Կուտակային կենսաթոշակային համակարգը ՀՀ-ում գործում է 2014 թվականից։
Քաղաքացին հետագայում կենսաթոշակ է ստանում իր աշխատավաձից կատարված սոցիալական վճարումների կուտակման շնորհիվ:
Ի՞նչ է կուտակային կենսաթոշակը
- 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնվածները կենսաթոշակի են անցնելու 63 տարեկանում և ստանալու են կուտակային կենսաթոշակ կենսաթոշակային ֆոնդերից, որոնք ձևավորվում են իրենց պարտադիր վճարների և պետության համաֆինանսավորման հաշվին:
- Կուտակային կենսաթոշակը աշխատողի սոցիալական վճարների հաշվին կուտակված միջոցներից ձևավորված և ապագայում նրան վճարվող կենսաթոշակն է:
- Այս վճարումները կուտակվում են անհատական հաշվի վրա և ներդրվում ֆինանսական շուկաներում կապիտալի աճի ապահովման նպատակով:
Ի՞նչ է կուտակային կենսաթոշակը
- Կուտակային կենսաթոշակը պարտադիր է 1974-ին և դրանից հետո ծնված քաղաքացիների համար: Սակայն կուտակային կենսաթոշակին կարելի է միանալ նաև կամավոր կերպով։
- Կուտակային կենսաթոշակային համակարգին կամավոր միանալու համար պետք է դիմել Կենտրոնական Դեպոզիտարիա` ներկայացնելով առցանց հայտ և ընտրելով ֆոնդը և կառավարչին, կամ ֆիզիկապես մոտենալ կենսաթոշակային ֆոնդի օպերատորի գրասենյակներ՝ ներկայացնելով համապատասխան դիմում։
- Կուտակային կենսաթոշակը ձևավորվում է գրանցված աշխատողի ամսական աշխատավարձից և պետական բյուջեից։
- Աշխատավարձից կուտակվում է 5 տոկոս (եթե աշխատավարձի ամսական չափը չի գերազանցում 500,000 դրամը), ևս 5 տոկոս՝ պետությունից, բայց ոչ ավել, քան 25,000 դրամ:
- Ավելի բարձր աշխատավարձի դեպքում գործում են այլ դրույքաչափեր, որոնք հաշվարկվում են այնպես, որ յուրաքանչյուր ամիս կուտակային կենսաթոշակին հատկացվի աշխատավարձի 10 տոկոսի չափով գումար:
- Ընդ որում՝ կամավոր կերպով ծրագրին միացած քաղաքացիների կուտակային կենսաթոշակը ձևավորվում է միայն աշխատավարձի 5 տոկոսից․ պետական բյուջեից նրանց օգտին վճարներ չեն կատարվում։
Առցանց հաշվել կուտակային կենսաթոշակի չափը
Սկսել
Կուտակային կենսաթոշակի ֆոնդի և կառավարչի ընտրություն
Առաջին անգամ աշխատանքի անցնելիս իրավունք ունես ընտրելու 2 ֆոնդային կառավարիչներից մեկին և գործող 3 ֆոնդերից որևէ մեկը։ Սակայն, եթե չես ընտրում 30 աշխատանքային օրվա ընթացքում, ապա համակարգը ավտոմատ կերպով և պատահականության սկզբունքով քո փոխարեն ընտրում է կառավարիչներից մեկի պահպանողական ֆոնդի տեսակը։
Մինչ կենսաթոշակային տարիքի հասնելը կուտակային կենսաթոշակը պահվում է ՀՀ Կենտրոնական Դեպոզիտարիայում։ Դեպոզիտարիան էլ իր հերթին համագործակցում է ֆոնդային 2 կառավարիչների հետ՝
Ֆոնդային կառավարիչները կուտակում են քաղաքացու գումարները տարբեր ֆոնդերում։
Կենսաթոշակը կարող եք կուտակել գործող 3 ֆոնդերից մեկում․
- կայուն եկամտային,
- պահպանողական,
- հավասարակշռված։
Այս 3 ֆոնդերն իրարից տարբերվում են ռիսկայնության աստիճանով.
- Կայուն եկամտային ֆոնդի միջոցները չեն ներդրվում բաժնետոմսերում։
- Պահպանողական ֆոնդի միջոցների մինչև 25 տոկոսն է ներդրվում բաժնետոմսերում։
- Հավասարակշռված ֆոնդի միջոցների 50 տոկոսն է ներդրվում բաժնետոմսերում։
Կուտակային կենսաթոշակի ֆոնդի և կառավարչի փոփոխություն
Դու կարող ես փոխել թե՛ ֆոնդը, թե՛ կառավարչին։
Կուտակված գումարների տեղափոխումը նույն կառավարչի մի ֆոնդից մյուս ֆոնդ անվճար է։ 2 կառավարիչների միջև կուտակած գումարների տեղափոխումը տարեկան 1 անգամ նույնպես անվճար է։ Եթե կուտակած գումարները ավելի հաճախ են տեղափոխվում, ապա գանձվում է միջնորդավճար փոխանցվող գումարների 1 տոկոսի չափով:
Նախ շատ կարևոր է առաջին անգամ աշխատանքի անցնելիս ընտրել կուտակային կենսաթոշակի ֆոնդն ու կառավարչին։ Անհրաժեշտ է ուսումնասիրել գործող կառավարիչների գործունեությունն ու առաջարկող ծառայությունները, քանի որ հենց նրանք են ղեկավարելու քո կենսաթոշակի ֆինանսները՝ ներդնելով դրանք տարբեր շուկաների բաժնետոմսերում և կապիտալի աճ ապահովելով։
Կենսաթոշակը կարող եք կուտակել գործող 3 ֆոնդերից մեկում․
- կայուն եկամտային,
- պահպանողական,
- հավասարակշռված։
Այս 3 ֆոնդերն իրարից տարբերվում են ռիսկայնության աստիճանով․
- Կայուն եկամտային ֆոնդի միջոցները չեն ներդրվում բաժնետոմսերում։
- Պահպանողական ֆոնդի միջոցների մինչև 25 տոկոսն է ներդրվում բաժնետոմսերում։
- Հավասարակշռված ֆոնդի միջոցների 50 տոկոսն է ներդրվում բաժնետոմսերում։
Կուտակային կենսաթոշակի հիմնական առավելությունն այն է, որ այն թույլ է տալիս անձանց ձևավորել իրենց կենսաթոշակային միջոցները ավելի մեծ ճկունությամբ և օգուտ քաղել ներդրումային եկամուտներից: Սակայն դրան բնորոշ է նաև որոշակի ռիսկ, քանի որ ներդրումների շահութաբերությունը կախված է ֆինանսական շուկաների աճից և անկումներից:
Առցանց ընտրել կամ փոխել ֆոնդը և կառավարչին
Սկսել
Կուտակային կենսաթոշակը վճարվում է 3 եղանակով՝
- անուիտետ,
- ծրագրային վճարներ,
- միանվագ վճարներ:
Անուիտետի ձևով կուտակումները փոխանցվում են ապահովագրական ընկերությանը, որը քեզ ցմահ վճարում է թոշակ:
Ծրագրային վճարի դեպքում կառավարիչը վճարում է կուտակումները կյանքի ամբողջ ընթացքում՝ հիմք ընդունելով պաշտոնական վիճակագրության կողմից յուրաքանչյուր տարվա համար հաշվարկվող տվյալ տարիքային խմբի կյանքի միջին տևողության ցուցանիշը:
Միանվագ ձևով կուտակումներն ամբողջությամբ և միանվագ վճարվում են քեզ:
- Կուտակային կենսաթոշակի չափը կախված է քո հաշվին կուտակված գումարից, 63 տարեկանից հետո կյանքի միջին տևողությունից և պետության կողմից տվյալ տարվա համար սահմանված հիմնական կենսաթոշակի չափից:
- Կուտակային կենսաթոշակ ստանալու համար դիմումը ներկայացվում է Կենտրոնական Դեպոզիտարիա, որը տեղեկանք է տրամադրում քո կենսաթոշակային հաշվում առկա միջոցների և դրա ամսական վճարների մասին՝ հավասարաչափ բաժանելով առկա միջոցները կյանքի միջին տևողության ամիսների վրա:
- Եթե հաշվարկված ամսական գումարը փոքր է կամ հավասար պետության կողմից տվյալ տարվա համար սահմանված հիմնական կենսաթոշակի 75 տոկոսից, ապա կենսաթոշակը կարող ես ստանալ անուիտետի, ծրագրային վճարների կամ միանվագ վճարի ձևով:
- Եթե հաշվարկված ամսական գումարը փոքր է հիմնական կենսաթոշակի հնգապատիկից, ապա կենսաթոշակը ստանում ես միայն անուիտետի ձևով:
- Եթե հաշվարկված ամսական գումարը մեծ է հիմնական կենսաթոշակի հնգապատիկից, ապա կենսաթոշակը տրամադրվում է անուիտետի ձևով, իսկ տվյալ չափը գերազանցող գումարը կարող է տրամադրվել միանվագ, ծրագրային կամ անուիտետի ձևով՝ ըստ նախապատվության:
Կուտակային կենսաթոշակի վճարները կատարվում են մինչև կենսաթոշակի անցնելու տարիքը՝ 63 տարեկանը։ Եթե նշված տարիքից հետո չես անցնում թոշակի և շարունակում ես աշխատել, ապա գործատուն պարտադիր կուտակային վճարներ քո աշխատավարձից չի կատարում։ Պետությունն էլ իր հերթին բյուջեից քո օգտին վճարումներ չի կատարում։
Ո՞ր դեպքերում է հնարավոր կուտակային կենսաթոշակը ժամանակից շուտ ստանալ
Մինչև կենսաթոշակային տարիքը լրանալը քաղաքացին իրավունք ունի միանվագ ստանալու իր կուտակային կենսաթոշակը, եթե քաղաքացին՝
- ունի 3-րդ կարգի հաշմանդամություն,
- ունի ցանկում նշված հիվանդություններից մեկը,
- մշտական բնակության նպատակով վերադառնում է իր հայրենիք (ՀՀ-ում աշխատող օտարերկրացիների դեպքում),
- 55 տարեկան է և կուտակայինի հաշվին այնքան գումար կա, որ եթե այդ գումարը բաժանենք մահացության միջին տարիքի ամսական վճարների, ապա ամսական գումարը ավելի մեծ է հիմնական պետական կենսաթոշակի 75 տոկոսից։
Ո՛չ, կուտակային կենսաթոշակի ակտիվները հնարավոր չէ գրավադրել կամ այլ պարտավորությունների համար վճարել (վարկ, հարկադիր պարտավորություններ և այլն)։
Այո՛, կուտակային կենսաթոշակը հնարավոր է ժառանգել։
Կենսաթոշակառուի ժառանգները ժառանգությունը հիմնավորող փաստաթղթերով պետք է դիմեն ՀՀ Կենտրոնական Դեպոզիտարիա։
Դիմելու պայմանների, անհրաժեշտ փաստաթղթերի մասին կարող եք տեղեկանալ Դեպոզիտարիայից։
Քաղաքացու կուտակային կենսաթոշակը 100 տոկոսով երաշխավորված է: Կուտակային վճարները երաշխավորվում են 2 մարմնի կողմից․
- երաշխիքային ֆոնդ,
- ՀՀ պետական բյուջե։
Երաշխիքային ֆոնդը ստեղծվել է հատուկ այս նպատակով, և ֆոնդի գործառույթն է 20 տոկոսով երաշխավորել կուտակային վճարների վերադարձը կենսաթոշակառուին։
Պետական բյուջեն երաշխավորում է կուտակային կենսաթոշակի վերադարձը 80 տոկոսով։
Կուտակային կեսնաթոշակի մասին հաշվետվություններ կարող ես ստանալ 4 եղանակով․
- Իմ հաշիվը ինտերնետային էջ,
- բանկ,
- բանկոմատներ,
- հավելվածներ։
Իմ հաշիվը էջի միջոցով անցնելով նույնականացում՝ կարող ես ստանալ կուտակային կեսնաթոշակի եռամսյակային և տարեկան հաշվետվություններ։
Կան մի քանի բանկեր, որոնց դիմելով, կարող ես ստանալ հաշվետվությունները քո էլեկտրոնային փոստի հասցեին։
Բանկոմատի միջոցով կարող ես տեսնել քո կենսաթոշակային հաշվի մնացորդի և հաշվով կատարված վերջին 10 գործարքների վերաբերյալ տեղեկատվություն:
Բանկոմատներով ստուգելիս անհրաժեշտ է՝
- մուտքագրել բանկային PIN կոդը,
- սեղմել «Լրացուցիչ ծառայություններ»,
- ընտրել «Կենսաթոշակային քաղվածք»։
Որոշ բանկերի հավելվածների միջոցով նույնպես կարելի է ստանալ տեղեկատվություն այդ պահի դրությամբ կենսաթոշակային հաշվի մնացորդի վերաբերյալ։
Բջջային հավելվածով հաշիվը ստուգել կարող ես CDAOnline, Ինեկոբանկի, Ակբա բանկի, Կոնվերսբանկի, Արդշինբանկի, Յունիբանկի, ԱՄԻՕ բանկի, Արցախբանկի, Արարատ բանկի և Հայէկոնոմբանկի հավելվածների միջոցով։
Կամավոր կուտակային կենսաթոշակ
Բացի պարտադիր կուտակային և պետական կենսաթոշակային համակարգերից՝ ՀՀ-ում գործում է նաև կամավոր կուտակային կենսաթոշակին միանալու հնարավորությունը։ Այն հնարավորություն է տալիս կամավոր կերպով կուտակել լրացուցիչ միջոցներ ապագա կենսաթոշակի համար՝ օգտվելով պետության կողմից տրամադրվող հարկային արտոնություններից։
Սա կամավոր մասնակցության վրա հիմնված համակարգ է, որը թույլ է տալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց կուտակել լրացուցիչ միջոցներ կենսաթոշակային տարիքում (63 տարեկան) ստանալու համար։ Կամավոր կենսաթոշակային սխեմաները լինում են 3 տեսակի․
- սահմանված կենսաթոշակներ,
- կուտակային կենսաթոշակային ավանդներ,
- սահմանված կենսաթոշակային վճարներ։
- Կամավոր կուտակային կենսաթոշակի կարող են միանալ 1974 թվականի հունվարի 1-ից առաջ ծնված քաղաքացիները։
- Կամավոր կուտակային կենսաթոշակի կարող է դիմել ցանկացած ֆիզիկական անձ, ինչպես նաև գործատուն, որը կարող է կամավոր կենսաթոշակային պայմանագիր կնքել իր աշխատակիցների օգտին։ Անձը կարող է միաժամանակ մասնակցել մեկից ավելի կամավոր սխեմաների։
Միանալու համար անահրաժեշտ է դիմել․
- կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին,
- բանկերին,
- ապահովագրական ընկերություններին։
Բանկերն առաջարկում են կուտակային կենսաթոշակային ավանդներ, ապահովագրական ընկերությունները՝ սահմանված կենսաթոշակներ, կամավոր կենսաթոշակային ֆոնդերը՝ սահմանված կենսաթոշակային վճարներ (ֆոնդի փայերի ձեռքբերում)։
Կամավոր կենսաթոշակին միանալիս կան հետևյալ հարկային առավելությունները․
- եկամտային հարկի նվազեցում
Քո կողմից (կամ քո օգտին գործատուի կողմից) կատարվող վճարները հանվում են հարկվող եկամտից, ինչի շնորհիվ դու քիչ եկամտային հարկ ես վճարում։
- գործատուների շահութահարկի արտոնություն
Եթե գործատուն վճարումներ է կատարում աշխատակիցների օգտին, այդ ծախսերը նվազեցվում են շահութահարկի հաշվարկման ժամանակ։
- կուտակումների չհարկվելը
Ֆոնդում կուտակվող գումարները և դրանցից ստացվող եկամուտները հարկային վճարումներ չեն առաջացնում մինչև այն պահը, երբ դու փաստացի ստանում ես այդ գումարները։
- Կամավոր կենսաթոշակ հնարավոր է ստանալ կենսաթոշակի տարիքը լրանալուց հետո։
- Միջոցները հնարավոր է ստանալ միանվագ վճարի կամ պարբերական (ժամկետային կամ ցմահ անուիտետի) վճարների տեսքով։
- Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը ևս հնարավոր է պահանջել կուտակված միջոցների միանվագ վճարում, եթե առաջին վճարման կատարման օրվանից անցել է առնվազն 2 տարի, կամ հատուկ դեպքերում։
Այս էջը օգտակա՞ր էր