարհով փոխադրվելիս ավտոմեքենան նախ հասնում է հարևան երկրներ, որտեղից էլ բեռնափոխադրող մեքենաներն այն հասցնում են Հայաստան։

Կարևոր է ճիշտ ընտրել բեռնափոխադրող ընկերությունը, քանի որ նրան բավականին արժեքավոր ապրանք ես վստահելու։ Ընտրությունը կատարելիս ուշադրություն դարձրու` արդյոք բեռնատարի թափքը բավարար վիճակում է, որպեսզի կարողանա անվնաս կերպով քեզ հասցնել քո ավտոմեքենան, արդյոք բեռնափոխադրողը բավականաչափ ամուր է տեղավորում մեքենան թափքի վրա և հուսալի ընթացք կապահովի ամբողջ ճանապարհին։ 

Հասնելով Հայաստան՝ ներմուծվող մեքենաները մաքսազերծվում են Հյուսիսային մաքսատուն-վարչությունում, որը գտնվում է Գյումրիում։

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները (օրինակ՝ Հայաստանը և Ռուսաստանը) ունեն միասնական մաքսային տարածք, որտեղ գործում են միասնական մաքսային կանոններ։ ԵԱՏՄ անդամ երկրների միջև մեքենա տեղափոխելիս մաքսատուրք չի գանձվում։

Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Ղրղզստանից Հայաստան տրանսպորտային միջոց ներմուծելիս այն մաքսազերծելու համար ֆիզիկական անձինք վճարում են միայն բնապահպանական տուրք և ԱԱՀ։

Բոլոր հարկերի և տուրքերի մասին անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացված է այս ուղեցույցում։

Այն երկրներում, որոնք ԵԱՏՄ անդամ չեն, գործում են մեքենայի մաքսազերծման այլ պայմաններ։

Օրինակ՝ Վրաստանից տրանսպորտային միջոց ներմուծելու համար անհրաժեշտ է վճարել ԵԱՏՄ կողմից երրորդ երկրների համար սահմանված մաքսատուրքերը։

Մաքսազերծման փուլերը

Ավտոմեքենայի մաքսազերծումը բաղկացած է 6 փուլից՝

  • մուտք մաքսային հսկողության տարածք,

  • նախնական զննում մաքսային տեսուչի կողմից,

  • ձևակերպում,

  • վճարում,

  • գանձումների համակարգում,

  • բացթողում։

Ավտոմեքենայի մաքսազերծումը կատարվում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց դեպքում։ Այս ուղեցույցում կարող ես գտնել ավտոմեքենայի մաքսազերծման գործընթացի նկարագրությունը թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց համար։

Մուտք, զննություն, ձևակերպում

Ավտոմեքենայի մաքսազերծումը ֆիզիկական անձանց դեպքում

Ավտոմեքենան մուտք է գործում մաքսային տարածք ինչպես բեռափոխադրող ընկերությունների բեռանատարների միջոցով, այնպես էլ ինքնաշարժ եղանակով:

Մաքսային տարածք մուտք գործելուց հետո մաքսային տեսուչը լրացնում է տարանցման հայտարարագիրը, որում նշվում են ավտոմեքենայի և փոխադրողի տվյալները։

Ավտոմեքենայի տարանցման հայտարարագիրը լրացնելուց հետո մաքսային տեսուչը կատարում է տրանսպորտային միջոցի նախնական զննում և լրացված հայտարարագիրը հանձնում է քեզ։


Այս գործընթացի ընթացքում տեղի է ունենում ներկրված տրանսպորտայի միջոցի նույնականացման կոդի (VIN) ստուգում։

Ձևակերպումը կատարվում է մաքսային ծառայողի կողմից։ Տրանսպորտային միջոց ներկրողը, տեղում վերցնելով հերթի կտրոն կամ նախապես ամրագրելով այց, անհրաժեշտ փաստաթղթերով ներկայանում է մաքսային ծառայողին, որը լրացնում է ուղևորային հատարարագիր և մաքսային մուտքի օրդեր (ՄՄՕ)։

Առցանց ամրագրել այց ավտոմեքենայի մաքսազերծումը ձևակերպելու համար
Սկսել

Մաքսային ծառայողին պետք է ներկայացնես հետևյալ փաստաթղթերը․

  • անձը հաստատող փաստաթուղթ,

  • տարանցման հայտարարագիր, որը կլրացվի և քեզ կտրամադրվի մաքսային տեսուչի կողմից, երբ տրանսպորտային միջոցը մուտք գործի մաքսային հսկողության տարածք,

  • ավտոմեքենայի ձեռբերման հաշիվ-ապրանքագիր,

  • ապրանքատրանսպորտային բեռնագիր, որը լրացնելու ես մաքսային մարմնում, եթե ավտոմեքենան մուտք է գործել ՀՀ տարածք բեռանփոխադրող ընկերությունների կամ քարշակի միջոցով։ Եթե ավտոմեքենան մուտք է գործել ՀՀ մաքսային սահման ինքնաշարժ եղանակով, ապա ապրանքատրանսպորտային բեռնագիր ներկայացնելու կարիք չկա։

Առցանց հաշվել ավտոմեքենայի մաքսային վճարը
Սկսել

Ի՞նչ փաստաթղթեր են լրացվում ավտոմեքենայի մաքսազերծումը ձևակերպելու համար

  • Ուղևորային հայտարարագիր

Ուղևորային հայտարարագրում լրացվում են տրանսպորտային միջոցի տվյալները՝ տարեթիվ, մակնիշ, առք ու վաճառքը հավաստող անդորրագրեր։ Եթե մեքենան ձեռք է բերվել աճուրդի միջոցով, ապա պետք է ներկայացնես նաև աճուրդի մասնակցության տվյալները, օրինակ՝ աճուրդի կայքից գնված ավտոմեքենայի լուսանկարները, որոնք պետք է ներկայացնես տպված տարբերակով։ 

  • Մաքսային մուտքի օրդեր (ՄՄՕ)

Մաքսային մուտքի օրդերը տրանսպորտային միջոցի ձևակերպման ֆինանսական մասն է։ Այս գործընթացում մաքսային ծառայողը հաշվարկում է մաքսային վճարները, որոնց չափերը կախված են ավտոմեքենայի արտադրման տարեթվից, շարժիչի ծավալից։

Վճարման փուլ

Ի՞նչ վճարումներ են կատարվում ավտոմեքենան մաքսազերծելիս

Մաքսային ծառայողը մաքսային մուտքի օրդերը լրացնելուց հետո քեզ կտեղեկացնի, թե որքան է ավտոտրանսպորտային միջոցի մաքսավճարների չափը։ Կփոխանցի քեզ մաքսային մուտքի օրդերը, ինչից հետո կարող ես մոտենալ մաքսատան տարածքում գործող բանկ և կատարել անհրաժեշտ վճարումները։

Մասնավորապես․  

Մաքսային հարկը պարտադիր վճար է, որի չափը կախված է ներմուծված ավտոմեքենայի գնից, արտադրման տարեթվից, շարժիչի հզորությունից և այլ հատկանիշներից։

Եթե մեքենան Հայաստանի տարածք է ներմուծվել ԵԱՏՄ անդամ երկրներից, ապա մաքսային հարկ վճարելու կարիք չկա։ 

ԵԱՏՄ անդամ պետություններն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

Սա պետական բյուջե վճարվող հարկ է, որն ուղղված է շրջակա միջավայրի պահպանմանը, քանի որ մեքենան շրջակա միջավայրի աղտոտման աղբյուր է։

Բնապահպանական հարկի չափը կախված է ավտոմեքենայի գնից, արտադրման տարեթվից, շարժիչի հզորությունից և այլ հատկանիշներից։

Ուշադրություն
2020 թվականից հետո արտադրված ավտոմեքենաների համար բնապահպանական հարկ չի վճարվում։

Ավտոմեքենա ներմուծելիս վճարվում է նաև ԱԱՀ, որի չափը կախված է ավտոմեքենայի գնից, արտադրման տարեթվից, շարժիչի հզորությունից և այլ հատկանիշներից։

Վճարելու ես նաև պետական տուրքեր, որոնց չափը կհաշվարկի մաքսային տեսուչը։

Գանձումների համակարգում

Բանկում անհրաժեշտ վճարումները կատարելուց և վճարման անդորրագրերը ստանալուց հետո պետք է դրանք ներկայացնես գանձումների համակարգման բաժին, որտեղ կստուգեն՝ արդյոք վճարումները ճիշտ են կատարվել և պատշաճ կերպով փոխանցվել են ճիշտ հաշվեհամարներին։

Ավտոմեքենայի բացթողում

Գանձումների համակարգում վճարումների ստուգումից հետո պետք է տեղում հերթի կտրոն վերցնես կամ առցանց այց ամրագրես և վճարման անդորրագրերով ներկայանաս ավտոմեքենայի բացթողման գործընթացն իրականացնող տեսուչի մոտ, որն էլ իր հերթին կատարված անհրաժեշտ գործարքները ստուգելուց հետո կտրամադրի ավտոմեքենայի ժամանակավոր համարանիշ, եթե ավտոմեքենայի հաշվառումը կատարելու ես ավելի ուշ։ 

Նկատի ունեցիր, որ տրված համարանիշը ունի 15-օրյա ժամկետ, և սահմանված ժամկետներում ավտոմեքենայի հաշվառումը չկատարելու դեպքում կտուգանվես 20,000 ՀՀ դրամով։

Այս գործողությունները կատարելուց հետո կարող ես մոտենալ տրանսպորտային միջոցների հատուկ ավտոկայանատեղի, որտեղ կայանված է քո ավտոմեքենան։

Առցանց ամրագրել այց ավտոմեքենայի բացթողման համար
Սկսել

Ավտոմեքենայի մաքսազերծումը իրավաբանական անձանց դեպքում

Իրավաբանական անձը անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է նախապես՝ առցանց եղանակով։ Այնուհետև, երբ տրանսպորտային միջոցը հասնում է Հայաստան, ներկրող կողմը ներկայանում է մաքսատուն հետագա գործարքներն իրականացնելու համար։

Անհրաժեշտ փաստաթղթերն են՝

  • անձնագիր,

  • ապրանքների հայտարարագիր, որում լրացվում են տրանսպորտային միջոցի տվյալները՝ տարեթիվ, մակնիշ, առք ու վաճառքը հավաստող անդորրագրեր,

  • աճուրդի մասնակցությունը հաստատող փաստաթղթեր, եթե մեքենան ձեռք է բերվել աճուրդով,

  • ավտոմեքենայի ձեռբերման հաշիվ-ապրանքագիր, 

  • ապրանքատրանսպորտային բեռնագիր, եթե ավտոմեքենան մուտք է գործելու ՀՀ տարածք բեռանփոխադրող ընկերությունների կամ քարշակի միջոցով, 

  • մաքսային մուտքի օրդեր,

  • այլ ծախսեր (օրինակ՝ բեռնափոխադրման ծախսեր) հաստատող փաստաթղթեր։

Իրավաբանական անձը ավտոտրանսպորտային միջոցի մաքսազերծման համար անհրաժեշտ փաստաթղթերը նախապես ներկայացնում է առցանց եղանակով՝ trade.gov.am հարթակի միջոցով։ 

Երբ մեքենան ժամանանում է Հայաստան, ներմուծող կողմը նախապես այց է ամրագրում մաքսազերծման ձևակերպման գործընթացը սկսելու համար։

Մաքսային տեսուչը ստուգում է trade.gov.am հարթակի միջոցով ներկայացված փաստաթղթերի լրիվությունն ու ճշտությունը, հաշվարկում է տրանսպորտային միջոցի մաքսազերծման վճարը և ուղղորդում է իրավաբանական անձին կատարելու անհրաժեշտ վճարումները։

Առցանց ամրագրել այց ավտոմեքենայի մաքսազերծումը ձևակերպելու համար
Սկսել
Առցանց հաշվել տրանսպորտային միջոցի մաքսային վճարը իրավաբանական անձանց դեպքում
Սկսել

Մաքսազերծման վճարումները կատարելուց հետո իրավաբանական անձը մոտենում է մաքսատան տարածքում գործող գանձումների համակարգման հատուկ բաժին, որտեղ մասնագետները վճարումները ստուգելուց հետո ներկրող անձին ուղղորդում են կատարելու մաքսազերծման վերջին քայլը՝ ավտոմեքենայի բացթողումը։

Ավտոմեքենայի բացողումը կատարելու համար կարող ես տեղում հերթի կտրոն վերցնել կամ նախապես առցանց հերթագրվել մաքսազերծման ձևակերպման գործընթացին։

Առցանց ամրագրել այց ավտոմեքենայի բացթողման համար
Սկսել

Հերթի կտրոնով մոտեցիր բացթողման գործընթացն իրականացնող տեսուչին, ով  ևս մեկ անգամ կստուգի կատարածդ վճարումները և կտրամադրի ավտոմեքենայի ժամանակավոր համարանիշեր։

Նկատի ունեցիր, որ Գյումրու Հյուսիսային մաքսատանը կարող ես ներմուծված ավտոմեքենան նաև հաշվառել՝ խնայելով ժամանակդ։ Մաքսազերծումից հետո հաշվառման գործընթացը իրականացնելու համար այցի ամրագրում չի պահանջվում․ ավտոմեքենայի բացթողումը ձևակերպող մաքսային տեսուչին տեղեկացրու, որ ցանականում ես հաշվառել ավտոմեքենան։ Հաջորդական քայերի մասին տեսուչը քեզ կտեղեկացնի։

Որքա՞ն ժամանակ կարող ես ներմուծված ավտոմեքենան թողնել մաքսատան հատուկ ավտոկայանատեղիում

Ներմուծված ավտոմեքենան կարող ես թողնել մաքսատան հատուկ ավտոկայանատեղիում 4 ամիս։ Յուրաքանչյուր օրվա համար ավտոմեքենայի ժամանակավոր պահպանման համար պետք է կատարես կայանման վճար, որի չափը կախված է ավտոմեքենայի քաշից։ Մինչև 1 տոննա քաշ ունեցող տրանսպորտային միջոցի համար սահմանված է 1,000 դրամ կայանման վճար, իսկ հաջորդող ամեն տոննայի համար վճարն ավելանում է 300 դրամով։ 

Եթե 4 ամսվա ընթացքում տրանսպորտային միջոցը չմաքսազերծվի, և այդ ընթացքում ավտոմեքենան կայանված մնա մաքսատան հատուկ ավտոկայանատեղիում, ապա կտուգանվես 50,000 դրամով։

Ավտոմեքենայի հաշվառում

Ավտոմեքենան գնելուց հետո 15 օրվա ընթացքում պետք է դիմես Ճանապարհային ոստիկանություն՝ դրա սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու համար։

Իսկ այն արտասահմանից ներմուծելու դեպքում նշված 15-օրյա ժամկետը հաշվարկվում է ավտոմեքենայի հայտարարագրման օրվանից։

Ընդ որում՝ ավտոմեքենայի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար վարորդական վկայական ունենալը պարտադիր չէ, իսկ հաշվառման գործողությունների կատարմանը անհրաժեշտ է ներկայանալ վարորդական իրավունք ունեցող անձի հետ և ներկայացնել նրա տվյալները։ Քեզ հետ ներկայացած անձը կդառնա քո ավտոմեքենայի օրինական շահագործողը։

Ավտոմեքենայի հաշվառման հերթական քայլերն են․

  1. Քայլ 1

    Առցանց հերթագրում

    Նախ պետք է առցանց հերթագրվես հաշվառման քննական այն ստորաբաժանումում, որտեղ ցանկանում ես կատարել գործարքը։ 

  2. Քայլ 2

    Փաստաթղթերի հավաքում

    Նախօրոք պետք է պատրաստես այն փաստաթղթերը, որոնք պահանջվելու են ավտոմեքենայի հաշվառման համար։ 

  3. Քայլ 3

    Այց հաշվառման քննական ստորաբաժանում

    Այցի համար նշանակված օրը և ժամին պետք է պահանջվող բոլոր փաստաթղթերով ներկայանաս հաշվառման քննական ստորաբաժանում։ Իսկ ավտոմեքենան ներկայացնելու դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը կգտնես այս ուղեցույցում։

  4. Քայլ 4

    Ավտոմեքենայի զննություն

    Վերասարքավորված լինելու դեպքում ավտոմեքենայի հաշվառումը պետք է սկսել զննության կայան մոտենալուց։

  5. Քայլ 5

    Վճարում

    Վճարման վայրում պետք է վճարես պահանջվող տուրքերն ու վճարները։

  6. Քայլ 6

    Տեղում հերթագրում

    Տվյալ ՀՔԲ-ում հերթագրման համակարգի առկայության դեպքում (Երևան, Կոտայք, Արտաշատ) վճարումները կատարելուց հետո պետք է վերցնես հերթի կտրոն՝ սրահում սպասարկվելու համար։

  7. Քայլ 7

    Հաշվառման գործարք

    Սպասարկման սրահ պետք է ներկայացնես պահանջվող բոլոր փաստաթղթերը, որոնց հիման վրա կկատարվի ավտոմեքենայի հաշվառումը, կտրամադրվեն համարանիշերը։

  8. Քայլ 8

    Հաշվառման վկայագրի ստացում

    Գործարքի ավարտից հետո պետք է մոտենաս փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահ, որտեղ էլ քեզ կտրամադրվի քո ավտոմեքենայի հաշվառման վկայագիրը (տեխնիկական անձնագիրը)։

Ամրագրիր այց

Ինչպե՞ս հերթագրվել

Առցանց հերթագրվել ավտոմեքենայի հաշվառմանը
Սկսել
Պատրաստվիր այցին

Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել

Ավտոմեքենայի սեփականատերը կամ նրա լիազորած անձը պետք է ներկայացնի՝

  • անձը հաստատող փաստաթուղթ,

  • ավտոմեքենայի ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, եթե դրա սեփականության իրավունքը Ճանապարհային ոստիկանությունում գրանցված չէ,

  • փաստաթղթերը լիազորված անձի կողմից ներկայացվելու դեպքում՝ նոտարի կողմից հաստատված լիազորագիր։

 

Ավտոմեքենայի սեփականատերը կամ նրա լիազորած անձը պետք է ներկայացնի՝

  • անձը հաստատող փաստաթուղթ,

  • ավտոմեքենայի ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, եթե դրա սեփականության իրավունքը Ճանապարհային ոստիկանությունում գրանցված չէ,

  • ավտոմեքենայի հաշվառման վկայագիրը (տեխնիկական անձնագիր),

  • վերահաշվառման համար հիմք հանդիսացող փաստաթուղթը, ընդ որում՝ ավտոմեքենայի գույնը կամ համարանիշերը փոփոխելու դեպքում այս փաստաթուղթը չի պահանջվում,

  • տեղեկանք այն մասին, որ ավտոմեքենայի գույքահարկի պարտավորություններ ամբողջությամբ կատարված են,

  • փաստաթղթերը լիազորված անձի կողմից ներկայացվելու դեպքում՝ նոտարի կողմից հաստատված լիազորագիր։

Ընդ որում՝ ավտոմեքենայի գույքահարկի պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկատվությունը ստուգվում է առցանց, ուստի պարտավորությունների ամբողջական կատարման դեպքում որևէ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չկա։

Ավտոմեքենայի սեփականատերը կամ նրա լիազորած անձը պետք է ներկայացնի՝

  • անձը հաստատող փաստաթուղթ,

  • ավտոմեքենայի ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, եթե դրա սեփականության իրավունքը Ճանապարհային ոստիկանությունում գրանցված չէ,

  • ավտոմեքենայի հաշվառման վկայագիրը (տեխնիկական անձնագիր),

  • ավտոմեքենայի հաշվառման համարանիշերը,

  • փաստաթղթերը լիազորված անձի կողմից ներկայացվելու դեպքում՝ նոտարի կողմից հաստատված լիազորագիր։
  • Անձը հաստատող փաստաթուղթ,

  • ավտոմեքենայի ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, իսկ ինքնաշեն տրանսպորտային միջոցի դեպքում՝ անկախ փորձագետի կողմից եզրակացություն այն մասին, որ այդ տրանսպորտային միջոցը համապատասխանում է սահմանված տեխնիկական պահանջներին,

  • եթե փոփոխվել են սեփականատիրոջ անունը, ազգանունը կամ հայրանունը (իրավաբանական անձի դեպքում՝ կազմակերպության անվանումը), ապա անհրաժեշտ է ներկայացնել այդ տվյալների փոփոխությունը հավաստող փաստաթուղթ,

  • առկայության դեպքում տարանցիկ կամ այլ հաշվառման համարանիշեր,

  • եթե առանց տեխնիկական միջոցների հնարավոր չէ պարզել տրանսպորտային միջոցի համարակիր մասերի  (VIN code ունեցող մասեր, ինչպես նաև համարակալված այլ հանգույցներ ու ագրեգատներ, օրինակ՝ փոխանցման տուփ, ամրաշրջանակ և այլն) համարները, արտադրման տարեթիվը կամ շարժիչի հզորությունը, ապա անհրաժեշտ է ներկայացնել այդ մասին տեղեկանք՝ տրված ավտոմեքենան արտադրող գործարանի ներկայացուցչության կամ ավտոմեքենաների տեխնիկական զննություն անցկացնող կազմակերպության կողմից,

  • տեղեկանք գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին,

  • եթե որպես ֆիզիկական անձ գրանցել ես ավտոմեքենայի սեփականության իրավունքը և դրանից հետո 365 օրվա ընթացքում այն վաճառում ես այլ ֆիզիկական անձի, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև սեփականության իրավունքի դադարումը գրանցելու համար սահմանված պետական տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթ:

Ավտոմեքենայի սեփականատերը կամ նրա լիազորած անձը պետք է ներկայացնի՝

  • անձը հաստատող փաստաթուղթ,

  • ավտոմեքենայի ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, իսկ ինքնաշեն տրանսպորտային միջոցի դեպքում՝ անկախ փորձագետի կողմից եզրակացություն այն մասին, որ այդ տրանսպորտային միջոցը համապատասխանում է սահմանված տեխնիկական պահանջներին,

  • եթե փոփոխվել են սեփականատիրոջ անունը, ազգանունը կամ հայրանունը (իրավաբանական անձի դեպքում՝ կազմակերպության անվանումը), ապա անհրաժեշտ է ներկայացնել այդ տվյալների փոփոխությունը հավաստող փաստաթուղթ,

  • առկայության դեպքում տարանցիկ կամ այլ հաշվառման համարանիշեր,

  • եթե առանց տեխնիկական միջոցների հնարավոր չէ պարզել տրանսպորտային միջոցի համարակիր մասերի  (VIN code ունեցող մասեր, ինչպես նաև համարակալված այլ հանգույցներ ու ագրեգատներ, օրինակ՝ փոխանցման տուփ, ամրաշրջանակ և այլն) համարները, արտադրման տարեթիվը կամ շարժիչի հզորությունը, ապա անհրաժեշտ է ներկայացնել այդ մասին տեղեկանք՝ տրված ավտոմեքենան արտադրող գործարանի ներկայացուցչության կամ ավտոմեքենաների տեխնիկական զննություն անցկացնող կազմակերպության կողմից,

  • օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր,

  • տեղեկանք գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին,

  • եթե որպես ֆիզիկական անձ գրանցել ես ավտոմեքենայի սեփականության իրավունքը և դրանից հետո 365 օրվա ընթացքում այն վաճառում ես այլ ֆիզիկական անձի, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև սեփականության իրավունքի դադարումը գրանցելու համար սահմանված պետական տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթ,
  • փաստաթղթերը լիազորված անձի կողմից ներկայացվելու դեպքում՝ նոտարի կողմից հաստատված լիազորագիր։

Ավտոմեքենայի սեփականատերը կամ նրա լիազորած անձը պետք է ներկայացնի՝

  • Անձը հաստատող փաստաթուղթ,

  • ավտոմեքենայի ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, եթե դրա սեփականության իրավունքը Ճանապարհային ոստիկանությունում գրանցված չէ,

  • եթե փոփոխվել են սեփականատիրոջ անունը, ազգանունը կամ հայրանունը (իրավաբանական անձի դեպքում՝ կազմակերպության անվանումը), ապա անհրաժեշտ է ներկայացնել այդ տվյալների փոփոխությունը հավաստող փաստաթուղթ,

  • ավտոմեքենայի հաշվառման վկայագիրը (տեխնիկական անձնագիր),

  • ավտոմեքենայի հաշվառման համարանիշները,

  • եթե առանց տեխնիկական միջոցների հնարավոր չէ պարզել տրանսպորտային միջոցի համարակիր մասերի  (VIN code ունեցող մասեր, ինչպես նաև համարակալված այլ հանգույցներ ու ագրեգատներ, օրինակ՝ փոխանցման տուփ, ամրաշրջանակ և այլն) համարները, ապա անհրաժեշտ է ներկայացնել այդ մասին տեղեկանք՝ տրված ավտոմեքենան արտադրող գործարանի ներկայացուցչության կամ ավտոմեքենաների տեխնիկական զննություն անցկացնող կազմակերպության կողմից,

  • օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր,

  • եթե որպես ֆիզիկական անձ գրանցել ես ավտոմեքենայի սեփականության իրավունքը և դրանից հետո 365 օրվա ընթացքում այն օտարում ես այլ ֆիզիկական անձի, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև սեփականության իրավունքի դադարումը գրանցելու համար սահմանված պետական տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթ,

  • փաստաթղթերը լիազորված անձի կողմից ներկայացվելու դեպքում՝ նոտարի կողմից հաստատված լիազորագիր։

Ո՞ր դեպքերում կարող ես ավտոմեքենան չներկայացնել հաշվառման քննական բաժին

  • Եթե կա ավտոմեքենան հաշվառման բաժին ներկայացնելու խոչընդոտ․ այս դեպքում ավտոմեքենայի փոխարեն պետք է ներկայացնես ավտոմեքենայի տվյալների մասին տեղեկանք (այն տրամադրվում է ՃՈ վարչական մասի կամ ավտոմեքենայիդ գտնվելու վայրը սպասարկող հաշվառման ստորաբաժանման կողմից)։

  • Եթե ցանկանում ես ավտոմեքենան խոտանել։

  • Եթե փոփոխվել են ավտոմեքենայի սեփականատիրոջ անունը, ազգանունը կամ հաշվառման վայրը, ապա հաշվառման գործողություններ կատարելու, կորած տեխնիկական անձնագրի կամ կորած համարանիշերի փոխարեն նորը ստանալու կամ դրանք փոխարինելու համար ևս անհրաժեշտ չէ ներկայացնել ավտոմեքենան։

  • Եթե ավտոմեքենան արդեն գրանցված է ՃՈ-ում, և ավտոմեքենայի գույնն ու համարակիր  մասերը  (VIN code ունեցող մասեր, ինչպես նաև համարակալված այլ հանգույցներ ու ագրեգատներ, օրինակ՝ փոխանցման տուփ, ամրաշրջանակ և այլն) չեն փոփոխվել․ դրա համար որպես հիմք ընդունվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ գրավոր հայտարարությունը։

  • Եթե կա ավտոմեքենան հաշվառման բաժին ներկայացնելու խոչընդոտ․ այս դեպքում ավտոմեքենայի փոխարեն պետք է ներկայացնես ավտոմեքենայի տվյալների մասին տեղեկանք (այն տրամադրվում է ՃՈ վարչական մասի կամ ավտոմեքենայիդ գտնվելու վայրը սպասարկող հաշվառման ստորաբաժանման կողմից)։

  • Եթե ցանկանում ես ավտոմեքենան խոտանել։

  • Եթե ավտոմեքենան արդեն գրանցված է ՃՈ-ում, և ավտոմեքենայի գույնն ու համարակիր մասերը  (VIN code ունեցող մասեր, ինչպես նաև համարակալված այլ հանգույցներ ու ագրեգատներ, օրինակ՝ փոխանցման տուփ, ամրաշրջանակ և այլն) չեն փոփոխվել․ դրա համար որպես հիմք ընդունվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ գրավոր հայտարարությունը։

  • Եթե կա ավտոմեքենան հաշվառման բաժին ներկայացնելու խոչընդոտ․ այս դեպքում ավտոմեքենայի փոխարեն պետք է ներկայացնես ավտոմեքենայի տվյալների մասին տեղեկանք (այն տրամադրվում է ՃՈ վարչական մասի կամ ավտոմեքենայիդ գտնվելու վայրը սպասարկող հաշվառման ստորաբաժանման կողմից)։

  • Եթե ցանկանում ես ավտոմեքենան խոտանել։

  • Եթե ավտոմեքենան արդեն գրանցված է ՃՈ-ում, և ավտոմեքենայի գույնն ու համարակիր մասերը  (VIN code ունեցող մասեր, ինչպես նաև համարակալված այլ հանգույցներ ու ագրեգատներ, օրինակ՝ փոխանցման տուփ, ամրաշրջանակ և այլն) չեն փոփոխվել․ դրա համար որպես հիմք ընդունվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ գրավոր հայտարարությունը։

Մոտեցիր զննման կայան

Ավտոմեքենայի զննում

Վերասարքավորված ավտոմեքենան հաշվառումից առաջ պետք է զննվի, ուստի հաշվառման քննական ստորաբաժանում այցելելիս առաջին գործողությունը զննության կայան մոտենալն է։ Այստեղ ավտոմեքենայիդ իրական տվյալները կհամեմատվեն փաստաթղթային տվյալների հետ։ 

Ավտոմեքենայի տվյալների գրանցումից հետո կկազմվի արձանագրություն, որտեղ նշված կլինեն բոլոր այն տուրքերն ու վճարները, որոնք պետք է կատարես։ Այս արձանագրությունը քո մյուս փաստաթղթերի հետ պետք է ներկայացնես սպասարկման սրահի աշխատակցին։

Զննության միջին տևողությունը 5-10 րոպե է։

Մոտեցիր տեղում գործող բանկերին

Վճարումների կատարում

Վճարումների համար նախատեսված վայրում պետք է վճարես սահմանված տուրքերն ու վճարները, ինչը կարող ես կատարել նաև առցանց եղանակով։ Իսկ վճարումները հավաստող անդորրագրերը մյուս փաստաթղթերի հետ պետք է ներկայացնես սպասարկման սրահի աշխատակցին։

Ավտոմեքենայի հաշվառման համար վճարելու ես 5,000, 6,000 և 12,000 դրամ։ Վճարումների հաշվեհամարները և հնարավոր այլ վճարները ներկայացված են ստորև․

Վճարի նպատակը Վճարի չափը Հաշվեհամարը
Ավտոմեքենայի համարանիշերի ստացում 12,000 դրամ 900005016127
Մոտոփոխադրամիջոցների, կցորդների և կիսակցորդների համարանիշերի ստացում 6,000 դրամ 900005161840
Տարանցիկ համարանիշերի ստացում 3,000 դրամ 900005016408
Ավտոմեքենայի հաշվառման վկայագրի (տեխնիկական անձնագրի) ստացում 6,000 դրամ 900005016135
Տրանսպորտային միջոցի հաշվառում 5,000 դրամ 900013150033
Տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվության ստացում 10,000 դրամ 900013150033

 

Այցելիր սպասարկման սրահ

Հաշվառման գործարք

Սպասարկվելու համար վճարումը կատարելուց հետո սրահում հերթագրման համակարգի առկայության դեպքում անհրաժեշտ է վերցնել հերթի կտրոն, իսկ հերթը հասնելուն պես մոտենալ համապատասխան աշխատակցին, ով կստուգի փաստաթղթերդ, կկատարի համապատասխան գրանցումներ և կտրամադրի հերթական կամ վճարովի հաշվառման համարանիշեր, որոնց համար կսպասես մոտ 15 րոպե։

Քո նախընտրելի համարանիշերի առկայությունը և գինը կարող ես ընտրել տեղում կամ նախօրոք՝ այցելելով plate.roadpolice.am։

Գոյություն ունեն «Հերթական», «Ցանկալի», «Մեծ պահանջարկ ունեցող» և «Առանձնահատուկ» տեսակի համարանիշներ։

«Հերթական» տեսակի համարանիշը կարող ես ձեռք բերել ցանկացած տարածքային հաշվառման քննական ստորաբաժանումում (ՀՔԲ) ավտոմեքենան հաշվառելիս։ Համարանիշերը կարող ես ձեռք բերել նաև հին համարանիշերդ նորով փոխարինելիս։ 

«Ցանկալի» և «Մեծ պահանջարկ ունեցող» տեսակի համարանիշերը տեղում պատրաստվում և հատկացվում են միայն Երևանի, Գյումրիի և Արտաշատի ՀՔԲ-ներում։

Այլ ստորաբաժանումներում ավտոմեքենան հաշվառելու դեպքում «Ցանկալի» և «Մեծ պահանջարկ ունեցող» համարանիշերը տպագրվում են ՃՈ ծառայության վարչական շենքում (ք․ Երևան, Իսակովի պողոտա 9)։ Ցանկության դեպքում այդ համարանիշերը կարող ես ստանալ անձամբ նշված հասցեում, կամ դրանք կարող են առաքվել քո տարածքային ՀՔԲ։

Հաշվի առ, որ ավտոմեքենան հաշվառելիս «Ցանկալի» և «Մեծ պահանջարկ ունեցող» համարանիշերը կարող ես ամրագրել 3 ժամով, բայց ոչ ավելի, քան մինչև տվյալ աշխատանքային օրվա ավարտը: Նշված ժամկետում պետք է վճարես համարանիշի համար և ներկայացնես վճարումը հավաստող փաստաթուղթը, հակառակ դեպքում ամրագրված համարանիշն ավտոմատ կերպով կվերադարձվի համակարգ, և քեզ կհատկացվի «Հերթական» համարանիշ։

Տրանսպորտային միջոցների հաշվառման «Առանձնահատուկ» համարանիշերը արժեքով, տառերի և թվերի համադրությամբ տարբերվում են «Մեծ պահանջարկ ունեցող» համարանիշերից։ «Առանձնահատուկ» տեսակի համարանիշ ձեռք բերելու համար պետք է մասնակցես հատուկ աճուրդի։

Առցանց մասնակցել «Առանձնահատուկ» տեսակի համարանիշերի աճուրդին
Սկսել

Ավտոմեքենայի հաշվառման միջազգային վկայագիր (տեխնիկական անձնագիր)

Հաշվառման միջազգային վկայագիր ստանալու համար պետք է հաշվառման ստորաբաժանում ներկայացնես՝

  • անձը հաստատող փաստաթուղթ,

  • հաշվառման վկայագիր (տեխնիկական անձնագիր),

  • օրենքով սահմանված տուրքի (6,000 դրամ) վճարումը հավաստող փաստաթուղթ։

Ավտոմեքենայիդ հաշվառման միջազգային վկայագիրը քեզ կտրամադրվի փաստաթղթերը ներկայացնելու օրը՝ համապատասխան գրանցումները կատարելուց հետո։

Ավտոմեքենայի վաճառքը և վերահաշվառումը

Երբ վաճառում ես ավտոմեքենան, այն անհրաժեշտ է հանել հաշվառումից։

Ավտոմեքենան հանվում է հաշվառումից, երբ․

  • սեփականատերը փոխվում է,

  • ավտոմեքենան մշտապես արտահանվում է ՀՀ տարածքից,

  • ավտոմեքենան խոտանվում է։


Ավտոմեքենայի հանումը հաշվառումից իրականացվում է միևնույն հաջորդական քայլերով, ինչպիսիք ավտոմեքենայի առաջին հաշվառման դեպքում են։

Սպասարկման սրահի աշխատակիցը փաստաթղթերդ ստուգելուց և համապատասխան գրանցումներ կատարելուց հետո կտրամադրի՝

  • 15 օր ժամկետով «ժամանակավոր» համարանիշեր` սեփականատիրոջ փոփոխության դեպքում, երբ ավտոմեքենան հաշվառվելու է այլ մարմինների կողմից,

  • 30 օր ժամկետով «տարանցիկ» համարանիշեր՝ ավտոմեքենան ՀՀ տարածքից մշտապես արտահանելու դեպքում։ Ի դեպ՝ այս դեպքում քեզ կվերադարձվի նաև ավտոմեքենայի հաշվառման վկայագիրը (տեխնիկական անձնագիր)՝ ներքևի ձախ և վերևի աջ անկյունները կտրված վիճակում։

Ավտոմեքենայի վերահաշվառում

Ե՞րբ է ավտոմեքենան վերահաշվառվում

Ավտոմեքենան անհրաժեշտ է վերահաշվառել, երբ․

  • փոփոխվում է սեփականատիրոջ անձնագրային որևէ տվյալ, օրինակ՝ անունը, ազգանունը կամ հաշվառման վայրը, իրավաբանական անձի դեպքում՝ կազմակերպության գտնվելու վայրը կամ անվանումը,

  • փոփոխվում են ավտոմեքենայի թափքի կամ այլ համարակիր մասերի  (VIN code ունեցող մասեր, ինչպես նաև համարակալված այլ հանգույցներ ու ագրեգատներ, օրինակ՝ փոխանցման տուփ, ամրաշրջանակ և այլն) համարները,

  • փոփոխվում է ավտոմեքենայի գույնը կամ համարանիշերը,

  • ավտոմեքենան վերասարքավորվում է։ Վերասարքավորումը ավտոմեքենայի կառուցվածքի փոփոխությունն է, երբ տեղադրվում կամ հեռացվում են այնպիսի բաղադրիչ մասեր, որոնք ազդում են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման վրա։


Ավտոմեքենայի վերահաշվառումն իրականացվում է միևնույն հաջորդական քայլերով, ինչպիսիք ավտոմեքենայի առաջին հաշվառման դեպքում են։

Բաժինը կազմվել է՝ համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի

Ավտոմեքենայի տեխնիկական զննություն

Ավտոմեքենան պետք է որոշակի պարբերականությամբ տեխնիկական զննություն անցնի։ Այդ պարբերականությունը կախված է ավտոմեքենայի տեսակից և թողարկման տարեթվից։

Ավտոմեքենայի տեխնիկական զննությունը պետք է իրականացվի հետևյալ պարբերականությամբ․

  • առաջին զննություն՝ թողարկմանը հաջորդող 4-րդ տարում,

  • 4-10 տարվա արտադրության թեթև մարդատար տաքսի ավտոմոբիլների, տրոլեյբուսների, ավտոբուսների, վտանգավոր բեռներ փոխադրելու համար նախատեսված մասնագիտացված տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների (կիսակցորդներ) դեպքում` տարին մեկ անգամ,

  • 10-ից ավելի տարվա արտադրության թեթև մարդատար տաքսի ավտոմոբիլների, տրոլեյբուսների, ավտոբուսների, վտանգավոր բեռներ փոխադրելու համար նախատեսված մասնագիտացված տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների (կիսակցորդներ) դեպքում` 6 ամիսը մեկ անգամ,

  • 4-10 տարվա արտադրության թեթև մարդատար ավտոմոբիլների, բեռնատար տրանսպորտային միջոցների, ուղևորի մինչև 8 նստատեղ ունեցող բեռնաուղևորատար տրանսպորտային միջոցների, կցորդների (կիսակցորդներ), մոտոցիկլերի դեպքում՝ 2 տարին մեկ անգամ,

  • 10-ից ավելի տարվա արտադրության թեթև մարդատար ավտոմոբիլների, բեռնատար տրանսպորտային միջոցների, ուղևորի մինչև 8 նստատեղ ունեցող բեռնաուղևորատար տրանսպորտային միջոցների, կցորդների (կիսակցորդներ), մոտոցիկլերի դեպքում՝ տարին մեկ անգամ,

  • 4-ից ավելի տարվա արտադրության նոր ներմուծված տրանսպորտային միջոցները պետք է ներկայացվեն տեխնիկական զննության մինչև ՃՈ-ում առաջին հաշվառումը։


Տրանսպորտային միջոցը տեխնիկական զննության պետք է ներկայացվի մինչև նախորդ զննությամբ սահմանված ամսվա վերջին օրը։

Առցանց ստուգել ավտոմեքենայի տեխնիկական զննության ժամկետը և գտնել զննության կայան
Սկսել

Ավտոմեքենայի ապահովագրություն

ՀՀ-ում գործում է ավտոմեքենայի ապահովագրության 2 տարբերակ՝ ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ։

ԱՊՊԱ-ն ավտոտրանսպորտային միջոցների պատասխանատվության պարտադիր ապահովագրությունն է, որը ապահովագրում է քո պատասխանատվությունը երրորդ անձանց (հետիոտնի, այլ ավտոմեքենայի վարորդի և ուղևորի) նկատմամբ՝ փոխհատուցելով նրանց պատճառված անձնական և գույքային վնասները։ 

Ի տարբերություն ԱՊՊԱ-ի՝ ԿԱՍԿՈ ապահովագրությունը պարտադիր չէ և փոխհատուցում է քո ավտոմեքենային հասցված վնասը, եթե նույնիսկ պատահարի մեղավորը դու ես։

 

ԱՊՊԱ

Ավտոտրանսպորտային միջոցների պատասխանատվության պարտադիր ապահովագրություն

Ո՛չ․ ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար ԱՊՊԱ պայմանագիր ունենալը պարտադիր է։ 

Առանց գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու ավտոմեքենադ վարելու դեպքում կտուգանվես 100,000 դրամի չափով:

 

  • Նույնականացման քարտ կամ անձնագիր և սոցիալական քարտ, 

  • ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր,

  • սեփականատիրոջ վարորդական վկայական,

  • մաքսային հայտարարագիր (ներմուծման դեպքում) կամ առքուվաճառքի
    պայմանագիր, եթե տրանսպորտային միջոցի սեփականատերը տեխնիկական անձնագրում նշված անձը չէ,
  • եթե պայմանագիրը ապահովադրի անունից կնքելու է նրա լիազորած անձը, ներկայացվում է նաև լիազորագիրը և լիազորված անձի անձնագիրը։
Առցանց կնքել ԱՊՊԱ պայմանագիր
Սկսել

ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է նվազագույնը 3 ամիս, առավելագույնը՝ 1 տարի ժամկետով։

ՀՀ մաքսային օրենսգրքով նախատեսված դեպքերում ավտոտրանսպորտային միջոցների ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է նվազագույնը 10 օր ժամկետով:

ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում կտուգանվես 100,000 ՀՀ դրամով:


Տուգանքը կարող է կազմել 25,000 դրամ, եթե տուգանվելուց հետո 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքես և այն ներկայացնես ՃՈ աշխատակցին։

ԱՊՊԱ պայմանագիրը ծածկում է երրորդ անձանց պատճառված՝ 

  • անձնական վնասները՝ ավտովթարի հետևանքով տուժողի առողջությանը պատճառված վնասները և դրանց հետևանքով կորցրած աշխատավարձը (եկամուտներ), տուժողի մահը,

  • գույքային վնասները։

Անձնական վնասների դեպքում՝

  • 33,000 000 դրամ՝ ապահովագրական մեկ դեպքի համար

  • 3,300,000 դրամ՝ ապահովագրված յուրաքանչյուր անձի համար

 

Գույքային վնասների դեպքում՝

  • 18,000,000 դրամ՝ ապահովագրական մեկ դեպքի համար

  • 1,800,000 դրամ՝ ապահովագրված յուրաքանչյուր անձի համար

  • Մինչև 50 կմ/ժ արագություն կամ 50 սմ3–ից փոքր շարժիչի ծավալ ունեցող ավտոմեքենաները,

  • հատուկ առանձնացված վայրերում մարզական կամ ժամանցի նպատակով օգտագործվող ավտոմեքենաները` միայն այդ վայրերում օգտագործելու դեպքում,

  • այն ավտոմեքենաները, որոնք նախատեսված են բացառապես ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար,

  • ՀՀ տարածք առանց վարելու ներմուծվող ավտոմեքենաները` մինչև ՀՀ տարածքում դրանց օգտագործումը։

Բոնուս–Մալուսը ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական վճարների զեղչերի (բոնուսների) և հավելավճարների (մալուսների) համակարգ է: Կախված քո ապահովագրական պատմությունից՝ ստանում ես Բոնուսային կամ Մալուսային դաս, ինչի հիման վրա էլ հաշվարկվում է ապահովագրավճարի չափը: 

 

Ոչ ռիսկային վարորդ լինելու դեպքում կարող ես ստանալ մինչև 50% զեղչ․ եթե պայմանագրային մեկ տարվա ընթացքում քո մեղավորությամբ ավտոտրանսպորտային ոչ մի պատահար տեղի չի ունեցել, ապա կստանաս բոնուս 1 դասի չափով, իսկ ապահովագրավճարը կնվազի 3%-ով։ Նման կարգապահության դեպքում բոնուսներդ տարեցտարի նույն տրամաբանությամբ կավելանան։ 

Դե իսկ ռիսկային վարորդ լինելուդ դեպքում ապահովագրավճարի չափը կարող է մինչև 2,5 անգամ ավելի շատ լինել:

Բոնուս-Մալուս դասի ռիսկային խմբերի և դրանց համապատասխան գործակիցների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարող ես ստանալ՝ այցելելով appa.am կայքի «Բոնուս-Մալուս» բաժին:

Առցանց ստուգել Բոնուս-Մալուս դասը
Սկսել

ԱՊՊԱ պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել պայմանագիրը կնքած ապահովագրական ընկերություն։

Եթե պայմանագիրը դադարեցվում է միակողմանիորեն՝ միայն քո կողմից, ապա պայմանագրի չլրացած ժամկետի համար վճարված գումարը կարող է ամբողջությամբ չվերադարձվել։

ԱՊՊԱ պայմանագիրը դադարեցնելու համար դիմումի ներկայացման կարգը կարող ես տեսնել հղումով։

Եթե ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել

Տեղեկացրու ապահովագրական ընկերությանը պատահարը տեղի ունենալուց հետո 40 րոպեի ընթացքում։

40 րոպեից ուշ տեղեկացնելու դեպքում տուժած կողմին պատճառված վնասը հատուցելուց հետո քո ապահովագրական ընկերությունը կարող է վճարված հատուցման գումարը պահանջել քեզնից, եթե պատահարի մեղավորը դու ես եղել, կամ ավտոմեքենայի սեփականատիրոջից, եթե այն քեզ չի պատկանում։ 

Առցանց գրանցել պատահար
Սկսել
ԿԱՍԿՈ

ԿԱՍԿՈ ապահովագրություն

ԿԱՍԿՈ ապահովագրությունը փոխհատուցում է քո ավտոմեքենային հասցված վնասը, եթե նույնիսկ պատահարի մեղավորը դու ես։ Այն պաշտպանում է նաև գողության, կողոպուտի և ավազակության արդյունքում ավտոմեքենայի և լրացուցիչ սարքավորումների կորստի ռիսկից: 

ԿԱՍԿՈ ապահովագրությունը պարտադիր չէ, և կարող ես երթևեկել նույնիսկ առանց այդ ապահովագրության։

ԿԱՍԿՈ պայմանագիրը գործում է, եթե․ 

  • տրանսպորտային միջոցը թեթև մարդատար է,

  • օգտագործվում է միայն անձնական նպատակներով,

  • սեփականատերը ֆիզիկական անձ է,

  • լիազորված վարորդների տարիքը 23 տարեկան և ավելի է, իսկ վարորդական փորձը՝ 3 տարի և ավելի։

  • Ավտոմեքենայի սեփականատիրոջ նույնականացման քարտը կամ անձնագիրը և սոցիալական քարտը,

  • ավտոմեքենայի գրանցման վկայագիրը,

  • լիազորված վարորդի անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը, սոցիալական քարտը,

  • եթե ավտոմեքենայի սեփականատիրոջ կողմից հանդես է գալիս լիազորված անձ, համապատասխան լիազորագիրը և լիազորված անձի անձնագիրը:

ԿԱՍԿՈ պայմանագիր կնքելու համար ընտրիր գործող ապահովագրական ընկերություններից մեկը և ուսումնասիրիր առաջարկվող սակագները։ Պայմանագիրը կարող ես կնքել ինչպես առցանց, այնպես էլ ապահովագրողի գրասենյակում։ Կարող ես նաև պայմանագիրը պատվիրել հեռախոսազանգի միջոցով՝ անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելով և պայմանագիրը կնքելով քեզ հարմար վայրում։

ԿԱՍԿՈ պայմանագիրը սովորաբար կնքվում է 1 տարի ժամկետով։

Ապահովագրավճարի չափը որոշվում է ավտոմեքենայի շուկայական արժեքի, վարորդների և ուղևորների թվի հիման վրա։ Այդ գումարի չափը պարզելու համար կարող ես կապ հաստատել քո նախընտրած ապահովագրական ընկերության հետ, տրամադրել անհրաժեշտ տեղեկությունները, և աշխատակիցը կկատարի համապատասխան հաշվարկները։

  • Ապահովագրված ավտոմեքենայի բախումը տրանսպորտային մեկ այլ միջոցի,

  • ապահովագրված ավտոմեքենայի բախումը շարժվող կամ անշարժ մեկ այլ առարկայի,

  • հրդեհ և բնական աղետներ,

  • ապահովագրված ավտոմեքենայի վրա այլ առարկաների, այդ թվում՝ ձյան և սառույցի ընկնելը,

  • ապահովագրված ավտոմեքենայի շրջվելը կամ բարձրությունից ընկնելը,

  • ապահովագրված ավտոմեքենայի հափշտակումը, գողությունը, ինչպես նաև այդպիսի փորձը,

  • երրորդ անձանց անօրինական գործողությունների հետևանքով ապահովագրված ավտոմեքենային վնաս հասցնելը:

Ապահովագրող ընկերությունները հիմնականում չեն հատուցում․

  • մեքենայի համարանիշերի վնասները կամ գողությունը,

  • անվադողերի վնասները,

  • ավտոմեքենայի գունափայլային շերտի մանր վնասները,

  • ալկոհոլի ազդեցության տակ կամ առանց վարորդական իրավունքի ավտոմեքենա վարելու հետևանքով պատճառված վնասները,

  • արագության գերազանցման հետևանքով առաջացած վնասները։

  • ԿԱՍԿՈ պայմանագրով կարող ես լրացուցիչ հավելավճարով ապահովագրել նաև երրորդ անձանց պատճառած վնասները, ինչպես ԱՊՊԱ-ի դեպքում է։ Հաճախ ծառայությունների այս տեսակը անվանում են նաև ԱՊԿԱ։ 

  • Կարող ես նաև ապահովագրել ավտոմեքենայի վարորդին և ուղևորներին, և դժբախտ պատահարների արդյունքում նրանց ստացած մարմնական վնասները կհատուցվեն։ 


Ապահովագրող ընկերությունները առաջարկում են նաև մի շարք այլ ծառայություններ՝

  • անվճար էվակուատորի ծառայություն,

  • անվադողերի վուլկանացման ծառայություն,

  • անվճար իրավախորհրդատվություն,

  • վերանորոգման ընթացքում այլ ավտոմեքենայի տրամադրում։

 

Կապ հաստատիր քեզ սպասարկող ապահովագրական ընկերության հետ և մանրամասնորեն ներկայացրու պատահարի տեղանքն ու կրածդ վնասները։

Կախված պատահարի բնույթից՝ ապահովագրող ընկերությունը կարող է ուղարկել իր ներկայացուցչին կամ հրավիրել Ճանապարհային ոստիկանությանը՝ պատահարը արձանագրելու համար։ Փոքր և պարզ վնասների դեպքում ապահովագրական ընկերության ներկայացուցիչները հաճախ չեն մոտենում դեպքի վայր և այն արձանագրում են հեռավար եղանակով՝ պատահարի լուսանկարների առցանց փոխանակման միջոցով (Viber, Whatsapp հավելվածներով և այլ միջոցներով)։

Ավտոմեքենայի սեփականատիրոջ կամ վարորդի դիմումից հետո (հաճախ նաև առանց դիմումի) ապահովագրող ընկերությունները իրականացնում են վնասի գնահատում և  կազմակերպում են վերանորոգում իրենց գործընկեր վերանորոգող ընկերությունների հետ։ Նոր ավտոմեքենաները հիմնականում վերանորոգվում են վերանորոգող պաշտոնական ընկերություններում։ 

Ավտոմեքենայի ապահովագրության հատուցման բողոքարկումը

Եթե համաձայն չես ապահովագրության հատուցմանը կամ կարծում ես, որ ապահովագրական ընկերությունը սխալ է հաշվարկել հատուցման վճարը, ապա կարող ես ապահովագրության հատուցման եզրակացությունը բողոքարկել։

Առաջին փորձաքննության եզրակացությունը կարող ես բողոքարկել՝ պահանջելով լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն։ Իսկ եթե լրացուցիչ փորձաքննության եզրակացությունը ևս քեզ չի բավարարում, կարող ես այն բողոքարկել՝ պահանջելով կրկնակի փորձաքննություն։ Այդ պահանջները պետք է ներկայացնես քո ապահովագրական ընկերության միջոցով։ 

Լրացուցիչ փորձաքննությունը տեղի է ունենում դիմելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ կրկնակի փորձաքննությունը՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Նկատի ունեցիր, որ կրկնակի փորձաքննության պահանջի դեպքում նշված  ժամկետում պետք է վճարես կրկնակի փորձաքննության համար սահմանված 20,000 դրամ վճարը։ Իսկ լրացուցիչ փորձաքննության համար որևէ վճար սահմանված չէ։ 

Կրկնակի փորձաքննության արդյունքները կարող են բողոքարկվել միայն դատական կարգով։ Մինչ դատը՝ բողոքարկումը ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, սահմանված կարգով կատարվում է տրանսպորտային միջոցի զննում, որի արդյունքները ներկայացվում են դատարան։

Բաժինը կազմվել է՝ համաձայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի։
Վարչական իրավախախտումներ

Կայանում, տուգանքներ, զեղչեր և օգտակար հավելվածներ

ՀՀ-ում ճանապարհային երթևեկության կանոնները չպահպանելու դեպքում գործում են վարչական տուգանքներ, որոնց չափը և ձևը կախված են խախտման տեսակից։ Բալային համակարգի, տուգանքների համար գործող զեղչերի մասին բոլոր տեղեկությունները և այլ օգտակար հղումներ ներկայացված են ուղեցույցում։ 

Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության, ՀՀ ճանապարհային ոստիկանության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից։
Այս էջը օգտակա՞ր էր