Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Անցնել մշտական հյուպատոսական հաշվառում 183 օրվանից ավել արտասահմանում գտնվելու դեպքում
ՀՀ-ից մեկնող կամ ՀՀ տարածքից դուրս գտնվող քաղաքացիները կարող են հյուպատոսական հաշվառում անցնելու միջոցով իրենց անձնական տվյալները կամավոր կերպով հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը:
Հյուպատոսական հաշվառումն իրականացվում է ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ապահովելու, քաղաքացիական պարտականությունները հեշտացնելու և բնակչության պետական ռեգիստրում մշտական բնակության միայն մեկ վայրի հասցեով հաշվառելու նպատակով։
Ծառայությունից հնարավոր է օգտվել առցանց, ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով կամ պարզապես այցելելով ՀՀ արտաքին գործերի նախարարություն կամ տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։
Հյուպատոսական հաշվառում կարող են անցնել ՀՀ բոլոր քաղաքացիները՝ անկախ տարիքից։ Մինչև 16 տարեկան անձանց դեպքում դիմումը պետք է ներկայացնի երեխայի ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն, իսկ անգործունակ անձանց դեպքում՝ խնամակալը (այս դեպքում անձը հաշվառվում է խնամակալի հյուպատոսական հաշվառման հասցեով)։
Մշտական (183 օրից ավելի ժամկետով) հյուպատոսական հաշվառում անցնելու դեպքում ՀՀ քաղաքացին Բնակչության պետական ռեգիստրում ավտոմատ կերպով հանվում է Հայաստանի Հանրապետությունում իր հաշվառման հասցեից և հաշվառվում է օտարերկրյա պետությունում իր մշտական բնակության հասցեով։ Օտարերկրյա պետության բնակության հասցեով հաշվառված լինելը որևէ կերպ չի ազդում անձի սեփականության իրավունքի վրա։
Պահանջվող փաստաթղթերը
Անհրաժեշտ է ֆիզիկապես կամ փոստի միջոցով ՀՀ ԱԳՆ կամ տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում,
- ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը,
- մինչև 16 տարեկան անձանց դեպքում՝ ՀՀ քաղաքացու անձնագրի կամ ծննդյան վկայականի լուսապատճենը,
- զինապարտների դեպքում (18-55 տարեկան տղամարդիկ) կցագրման վկայականի կամ զինգրքույկի լուսապատճենը կամ զինվորական հաշվառումը հավաստող տեղեկանքի լուսապատճենը,
- օտարերկրյա պետությունում օրինական հիմքով բնակվելու փաստաթղթի լուսապատճենը (անձնագիր, կացության քարտ)։
Ներկայացված անձնական տվյալների (երկիր, քաղաք, էլ-փոստ, հեռախոս) միջոցով նախարարությունը արտակարգ իրավիճակում կապվում է քաղաքացիների հետ, կարևոր տեղեկություններ հաղորդում, ինչպես նաև տրամարդում անվտանգության վերաբերյալ խորհրդատվություն։
Ուշադրություն
Հյուպատոսական հաշվառման համար ներկայացվող տվյալները պաշտպանված են օրենքով և կարող են օգտագործվել միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով։
Վճարման չափը
Հյուպատոսական հաշվառումն իրականացվում է անվճար։
Տրամադրման ժամկետը
Մշտական հյուպատոսական հաշվառումն իրականացվում է 3-7 աշխատանքային օրվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
- «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենք
- «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենք
- 2016 թվականի սեպտեմբերի 29-ի N 1000-Ն ՀՀ կառավարության որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11