ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Աջակցության ծրագրեր

Ստանալ ջրհեղեղից վնասների փոխհատուցում

ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի բնակիչները մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը կարող են ներկայացնել դիմում և ստանալ փոխհատուցում 2024 թվականի մայիսի 25-26-ին տեղի ունեցած բնական աղետի հետևանքով կրած վնասների համար։

Փոխհատուցման ենթակա են բազմաբնակարան շենքի բնակարաներին, անհատական բնակելի տներին, կենցաղային առաջնային գույքին և տրանսպորտային միջոցներին պատճառված վնասները։

Ծառայությունից հնարավոր է օգտվել առցանց՝ ուղարկելով նամակ ստորև նշված էլ․ փոստի հասցեին։
Ո՞վ կարող է դիմել
Լոռու և Տավուշի մարզի բնակիչներ
Դիմելու տևողությունը
15 րոպե

Աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ է էլեկտրոնային եղանակով դիմում ուղարկել տվյալ մարզի մարզպետին հետևյալ էլեկտրոնային հասցեներով․


Ծրագրի մասին 

Փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ ուղղություններով՝

  • Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում տրամադրվում է բնակարանի գնման իրավունքի վկայագիր, որի միջոցով տուժողը կարող է ձեռք բերել բնակարան կամ բնակելի տուն։ Կորուստ է համարվում այն վնասը, որի պատճառով գույքը ոչնչացել է, փլուզվել կամ դարձել է վթարային քանդման ենթակա (4-րդ կամ 5-րդ աստիճանի վնասվածություն)։
  • Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում ֆիզիկական անձին տրամադրվում է նաև դրամական փոխհատուցում կենցաղային գույքի ձեռքբերման համար։
  • Ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի դեպքում հատուցվում է պատճառված վնասը։ 


Ներկայացվող պահանջները

Աջակցությունը ստանալու համար դիմող անձը պետք է ունենա անշարժ գույք, կենցաղային գույք կամ տրանսպորտային միջոց, որը ջրհեղեղի պատճառով ստեղծված արտակարգ իրավիճակի հետևանքով ոչնչացվել է, փլուզվել, կորել, դարձել վթարային՝ քանդման ենթակա կամ մասնակի վնասվել։


Պահանջվող փաստաթղթերը

Աջակցությունը ստանալու համար նշված էլեկտրոնային փոստի հասցեներից որևէ մեկին անհրաժեշտ է ուղարկել դիմում՝ նշելով՝

  • դիմողի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, տրման ամսաթիվը, ում կողմից է տրված և վավերականության ժամկետը, հանրային ծառայությունների համարանիշը (այն չստանալու մասին տեղեկանքի համարը), գրանցման հասցեն),

  • էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը,

  • փոխհատուցումը սպասարկող բանկը։

Դիմումին անհրաժեշտ է կցել վնասված գույքի նկատմամբ  սեփականության իրավունքը հավաստող ապացույցը։

 

Աջակցության չափը 

Յուրաքանչյուր քառակուսի մետրի վերանորոգման համար (ոչ ավելի, քան 80 քառակուսի մետր) հատուցվում է՝

  • Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի դեպքում՝ 60,000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ,
  • Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝ 40,000 (քառասուն հազար) ՀՀ դրամ։


Կենցաղային գույքին պատճառված վնասի համար հատուցվում է՝

  • Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի դեպքում՝ 1,200,000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ,
  • Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝ 800,000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ։


Տրանսպորտային միջոցի կորստի կամ վնասվածության դեպքում
փոխհատուցման ենթակա գումարի չափը որոշվում է ապահովագրական ընկերության կողմից՝ համապատասխան եզրակացությամբ։

Անկախ տրամադրվող աջակցության տեսակից՝ աղետի հետևանքով զոհ ունեցող ընտանիքներին կտրամադրվի նաև հավելյալ 1,000,000 ՀՀ դրամ։

Տրամադրման ժամկետը և կարգը

Աջակցությունը ստանալու դիմումը հաստատվում կամ մերժվում է այն ներկայացնելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում, ինչի մասին շահառուն անմիջապես տեղեկացվում է իր տրամադրած էլեկտրոնային փոստին ստացված նամակով։ Փոխհատուցումները սկսում են տրամադրվել դիմումի հաստատումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։ 


Աջակցության գումարը տրամադրվում է հետևյալ սկզբունքով․

  • բնակարանի կամ բնակելի տան վերանորոգման դեպքում՝ 4 հավասար մասով՝ յուրաքանչյուր փոխանցմամբ ընդհանուր արժեքի 25%-ը։ Ընդ որում՝ աջակցության ամեն 25%-ի օգտագործումը առնվազն 60%-ի չափով պետք է կատարել անկանխիկ եղանակով՝ ըստ նպատակային ծախսի,
  • կենցաղային առաջնային գույքի փոխհատուցման դեպքում՝ 2 երկու մասով։ Փոխհատուցման ենթակա ընդհանուր գումարի օգտագործումը առնվազն 60%-ի չափով պետք է իրականացվի անկանխիկ եղանակով՝ ըստ նպատակային ծախսի,
  • տրանսպորտային միջոցին պատճառված վնասի փոխհատուցման դեպքում փոխհատուցման ամբողջ արժեքը շահառուին փոխանցվում է միանվագ։ 


Գումարները փոխանցվում են միայն տուժողի բանկային հաշվեհամարին։ Աջակցության անկանխիկ և նպատակային օգտագործման գործընթացը ենթակա է վերահսկման համապատասխան մարմինների կողմից։ 


Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի 1043-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am կայքում։

ՀՀ ՏԿԵՆ թեժ գիծ՝

+37410 51-13-79

Լոռու մարզպետարան՝

+374322 4-02-66

Տավուշի մարզպետարան՝

 +374 263 4 23 56,

 +374 263 4 00 45

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր