BETA

This site is new, your feedback will help us improve it.

Ուղեցույց

Ինչպե՞ս գնահատել ֆունկցիոնալությունը և ստանալ հաշմանդամության նպաստ

Այս ուղեցույցի նպատակն է տրամադրել տեղեկատվություն ֆունկցիոնալության գնահատման դիմելու, դրա մասին որոշում ստանալու և հաշմանդամության նպաստի նշանակման և տրամադրման մասին։ 

Հաշմանդամություն ունեցողների իրավունքները

Ըստ ՀՀ օրենսդրության՝ հաշմանդամություն ունեցող են համարվում այն անձինք, ովքեր չեն կարողանում կամ թերի են կատարում կյանքի համար կարևոր նշանակություն ունեցող գործողություններ՝ ելնելով իրենց ֆիզիկական կամ մտավոր որևէ սահմանափակումից։ 

Հաշմանդամություն ունեցողներն ունեն ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված նույն իրավունքները, ազատությունները և պարտականությունները, ինչպես այլ անձինք։

Հաշմանդամություն ունեցող ճանաչված ՀՀ քաղաքացիների համար նախատեսված իրավունքներն ու ազատությունները տարածվում են նաև օրենսդրությամբ սահմանված կարգով փախստականի կարգավիճակ ունեցող անձանց վրա:

Բաժինը կազմվել է՝ համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց մասին» ՀՀ օրենքի

Ֆունկցիոնալության գնահատումը

Անձը հաշմանդամություն ունեցող է ճանաչվում իր ֆունկցիոնալության գնահատման արդյունքներով։

Ֆունկցիոնալության սահմանափակման աստիճաններն են՝

  • թեթև,
  • միջին,
  •  ծանր,
  •  խորը:
  • Եթե անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը ցածր է 4%-ից, ապա անձը չի ճանաչվում հաշմանդամություն ունեցող։
  • Եթե 5-24% միջակայքում է, ապա անձը չի ճանաչվում հաշմանդամություն ունեցող, սահմանվում է ֆունկցիոնալության թեթև աստիճանի սահմանափակում։
  • Եթե 25-49% միջակայքում է, ապա անձը ճանաչվում է որպես հաշմանդամություն ունեցող, սահմանվում է ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում։
  • Եթե 50-74% միջակայքում է, ապա սահմանվում է ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում։
  • Եթե 75-100% միջակայքում է, ապա սահմանվում է ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում։

Բոլոր դեպքերում անձի համար մշակվում է ծառայությունների անհատական ծրագիր և ըստ ֆունկցիոնալության գնահատման չափանիշների և գործիքների՝ երաշխավորվում են ծառայություններ, ինչպես նաև՝ հաշմանդամության նպաստ:

Առցանց դիմել ֆունկցիոնալության գնահատման համար
Սկսել
Բողոքարկել անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքները
Սկսել

Այո՛, հնարավոր է։

Եթե նկատվում է առողջական վիճակի վատթարացում նախորդ գնահատումից հետո, ապա հնարավորություն ցանկացած պահի դիմելու նոր գնահատման համար՝ ներկայացնելով առողջական ներկա վիճակի մասին պահանջվող բոլոր փաստաթղթերը։

Բաժինը կազմվել է՝ համաձայն «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի։

Հաշմանդամության նպաստի նշանակումը

Հաշմանդամության նպաստ նշանակվում է կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող հաշմանդամություն ունեցողին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխա ճանաչված անձին: 

Հաշմանդամության կենսաթոշակի նշանակման դեպքերը ներկայացված են «Թոշակի ստացում կյանքի իրադարձության ուղեցույցում»։ 

Հաշմանդամության նպաստը սահմանվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար:

Կախված հաշմանդամության կարգից (ֆունկցիոնալության աստիճան)՝ նպաստը չափը կազմում է․

  • 39,000 դրամ՝ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար,
  • 37,500 դրամ՝ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար,
  • 36,000 դրամ՝ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար։

Հաշմանդամության նպաստ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • դիմում,
  • նույնականացման քարտ կամ անձնագիր,
  • սոցիալական քարտ (նույնականացման քարտի առկայության դեպքում անհրաժեշտ չէ) կամ այն չստանալու մասին տեղեկանք,
  • հաշմանդամությունը հաստատող տեղեկանք՝ տրված բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող պետական մարմնի կողմից,
  • կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ՝ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար,
  • կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ՝ փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար։
Support program
Դիմել հաշմանդամության նպաստը ստանալու համար
Սկսել

Այն դադարում է՝

  • հաշմանդամության ժամկետը լրանալու դեպքում,

  • հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո 3 ամսվա ընթացքում, կրկին հաշմանդամություն ունեցող ճանաչվելու դեպքում` դադարեցնելու օրվանից,

  • հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո 12 ամսվա ընթացքում հաշմանդամություն ունեցող ճանաչվելու դեպքում` անձի հաշմանդամությունը հաստատող տեղեկանքի հիման վրա,

  • հաշմանդամության ժամկետը լրանալուց 12 ամիս հետո հաշմանդամություն ունեցող ճանաչվելու դեպքում` հաշմանդամություն ունեցող ճանաչվելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է հաշմանդամություն ունեցող ճանաչվելուց հետո` 3 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու օրվանից:

Բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունում բնակվող անձին հաշմանդամության նպաստ չի նշանակվում և չի վճարվում։

Բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունների ցանկը սահմանված է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում։ 

Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի N 1229-Ն որոշման։

Հաշմանդամության կարգի նշանակման ժամկետները

18 տարեկանից բարձր անձանց դեպքում հաշմանդամության կարգը նշանակվում է 1-2 տարի ժամկետով կամ անժամկետ։

Եթե չափահաս անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը միջին կամ ծանր է գնահատվել, ապա հաշմանդամությունը սահմանվում է 1 տարի ժամկետով, խորը աստիճանի սահմանափակման դեպքում՝ 2 տարի։

Երեխաների դեպքում հաշմանդամությունը սահմանվում է 1-5 տարի ժամկետով կամ մինչև 18 տարին լրանալը։

Եթե երեխայի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը միջին կամ ծանր է գնահատվել, ապա հաշմանդամությունը սահմանվում է 2 տարի ժամկետով, խորը աստիճանի սահմանափակման դեպքում՝ 5 տարի կամ մինչև 18 տարեկան դառնալը։

Անձին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու սկիզբ է համարվում անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի մուտքագրման օրը:

Անձը համարվում է հաշմանդամություն ունեցող մինչև ֆունկցիոնալության գնահատման որոշման մեջ նշված ժամկետին հաջորդող ամսվա 1-ը:

Այո՛, հաշմանդամության կարգը սահմանվում է առանց ժամկետի այն դեպքում, երբ մասնագետները չեն կանխատեսում ֆունկցիոնալության սահմանափակումների վերականգնման հնարավորություն։

Սա կիրառելի է միայն չափահասների դեպքում։ Երեխաների դեպքում առավելագույն ժամկետը մինչև 18 տարեկան է։

Բաժինը կազմվել է՝ համաձայն «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի։

Աջակցող միջոցների տրամադրում և անձնական օգնականի ծառայություն

Աջակցող միջոց է համարվում օրինակ՝

  • անվասայլակը,
  • քայլակը,
  • հենակը,
  • ձեռնափայտը,
  • ստորին և վերին վերջույթների պրոթեզները,
  • լսողական սարքը
  • և այլ։

Հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձինք կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) իրենց բնակության վայրի տարածքային կենտրոն, ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր, որոնց հիման վրա կտրամադրվի պետական հավաստագիր և այն կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը:

Անվասայլակների, քայլակների, հենակների, ձեռնափայտերի, ստորին և վերին վերջույթների պրոթեզների, լսողական սարքերի և այլ աջակցող միջոցների պետական հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում,
  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • սոցիալական ապահովության քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք,
  • ներկայացուցչի դիմելու դեպքում՝ շահառուի  կողմից գրավոր լիազորագիր և ներկայացուցչի անձնագիր:
Support program
Ստանալ աջակցող միջոցի հավաստագիր հաշմանդամություն ունեցող անձանց համար
Սկսել

Աջակցող միջոցի վերանորոգման ծառայության, երաշխիքային ժամկետում գտնվող աջակցող միջոցների տրամադրման հետ կապված վիճահարույց դեպքերի,  և դրա տեսակի, սահմանված ժամկետից շուտ վերանորոգման ծառայություններ տրամադրելու համար շահառուն կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության ԲՍՓ և աջակցող միջոցներով ապահովման վարչություն (ք․ Երևան, Արմենակյան 129):

Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն որոշման։

Անձնական օգնականի ծառայություն

Ծառայության նպատակն է աջակցելու հաշմանադամություն ունեցող անձնանց։ Ստեղծել նրանց համար անկախ և լիաժեք կյանք՝ ներգրավելով նրանց իրենց բնակության համայնքում, ինչպես նաև՝ ստեղծելով սոցիալական շփման համար բնականոն միջավայր։

Անձնական օգնականի ծառայությունը հաշմանդամություն ունեցող անձնանց համար մեկնարկել է 2024 թվականի հունվարի 1-ից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։

Ծառայությունը նախատեսված է հենաշարժական, տեսողության և հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի (մտավոր խնդիրներով անձանց պարագայում նաև՝ միջին աստիճանի) սահմանափակում ունեցող 15 տարին լրացած անձանց համար: 

Հաշվի առնելով այն, որ ծրագիրը միտված է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը, նրանց կրթության, աշխատելու իրավունքների իրացմանը՝ ծառայությունից կարող են օգտվել 15 տարին լրացած հաշմանդամություն ունեցող այն անձինք, ովքեր աշխատում են կամ սովորում, կամ գրավոր հավաստիացնում են, որ առաջիկա 3 ամիսների ընթացքում սկսելու են աշխատել կամ սովորել։

Անձնական օգնականի ծառայությունն իր մեջ ներառում է ինչպես հաշմանդամություն ունեցող անձի խնամքը (անձնական հիգիենա, սնունդ, բնական կարիքներ, կենցաղաղային աշխատանքներ,   ), այնպես էլ միջավայրային արգելքների հաղթահարումը՝  տեղաշարժվել և հաղորդակցվել։

Անձնական օգնականի ծառայության համար գործում են ամսական առավելագույն ժամանքանակներ, որոնք կախված են հաշմանդամության աստիճաններից։

Այսպես՝

  • ֆունկցիոնալության խորը սահմանափակում ունեցող հաշմանդամություն ունեցող անձի դեպքում՝ ամսական 140 ժամ,
  • ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձի դեպքում՝ ամսական 120 ժամ,
  • ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձի դեպքում՝ ամսական 100 ժամ։ 

Հաշմանդամություն ունեցող անձնանց համար անձնական օգնականի ծառայության մեկ ժամվա արժեքն է 1,050 ՀՀ դրամ։

Support program
Ստանալ հաշմանդամություն ունեցող անձանց օգնականի ծառայություն
Իմանալ ավելին
Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 6-ի N 853-Ն որոշման։
Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կողմից
Was this page useful?