ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Անցնել մշտական հյուպատոսական հաշվառում

ՀՀ-ից մեկնող կամ ՀՀ տարածքից դուրս գտնվող քաղաքացիները կարող են հյուպատոսական հաշվառում անցնելու միջոցով իրենց անձնական տվյալները կամավոր կերպով հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը: Հյուպատոսական հաշվառումն իրականացվում է ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ապահովելու, քաղաքացիական պարտականությունները հեշտացնելու և բնակչության պետական ռեգիստրում մշտական բնակության միայն մեկ վայրի հասցեով հաշվառելու նպատակով։

Ծառայությունից կարող ես օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
20-30 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
3-7 աշխատանքային օր

Հյուպատոսական հաշվառում կարող են անցնել ՀՀ բոլոր քաղաքացիները՝ անկախ տարիքից։ Մինչև 16 տարեկան քաղաքացիների դեպքում դիմումը պետք է ներկայացնի երեխայի ծնողը, որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն, իսկ անգործունակ քաղաքացիների դեպքում՝ անձի խնամակալը (այս դեպքում անձը հաշվառվում է խնամակալի հյուպատոսական հաշվառման հասցեով)։


Մշտական (183 օրից ավելի ժամկետով)
 հյուպատոսական հաշվառում անցնելու դեպքում ՀՀ քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում ավտոմատ կերպով հանվում է Հայաստանի Հանրապետությունում իր հաշվառման հասցեից և հաշվառվում է օտարերկրյա պետությունում իր մշտական բնակության հասցեով։ Օտարերկրյա պետության բնակության հասցեով հաշվառված լինելը որևէ կերպ չի ազդում անձի սեփականության իրավունքի վրա։

Առցանց այցի ամրագրմամբ մշտական (183 օրից ավելի ժամկետով) հյուպատոսական հաշվառում անցնելու համար անհրաժեշտ է դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։


Առցանց այց ամրագրելու համար անհրաժեշտ է՝

  • նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
  • բացվող էջի «Հերթագրում ծառայություն ստանալու համար» բաժնում լրացնել պահանջվող տեղեկատվությունը,
  • երկիրն ընտրելուց հետո ավտոմատ կերպով մնացած դաշտերում կլրացվի ՀՀ համապատասխան դեսպանության կամ հյուպատոսության հասցեն,
  • «Այցելության օր և ժամ» բաժնում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։


Նախատեսված այցի օրն անհրաժեշտ է անձամբ տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում,
  • ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը,
  • մինչև 16 տարեկան անձանց դեպքում՝ ՀՀ քաղաքացու անձնագրի կամ ծննդյան վկայականի լուսապատճենը,
  • զինապարտների դեպքում (18-55 տարեկան տղամարդիկ) կցագրման վկայականի կամ զինգրքույկի լուսապատճենը կամ զինվորական հաշվառումը հավաստող տեղեկանքի լուսապատճենը,
  • օտարերկրյա պետությունում օրինական հիմքով բնակվելու փաստաթղթի լուսապատճենը (անձնագիր, կացության քարտ)։


Ներկայացված անձնական տվյալների (երկիր, քաղաք, էլ-փոստ, հեռախոս) միջոցով նախարարությունը արտակարգ իրավիճակում կապվում է քաղաքացիների հետ, կարևոր տեղեկություններ հաղորդում, ինչպես նաև տրամարդում անվտանգության վերաբերյալ խորհրդատվություն։


Ուշադրություն
Հյուպատոսական հաշվառման կանգնելու ժամանակ ներկայացվող տվյալները պաշտպանված են օրենքով և կարող են օգտագործվել միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով։

 

Վճարման չափը

Հյուպատոսական հաշվառումն իրականացվում է անվճար։

 

Տրամադրման ժամկետը

Մշտական հյուպատոսական հաշվառումն իրականացվում է 3-7 աշխատանքային օրվա ընթացքում։

 

Հղում օրենսդրությանը

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենք

2016 թվականի սեպտեմբերի 29-ի N 1000-Ն ՀՀ կառավարության որոշում

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00 - 18:00
Հեռախոսահամար` 0-8000-2020,
+(374) 10 585980,
Viber:+(374) 41 585980
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00 - 18:00
Հեռախոսահամար` +(374) 60 620000,
WhatsApp, Viber: +(374) 55 620111
Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ժամանակ և ռեսուրսներ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր