Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ աջակցություն անհուսալի վարկերը մարելու համար
Անհուսալի վարկեր ունեցող աշխատող անձինք կարող են մինչև 2026 թվականի հունվարի 31-ը դիմել անհուսալի վարկերի մարման աջակցության ծրագրին։
Անհուսալի վարկերի մարման աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝
- ընտրել «Կյանքի դժվարին իրավիճակ» բաժինը,
- բացվող էջում ընտրել «Անհուսալի վարկերի միջոցառում»-ը,
- անցնել թվային նույնականացում (Ի՞նչ է «ԵսԵմ» նույնականացումը),
- լրացնել դիմողի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
- նշել 2 նշավանդակները, որոնցով դիմողը հավաստիացնում է, որ ներկայացված տվյալները ճիշտ են,
- հաստատել և ներկայացնել դիմումը։
Այս գործողությունները կատարելուց անմիջապես հետո էկրանին կհայտնվի ծանուցում դիմումի հաստատման կամ մերժման վերաբերյալ։
Ներկայացվող պահանջները
Աջակցությունից օգտվելու համար՝
- վարկի անհուսալիության ժամկետը պետք է լինի նվազագույնը 3 տարի,
- վարկի մայր գումարի չափը պետք է լինի առավելագույնը 1 միլիոն դրամ,
- դիմողը պետք է լինի գրանցված աշխատող,
- դիմողը չպետք է արդեն հանդիսանա ծրագրի շահառու։
Աջակցության տեսակները և չափերը
Շահառու դառնալու դեպքում աջակցությունը կտրամադրվի հետևյալ կերպով․
-
անձի եկամտային հարկը կուղղվի նրա վարկային պարտավորության մարմանը,
-
աշխատավարձից նախկին 50%-ի փոխարեն կբռնագանձվի 20%-ը (հարկադիր բռնագանձվող գումարներ),
-
բանկերը մինչև 80%-ի չափով կզիջեն վարկերի գծով առաջացած տույժերը և տուգանքները:
Տրամադրման ժամկետը և կարգը
Դիմումը հաստատվում կամ մերժվում է անմիջապես՝ դրանում ներկայացված և տվյալների տարբեր բազաներից ստացված տեղեկությունների ստուգման հիման վրա։ Անհամապատասխանություն հայտնաբերվելու դեպքում այն մերժվում է։
Անհամապատասխանություններ չհայտնաբերվելու դեպքում դիմումը բավարարվում է, ինչի մասին քաղաքացին էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցում է ստանում։
Աջակցությունը տրամադրվում է դիմելուն հաջորդող ամսվա 1-ից՝ առավելագույնը 24 ամիս ժամկետով։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 1990-Լ որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։
09:00-18:00
(+374) 010 56-53-83
09:00-18:00
(+374) 010 56-53-83