Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ի՞նչ է անհրաժեշտ անել անշարժ գույքը վարձակալության հանձնելիս
Եթե ունես անշարժ գույք, օրինակ՝ տուն, բնակարան, հողատարածք և այլն, ապա այն վարձակալության հանձնելու դեպքում անհրաժեշտ է՝
- ներկայացնել դիմում-հայտարարություն գույքը վարձակալության հանձնելու վերաբերյալ,
- ներկայացնել հաշվարկ-հայտարարագիր վարձակալությունից ստացված եկամտի վերաբերյալ,
- վճարել եկամտային հարկը։
Նշված գործողությունները չկատարելու դեպքում կարող ես տուգանվել։
Վարձակալության դիմում-հայտարարություն
Անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում 5-օրյա ժամկետում պետք է դիմում-հայտարարություն ներկայացնես ՀՀ Պետական եկամուտների կոմիտե։ Դա կարող ես անել թե՛ առցանց եղանակով, թե՛ ֆիզիկապես՝ այցելելով հարկ վճարողների սպասարկման ցանկացած կենտրոն։
Դիմում-հայտարարությունը ներկայացնելու համար պետք է ունենաս հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), որը կարող ես ստանալ առցանց եղանակով։
Առցանց ներկայացնել դիմում-հայտարարություն անշարժ գույքի վարձակալության վերաբերյալ
Հայտարարությունը հարկային մարմին պետք է ներկայացնես անշարժ գույքը վարձակալության հանձնելուց հետո 5 օրվա ընթացում։
Իսկ անշարժ գույքի վարձակալությունը դադարեցնելու դեպքում անհրաժեշտ է կրկին ներկայացնել հայտարարություն դադարեցման օրվան հաջորդող 5 օրվա ընթացքում։
Անշարժ գույքը վարձակալության հանձնելու դիմում-հայտարարությունում անհրաժեշտ է լրացնել՝
- գույքը վարձակալության հանձնող անձի անունը, ազգանունը, հայրանունը,
- հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ, անհրաժեշտ է ստանալ նախապես),
- անձնագրային տվյալները,
- հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի
համարը, - հայտարարության ներկայացման ամսաթիվը,
- անշարժ գույքի վերաբերյալ տվյալները,
- վարձակալության ժամկետները,
- վարձակալությունից ստացվող եկամտի չափը։
Եթե ամսական վարձակալական վճարի չափը տարվա ընթացքում մի քանի անգամ փոփոխվել է, ապա յուրաքանչյուր փոփոխված վճարի համար անհրաժեշտ է ներկայացնել առանձին դիմում-հայտարարություն՝ նշելով համապատասխան ժամանակաշրջանը:
Հաշվարկ-հայտարարագրի ներկայացում և եկամտային հարկի վճարում
Տարվա ընթացքում անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտների վերաբերյալ պետք է մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը հայտարարագիր ներկայացնես։
Ըստ ներկայացված հաշվարկ-հայտարարագրի՝ ավտոմատ կերպով կհաշվարկվի վճարման ենթակա եկամտային հարկի չափը։
Առցանց ներկայացնել հաշվարկ-հայտարարագիր անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից
Տարվա ընթացքում անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտի հայտարարագիրը Պետական եկամուտների կոմիտե պետք է ներկայացնես տարեկան մեկ անգամ՝ մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը ներառյալ։
Անշարժ գույքի վարձակալական վճարներից ստացված եկամտային հարկը կարող ես վճարել՝
- յուրաքանչյուր ամիս (ստացված եկամտի 10% չափով) կամ
- տարեկան մեկ անգամ (տարվա ընթացքում ստացված եկամուտների հանրագումարի 10% չափով)՝ մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը ներառյալ։
Անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամտից անհրաժեշտ է 10% հարկ վճարել։
Օրինակ՝
Եթե վարձակալության ես հանձնել բնակարան, որի ամսական վարձավճարը 150,000 դրամ է, ապա տարեկան կտրվածքով քո ստացված եկամուտը կազմում է 1,800,000 դրամ (150,000 x 12 = 1,800,000)։
Եկամտային հարկի գումարը ողջ տարվա համար կկազմի 180,000 դրամ (1,800,000 x 10% = 180,000):
Եթե անշարժ գույքի վարձակալությունից ստացված տարեկան եկամուտը գերազանցում է 60 միլիոն դրամը, ապա այդ գումարը գերազանցող մասի համար հարկի դրույքաչափը կլինի 20%:
Օրինակ՝
Եթե տարվա կտրվածքով վարձակալությունից ստացել եք 80 միլիոն դրամ եկամուտ, ապա հարկը կհաշվակվի այսպես՝
- 60,000,000 դրամ x 10% = 6,000,000 դրամ
- 20,000,000 դրամ x 20% = 4,000,000 դրամ
- Վճարման ենթակա հարկի ամբողջ գումարը՝ 10,00,000 դրամ
Վարձակալությունից ստացված եկամտի հարկը վճարելու համար անհրաժեշտ է կատարել բանկային փոխանցում 900008000490 ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ փոխանցման նպատակ դաշտում նշելով «անուն, ազգանուն, հարկ վճարողի հաշվառման համար՝ ՀՎՀՀ»։
Եթե բանկային հավելվածում չի ստացվում ուղիղ փոխանցում կատարել 900008000490 հաշվեհամարին, ապա կարող ես հավելվածում ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը։
Տուգանքներ
Եթե տունդ, բնակարանդ կամ քեզ պատկանող այլ անշարժ գույք հանձնես վարձակալության և չհայտարարագրես ստացված եկամուտները, ապա հարկային պարտավորություններդ չկատարելու պատճառով կտուգանվես։
Տուգանքը սահմանվում է, եթե անշարժ գույքը վարձակալության հանձնելիս.
- վարձակալության պայմանագիրը պետական գրանցում չի ստացել,
- կամ ստացվող եկամուտներից եկամտային հարկը չի հաշվարկվել,
- կամ վարձակալության մասին դիմում-հայտարարություն չի ներկայացվել։
Հարկային պարտավորությունները չկատարելու դեպքում սահմանված տուգանքի չափը կազմում է անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5%-ը, բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը։
Մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում տուգանքը գանձվում է 10%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 1 միլիոն դրամը։