BETA

This site is new, your feedback will help us improve it.

Կյանքի իրադարձություն

Թոշակի ստացում

Այս ուղեցույցը պարունակում է տեղեկություններ աշխատանքային և կուտակային կենսաթոշակների, ծերության նպաստի և այլ թոշակների վերաբերյալ։ Ուղեցույցի օգնությամբ կտեղեկանաք կենսաթոշակին դիմելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին, ինչպես նաև կիմանաք, թե ինչպես է հաշվարկվում աշխատանքային կենսաթոշակը, ինչ պահումներ են հնարավոր կենսաթոշակից, և առհասարակ կենսաթոշակի ինչ տեսակներ են գործում ՀՀ-ում։

Աշխատանքային կենսաթոշակի դիմելու քայլերի հաջորդականություն

Ինչպե՞ս դիմել աշխատանքային կենսաթոշակի

  1. Քայլ 1

    Փաստաթղթերի հավաքում

    Նախօրոք պետք է պատրաստեք այն փաստաթղթերը, որոնք պահանջվելու են կենսաթոշակի դիմելու համար։

  2. Քայլ 2

    Կենսաթոշակի դիմում

    Անհրաժեշտ փաստաթղթերով այցելեք միասնական սոցիալական ծառայության ցանկացած բաժին 

    (սոցապ) և դիմեք կենսաթոշակի։

  3. Քայլ 3

    Բանկի ընտրություն

    Ընտրեք բանկը, որի միջոցով ցանկանում եք ստանալ ձեր աշխատանքային կենսաթոշակը։

  4. Քայլ 4

    Կենսաթոշակի ստացում

    Կենսաթոշակը տրամադրվում է 2 եղանակով՝ կանխիկ կամ անկանխիկ։

Աշխատանքային կենսաթոշակի դիմելու պայմաններ

թոշակի դիմում

Աշխատանքային կենսաթոշակը դրամական փոխհատուցում է, որը ամսական տրամադրվում է աշխատունակ տարիքում Ձեր կողմից կատարած պետական վճարումների դիմաց։

Որքան մեծ է աշխատանքային ստաժը, այնքան մեծ է աշխատանքային կենսաթոշակի չափը։

Աշխատանքային կենսաթոշակ կարող է ստանալ 63 տարին լրացած և 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող քաղաքացին։

Չնայած որ աշխատանքային կենսաթոշակի շեմը սահմանված է 63 տարեկանը, կարող եք դիմել աշխատանքային կենսաթոշակի նաև 62 տարեկանում, եթե․

  • ունեք 35 տարվա աշխատանքային ստաժ, 
  • չեք աշխատում

 

Սակայն նկատի ունեցեք, որ եթե կենսաթոշակի նշանակումից հետո աշխատանքի անցնեք, ապա կենսաթոշակ չեք ստանա մինչև Ձեր 63 տարին լրանալը։

Աշխատանքային կենսաթոշակի դիմելու համար անհրաժեշտ է տարածքային սոցիալական ծառայության (տարածված է նաև Սոցապ անվանումը) ցանկացած բաժին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • դիմում,
  • նույնականացման քարտ կամ անձնագիր,
  • սոցիալական քարտ (նույնականացման քարտի առկայության դեպքում անհրաժեշտ չէ) կամ այն չստանալու մասին տեղեկանք,
  • աշխատանքային գրքույկ, անհրաժեշտության դեպքում ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ,
  • տեղեկանք սոցիալական վճար կատարած լինելու մասին, որը տրամադրվում է հարկային սպասարկման բաժնի կողմից կամ տեղեկանք գործատուից աշխատավարձի չափի մասին` ըստ տարիների և ամիսների,
  • բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմ,
  • երեխաների ծննդյան վկայական կամ ծննդյան վկայականի մասին տեղեկանք,
  • զինվորական գրքույկ (տղամարդկանց դեպքում),
  • 4 x 6 չափի լուսանկար։
Ֆիզիկապես դիմել աշխատանքային կենսաթոշակ ստանալու համար
Սկսել
  • Աշխատանքային կենսաթոշակը տրամադրվում է 63 տարին լրացած կանանց և տղամարդկանց՝ նրանց դիմումի հիման վրա։
  • Կենսաթոշակը տրամադրվում է դիմումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։
  • Կենսաթոշակառուին տրամադրվում է կենսաթոշակի վկայական` ըստ ցանկության։
  • Տարիքային կենսաթոշակը նշանակվում է ցմահ։

Ուշադրություն

  • Եթե դիմեք աշխատանքային կենսաթոշակի 63 տարեկանը լրանալուց հետո 3 ամսվա ընթացքում, ապա անցած ժամանակահատվածի համար չստացված կենսաթոշակի գումարները կվճարվեն միանվագ։
  • Ավելի ուշ դիմելու դեպքում նախորդ ամիսների կենսաթոշակը չեք ստանա։
  • Եթե դիմել եք աշխատանքային կենսաթոշակի և դիմումի հաստատումից հետո ինչ-ինչ պատճառներով չեք ստացել, օրինակ՝ երկրում չեք եղել, ապա նկատի ունեցեք, որ մինչև 5 տարվա բացակայության դեպքում պահպանվում է 1 տարվա կենսաթոշակը։
  • 5 և ավելի տարիների դեպքում կենսաթոշակը չի պահպանվում։

Աշխատանքային կենսաթոշակի տրամադրման 2 եղանակ կա․

  • Կանխիկ
  • Անկանխիկ

Կանխիկ եղանակով կենսաթոշակը ստանալու իրավունք ունեն միայն 75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք։

 

Մնացած դեպքերում կենսաթոշակը տրամադրվում է անկանխիկ եղանակով կենսաթոշակի դիմումում նշված բանկի միջոցով։

Ուշադրություն

  • Լիազորված անձի միջոցով կենսաթոշակը տրամադրվում է նոտարական հաստատումով  լիազորագրի հիման վրա միայն կանխիկ եղանակով կենսաթոշակառուի հաշվառման հասցեում գտնվող Հայ Փոստ բաժանմունքից։
  • Նկատի ունեցեք, որ լիազորագիրը վավեր է 12 ամիս։ Եթե յուրաքանչյուր տարի նոր լիազորագիր չտրամադրեք լիազորված անձին, ապա տարիքային կենսաթոշակի տրամադրումը կդադարեցվի և չի վերականգնվի մինչև լիազորագրի տրամադրումը։

Աշխատանքային կենսաթոշակ չի տրամադրվում, եթե քաքաղաքացին չունի 10 տարվա աշխատանքային ստաժ։

Եթե քաղաքացին չունի 10 տարվա աշխատանքային ստաժ, ապա նա կարող է ամսական ստանալ ծերության նպաստ՝ սկսած 65 տարեկանից։

Ծերության նպաստի դիմելու համար անհրաժեշտ է տարածքային սոցիալական ծառայության ցանկացած բաժին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • անձնագիր կամ նույնականացման քարտ
  • հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ)

Ծերության նպաստի չափը կազմում է 31,600 ՀՀ դրամ։

Support program
Ֆիզիկապես դիմել ծերության նպաստ ստանալու համար
Սկսել

Կենսաթոշակի նվազագույն չափ

  • ՀՀ-ում նվազագույն կենսաթոշակի չափը 36,000 դրամ է։

  • Աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքը առաջին 10 տարվա համար 950 դրամ է։

  • 10 տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար՝ 500 դրամ։

 

Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով․

Կենսաթոշակի ամսական գումար = հիմնական կենսաթոշակի չափ + (ստաժի տարիներ x աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեք) x կենսաթոշակառուի անձնական գործակից։

 
Մինչև 25 տարվա աշխատանքային ստաժի դեպքում 1 տարվա համար գործակիցը սահմանվում է 0,04, իսկ 25 տարուց ավելի աշխատանքային ստաժի դեպքում 1 տարվա համար` 0,02 գործակից:

Աշխատանքային ստաժի մեծ մասը ձևավորվում է Ձեր աշխատած տարիներից։

Ստաժում ներառվում են նաև․

  • մինչև 2 տարեկան երեխաների խնամքի տարիները չաշխատող կանանց համար (առավելագույնը 6 տարի),  

  • պարտադիր զինծառայության 2 տարիները տղամարդկանց համար,

  • ուսումնական հաստատություններում՝ առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը՝ բացառությամբ հանրակրթական ուսումնական հաստատությունների (առավելագույնը 6 տարի)։ 

 

Նկատի ունեցեք, որ պարտադիր չէ՝ գործատուի և աշխատակցի մինչև կնքվի աշխատանքային պայմանագիր, այն կարող է լինել նաև ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագիր, որի շրջանակներում կատարվում են օրենքով սահմանված վճարները։

Առցանց հաշվել աշխատանքային կենսաթոշակի չափը
Սկսել

Աշխատանքային կենսաթոշակը օտարերկրյա քաղաքացիների համար

Բացի ՀՀ քաղաքացիներից՝ աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն ՀՀ երկքաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձիք։

Օտարերկրյա քաղաքացիները կարող են ստանալ կենսաթոշակ կացության քարտ ունենալու դեպքում։

Երկքաղաքացիները կենսաթոշակը ստանում են ՀՀ բնակության վայրի հասցեում հաշվառված լինելու ժամանակահատվածի համար։ Ընդ որում՝ Անկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ) երկրների երկքաղաքացիները աշխատանքային կեսնաթոշակ կարող են ստանալ միայն մեկ երկրից։ 

Աշխատանքային կենսաթոշակը քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ՀՀ քաղաքացիների համար

Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ՀՀ քաղաքացիները նույնպես ունեն կենսաթոշակ ստանալու իրավունք։ 

Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձի կենսաթոշակի դիմումի ներկայացումը իրականացվում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարի միջոցով: Դրա համար անհրաժեշտ է գրավոր դիմում ներկայացնել ղեկավարին, ով դիմումի հիման վրա նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը, ներկայացնում է համապատասխան բաժին, որից հետո պատիժ կրող անձին նշանակվում է կենսաթոշակ։

Բաժինը կազմվել է՝ համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի

Աշխատանքային կենսաթոշակի մերժում, դադարեցում, պահումներ

Որոշ դեպքերում կենսաթոշակառուի դիմումը կարող է մերժվել տարածքային սոցիալական ծառայության կողմից, իսկ որոշ դեպքերում հնարավոր են կենսաթոշակի վճարման դադարեցում և պահումներ։

  • Աշխատանքային կենսաթոշակի դիմումը կարող է մեժվել, եթե տարածքային սոցիալական ծառայության բաժին ներկայացրած փաստաթղթերը լինեն թերի, կամ լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու կարիք լինի։ 
  • Դիմումը մերժվելու դեպքում դրա մասին կտեղեկանաք դիմումը ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։

Աշխատանքային կենսաթոշակի տրամադրումը կարող է դադարեցվել եթե․

  • կենսաթոշակառուն հրաժարվի ՀՀ քաղաքացիությունից,

  • կենսաթոշակառուն մշտապես բնակություն հաստատի օտարերկրյա պետությունում,

  • կենսաթոշակառուն կենսաթոշակ ստանա այլ պետությունից,

  • կենսաթոշակի դիմումի գործում հայտնաբերվեն կեղծ փաստաթղթեր,

  • լրանա ՀՀ-ում կենսաթոշակառուի բնակվելու իրավունքի ժամկետը (օտարերկրյա քաղաքացիների դեպքում),

  • կենսաթոշակառուն ստանում է կենսաթոշակը անկախիկ եղանակով և առնվազն յուրաքանչյուր տարի չի ներկայանում այն բանկ, որից ստանում է կենսաթոշակը, և չի ստորագրում, որ բնակվում է ՀՀ-ում,

  • սպառվում է լիազորված անձի կողմից անկանխիկ եղանակով կենսաթոշակը ստանալու լիազորագրի ժամկետը (12 ամիս)։

Կենսաթոշակի տրամադրումը դադարեցվում է նաև կենսաթոշակառուի մահվան, ինչպես նաև մահացած կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում։

Աշխատանքային կենսաթոշակից կկատարվեն պահումներ, եթե․

  • կենսաթոշակառուն ներկայացնում է սխալ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր,

  • սխալմամբ կենսաթոշակառուին վճարվում է նշանակածից ավելի գումար։

Այո՛, ԴԱՀԿ-ն՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, կարող է կատարել պահումներ մինչև կենսաթոշակի գումարի 30%-ի չափով։

Բաժինը կազմվել է՝ համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի

Աշխատանքային կենսաթոշակի վերահաշվարկ և հետվճար

Աշխատանքային կենսաթոշակի վերահաշվարկ

Աշխատանքային կենսաթոշակը ենթակա է վերահաշվարկման, եթե․

  • օրենքով փոփոխվել է հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքը։ Այս դեպքում վերահաշվարկի դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ համակարգը ինքնաշխատ եղանակով կատարում է վերահաշվարկը տվյալ ամսվա 1-ից,
  • կենսաթոշակ նշանակելուց 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներկայացնում է նախորդ տարվա աշխատած ժամանակահատվածը աշխատանքային ստաժում ներառելու դիմում։ Կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է դիմումը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից,
  • կենսաթոշակի գործում հայտնաբերվել է կեղծ փաստաթուղթ, որի արդյունքում նվազում է կենսաթոշակի չափը,
  • կենսաթոշակի գործում հայտնաբերվել է փաստաթուղթ, որը հաշվի առնելու դեպքում ավելանում է կենսաթոշակի չափը։

Ուշադրություն
Նկատի ունեցեք, որ յուրաքանչյուր 12 ամիսը մեկ անգամ կարող եք դիմել կենսաթոշակի վերահաշվարկի, եթե ավելացել է ձեր աշխատանքային ստաժում աշխատած ժամանակահատվածը։

Բաժինը կազմվել է՝ համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի
Առցանց դիմել կենսաթոշակի վերահաշվարկման
Սկսել

Կենսաթոշակի 10% հետվճար

Կենսաթոշակի 10% հետվճարը պետական աջակցության ծրագիր է, ըստ որի եթե կենսաթոշակառուն բացառապես ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում ու ծառայություններ մատուցող կազմակերպություններում կատարում է անկանխիկ գործարքներ, ապա ամսական առավելագույնը ստանում է 5,000 դրամ հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10%-ի չափով:


Հետվճարը գործում է նաև կոմունալ վճարումների (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված և բջջային հեռախոսի մատակարարման) ծառայությունների դեպքում, եթե դրանք կատարվեն կենսաթոշակային քարտը թողարկած բանկի հավելվածների կամ տերմինալների միջոցով։

Ուշադրություն

10% հետվճարի ծրագիրը չի գործում, եթե կենսաթոշակառուն անկախիկ եղանակով վարկ է վճարում կամ առցանց գնումներ է կատարում։

10% հետվճար կարող են ստանալ միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուները, որոնք իրենց կենսաթոշակը ստանում են ծրագրի գործընկեր բանկերի միջոցով։

10% հետվճարի ծրագրին մասնակցում են հետևյալ բանկերը․

  • «Ակբա բանկ» ԲԲԸ
  • «ԱՄԻՕ բանկ» ՓԲԸ
  • «ԱյԴի բանկ» ՓԲԸ  
  • «Արարատբանկ» ԲԲԸ
  • «Արդշինբանկ» ՓԲԸ
  • «Արցախ բանկ» ՓԲԸ
  • «Էվոկաբանկ» ՓԲԸ
  • «Ինեկոբանկ» ՓԲԸ
  • «Կոնվերս բանկ» ՓԲԸ
  • «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ
  • «Յունիբանկ» ԲԲԸ


Եթե կենսաթոշակառուն իր կենսաթոշակը ստանում է վերը նշված բանկերի միջոցով, ապա կատարելով անկախիկ գործարքներ՝ ավտոմատ կերպով կարող է օգտվել ծրագրից և ստանալ առավելագույնը 5,000 դրամ հետվճար։

Եթե կենսաթոշակառուն իր կենսաթոշակը ստանում է այն բանկից, որը չի համագործակցում 10% հետվճարի ծրագրին, ապա նա կարող է փոխել բանկը, դառնալ ծրագրի գործընկեր բանկի քարտապան և օգտվել 10% հետվճարի պետական աջակցության ծրագրից։

Առցանց դիմել կենսաթոշակը փոխանցող բանկի փոփոխության համար
Սկսել

Կուտակային կենսաթոշակ

1974 թվականից հետո ծնված անձանց կենսաթոշակը հաշվարկվում և վճարվում է այլ եղանակով՝ կուտակման մեթոդով։

Կուտակային կենսաթոշակը մի համակարգ է, որի շրջանակներում աշխատողները և գործատուները կատարում են պարբերական վճարումներ ապագա կենսաթոշակային նպաստի համար: Այս վճարումները կուտակվում են անհատական հաշվի վրա և ներդրվում ֆինանսական շուկաներում կապիտալի աճի ապահովման նպատակով:

Կուտակային կենսաթոշակային համակարգը ՀՀ-ում գործում է 2014 թվականից։ Քաղաքացին հետագայում կենսաթոշակը ստանում է աշխատավարձի միջոցով կուտակումների շնորհիվ։


Կուտակային կենսաթոշակը պարտադիր է 1974 թվականից հետո ծնված քաղաքացիների համար։ Սակայն կուտակային կենսաթոշակին կարող են միանալ նաև կամավոր կերպով։

Կուտակային կենսաթոշակը ձևավորվում է գրանցված աշխատողի ամսական աշխատավարձից և պետական բյուջեից։ Աշխատավարձից կուտակվում է 2,5%, պետությունից՝ 7,5%։ Արդյունքում՝ յուրաքանչյուր ամիս կուտակային կենսաթոշակին է հատկացվում աշխատավարձի 10%-ը:

Ընդ որում՝ կամավոր կերպով ծրագրին միացած քաղաքացիների կուտակային կենսաթոշակը ձևավորվում է միայն աշխատավարձի 5%-ից․ պետական բյուջեից նրանց օգտին վճարներ չեն կատարվում։

Առցանց հաշվել կուտակային կենսաթոշակի չափը
Սկսել

Մինչ կենսաթոշակային տարիքի հասնելը կուտակային կենսաթոշակն ի պահ է դրվում ՀՀ Կենտրոնական Դեպոզիտարիայում։ Դեպոզիտարիան էլ իր հերթին համագործակցում է ֆոնդային 2 կառավարիչների հետ՝

Ֆոնդային կառավարիչները կուտակում են քաղաքացու գումարները տարբեր ֆոնդերում։

Կենսաթոշակը կարող եք կուտակել գործող 3 ֆոնդերից մեկում․

  • կայուն եկամտային,
  • պահպանողական,
  • հավասարակշռված։

Այս 3 ֆոնդերն իրարից տարբերվում են ռիսկայնության աստիճանով։

Կայուն եկամտային ֆոնդի միջոցները չեն ներդրվում բաժնետոմսերում։

Պահպանողական ֆոնդի միջոցների մինչև 25%-ն է ներդրվում բաժնետոմսերում։

Հավասարակշռված ֆոնդի միջոցների 50%-ն ներդրվում է բաժնետոմսերում։

Կուտակային կենսաթոշակի ֆոնդի և կառավարչի ընտրություն

Առաջին անգամ աշխատանքի անցնելիս իրավունք ունեք ընտրելու 2 ֆոնդային կառավարիչներից մեկին և գործող 3 ֆոնդերից որևէ մեկը։ Սակայն եթե չեք ընտրում 30 աշխատանքային օրվա ընթացքում, ապա համակարգը ավտոմատ կերպով և պատահականության սկզբունքով ձեր փոխարեն ընտրում է կառավարիչներից մեկի պահպանողական ֆոնդի տեսակը։

Կուտակային կենսաթոշակի ֆոնդի և կառավարչի փոփոխություն

Կարող եք փոխել թե՛ ֆոնդը, թե՛ կառավարչին։

Կուտակված գումարների տեղափոխումը նույն կառավարչի մի ֆոնդից մյուս ֆոնդ անվճար է։ 2 կառավարիչների միջև կուտակած գումարների տեղափոխումը տարեկան 1 անգամ նույնպես անվճար է։ Եթե կուտակած գումարները ավելի հաճախ են տեղափոխվում, ապա գանձվում է միջնորդավճար փոխանցվող գումարների 1%-ի չափով:

Նախ շատ կարևոր է առաջին անգամ աշխատանքի անցնելիս ընտրել կուտակային կենսաթոշակի ֆոնդն ու կառավարչին։ Ինչպես նաև՝ ուսումնասիրել գործող կառավարիչների գործունեությունն ու առաջարկվող ծառայությունները, քանի որ հենց նրանք են ղեկավարելու ձեր կենսաթոշակի ֆինանսները՝ ներդնելով դրանք տարբեր շուկաների բաժնետոմսերում և կապիտալի աճ ապահովելով։  

Կենսաթոշակը կարող եք կուտակել գործող 3 ֆոնդերից մեկում․

  • կայուն եկամտային,
  • պահպանողական,
  • հավասարակշռված։

Այս 3 ֆոնդերն իրարից տարբերվում են ռիսկայնության աստիճանով։

Կայուն եկամտային ֆոնդի միջոցները չեն ներդրվում բաժնետոմսերում։

Պահպանողական ֆոնդի միջոցների մինչև 25%-ն է ներդրվում բաժնետոմսերում։

Հավասարակշռված ֆոնդի միջոցների 50%-ն ներդրվում է բաժնետոմսերում։

Կուտակային կենսաթոշակի հիմնական առավելությունն այն է, որ այն թույլ է տալիս անձանց ձևավորել իրենց կենսաթոշակային միջոցները ավելի մեծ ճկունությամբ և ներդրումային եկամուտներից օգուտ քաղել: Սակայն դրան բնորոշ է նաև որոշակի ռիսկ, քանի որ ներդրումների շահութաբերությունը կախված է ֆինանսական շուկաների աճից և անկումներից:

Առցանց ընտրել կամ փոխել ֆոնդը և կառավարչին
Սկսել

Կուտակային կենսաթոշակը վճարվում է 3 եղանակով՝

  • անուիտետ,

  • ծրագրային վճարներ,

  • միանվագ վճարներ:

Անուիտետի ձևով կուտակումները փոխանցվում են ապահովագրական ընկերությանը, որը ձեզ ցմահ վճարում է թոշակ:

Միանվագ ձևով կուտակումներն ամբողջությամբ և միանվագ վճարվում են ձեզ: 

Ծրագրային վճարի դեպքում կառավարիչը ձեզ է վճարվում կուտակումները կյանքի սպասվող միջին տևողության ամբողջ ընթացքում (12 տարի):

Կուտակային կենսաթոշակի ստացման ձևը կախված է կուտակումների չափից, 63 տարեկանից հետո կյանքի սպասվող միջին տևողությունից և պետության կողմից սահմանվող հիմնական կենսաթոշակի չափից (36,000 դրամ): 

63 տարեկանից հետո թոշակի անցնելիս ձեր կենսաթոշակային հաշվում եղած կուտակումները հավասարաչափ բաժանվում են կյանքի սպասվող միջին տևողության ամիսների վրա (12 տարի)։

Եթե ստացված գումարը փոքր է կամ հավասար 27,000 դրամից, ապա ձեր կենսաթոշակը կարող եք ստանալ միանվագ, ծրագրային վճարի կամ անուիտետի ձևով:

Եթե ստացված գումարը մեծ է 180,000 դրամից ապա ձեր կենսաթոշակը ստանում եք միայն անուիտետի ձևով:

Եթե ստացված գումարը մեծ է 180,000 դրամից, ապա կենսաթոշակը տրամադրվում է անուիտետի ձևով, իսկ 180,000 դրամից գերազանցող մասը կարող է տրամադրվել միանվագ, ծրագրային կամ անուիտետի ձևով:

Կուտակային կենսաթոշակի վճարները կատարվում են մինչև կենսաթոշակի անցնելու տարիքը՝ 63 տարեկանը։ Եթե նշված տարիքից հետո չեք անցնում թոշակի և շարունակում եք աշխատել, ապա գործատուն պարտադիր կուտակային վճարներ ձեր աշխատավարձից չի կատարում։ Պետությունն էլ իր հերթին բյուջեից ձեր օգտին վճարումներ չի կատարում։

Ո՞ր դեպքերում է հնարավոր կուտակային կենսաթոշակը ժամանակից շուտ ստանալ

Մինչև կենսաթոշակային տարիքը լրանալը քաղաքացին իրավունք ունի միանվագ ստանալու իր կուտակային կենսաթոշակը, եթե քաղաքացին՝

  • ունի 3-րդ կարգի հաշմանդամություն,

  • ունի ցանկում նշված հիվանդություններից մեկը,

  • մշտական բնակության նպատակով մեկնում է արտասահման և հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից,

  • մշտական բնակության նպատակով վերադառնում է իր հայրենիք (ՀՀ-ում աշխատող օտարերկրացիների դեպքում)։

Ո՛չ, կուտակային կենսաթոշակի ակտիվները հնարավոր չէ գրավադրել կամ այլ պարտավորությունների համար վճարել (վարկ, հարկադիր պարտավորություններ և այլն)։

Այո՛, կուտակային կենսաթոշակը հնարավոր է ժառանգել։

Կենսաթոշակառուի ժառանգները ժառանգությունը հիմնավորող փաստաթղթերով պետք է դիմեն ՀՀ Կենտրոնական Դեպոզիտարիա։

Դիմելու պայմանների, անհրաժեշտ փաստաթղթերի մասին կարող եք տեղեկանալ Դեպոզիտարիայից։

Հարց է առաջանում՝ արդյոք կենսաթոշակի տարիքին հասնելուն պես քաղաքացին կստանա իր աշխատանքի շնորհիվ կուտակած գումարները։ Կա՞ն արդյոք որևէ երաշխիքներ։

Այո՛, կուտակային վճարները երաշխավորվում են 2 մարմնի կողմից․

  • երաշխիքային ֆոնդ,

  • Հայաստանի Հանրապետություն (պետական բյուջե)։

Երաշխիքային ֆոնդը ստեղծվել է հատուկ այս նպատակով, և ֆոնդի գործառույթն է 20 տոկոսով երաշխավորել կուտակային վճարների վերադարձելիությունը կենսաթոշակառուին։

Իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս պետական բյուջեի, երաշխավորում է կուտակային կենսաթոշակի վերադարձելիությունը 80 տոկոսով։

Այսինքն՝ քաղաքացու կենսաթոշակը 100 տոկոսով վերադարձվում է։

Կուտակային կեսնաթոշակի մասին հաշվետվություններ կարող եք ստանալ 4 եղանակով․

  • Իմ հաշիվը ինտերնետային էջ,

  • բանկ,

  • բանկոմատներ,

  • հավելվածներ։

Իմ հաշիվը էջի միջոցով անցնելով նույնականացում՝ կարող եք ստանալ կուտակային կեսնաթոշակի եռամսակային և տարեկան հաշվետվություններ։

Կան մի քանի բանկեր, որոնց դիմելով՝ կարող եք ստանալ հաշվետվությունները ձեր էլեկտրոնային փոստի հասցեին։

Բանկոմատի միջոցով կարող եք տեսնել ձեր կենսաթոշակային հաշվի մնացորդի և հաշվով կատարված վերջին 10 գործարքների վերաբերյալ տեղեկատվություն:

Բանկոմատներով ստուգելիս անհրաժեշտ է՝

  • մուտքագրել բանկային PIN կոդը,

  • սեղմել «Լրացուցիչ ծառայություններ»,

  • ընտրել «Կենսաթոշակային քաղվածք»։


Որոշ բանկերի հավելվածների միջոցով նույնպես կարելի է ստանալ տեղեկատվություն այդ պահի դրությամբ ձեր կենսաթոշակային հաշվի մնացորդի վերաբերյալ։

Բջջային հավելվածով հաշիվը ստուգել կարող եք CDAOnline, Ինեկոբանկի, Ակբա բանկի, Կոնվերսբանկի, Արդշինբանկի, Յունիբանկի, ԱՄԻՕ բանկի, Արցախբանկի, Արարատ բանկի և Հայէկոնոմբանկի հավելվածների միջոցով։

Բաժինը կազմվել է՝ համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի

Այլ կենսաթոշակներ

Բացի աշխատանքային կենսաթոշակից՝ ՀՀ-ում գործում են կենսաթոշակի այլ տեսակներ՝

  • արտոնյալ պայմաններով,
  • երկարամյա ծառայության, 
  • հաշմանդամության, 
  • կերակրողին կորցնելու,
  • մասնակի։

Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ

Արտոնյալ պայմաններով կենսաթոշակը նշանակվում է 63 տարեկանը չլրացած այն անձանց, որոնք ունեցել են առավել ծանր, վտանգավոր և արտոնյալ հնարավորություններով աշխատանք։

Արտոնյալ պայմաններով կենսաթոշակը կարող են ստանալ այն քաղաքացիները, որոնք․

  • 55 տարեկան են և ունեն 25 տարվա աշխատանքային ստաժ, որից 15 տարին աշխատել են ծանր ու վնասակար պայմաններում,

  • 55 տարեկան են և մինչև 2014 թվականի հունվարի 1-ն առնվազն 7 տարի 6 ամիսն աշխատել են առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել են արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք,

  • 59 տարեկան են և ունեն 25 տարվա ստաժ, որից 20-ը արտոնյալ պայմաններով պաշտոններ են ունեցել,

  • 45 տարեկան են, ունեն հիպոֆիզարային թզուկությամբ (լիլիպուտ) ախտորոշումով հիվանդություն և 20 տարվա աշխատանքային ստաժ։

Ընդ որում՝ ծանր և վնասակար աշխատանքների ցանկը ներկայացված է այստեղ։

Երկարամյա ծառայության կենսաթոշակ

Երկարամյա ծառայության կենսաթոշակը նշանակվում է հատուկ մասնագիտություն ունեցող այն անձանց, որոնք երկար ժամանակ ծառայել են քաղաքացիական ավիացիայում։

Երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունեն․

 

  • թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի անդամները 45 տարեկան դառնալու և 25 տարի ծառայած լինելու դեպքում, իսկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքներից ազատված անձինք 20 տարի ծառայած լինելու դեպքում։

  • բորտօպերատորները և բորտուղեկցորդները 45 տարեկան դառնալու և 25 տարի ծառայած լինելու դեպքում, իսկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքներից ազատված անձինք 20 տարի ծառայած լինելու դեպքում։

  • օդային երթևեկության կառավարումն իրականացնող ծառայության անձնակազմի անդամները, ովքեր ունեն դիսպետչերի (ենթակարգավարի) վկայական, 50 տարեկան դառնալու և 25 տարվա ապահովագրական ստաժ ունենալու դեպքում, որից 15 տարին անմիջականորեն զբաղված են եղել օդային երթևեկության կառավարման աշխատանքներով, իսկ առողջական վիճակի պատճառով օդային երթևեկության անմիջական կառավարման աշխատանքներից ազատված անձինք 50 տարեկան դառնալու և 25 տարվա ապահովագրական ստաժ ունենալու դեպքում, որից 10 տարին անմիջականորեն զբաղվել են օդային երթևեկության կառավարման աշխատանքներով։

  • ինժեներատեխնիկական անձնակազմի անդամները 55 տարեկան դառնալու և 25 տարվա ապահովագրական ստաժ ունենալու դեպքում, որից 20 տարին զբաղվել են երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքներով։

Հաշմանդամության կենսաթոշակ

Հաշմանդամության կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին։

Հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է, եթե հաշմանդամությունը առաջացել է․

  • աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով` անկախ ապահովագրական ստաժից,

  • ընդհանուր հիվանդության, մանկուց հիվանդության, բնական, տեխնածին և այլ աղետների հետևանքով, եթե հաշմանդամություն սահմանելու ժամանակ անձն ունեցել է հետևյալ ապահովագրական ստաժը՝

 

Տարիքային խումբը

Աշխատանքային ստաժը

մինչև 23 տարեկան

2 տարի

23-26 տարեկան

3 տարի

26-30 տարեկան

4 տարի

30 և ավելի տարեկան

5 տարի

 

 

Կերակրողին կորցնելու կենսաթոշակ

Կերակրողին կորցնելու կենսաթոշակը նշանակվում է ընտանիքի այն անդամներին, ովքեր գտնվել են մահացած ճանաչված անձի խնամքի տակ։

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեն ընտանիքի հետևյալ անդամները.

  • 18 տարին չլրացած երեխան, եղբայրը, քույրը և թոռը, եթե չունեն աշխատունակ ծնողներ և չեն աշխատում,

  • ամուսինը կամ ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամը կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձը` անկախ տարիքից ու աշխատունակությունից, եթե նա զբաղված է մահացած կերակրողի 8 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով և չի աշխատում,

  • կերակրողի մահվան պահին կենսաթոշակային տարիքի հասած կամ հաշմանդամ ճանաչված ծնողները, ամուսինը, եթե չեն աշխատում,

  • 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակները, եթե նրանք հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը և չեն աշխատում,

  • ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողը կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունի մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը՝ բայց մինչև իր 23 տարին լրանալը:

Մասնակի կենսաթոշակ

Որոշ ոլորտի ներկայացուցիչներ կարող են ստանալ մասնակի կենսաթոշակ։

Մասնակի կենսաթոշակ կարող են ստանալ․

  • կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների այն աշխատողները, որոնք 55 տարեկան են և ունեն 12 տարվա մասնագիտական ստաժ,

  • թատրոնի այն դերասանները, որոնք 50 տարեկան են և ունեն առնվազն 12 տարվա մասնագիտական ստաժ։

 

Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից
Այս էջը օգտակա՞ր էր