BETA

This site is new, your feedback will help us improve it.

Կյանքի իրադարձություն

Հարազատի կորուստ

Ուղեցույցում ժամանակագրական կարգով ներկայացված են կյանքի այս իրադարձության ընթացքում անհրաժեշտ բոլոր տեղեկություններն ու ծառայությունները՝ ներառյալ մահվան գրանցումը, նպաստի ստացումը և հանգուցյալի կտակի ու հետագա պարտավորությունների փոխանցումը։

Քայլերի հաջորդականությունը

  1. Մահվան գրանցումը

    Հարազատի կորստի մասին տեղեկանալուց հետո պետականորեն գրանցեք մահը և ստացեք մահվան վկայականը։

  2. Թաղման կազմակերպումը

    Տեղեկացեք թաղման արարողությունը կազմակերպելու համար անհրաժեշտ գործողությունների մասին և հավաքեք թաղման արարողության համար անհրաժեշտ փաստաթղթերը։

  3. Կտակ և հանգուցյալի պարտավորությունների փոխանցումը

    Կարգավորիր իրավաբանական հարցերը՝ կապված հանգուցյալի պարտավորությունների հետ։

Մահվան գրանցումը

Զանգահարեք շտապօգնություն 103 հեռախոսահամարով։

Շտապօգնությունը կհաստատի մահը, կկազմի արձանագրություն՝ նշելով մահվան ժամը և մահացածի տվյալները։

Եթե Ձեր հարազատը մահացել է հիվանդանոցում կամ ծերանոցում, հետագա անելիքների վերաբերյալ գործողությունները կտրամադրվեն հիվանդանոցում կամ ծերանոցում: 

Մահվան վկայականը մահը հավաստող պետական ​​փաստաթուղթ է, որն ունի եզակի համար։

Մահվան վկայականում նշվում են մահացածի անունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան և մահվան տվյալները։

Ընդ որում ՝ մահացած ծնված երեխայի մահվան պետական գրանցում չի կատարվում:

Առանց մահվան վկայականի՝ հնարավոր չէ իրականացնել մահվան հետ կապված որևէ գործարք, օրինակ՝ ստանալ թաղման նպաստ, կառավարել հանգուցյալի պարտավորությունները և նույնիսկ կազմակերպել հուղարկավորություն։

Մահվան վկայականը տրամադրվում է անվճար քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից (ՔԿԱԳ, տարածված է նաև ռուսերեն անվանումը՝ ЗАГС) դիմումի հիման վրա։

  • Մահացածի մարմնի հերձման դեպքում մահվան վկայականը տրվում է մահվան պատճառի մասին անվճար տրված եզրակացության հիման վրա։
  • Առանց մահացածի մարմնի հերձման՝ մահվան վկայականը կարող է տրվել մահվան պատճառի մասին եզրակացություն տվող բժշկի տեղեկանքի հիման վրա։

Եթե երեխան ծնվում է մահացած կամ մահանում է կյանքի 4 շաբաթվա ընթացքում, ՔԿԱԳ մարմնին (տարածված է նաև ռուսերեն անվանումը՝ ЗАГС) մահվան մասին տեղյակ պետք է պահի՝

  • այն բժշկական կազմակերպության ղեկավարը, որտեղ ընդունվել է ծնունդը, կամ որտեղ երեխան մահացել է,
  • բժշկական կազմակերպությունից դուրս ծննդի դեպքում` այն բժշկական կազմակերպության ղեկավարը կամ բժշկը, որը հաստատել է մահացած ծնված երեխայի ծննդի կամ կյանքի 4 շաբաթվա ընթացքում երեխայի մահվան փաստը:
Առցանց դիմել մահվան գրանցման և մահվան վկայական ստանալու համար
Սկսել

Մահվան պետական գրանցման համար հարկավոր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • մահվան վկայականը ստացողի անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը,

  • մահացածի անձնագիրը,

  • մահվան պատճառի մասին եզրակացություն համարը, որը տրվում է բժշկի կամ պաթոլոգիական կենտրոնի (տարածված է նաև Морг անվանումը) կողմից։

 

Եթե կորցրել եք մահվան վկայականը, կարող եք դիմել վկայականի կրկնօրինակը ստանալու համար։ Այս ծառայության արժեքը 5,000 դրամ է։

Առցանց դիմել մահվան վկայականի կրկնօրինակը ստանալու համար
Սկսել

Հուղարկավորության կազմակերպումը

Հոգեհանգիստները լինում են կրոնական կամ քաղաքացիական։

Կրոնական ավանդույթներին համապատասխան հոգեհանգստի արարողությունը կարող է տեղի ունենալ եկեղեցում։ 

Քաղաքացիական հոգեհանգիստը անցկացվում է սգո սրահներում։ 

Այստեղ ներկայացված են Երևանում և մարզերում գործող սգո սրահների հասցեները։

Հանգուցյալի հուղարկավորությունը կազմակերպելու համար կարող եք այցելել «Բնակչության հատուկ սպասարկում» պետական փակ բաժնետիրական ընկերություն (ՊՓԲԸ), որը առավել հայտնի է Թաղման բյուրո անվանմամբ (հասցե՝ Էրեբունի փողոց 6/1)։ 

Դիմումի համաձայն որոշվում է գերեզմանատունը, ինչպես նաև հուղարկավորության օրը և ժամը։

Ինչպես նաև տեղում կարող եք կատարել ծառայության անհրաժեշտ վճարները։

Նկատի ունեցեք, որ գերեզմանատները աշխատում են առանց հանգստյան օրերի՝ ժամը 9։00-ից 17։00։

Մահվան վկայականի հիման վրա գրանցում է կատարվում թաղումների և գերեզմանատեղերի գրանցամատյանում, և հուղարկավորության կազմակերպումը ստանձնողին տրամադրվում է գերեզմանի վկայական։

Հանգուցյալի աճյունը հողին հանձնելու համար անվճար տրամադրվում է գերեզմանատեղ՝ 2.5 քառակուսի մետր մակերեսով։ 

Ընտանեկան գերեզմանի համար անվճար հիմունքներով տրամադրվում է առավելագույնը 12 քառակուսի մետր մակերես։

Ֆիզիկապես դիմել գերեզմանատեղի ընտրության և հուղարկավորություն կազմակերպելու համար
Սկսել

Թաղման նպաստը

Թաղման նպաստ նշանակվում է՝

  • կենսաթոշակառուի մահվան դեպքում,
  • հաշմանդամություն ունեցող անձի մահվան դեպքում, եթե հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո 3 ամսվա ընթացքում չի ներկայացել փորձաքննության և այդ ընթացքում մահացել է,
  • հաշմանդամ ճանաչված անձի մահվան դեպքում, ով ճանաչվել է հաշմանդամ, բայց չի դիմել նպաստը ստանալու համար և մահացել է հաշմանդամ ճանաչվելու օրվանից հետո 3 ամսվա ընթացքում,
  • ծառայությունից ազատված նախկին զինծառայողի մահվան դեպքում, ով հաշմանդամ է և ձեռք է բերել կենսաթոշակի իրավունք, սակայն չի դիմել այն նշանակելու համար ծառայությունից ազատվելուց կամ հաշմանդամ ճանաչվելուց հետո 6 ամսվա ընթացքում:

Ուշադրություն

  • Սոցիալական պաշտպանության հաստատությունում բնակվող նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստ չի վճարվում, եթե հուղարկավորությունը կատարում է այդ հաստատությունը:

  • Նպաստը  նշանակելու համար պարտադիր պայման է, որ նպաստառուն մահացած լինի և հուղարկավորությունը կատարված լինի ՀՀ-ում։

Թաղման նպաստը տրամադրում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ համապատասխան դիմումի հիման վրա։

Թաղման նպաստը տրամադրվում է բացառապես հուղարկավորությունը կազմակերպած անձին և միայն մահվան վկայականի առկայության դեպքում:

Թաղման միանվագ նպաստը 200,000 ՀՀ դրամ է։

Թաղման նպաստի դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • մահվան վկայական և դրա պատճեն,

  • հաշմանդամության ժամկետը լրացած և վերափորձաքննության չներկայացած անձի մահվան դեպքում բացի վերը նշված փաստաթղթերից ներկայացվում է նաև տեղեկանք մահացած անձի` վերափորձաքննության չներկայանալու մաuին:

Տեղեկանքը տրամադրում է բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնող իրավասու պետական մարմինը։

Support program
Առցանց դիմել թաղման նպաստ ստանալու համար
Սկսել

Թաղման նպաստի համար կարող եք դիմել հարազատի մահվանից հետո 6 ամսվա ընթացքում։

6 ամսից ուշ դիմելու դեպքում թաղման նպաստի դիմումը մերժվում է։

Թաղման նպաստը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Բաժինը կազմվել է՝ համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օերնքի։

Կտակը և հանգուցյալի պարտավորությունների փոխանցումը

Հարազատի մահից հետո հանգուցյալի ունեցվածքը և պարտավորությունները փոխանցվում են ժառանգներին։ Ժառանգները բաժանվում են 2 խմբի՝ ըստ օրենքի, ըստ կտակի

Ըստ օրենքի ժառանգները  մահացածի հետ ազգակցական կապեր ունեցող անձինք են։

Առաջին հերթի ժառանգներն են՝

  • ամուսինը կամ կինը,
  • երեխաները,
  • ծնողները։

Թոռները կարող են ստանալ ժառանգություն իրենց ծնողի փոխարեն, եթե նրանց ծնողը մահացել է մինչև հանգուցյալի (ժառանգատուի) մահը:

Երկրորդ հերթի ժառանգներն են՝

  • եղբայրները,
  • քույրերը:

Եղբայրների և քույրերի երեխաները կարող են ստանալ ժառանգություն իրենց ծնողի փոխարեն, եթե նրանց ծնողը մահացել է մինչև հանգուցյալի (ժառանգատուի) մահը: 


Երրորդ հերթի ժառանգներն են՝

  • տատիկները,
  • պապիկները։

Չորրորդ հերթի ժառանգներն են՝

  • ծնողների եղբայրները,
  • ծնողների քույրերը:

Հանգուցյալի զարմիկները կարող են ստանալ ժառանգություն իրենց ծնողի փոխարեն, եթե նրանց ծնողը մահացել է մինչև հանգուցյալի (ժառանգատուի) մահը:

Ըստ կտակի ժառանգ կարող են լինել հանգուցյալի (կտակարարի) հետ հարազատական, բարեկամական որևէ կապ չունեցող անձինք։

Կտակը ժառանգատուի կամքն է իր գույքը ժառանգին իր մահվանից հետո փոխանցելու վերաբերյալ։ Կտակը կարող է լինել ինչպես տնային պայմաններում գրված, այնպես էլ նոտարի կողմից վավերացված: 

Այո՛։ Կտակը կարող է դատարանով բողոքարկվել և անվավեր ճանաչվել այն անձի հայցով, ում իրավունքները կամ շահերը խախտվել են այդ կտակով, կամ կտակի հավաստիության հարցում առաջացել են կասկածներ։

Օրինակ՝ կտակով ստացած ժառանգությունը կարող է փոխվել այն դեպքում, երբ հանգուցյալը ունի հաշմանդամ երեխաներ, անգործունակ կամ 60 տարին լրացած ամուսին, ծնողներ և երեխաներ: Այս անձինք «պարտադիր ժառանգներ» են ու անկախ կտակի բովանդակությունից՝ իրավունք ունեն դատարանի որոշմամբ տնօրինելու ժառանգության առնվազն կեսը: 

Եթե կտակ չի կազմել, ապա ժառանգության իրավունքը նախևառաջ տարածվում է անձի ամուսնու/կնոջ, երեխաների և ծնողների վրա: Նրանք ունեն ժառանգական գույքը տնօրինելու հավասար իրավունքներ:

Երկրորդ հերթի ժառանգներ են հանգուցյալի հարազատ եղբայրն ու քույրը, նրանց երեխաները՝ ներկայացման սկզբունքով (եթե ծնողները մահացած են), և վերջում միայն ժառանգ կարող են ճանաչվել հանգուցյալի հայրական ու մայրական տատիկը և պապիկը:

Եթե հանգուցյալը ունեցել է վարկային պարտավորություններ, ապա նրա մահից հետո այդ պարտավորությունները փոխանցվում են առաջին հերթի ժառանգներին կամ վարկային պայմանագրում նշված երաշխավորող անձին։

Հարազատի կորստից հետո ժառանգներին չեն փոխանցվում՝

  • ալիմենտային իրավունքները և պարտավորությունները,
  • կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունքը։

Ժառանգությունը պետք է ընդունել կտակի բացման օրվանից 6 ամսվա ընթացքում։ Նշված 6 ամսվա ընթացքում ժառանգները պետք է ներկայանան հանգուցյալ (ժառանգատուի) բնակության վերջին վայրի նոտարական գրասենյակ և նոտարին ներկայացնեն ժառանգության ընդունման վերաբերյալ դիմում:

Այո։ Ժառանգությունից հրաժարվելու համար ժառանգը պետք է ներկայանա հանգուցյալի (ժառանգատուի) բնակության վերջին վայրի նոտարական գրասենյակ և նոտարին ներկայացնի ժառանգության հրաժարման վերաբերյալ դիմում։

Հրաժարվելով հասանելիք ժառանգությունից՝ ժառանգը այլևս չի կարող հետ ստանալ հրաժարվելու մասին դիմումը նոտարից։

Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի։
Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ արդարադատության նախարարությունների կողմից
Was this page useful?