Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ֆինանսական ի՞նչ աջակցություն է տրամադրվում հաշմանդամություն ունեցող զինծառայողին կամ զոհված զինծառայողի ընտանիքին
Ծրագրի շրջանակներում պետությունը տրամադրում է միանվագ ֆինանսական աջակցություն, որը նախատեսված է․
- ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքի համար,
- զինվորական ծառայության ժամանակ զոհված զինծառայողի հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման համար,
- հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի և ծառայության ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքների անդամների համար։
Աջակցության դիմելու քայլերի հաջորդականություն
Քայլ 1
Դիմումի ներկայացում
Պահանջվող փաստաթղթերով դիմում ներկայացրու համապատասխան կառույց։
Քայլ 2
Դիմումի ուսումնասիրություն
Դիմումիդ ուսումնասիրության ընթացքում ստուգվում է ներկայացված փաստաթղթերի ճշգրտությունը։
Քայլ 3
Աջակցության տրամադրում
Կազմվում է շահառուների անվանացանկ՝ ըստ որի տրամադրվում է ֆինանսական աջակցություն բանկային փոխանցման միջոցով։
Զոհված զինծառայողի ընտանիքին և հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողին աջակցություն
Աջակցության առաջին տեսակը նախատեսված է․
- այն ընտանիքի անդամների համար, որի զինծառայողը զոհվել է ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում,
- հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների համար։
Աջակցության այս ծրագրի շրջանակում զինծառայող են հետևյալ կառույցների աշխատակիցները․
- ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական կամ քրեակատարողական կամ քաղաքացիական հատուկ ծառայության մեջ գտնվող անձինք, քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձինք, հայեցողական պաշտոն (նշանակովի պաշտոն) զբաղեցնող անձինք.
- Ազգային անվտանգության ծառայությունում զինվորական կամ քրեակատարողական կամ քաղաքացիական հատուկ ծառայության մեջ գտնվող անձինք,
- Պետական պահպանության ծառայությունում զինվորական կամ քրեակատարողական կամ քաղաքացիական հատուկ ծառայության մեջ գտնվող անձինք,
- Ոստիկանությունում զինվորական կամ քրեակատարողական կամ քաղաքացիական հատուկ ծառայության մեջ գտնվող անձինք, քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձինք,
- Քրեակատարողական ծառայությունում զինվորական կամ քրեակատարողական կամ քաղաքացիական հատուկ ծառայության մեջ գտնվող անձինք, քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձինք,
- ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցող անձինք,
- պահեստազորայինները:
Աջակցության կարող են դիմել․
- ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքի անդամները,
- հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները։
Այս ծրագրի շրջանակներում զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում․
- ամուսինը/կինը,
- զավակները,
- ծնողները:
Ֆինանսական աջակցություն ստանալու համար դիմումին կից պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնել համապատասխան գերատեսչության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում, որը դիմումների ուսումնասիրությունից հետո շահառուների անվանացանկը և վճարվող աջակցության չափը ներկայացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։
Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- զինծառայողին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին որոշումը կամ անձի ֆունկցիոնալության գնահատման որոշումը ու ստացած վնասվածքի կամ խեղման կամ ձեռք բերած հիվանդության պատճառական կապի մասին փորձաքննական ակտը,
- համապատասխան մարմնում ծառայությունից արձակվելուց հետո զոհված զինծառայողի՝ զինվորական ծառայության հետ մահվան պատճառական կապի մասին տեղեկանքը,
- շահառու հանդիսացող անձանց անձնագրերը կամ նույնականացման քարտը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք, ինչպես նաև՝ բնակության հաշվառման վայրի վերաբերյալ տեղեկանք, ամուսնության և ծննդյան վկայականները կամ դատական ակտերը (առկայության դեպքում),
- շահառու հանդիսացող անձանց համաձայնությունը` դրամական օժանդակությունը շահառուներից մեկի անունով բացված բանկային հաշվին փոխանցելու կամ շահառուների ցանկությունը` դրամական օժանդակությունը շահառուների միջև բաժանելու և նրանցից յուրաքանչյուրին առանձին վճարելու վերաբերյալ:
Ուշադրություն
Ֆինանսական աջակցությունը հավասարաչափ բաժանվում է շահառուների միջև, եթե․
- շահառուները չեն համաձայնում դրամական օգնությունը իրենցից մեկի անունով բացված բանկային հաշվին փոխանցելուն,
- կամ չեն ցանկանում ֆինանսական աջակցությունը շահառուների միջև բաժանելուն և նրանցից յուրաքանչյուրին առանձին վճարելուն։
Զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամը կզրկվի աջակցություն ստանալու հնարավորությունից, եթե զինծառայողի մահը կամ հաշմանդամությունը հետևանք է այնպիսի արարքի, որը նա գիտակցաբար կատարել է՝ խախտելով օրենքը:
Աջակցության չափը և տրամադրման ժամկետը
Զոհված զինծառայողի ընտանիքի անդամին ֆինանսական աջակցությունը տրամադրվում է հետևյալ չափով․
- 2,000,000 դրամ, եթե զինծառայողը զոհվել է ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ,
- 1,000,000 դրամ, եթե զինծառայողը զոհվել է զինվորական ծառայության ընթացքում,
Հաշմանդամության կեսնաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողին աջակցությունը տրամադրվում է հետևյալ չափով․
- 500,000 դրամ՝ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողին,
- 400,000 դրամ՝ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողին,
- 300,000 դրամ՝ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողին։
Ֆինանսական աջակցությունը տրամադրվում է դիմումին կից փաստաթղթերը ներկայացնելուց հետո մեկ ամսվա ընթացքում։
Զոհված զինծառայողի հուղարկավորության ծախսերի փոխհատուցում
Աջակցության այս տեսակը նախատեսված է զոհված զինծառայողների ընտանիքի անդամների համար։ Պետությունը նրանց աջակցում է՝ տրամադրելով ծախսերի փոխհատուցում հետևյալ դեպքերում․
- հուղարկավորություն,
- գերեզմանների բարեկարգում,
- տապանաքարերի պատրաստում և տեղադրում։
Աջակցության այս ծրագրի շրջանակում զինծառայող են հետևյալ կառույցների աշխատակիցները, իսկ աջակցության կարող են դիմել զոհված զինծառայողի ընտանիքի անդամները։
Ստանալ ֆինանսական աջակցություն որպես զինհաշմանդամ կամ զոհված զինծառայողի ընտանիքի անդամ
- Ֆինանսական աջակցություն ստանալու համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամը դիմումին կից պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնի այն գերատեսչություն, որի զինծառայողն է եղել զոհված ընտանիքի անդամը։ Դիմումների ուսումնասիրությունից հետո շահառուների անվանացանկը և վճարվող աջակցության չափը ներկայացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ աջակցությունը տրամադրելու համար։
- Ընդ որում՝ զինծառայողի հուղարկավորության ծախսերի փոխհատուցման համար դիմումը բացի անձամբ ներկայացնելուց՝ հնարավոր է ներկայացնել նաև ՀՀ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի (ՔԳԱԿ) կամ միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային ստորաբաժանումների միջոցով։
- Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԳԱԿ) մարմնի միջոցով ներկայացվող դիմումին կից պահանջվող փաստաթղթեր չեն ներկայացվում, իսկ միասնական սոցիալական ծառայության ստորաբաժանումների (ՄՍԾ) միջոցով դիմումին կցվում է միայն մահվան վկայականը և դիմողի անձը հաստատող փաստաթուղթը։
Աջակցության չափը և ժամկետները
Զինվորական ծառայության ժամանակ զոհված զինծառայողի հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման չափերն են․
- 700,000 դրամ՝ հուղարկավորության ծախսերի հատուցման համար,
- 1,400,000 դրամ՝ գերեզմանի բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերի հատուցում համար։
Ուշադրություն
«Եռաբլուր» պանթեոնում և այլ եղբայրական գերեզմանոցներում հուղարկավորվածների համար այս հատուցումը չի տրվում։
Ֆինանսական աջակցությունը տրամադրվում է դիմումին կից փաստաթղթերը ներկայացնելուց հետո մեկ ամսվա ընթացքում։
Զինհաշմանդամներին և ծառայության ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին աջակցություն
Ֆինանսական միանվագ աջակցությունն ուղղված է․
- հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին,
- ծառայության ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին։
Ստանալ ֆինանսական աջակցություն որպես զինհաշմանդամ կամ զոհված զինծառայողի ընտանիքի անդամ
Աջակցության ծրագրի շրջանակում նախկին զինծառայող են այն անձինք, ովքեր զինվորական և այլ պետական ծառայության մեջ են եղել և արձակվել են ծառայությունից հետևյալ հաստատություններից․
- ՀՀ պաշտպանության նախարարության,
- Ազգային անվտանգության ծառայություն,
- Պետական պահպանության ծառայություն,
- Ոստիկանություն,
- Քրեակատարողական ծառայություն։
Աջակցության կարող են դիմել․
- հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները,
- ծառայության ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքի անդամները։
Աջակցության դիմելու համար զինվորական հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողը կամ ծառայության ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքի անդամը դիմումին կից պահանջվող փաստաթղթերը ներկայացնում է համապատասխան գերատեսչություն։
Աջակցության դիմելու համար անհրաժեշտ է դիմումին կից ներկայացնել․
- դիմումատուի անձը և նախկին զինծառայողի կամ զոհվածի ընտանիքի անդամի կարգավիճակը հաստատող փաստաթղթերի պատճենները,
- ընտանիքի կազմի մասին տեղեկանքը,
- ՀՀ-ում գործող բանկում դիմումատուի անվամբ բացված բանկային հաշվեհամարը,
- նախկին զինծառայողի կամ զոհվածի ընտանիքի անդամի ամուսնության դեպքում` ամուսնության վկայականը,
- տարերային աղետի հետևանքով նախկին զինծառայողին կամ զոհվածի ընտանիքի անդամին սեփականության իրավունքով պատկանող գույքին վնաս պատճառվելու դեպքում` գույքի սեփականության իրավունքի վկայականի պատճենը և տարերային աղետի ու դրա հետևանքով պատճառված վնասի վերաբերյալ տեղեկանքը,
- նախկին զինծառայողի և նրա ընտանիքի անդամի կամ զոհվածի ընտանիքի անդամի երկարատև հիվանդության դեպքում` առնվազն 21 օր ընդհանուր տևողությամբ (տվյալ տարվա ընթացքում) հիվանդանոցային պայմաններում բուժում ստացած լինելու մասին տեղեկանքը,
- նախկին զինծառայողի ընտանիքի անդամի կամ զոհվածի ընտանիքի անդամի մահվան դեպքում` մահվան վկայականը:
Ֆինանսական աջակցությունը չի տրամադրվում, եթե նախկին զինծառայողը կամ զոհված զինծառայողի ընտանիքի անդամը տվյալ տարվա ընթացքում ստացել է տվայլ կամ պետական այլ աջակցություն։
Աջակցության չափը և ժամկետը
Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողին և ծառայության ընթացքում զոհված զինծառայողին մեկ տարվա ընթացքում տրամադրվում է 100,000 դրամ միանվագ դրամական աջակցություն։
Աջակցությունը տրամադրվում է դիմումին կից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում։ Աջակցությունը փոխանցվում է դիմումատուի անվամբ բանկային հաշվեհամարին։