BETA

This site is new, your feedback will help us improve it.

Ինչպե՞ս վաճառել ավտոմեքենան

Այս ուղեցույցի նպատակն է տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն ավտոմեքենայի վաճառքի մանրամասների վերաբերյալ։ Այստեղ ներկայացված են ավտոմեքենան վաճառելու հերթական քայլերը՝ վաճառքի հայտարարությունից մինչև հաշվառում և սեփականության իրավունքի գրանցում։ 

Քայլերի հաջորդականությունը

  1. Քայլ 1

    Պայմանավորվածություն գնորդի հետ

    Նախ անհրաժեշտ է համաձայնության գալ գնորդի հետ՝ որոշել ավտոմեքենայի վաճառքի գինը, վճարման կարգը և այլ մանրամասներ։

  2. Քայլ 2

    Այցելություն հաշվառման-քննական ստորաբաժանում

    Ցանկության դեպքում հաշվառման ստորաբաժանումում (ՀՔԲ կամ ГАИ) հնարավոր է կնքել ավտոմեքենայի առքուվաճառքի պայմանագիր։ Այս փուլում անհրաժեշտ է նաև գնորդի հետ համաձայնեցնել, թե ով է կատարելու պետական վճարները։

  3. Քայլ 3

    Ավտոմեքենայի հաշվառում և սեփականության իրավունքի փոխանցում

    Ավտոմեքենայի վաճառքի գործարքը կատարելու համար անհրաժեշտ է ամրագրել այց հաշվառման-քննական ստորաբաժանումում (ՀՔԲ կամ ГАИ) և նշված օրը ներկայանալ անհրաժեշտ փաստաթղթերով։

Ավտոմեքենայի վաճառքի առաջին քայլերը

Ավտոմեքենան վաճառելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել շուկան, հասկանալ տվյալ մոդելի վաճառքի օպտիմալ գինը և տեղադրել վաճառքի հայտարարություն։

Ավտոմեքենայի գինը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ գործոնները՝

  • նմանատիպ մոդելի և տարեթվի ավտոմեքենաների գները շուկայում,
  • ավտոմեքենայի տեխնիկական վիճակը և անցած կիլոմետրաժը,
  • լրացուցիչ հարմարանքներն ու աքսեսուարները։

Ավտոմեքենայի վաճառքի համար առցանց հարթակները բավականին շատ են։ Բացի առցանց հարթակներից՝ գործում են նաև ավտոշուկաներ։

Անհրաժեշտ է ընտրել հարմար հարթակներից մեկը և տեղադրել վաճառքի հայտարարությունը՝ նշելով ավտոմեքենայի նկարագրությունը և տեղադրելով ավտոմեքենայի որակյալ լուսանկարներ։

ՀՀ-ի տարածքում 300,000 ՀՀ դրամը գերազանցող բոլոր գործարքները կատարվում են անկանխիկ եղանակով։ Ուստի գնորդը մեքենայի գնման գումարը պետք է փոխանցի վաճառողի բանկային հաշվեհամարին։

Ավտոմեքենայի հաշվառումը և սեփականության իրավունքի փոխանցումը

Ավտոմեքենան վաճառելիս հարց է առաջանում՝ արդյոք անհրաժեշտ է գնորդի հետ վաճառքի պայմանագիր կնքել․ սովորաբար դա օրենքով չի պահանջվում։

Պայմանագիր չկնքելը, իհարկե, կրճատում է վաճառքի գործընթացը, սակայն 2 կողմերի իրավունքները պաշտպանելու և ապագայում հնարավոր վեճերը կանխելու համար խորհուրդ է տրվում կնքել պայմանագիր։

Պայմանագիրը հնարավոր է կնքել հաշվառման-քննական ստորաբաժանումում (ՀՔԲ կամ ГАИ), իսկ դրա ձևը տրամադրվում է համապատասխան գործարքն իրականացնող աշխատակցի կողմից։

Առցանց հերթագրվել ավտոմեքենայի հաշվառմանը
Սկսել

Ավտոմեքենան վաճառողը կամ նրա լիազորած անձը պետք է ներկայացնի՝

  • անձը հաստատող փաստաթուղթ,

  • ավտոմեքենայի ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, եթե դրա սեփականության իրավունքը Ճանապարհային ոստիկանությունում գրանցված չէ,

  • ավտոմեքենայի հաշվառման վկայագիրը (տեխնիկական անձնագիր),

  • ավտոմեքենայի հաշվառման համարանիշը,

  • փաստաթղթերը լիազորված անձի կողմից ներկայացվելու դեպքում՝ նոտարի կողմից հաստատված լիազորագիր։

Վաճառողը կամ նրա լիազորած անձը պետք է ներկայացնի՝

  • Անձը հաստատող փաստաթուղթ,

  • ավտոմեքենայի ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, եթե դրա սեփականության իրավունքը Ճանապարհային ոստիկանությունում գրանցված չէ,

  • ավտոմեքենայի հաշվառման վկայագիրը (տեխնիկական անձնագիր),

  • ավտոմեքենայի հաշվառման համարանիշը,

  • օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր,

  • փաստաթղթերը լիազորված անձի կողմից ներկայացվելու դեպքում՝ նոտարի կողմից հաստատված լիազորագիր։

Եթե փոփոխվել են սեփականատիրոջ անունը, ազգանունը կամ հայրանունը (իրավաբանական անձի դեպքում՝ կազմակերպության անվանումը), ապա անհրաժեշտ է ներկայացնել այդ տվյալների փոփոխությունը հավաստող փաստաթուղթ։

Եթե առանց տեխնիկական միջոցների հնարավոր չէ պարզել տրանսպորտային միջոցի համարակիր մասերի  (VIN code ունեցող մասեր, ինչպես նաև համարակալված այլ հանգույցներ ու ագրեգատներ, օրինակ՝ փոխանցման տուփ, ամրաշրջանակ և այլն) համարները, ապա անհրաժեշտ է ներկայացնել այդ մասին տեղեկանք՝ տրված ավտոմեքենան արտադրող գործարանի ներկայացուցչության կամ ավտոմեքենաների տեխնիկական զննություն անցկացնող կազմակերպության կողմից։

Եթե վաճառողը որպես ֆիզիկական անձ գրանցել է ավտոմեքենայի սեփականության իրավունքը և դրանից հետո 365 օրվա ընթացքում այն օտարում է այլ ֆիզիկական անձի, ապա անհրաժեշտ է վճարել սեփականության իրավունքի դադարումը գրանցելու համար սահմանված պետական տուրք, որի չափը հաշվարկվում է՝ ելնելով ավտոմեքենայի հատկանիշներից։

Ո՞ր դեպքերում ավտոմեքենան չի ներկայացվում հաշվառման քննական բաժին

  • Եթե ավտոմեքենան արդեն գրանցված է ՃՈ-ում, և ավտոմեքենայի գույնն ու համարակիր  մասերը (VIN code ունեցող մասեր, ինչպես նաև համարակալված այլ հանգույցներ ու ագրեգատներ, օրինակ՝ փոխանցման տուփ, ամրաշրջանակ և այլն) չեն փոփոխվել․ դրա համար որպես հիմք ընդունվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ գրավոր հայտարարությունը։
  • Եթե կա ավտոմեքենան հաշվառման բաժին ներկայացնելու խոչընդոտ․ այս դեպքում ավտոմեքենայի փոխարեն պետք է ներկայացնես ավտոմեքենայի տվյալների մասին տեղեկանք (այն տրամադրվում է ՃՈ վարչական մասի կամ ավտոմեքենայիդ գտնվելու վայրը սպասարկող հաշվառման ստորաբաժանման կողմից)։

  • Եթե ցանկանում ես ավտոմեքենան խոտանել։

  • Եթե փոփոխվել են ավտոմեքենայի սեփականատիրոջ անունը, ազգանունը կամ հաշվառման վայրը, ապա հաշվառման գործողություններ կատարելու, կորած տեխնիկական անձնագրի կամ կորած համարանիշի փոխարեն նորը ստանալու կամ դրանք փոխարինելու համար ևս անհրաժեշտ չէ ներկայացնել ավտոմեքենան։

  • Եթե ավտոմեքենան արդեն գրանցված է ՃՈ-ում, և ավտոմեքենայի գույնն ու համարակիր  մասերը (VIN code ունեցող մասեր, ինչպես նաև համարակալված այլ հանգույցներ ու ագրեգատներ, օրինակ՝ փոխանցման տուփ, ամրաշրջանակ և այլն) չեն փոփոխվել․ դրա համար որպես հիմք ընդունվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ գրավոր հայտարարությունը։
  • Եթե կա ավտոմեքենան հաշվառման բաժին ներկայացնելու խոչընդոտ․ այս դեպքում ավտոմեքենայի փոխարեն պետք է ներկայացնես ավտոմեքենայի տվյալների մասին տեղեկանք (այն տրամադրվում է ՃՈ վարչական մասի կամ ավտոմեքենայիդ գտնվելու վայրը սպասարկող հաշվառման ստորաբաժանման կողմից)։

  • Եթե ցանկանում ես ավտոմեքենան խոտանել։

Որտե՞ղ են գտնվում հաշվառման-քննական ստորաբաժանումները

ՀՀ տարածքում գործող հաշվառման-քննական ստորաբաժանումների հասցեները ներկայացված են հղումով։

Կից լուսանկարում պատկերված է Երևանում գործող հաշվառման-քննական ստորաբաժանում (ՀՔԲ կամ ГАИ) տանող ճանապարհը՝ Դավիթ Բեկ փողոցի կողմից։

Պահանջվող պետական վճարները

Ավտոմեքենան վաճառելիս անհրաժեշտ կլինի հաշվառման-քննական բաժանմունքում (ՀՔԲ կամ ГАИ) մի քանի վճարում կատարել՝ կապված հաշվառման, համարանիշի ձեռքբերման և գույքահարկի պարտավորությունների հետ։

Ավտոմեքենայի վաճառքի դեպքում հիմնական վճարումներն են․

  • սեփականության իրավունքի փոխանցման պետական վճար՝ 5,000 դրամ 900013150033 հաշվեհամարին,
  • տեխնիկական անձնագրի համար պետական վճար՝ 6,000 դրամ 900005016135 հաշվեհամարին,
  • համարանիշի համար՝ 12,000 դրամ 900005016127 հաշվեհամարին:


Եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարներին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը։

Սովորաբար գնորդն է վճարում տեխնիկական վկայականի վերաձևակերպման համար, քանի որ նա է դառնում ավտոմեքենայի նոր սեփականատերը։ Սակայն ըստ պայմանավորվածության՝ այդ վճարումները կարող է կատարել նաև վաճառողը։ 

Եթե կան չվճարված գույքահարկի հետ կապված պարտավորություններ, ապա ավտոմեքենայի վաճառքը իրականացնելիս աշխատակիցը համակարգի միջոցով կստուգի և կտեղեկացնի այդ մասին։

Չվճարված մնացորդի առկայության դեպքում գույքահարկը հնարավոր է վճարել տեղում։

Եթե վաճառողը որպես ֆիզիկական անձ գրանցել է ավտոմեքենայի սեփականության իրավունքը և դրանից հետո 365 օրվա ընթացքում այն օտարում է այլ ֆիզիկական անձի, ապա անհրաժեշտ է վճարել սեփականության իրավունքի դադարումը գրանցելու համար սահմանված պետական տուրք, որի չափը հաշվարկվում է՝ ելնելով ավտոմեքենայի հատկանիշներից։

Առցանց վճարել գույքահարկը
Սկսել

Համարանիշի պահպանումը կամ հանձնումը

Եթե գնորդը ցանկանում է ստանալ նոր համարանիշ, ապա ավտոմեքենա վաճառելիս անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

  • Վաճառողը պետք է դիմի հաշվառման-քննական ստորաբաժանման համարանիշների բաժին և վավերացնի ավտոմեքենայի սեփականության փոխանցման փաստը՝ աշխատակցին հանձնելով ավտոմեքենայի հին համարանիշը, ընդ որում՝ հանձնվող համարանիշը պետք է լինի լվացված վիճակում։
  • Գնորդը պետք է նույն բաժին ներկայացնի անձնագիր, տեխնիկական անձնագիր և վճարի նոր համարանիշը ձեռք բերելու համապատասխան վճարը (հերթական համարանիշ ստանալու դեպքում՝ 12,000 դրամ)։

Իսկ եթե գնորդը ցանկանում է պահպանել վաճառվող մեքենայի վրա տեղադրված նույն համարանիշը, ապա նա պետք է միայն վճարի համարանիշը ձեռք բերելու համապատասխան վճարը (36,000 դրամ՝ ցանկալի համարանիշի համար) և վերագրանցի դրանք իր անունով:

Ընդ որում՝ ավտոմեքենայի վաճառքից հետո վաճառողը պարտավոր է ապահովագրական ընկերությանը տեղեկացնել ավտոմեքենայի սեփականության փոխանցման մասին՝ ապահովագրական պատասխանատվությունը դադարեցնելու համար:

Իսկ ավտոմեքենան գնողը ՀՀ ճանապարհներով երթևեկելու իրավունք ունենալու համար պետք է ապահովագրի ավտոմեքենան։

Was this page useful?