ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Անշարժ գույք

Գրանցել բնակարանի սեփականության իրավունքը Կադաստրի կոմիտեում

Բնակարանի վաճառքից հետո բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը գնորդի անունով ձևակերպելու համար անհրաժեշտ է դիմել Կադաստրի կոմիտե։

Բնակարանի նկատմամբ (անշարժ գույք) սեփականության իրավունքի պետական գրանցումը Կադաստրի կոմիտեում կարող է իրականացվել առցանց տարբերակով կամ ֆիզիկապես ներկայանալով։   

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ «ԵսԵմ» նույնականացում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
Մինչև 10 րոպե
Ծառայության արժեքը
26,000 - 151,000 դրամ
Տրամադրման տևողությունը
4 աշխատանքային օր

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո.

Բնակարանի սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ է․

  • այցելել e-cadastre.am,
  • նույնականացվելուց հետո մուտք գործել, ստուգել անձնական տվյալները, տրամադրել էլեկտրոնային փոստի հասցե, որից հետո էջի ձախ հատվածում ընտրել «Պետական գրանցում» բաժինը, ապա սեղմել «Իրավունքի պետական գրանցում» կոճակը,
  • բացված էջում ընտրել գործարքի տեսակը,
  • նշել անշարժ գույքի հասցեն (որոնումը հնարավոր է կատարել նաև անշարժ գույքի վկայականի համարով կամ կադաստրային ծածկագրով՝ լրացնելով համապատասխան դաշտերը (կադաստրային ծածկագիրը տվյալ անշարժ գույքին տրվող եզակի համար է)), այնուհետև սեղմել «Հաջորդը» կոճակը,
  • նշել դիմումի կատարման ժամկետը, կցել անհրաժեշտ փաստաթղթերը, կատարել վճարումը և հանձնել դիմումը։ 


Ներկայացվող պահանջները

Հիպոթեքային վարկով ձեռք բերված բնակարանի դեպքում իրավունքի պետական գրանցումը տեղի է ունենում միայն շենքի ավարտական ակտի հանձնումից հետո։


Պահանջվող փաստաթղթերը

Բնակարանի սեփականության իրավունքի գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • անձնագիր կամ նույնականացման քարտ (լիազորված անձանց դեպքում՝ նաև լիազորագրեր),
  • բնակարանի վաճառքի պայմանագիրը,
  • բնակարանի արժեքի վճարման անդորրագիրը,
  • անշարժ գույքի գնման իրավունքի վկայականը,
  • սեփականության իրավունքի պետական գրանցման համար կատարված վճարման անդորրագիրը։


Տրամադրման կարգը և ժամկետը

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կատարվում է պետական գրանցման դիմումը ներկայացնելուց հետո 4 աշխատանքային օրվա ընթացքում։

 

Վճարման չափը և կարգը

Բնակարանաի սեփականության իրավունքի գրանցման համար գանձվում է պետական գրանցման ծառայության վճար՝ 25,000 դրամ, պետական տուրքի վճար՝ 1,000 դրամ։ Իրավունքի վկայականը տրամադրվում է 4 աշխատանքային օրվա ընթացքում։

Դիմողի ցանկությամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման պետական գրանցումը կարող է կատարվել նաև արագացված կարգով․

  • 50,000 դրամ՝ 3 աշխատանքային օրում,
  • 75,000 դրամ՝ 2 աշխատանքային օրում,
  • 150,000 դրամ՝ 2 ժամում։


Առցանց ներկայացված դիմումի և կից փաստաթղթերի իսկությունը հաստատվում է ներկայացնող անձի  էլեկտրոնային ստորագրությամբ։

Դիմումի հետ ներկայացված փաստաթղթերի իսկության համար պատասխանատվությունը կրում են փաստաթղթերը ներկայացրած անձինք:

Իրավունքի պետական գրանցումից հետո տրամադրվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական, որն ուղարկվում է գնորդի նշած էլեկտրոնային փոստի հասցեին։

Վկայականի իսկությունը և վավերականությունը հնարավոր է ստուգել Կադաստրի կոմիտեի կայքի միջոցով՝ «Փաստաթղթերի դիտում» դաշտում լրացնելով վկայականի համարը և գաղտնաբառը:


Հղում օրենսդրությանը

  • «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Օրենսդրական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Հեռախոսահամար`
(+374) 060 47-42-05

Այս ծառայությունից կարող եք օգտվել նաև այլ եղանակներով:

Այդ դեպքում կարող եք ավելի շատ կամ ավելի քիչ ժամանակ և գումար ծախսել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր