BETA

This site is new, your feedback will help us improve it.

Guide

Owning a car

From getting a licence through to passing your test & buying, importing or registering a  car.

Քայլերի հաջորդականությունը

Ինչպե՞ս ձեռք բերել և վարել ավտոմեքենա Հայաստանում

  1. Քայլ 1

    Ստացիր վարորդական իրավունք

    Վարորդական վկայական (իրավունք) ձեռք բերելու համար դու պետք է հանձնես որակավորման քննություններ

  2. Քայլ 2

    Ընտրիր ու գնիր ավտոմեքենա

    Ավտոմեքենան կարող ես ընտրել ինչպես արտասահմանից, այնպես էլ Հայաստանից՝ այցելելով համապատասխան առցանց հարթակներ կամ ավտոշուկաներ։

  3. Քայլ 3

    Մաքսազերծիր ավտոմեքենան

    Արտասահմանից ներմուծելու դեպքում ավտոմեքենան անհրաժեշտ է մաքսազերծել։

  4. Քայլ 4

    Հաշվառիր ավտոմեքենան

    Ավտոմեքենան անհրաժեշտ է հաշվառել հաշվառման քննական նախընտրելի ստորաբաժանումում։

  5. Քայլ 5

    Ապահովագրիր ավտոմեքենան

    ՀՀ ճանապարհներով երթևեկելու համար ավտոմեքենան պետք է լինի ապահովագրված, հակառակ դեպքում կտուգանվես 100,000 դրամի չափով։

Վարորդական իրավունքի ստացումը

Վարորդական վկայական ստանալու համար դու պետք է 2 փուլով որակավորման քննություններ հանձնես՝

  • տեսական քննություն՝ տեսական գիտելիքների ստուգում,
  • գործնական քննություն` գործնական վարման հմտությունների և վարքագծի ստուգում։


Անձը չի կարող մասնակցել վարորդական իրավունքի ստացման քննություններին, եթե նա հաշվառված է թմրաբանական կամ հոգեբանական բժշկական հաստատություններում կամ զրկված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։

Իսկ տեսողական խնդիրներ ունենալու դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի, անցնել զննություն և բժշկից ստանալ փաստաթուղթ, որում նշվում է, որ տվյալ անձին ավտոմեքենա վարել չի արգելվում։ Այդ փաստաթուղթն անհրաժեշտ է ներկայացնել որակավորման քննություններին։

Ինչպե՞ս արտասահմանից ներմուծել ավտոմեքենա

Ավտոմեքենայի մաքսազերծումը

Ավտոմեքենա կարող ես գնել ինչպես ՀՀ շուկայից, այնպես էլ արտասահմանից։ Արտասահմանից ներմուծելու դեպքում անհրաժեշտ գործողությունների քայլ առ քայլ նկարագրությունը ներկայացված է ուղեցույցում:

Ավտոմեքենայի հաշվառումը

Ավտոմեքենան գնելուց հետո 15 օրվա ընթացքում պետք է դիմես Ճանապարհային ոստիկանություն՝ դրա սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու համար։ Իսկ այն արտասահմանից ներմուծելու դեպքում նշված 15-օրյա ժամկետը հաշվարկվում է ավտոմեքենայի հայտարարագրման օրվանից։

Ավտոմեքենայի հաշվառման գործընթացի քայլ առ քայլ ուղեցույցում կարող ես գտնել քեզ անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը։

Ավտոմեքենայի վաճառքը և վերահաշվառումը

Ե՞րբ է ավտոմեքենան հանվում հաշվառումից

Երբ վաճառում ես ավտոմեքենան, այն անհրաժեշտ է հանել հաշվառումից։

Ավտոմեքենան հանվում է հաշվառումից, երբ․

  • սեփականատերը փոխվում է,

  • ավտոմեքենան մշտապես արտահանվում է ՀՀ տարածքից,

  • ավտոմեքենան խոտանվում է։


Ավտոմեքենայի հանումը հաշվառումից իրականացվում է միևնույն հաջորդական քայլերով, ինչպիսիք ավտոմեքենայի առաջին հաշվառման դեպքում են։

Սպասարկման սրահի աշխատակիցը փաստաթղթերդ ստուգելուց և համապատասխան գրանցումներ կատարելուց հետո կտրամադրի՝

  • 15 օր ժամկետով «ժամանակավոր» համարանիշ` սեփականատիրոջ փոփոխության դեպքում, երբ ավտոմեքենան հաշվառվելու է այլ մարմինների կողմից,

  • 30 օր ժամկետով «տարանցիկ» համարանիշ՝ ավտոմեքենան ՀՀ տարածքից մշտապես արտահանելու դեպքում։ Ի դեպ՝ այս դեպքում քեզ կվերադարձվի նաև ավտոմեքենայի հաշվառման վկայագիրը (տեխնիկական անձնագիր)՝ ներքևի ձախ և վերևի աջ անկյունները կտրված վիճակում։

Ե՞րբ է ավտոմեքենան վերահաշվառվում

 

Ավտոմեքենան անհրաժեշտ է վերահաշվառել, երբ․

  • փոփոխվում է սեփականատիրոջ անձնագրային որևէ տվյալ, օրինակ՝ անունը, ազգանունը կամ հաշվառման վայրը, իրավաբանական անձի դեպքում՝ կազմակերպության գտնվելու վայրը կամ անվանումը,

  • փոփոխվում են ավտոմեքենայի թափքի կամ այլ համարակիր մասերի  (VIN code ունեցող մասեր, ինչպես նաև համարակալված այլ հանգույցներ ու ագրեգատներ, օրինակ՝ փոխանցման տուփ, ամրաշրջանակ և այլն) համարները,

  • փոփոխվում է ավտոմեքենայի գույնը կամ համարանիշը,

  • ավտոմեքենան վերասարքավորվում է։ Վերասարքավորումը ավտոմեքենայի կառուցվածքի փոփոխությունն է, երբ տեղադրվում կամ հեռացվում են այնպիսի բաղադրիչ մասեր, որոնք ազդում են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման վրա։


Ավտոմեքենայի վերահաշվառումն իրականացվում է միևնույն հաջորդական քայլերով, ինչպիսիք ավտոմեքենայի առաջին հաշվառման դեպքում են։

Ավտոմեքենայի սեփականատերը կամ նրա լիազորած անձը պետք է ներկայացնի՝

  • անձը հաստատող փաստաթուղթ,

  • ավտոմեքենայի ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, եթե դրա սեփականության իրավունքը Ճանապարհային ոստիկանությունում գրանցված չէ,

  • ավտոմեքենայի հաշվառման վկայագիրը (տեխնիկական անձնագիր),

  • վերահաշվառման համար հիմք հանդիսացող փաստաթուղթը, ընդ որում՝ ավտոմեքենայի գույնը կամ համարանիշը փոփոխելու դեպքում այս փաստաթուղթը չի պահանջվում,

  • տեղեկանք այն մասին, որ ավտոմեքենայի գույքահարկի պարտավորություններն ամբողջությամբ կատարված են,

  • փաստաթղթերը լիազորված անձի կողմից ներկայացվելու դեպքում՝ նոտարի կողմից հաստատված լիազորագիր։

Ընդ որում՝ ավտոմեքենայի գույքահարկի պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկատվությունը ստուգվում է առցանց, ուստի պարտավորությունների ամբողջական կատարման դեպքում որևէ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չկա։

Բաժինը կազմվել է՝ համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի

Ավտոմեքենայի տեխնիկական զննությունը

Ավտոմեքենան պետք է որոշակի պարբերականությամբ տեխնիկական զննություն անցնի։ Այդ պարբերականությունը կախված է ավտոմեքենայի տեսակից և թողարկման տարեթվից։

Ավտոմեքենայի տեխնիկական զննությունը պետք է իրականացվի հետևյալ պարբերականությամբ․

  • առաջին զննություն՝ թողարկմանը հաջորդող 4-րդ տարում,

  • 4-10 տարվա արտադրության թեթև մարդատար տաքսի ավտոմոբիլների, տրոլեյբուսների, ավտոբուսների, վտանգավոր բեռներ փոխադրելու համար նախատեսված մասնագիտացված տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների (կիսակցորդներ) դեպքում` տարին մեկ անգամ,

  • 10-ից ավելի տարվա արտադրության թեթև մարդատար տաքսի ավտոմոբիլների, տրոլեյբուսների, ավտոբուսների, վտանգավոր բեռներ փոխադրելու համար նախատեսված մասնագիտացված տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների (կիսակցորդներ) դեպքում` 6 ամիսը մեկ անգամ,

  • 4-10 տարվա արտադրության թեթև մարդատար ավտոմոբիլների, բեռնատար տրանսպորտային միջոցների, ուղևորի մինչև 8 նստատեղ ունեցող բեռնաուղևորատար տրանսպորտային միջոցների, կցորդների (կիսակցորդներ), մոտոցիկլերի դեպքում՝ 2 տարին մեկ անգամ,

  • 10-ից ավելի տարվա արտադրության թեթև մարդատար ավտոմոբիլների, բեռնատար տրանսպորտային միջոցների, ուղևորի մինչև 8 նստատեղ ունեցող բեռնաուղևորատար տրանսպորտային միջոցների, կցորդների (կիսակցորդներ), մոտոցիկլերի դեպքում՝ տարին մեկ անգամ,

  • 4-ից ավելի տարվա արտադրության նոր ներմուծված տրանսպորտային միջոցները պետք է ներկայացվեն տեխնիկական զննության մինչև ՃՈ-ում առաջին հաշվառումը։


Տրանսպորտային միջոցը տեխնիկական զննության պետք է ներկայացվի մինչև նախորդ զննությամբ սահմանված ամսվա վերջին օրը:

Առցանց ստուգել ավտոմեքենայի տեխնիկական զննության ժամկետը և գտնել զննության կայան
Սկսել

Առանց տեխնիկական զննության վարելու դեպքում ստիպված կլինես վճարել 20,000 դրամ տուգանք։

Ավտոմեքենայի ապահովագրությունը

Հայաստանում գործում է ավտոմեքենայի ապահովագրության 2 տարբերակ՝ ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ։ ՀՀ ճանապարհներով երթևեկելիս ԱՊՊԱ ապահովագրությունը պարտադիր է, իսկ ԿԱՍԿՈ ապահովագրությունից հնարավոր է օգտվել՝ ըստ ցանկության։ 

Ավտոմեքենան ապահովագրելու վերաբերյալ բոլոր մանրամասները ներկայացված են ուղեցույցում.

Վարչական իրավախախտումներ

Կայանում, տուգանքներ, զեղչեր և օգտակար հավելվածներ

ՀՀ-ում ճանապարհային երթևեկության կանոնները չպահպանելու դեպքում գործում են վարչական տուգանքներ, որոնց չափը և ձևը կախված են խախտման տեսակից։ Բալային համակարգի, տուգանքների համար գործող զեղչերի մասին բոլոր տեղեկությունները և այլ օգտակար հղումներ ներկայացված են ուղեցույցում։ 

Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության, ՀՀ ճանապարհային ոստիկանության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից։
Was this page useful?