Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Պահպանել առողջությունը
- ՀՀ-ում ծնված յուրաքանչյուր երեխա գրանցվում է տեղամասային պոլիկլինիկայում, որտեղ հետագայում անցնում է նաև տարեկան կանխարգելիչ բուժզննումները։
- Հրատապ կարիքի դեպքում կարող ես օգտվել շտապ կամ անհետաձգելի բուժօգնության ծառայություններից։
- Շատ դեպքերում բուժօգնությունը անվճար է կամ համավճարով։
- Իսկ առողջության ապահովագրության միջոցով կարող ես ստանալ անհրաժեշտ ծառայությունները՝ խուսափելով մեծ ծախսերից։
- Տարեկան մեկ անգամ խիստ ցանկալի է անցնել տարեկան բուժզննում՝ առողջության պոտենցիալ խնդիրների վաղ հայտնաբերման և կանխարգելման համար։
- ՀՀ-ում գործում է էլեկտրոնային դեղատոմսերի առցանց համակարգը, ըստ որի՝ բժիշկն անհրաժեշտ դեղերը նշանակում է էլեկտրոնային դեղատոմսի միջոցով, որը քեզ հասանելի կլինի ԱՐՄԵԴ համակարգում։
Ինչպե՞ս հետևել առողջությանը Հայաստանում
Քայլ 1
Տեղեկացիր առողջապահական ծառայությունների մասին
Պարզիր, թե առողջությանդ հետևելու ինչ տարբերակ կարող ես ընտրել Հայաստանում․ գրանցվել պոլիկլինիկայում կամ օգտվել մասնագիտացված բժշկական սպասարկման այլ տեսակներից։
Քայլ 2
Դիմիր բժշկի
Եթե հանկարծակի բժշկի կարիք ունես, կանչիր շտապօգնություն, իսկ եթե կարող ես սպասել, կամ ցանկանում ես կանխարգելիչ հետազոտության գնալ, գրանցվիր ընտանեկան բժշկիդ մոտ այցի։ Նա քեզ կզննի և անհրաժեշտության դեպքում կուղղորդի լրացուցիչ հետազոտությունների։
Քայլ 3
Կատարիր բժշկի ցուցումները
Հետևիր բժշկիդ խորհուրդներին և ձեռք բեր դեղատոմսով ցուցված դեղամիջոցները՝ չմոռանալով, որ բուժվելուց հետո անհրաժեշտ է շարունակաբար հետևել առողջությանը։
Բուժօգնությունը Հայաստանում
Ուղեցույցի օգնությամբ կծանոթանաս, թե ինչպես է կազմակերպվում բուժօգնությունը Հայաստանում, առհասարակ բուժօգնության ինչ տեսակներ կան, և ինչ իրավունքներ և պարտավորություններ ունի պացիենտը բուժօգնություն ստանալիս։ Ինչպես նաև կտեղեկանաս բուժօգնության տեսակների մասին, մասնավորապես․
Առողջության ապահովագրություն
Առողջությունդ ապահովագրելով՝ կկարողանաս անկանխատեսելի կամ արտակարգ իրավիճակներում ստանալ բժշկական պատշաճ օգնություն՝ խուսափելով մեծ ծախսերից։
Առողջությունդ ապահովագրելու համար կարող ես ընտրել ապահովագրության հետևյալ տեսակները․
- անհատական,
- կորպորատիվ,
- սոցիալական փաթեթով տրամադրվող ապահովագրություն։
Նախքան առողջությունդ ապահովագրելը՝
-
Ուսումնասիրիր ապահովագրական ընկերության կողմից փոխհատուցվող ծառայությունների ցանկը, քանի որ կարող են առաջարկվել տարբեր փաթեթներ:
-
Իմացիր, թե երբ է ակտիվանում ապահովագրական պայմանագիրը: Շատ դեպքերում գործում է սպասման ժամկետ․ այսինքն՝ փաթեթն ակտիվանում է մի քանի օր կամ նույնիսկ մի քանի ամիս անց:
-
Պարզիր՝ ինչպես և երբ է կատարվում փոխհատուցումը: Սովորաբար ապահովագրական կազմակերպություններն ունեն գործընկեր հիվանդանոցներ, որտեղ բժշկական ծառայությունների համար քո փոխարեն վճարում է ապահովագրական ընկերությունը։ Այլ հիվանդանոց ընտրելու դեպքում վճարումները կատարում ես ինքդ, այնուհետև վճարման անդորրագրերը փոխանցում ես ապահովագրական ընկերությանը, որն էլ որոշում է փոխհատուցել կամ չփոխհատուցել ծախսերը:
-
Պարզիր՝ կարող ես արդյոք քեզ հետ ապահովագրել նաև ընտանիքիդ անդամներին, և որքան կլինի նրանց սպասման ժամկետը։ Սովորաբար դա տևում է մինչև մեկ տարի․ այսինքն՝ տվյալ ժամանակահատվածում նրանք կարող են սպասարկվել ծառայությունների նվազագույն ծավալով, ընդ որում՝ տարբեր կազմակերություններում այդ ծավալները տարբեր են։
- Ապահովագրությամբ բժշկի դիմելու համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել քո ապահովագրական ընկերություն հեռախոսազանգի կամ հավելվածի միջոցով։
- Ապահովագրական ընկերությունը գրանցում է հայտդ և փոխանցում է բժիշկ-փորձագետին։ Վերջինս քեզ հետ կապ է հաստատում հեռխասազանգի միջոցով առողղջական գանգատներդ հասկանալու և ըստ փաթեթի սահմանաչափի՝ ուղղորդելու քո նախընտրելի բուժհաստատություն, որը համագործակցում է ապահովագրական ընկերության հետ։
- Այցի օրը և ժամը հաստատվելուց հետո բուժհաստատությունը քեզ ուղարկում է հաստատման մասին հաղորդագրություն SMS հաղորդագրության կամ հեռախոսազանգի միջոցով։
Պլանավորված օրը և ժամին պետք է ներկայանալ բուժհաստատություն, ընդունարանում տեղեկացնել ապահովագրության միջոցով նախապես պայմանավորված բուժզննման մասին՝ ներկայացնելով նույնականացման քարտդ կամ անձնագիրդ և ակտիվացել հերթի (էլեկտրոնային հերթի) կտրոնը՝ ըստ բուժհաստատության կանոնների։
- Եթե բուժզննման ժամանակ անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ, ապա բուժհաստատությունը ուղարկում է հավելյալ հետազոտությունների հայտը քո ապահովագրական ընկերությանը։ Անհրաժեշտության դեպքում՝ դու էլ կարող ես կապ հաստատել քո ապահովագրության հետ՝ իրավիճակը պարզաբանելու համար։
- Սովորաբար ապահովագրական ընկերությունը պատասխանում է 10-15 րոպեի ընթացքում՝ հայտը հաստատելով կամ մերժելով։
- Եթե դիմել ես բժիշկի առանց ապահովագրական ընկերությանը հայտ ներկայացնելու, ապա կարող ես ստացված բուժզննության, հետազոտությունների, վիրահատության նշանակաված դեղորայքի համար ստանալ փոխհատուցում քո ապահովագրական ընկերության կողմից՝ ըստ քո ապահովագրական փաթեթի սահմանաչափի և ծածկույթի։
- Այս դեպքում դու ինքդ ես վճարում ստացված ծառայությունների համար։ Այնուհետև վճարման անդորրագրերն ու բժիշկների կողմից տրված ցուցումները էլեկտրոնային փոստի կամ հավելավածի միջոցով ներկայացնում ես ապահովագրական ընկերություն, որը ըստ քո ապահովագրական ծածկույթի և սահմանաչափի՝ որոշում է փոխհատուցել կատարված ծախսերը կամ ոչ։
- Փոխհատուցման հաստատման դեպքում գումարը փոխանցվում է ապահովագրական ընկերության կողմից քո տրամադրած բանկային հաշվեհամարին։
Ուշադրություն
Անհրաժեշտ է նախապես ճշգրտել՝ քանի օրվա ընթացքում կարող ես ներկայացնել նշված փաստաթղթերը, քանի որ կան սահմանված ժամկետներ։
Սոցիալական փաթեթը պետության կողմից որոշակի ոլորտի աշխատողների տրվող հնարավորություն է՝ հետևյալ ծառայություններից օգտվելու համար․
- առողջապահություն,
- հանգստ,
- հիպոթեքային վարկի մարում,
- ուսման համար վճարում։
Սոցիալական փաթեթի համար հատկացվող գումարն անկանխիկ գումար է, որը փոխանցվում է աշխատողի անվամբ, ամսական 6,000 ՀՀ դրամ սահամանչափով, հատուկ այդ նպատակով բանկում բացված հաշվին։ Ընդ որում՝ գումարը սկսում է կուտակվել տվյալ աշխատանքի վայրում 6 ամիս անընդմեջ աշխատելուց հետո։
Սոցիալական փաթեթը հատկացվում է ՀՀ պետական մարմինների և կրթության, մշակույթի, գիտության ու սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների աշխատակիցներին՝ բացառությամբ․
- Կենտրոնական բանկի,
- Երևանի քաղաքապետարանի,
- տեղական ինքնակառավարման մարմինների։
Երևանի «Շտապ բուժօգնության» ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողները նույնպես ընդգրկված են սոցիալական փաթեթի շահառուների ցանկում:
Շահառուի հետ սոցիալական փաթեթից կարող են օգտվել նաև նրա ընտանիքի անմիջական անդամները՝ ամուսինն ու երեխաները։
Սոցիալական փաթեթի ծառայություններից կարող են օգտվել՝
- հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից՝ աշխատողը և նրա ամուսինը.
- ուսման վճարից՝ աշխատողը և նրա անմիջական ընտանիքի անդամը (անդամները).
- հանգստի ապահովման ծառայությունից՝ աշխատողը և նրա անմիջական ընտանիքի անդամը (անդամները):
Սոցիալական փաթեթի բաղադրիչներից է տարեկան կանխարգելիչ բժշկական քննությունը։ Դա պարտադիր պայման է, և առանց այդ քննությունը կատարելու փաթեթի մյուս բաղադրիչներից հնարավոր չէ օգտվել։
Այս քննության շրջանակում իրականացվում են հիմնականում պետական պատվերով մատուցվող սքրինինգային հետազոտությունները, իսկ արդյունքում ցուցված մյուս մասնագիտական խորհրդատվություններն ու լաբորատոր-գործիքային հետազոտությունները հատուցվում են ըստ փաթեթով նախատեսված կարգի։
Տարեկան բուժզննում
Տարեկան բուժզննումը առողջության վիճակի կանոնավոր ստուգում է։ Այն նախատեսված է առողջության պոտենցիալ խնդիրների վաղ հայտնաբերման և կանխարգելման համար։
Տարեկան բուժզննումը առողջապահական սքրինինգի և խորհրդատվության գործընթաց է։ Այն թույլ է տալիս գնահատել մարդու ընդհանուր առողջական վիճակը, հայտնաբերել ռիսկի գործոններ և ախտորոշել հիվանդություններ վաղ՝ նույնիսկ դեռևս ախտանշաններ բացակայող փուլերում։ Կանոնավոր բուժզննումները նպաստում են հիվանդությունների կանխարգելմանը և բուժման արդյունավետության բարձրացմանը։
Տարեկան բուժզննման մեջ ներառված են հետևյալ հետազոտությունները․
- արյան ընդհանուր անալիզ - նախատեսված է սակավարյունության, բորբոքման և առողջական այլ վիճակների գնահատման համար,
- մեզի ընդհանուր անալիզ - օգտակար է երիկամների և միզասեռաական համակարգի աշխատանքը գնահատելու համար,
- կենսաքիմիական հետազոտություն - ներառում է շաքարի և խոլեստերինի մակարդակի ստուգում՝ շաքարային դիաբետի և սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը գնահատելու նպատակով,
- էլեկտրասրտագրություն կամ էլեկտրակարդիոգրամա (ECG) - սրտի աշխատանքի գնահատման համար,
- էնդոկրինոլոգիա - ուղղված է էնդոկրին համակարգի պաթոլոգիայի հայտնաբերման և բուժման համար, ինչպես նաև հիվանդությունների պրոֆիլակտիկ կանխարգելման հարցերով, կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն և անհրաժեշտության դեպքում՝ համապատսխան հորմոնալ անալիզների հետազոտություն,
- ակնաբուժական հետազոտություն - ստուգվում է տեսողությունը, անհրաժեշտության դեպքում կատարվում է աչքի բբի լայնացում,
- կանանց համար՝ գինեկոլոգի խորհրդատվություն և ցիտոլոգիական քսուք,
- կանանց համար՝ մամոգրաֆիա (պարտադիր սքրինգ է 40 տարեկանից սկսած) - կատարվում է կրծքագեղձերի հետազոտություն,
- տղամարդկանց համար՝ ուրոլոգի խորհրդատվություն,
- թերապևտի խորհրդատվություն - հետազոտություններից հետո բժիշկը հավաքում է անամնեզ, վերլուծում և բացահայտում ժառանգական նախատրամադրվածությունը։
Անհրաժեշտության դեպքում՝ հնարավոր է, որ բժիշկը նշանակի հավելյալ զննություններ՝ կախված ինքնազգացողությունից և հետազոտությունների արդյունքներից։
Բժիշկ-թերապևվտը կարող է նշանակել լրացուցիչ հետազոտություններ՝ հիմնվելով անալիզների արդյունքների և անհատական ռիսկի գործոնների (տարիք, ժառանգականություն, կենսապայմաններ) վրա։
Հետազոտությունները կարող են ներառել․
- հորմոնալ պրոֆիլի անալիզներ,
- ուլտրաձայնային հետազոտություն,
- ստրես-թեստեր,
- մասնագիտացված բժիշկների (էնդոկրինոլոգ, նյարդաբան, կարդիոլոգ և այլն) խորհրդատվություն։
Տարեկան բուժզննումը հնարավոր է անցնել ՀՀ-ում գործող ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բուժհաստատութուններում։
Բուժզննումը հնարավոր է կազմակերպես ապահովագրական ընկերությունների միջոցով՝ ձեռք բերելով առողջության ապահովագրության փաթեթ կամ ուղղակիորեն դիմելով նախընտրելի բուժհաստատություն։
- Տարեկան բուժզննման համար նախընտրելի բուժհաստաության ընդունարան անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր կամ նույնականացման քարտ։
- Բուժառուի ցանկության դեպքում նախկինում կատարված հետազոտությունների արդյունքները։
Առողջության գնահատման հարցաթերթ
Որոշ բուժհաստատություններ տարեկան բուժզննման ներկայանալուց առաջ բուժառուին էլեկտրոնային փոստի միջոցով նախապես ուղարկում են հարցաշար՝ տեղեկանալու պացիենտի այնպիսի լրացուցիչ մանրամասների մասին, ինչպիսիք են․
- հիվանդություններ,
- ինքնազգացողություն,
- կատարված վիրահատություններ,
- գանգատներ։
Հարցաշարի պատասխանները կօգնեն մասնագետներին նախապես հնարավորինս պարզ հասկանալ պացիենտի գանգատները և արդյունավետ հետազոտություններ նշանակել։
Էլեկտրոնային դեղատոմս
Էլեկտրոնային դեղատոմսը էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգի միջոցով բժշկի կողմից էլեկտրոնային եղանակով դեղերի նշանակումն ու հաստատումն է։
Հաստատված դեղատոմսը առցանց հասանելի է ինչպես պացիենտի ԱՐՄԵԴ համակարգում (բջջային հավելված), այնպես էլ ՀՀ-ում գրանցված ցանկացած դեղատան համակարգում։
Դեղերը դուրս են գրվում Էլեկտրոնային դեղատոմսով, եթե դրանք՝
- տրամադրվում են անվճար կամ արտոնյալ պայմաններով,
- ունեն համակարգային ազդեցություն (ներքին ընդունման` դեղահաբ, օշարակ, դեղապատիճ և այլն, ինչպես նաև ներարկման դեղաձևեր),
- համարվում են հակավարակային` հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային,
- պարունակում են իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր, հորմոններ և միզոպրոստոլ:
Այս դեղերի առավել մանրամասն ցանկը կարող եք գտնել ՀՀ կառավարության 2019 թվականի N 1080-Ն որոշման մեջ (հնարավոր է գտնել arlis.am-ում)։
Պացիենտը կամ նրա կողմից լիազորված անձը (պացիենտի կողմից տրված գրավոր համաձայնության հիման վրա) կարող է դիմել դեղատուն և ստանալ դեղորայքը։
Եթե լիազորված անձը շարունակելու է հետագայում ևս գնել դեղորայքը, բժիշկը նրա անունը մուտքագրում է էլեկտրոնային համակարգ։
Էլեկտրոնային դեղատոմսով նշանակված դեղը ձեռք բերելու համար քաղաքացիները կամ նրանց կողմից լիազորված անձը կարող են մոտենալ ցանկացած դեղատուն, ներկայացնել անձը հաստատող որևէ փաստաթուղթ`
-
անձնագիր,
-
նույնականացման քարտ,
-
կամ հանրային ծառայության համարանիշ (ՀԾՀ):
Կախված էլեկտրոնային դեղատոմսի տեսակից՝ դեղերը կարող ես ձեռք բերել՝
-
30 օրում, եթե ըստ դեղատոմսի՝ այն պետք է մեկ անգամ օգտագործես (միանվագ բացթողման դեղատոմսի դեպքում),
-
180 օրում, եթե ըստ դեղատոմսի՝ այն պետք է պարբերաբար օգտագործես (բազմակի բացթողման դեղատոմսի դեպքում)։
Բուժման ամբողջ կուրսի համար անհրաժեշտ դեղերի ողջ քանակը կարող ես ձեռք բերել միանգամից կամ մաս առ մաս։
Ո՛չ։ Անժամկետ որևէ դեղատոմս դուրս չի գրվում, քանի որ ցանկացած հիվանդություն` սուր, քրոնիկ, թե քրոնիկի սրացում, պետք է հսկվի բժշկի կողմից և ենթարկվի դինամիկ հսկողության:
Կան հիվանդություններ, որոնց դեպքում նշանակվում է երկարաժամկետ դեղորայք և միանգամից 180 օրվա համար դուրս է գրվում բազմակի բացթողման դեղատոմսով:
Բժիշկը կարող է նշանակել դեղորայքը 180 օրվա համար, բայց դուրս գրել 30 օրը մեկ՝ պացիենտի առողջական վիճակի հսկողության նպատակով։
Անհետաձգելի կամ սիմպտոմատիկ բուժման դեղերը դեղատոմսով չեն նշանակվում:
Էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերը բացառապես ախտորոշումից և անհրաժեշտ հետազոտությունից հետո նշանակվող դեղերն են:
Օրինակ` բրոնխիտի կամ տոնզիլիտի դեպքում հակաբիոտիկները նշանակվում են միայն հետազոտությունից հետո, երբ բժիշկը համոզվում է, որ տվյալ ախտորոշումը բակտերիալ է և նշանակում է հակաբիոտիկ:
Այո՛։ Հնարավոր է։ Դրա համար նշվում են պացիենտի անձնական տվյալները, համակարգում ստուգվում է դեղատոմսի առկայությունը, դեղագետն ակտիվացնում է դեղատոմսը և դուրս գրում առաքվող դեղորայքը:
Պետական աջակցության ծրագրեր
Առողջական տարբեր խնդիրների լուծման ընթացքում դու կարող ես դիմել տվյալ ոլորտում նախաձեռնված պետական աջակցության ծրագրերին, որոնց նպատակն է բնակչության որոշակի խմբերի առողջությանը հետևելու և բուժօգնություն ստանալու գործընթացն ավելի հասանելի դարձնելը։