ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Անցնել մշտական հյուպատոսական հաշվառում 183 օրվանից ավել արտասահմանում գտնվելու դեպքում

ՀՀ-ից մեկնող կամ ՀՀ տարածքից դուրս գտնվող քաղաքացիները կարող են հյուպատոսական հաշվառում անցնելու միջոցով իրենց անձնական տվյալները կամավոր կերպով հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը:


Հյուպատոսական հաշվառումն իրականացվում է ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ապահովելու, քաղաքացիական պարտականությունները հեշտացնելու և բնակչության պետական ռեգիստրում մշտական բնակության միայն մեկ վայրի հասցեով հաշվառելու նպատակով։

Ծառայությունից հնարավոր է օգտվել առցանց, ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով կամ պարզապես այցելելով ՀՀ արտաքին գործերի նախարարություն կամ տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
5-10 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
3-7 աշխատանքային օր

Հյուպատոսական հաշվառում կարող են անցնել ՀՀ բոլոր քաղաքացիները՝ անկախ տարիքից։ Մինչև 16 տարեկան անձի դեպքում դիմումը պետք է ներկայացնի երեխայի ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն, իսկ անգործունակ անձի դեպքում՝ խնամակալը (այս դեպքում անձը հաշվառվում է խնամակալի հյուպատոսական հաշվառման հասցեով)։

Մշտական (183 օրից ավելի ժամկետով) հյուպատոսական հաշվառում անցնելու դեպքում ՀՀ քաղաքացին Բնակչության պետական ռեգիստրում ավտոմատ կերպով հանվում է ՀՀ-ում իր հաշվառման հասցեից և հաշվառվում է օտարերկրյա պետությունում իր մշտական բնակության հասցեով։ Օտարերկրյա պետության բնակության հասցեով հաշվառված լինելը որևէ կերպ չի ազդում անձի սեփականության իրավունքի վրա։


«Ամրագրել այց» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝

  • նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
  • բացվող էջի «Հերթագրում ծառայություն ստանալու համար» բաժնում լրացնել պահանջվող տեղեկատվությունը,
  • երկիրն ընտրելուց հետո ավտոմատ կերպով մնացած դաշտերում կլրացվի ՀՀ համապատասխան դեսպանության կամ հյուպատոսության հասցեն,
  • «Այցելության օր և ժամ» բաժնում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։


Պահանջվող փաստաթղթերը

Նախատեսված այցի օրն անհրաժեշտ է ՀՀ ԱԳՆ կամ տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ անձամբ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում,
  • ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը,
  • մինչև 16 տարեկան անձանց դեպքում՝ ՀՀ քաղաքացու անձնագրի կամ ծննդյան վկայականի լուսապատճենը,
  • զինապարտների դեպքում (18-55 տարեկան տղամարդիկ) կցագրման վկայականի կամ զինգրքույկի լուսապատճենը կամ զինվորական հաշվառումը հավաստող տեղեկանքի լուսապատճենը,
  • օտարերկրյա պետությունում օրինական հիմքով բնակվելու փաստաթղթի լուսապատճենը (անձնագիր, կացության քարտ)։


Ներկայացված անձնական տվյալների (երկիր, քաղաք, էլ-փոստ, հեռախոս) միջոցով նախարարությունը արտակարգ իրավիճակում կապվում է քաղաքացիների հետ, կարևոր տեղեկություններ հաղորդում, ինչպես նաև տրամարդում անվտանգության վերաբերյալ խորհրդատվություն։

Ուշադրություն
Հյուպատոսական հաշվառման համար ներկայացվող տվյալները պաշտպանված են օրենքով և կարող են օգտագործվել միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով։


Վճարման չափը

Հյուպատոսական հաշվառումն իրականացվում է անվճար։


Տրամադրման ժամկետը

Մշտական հյուպատոսական հաշվառումն իրականացվում է 3-7 աշխատանքային օրվա ընթացքում։


Հղում օրենսդրությանը

  • «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենք
  • «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենք
  • 2016 թվականի սեպտեմբերի 29-ի N 1000-Ն ՀՀ կառավարության որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00

WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր