ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Ստանալ Հայաստան մուտք գործելու վիզա (E-VISA)

ՀՀ մուտքի վիզան օտարերկրացուն հնարավորություն է տալիս վիզայի վավերականության ժամկետներում մուտք գործել ՀՀ, գտնվել ՀՀ տարածքում և դուրս գալ այնտեղից՝ փաստաթղթում նշված պայմաններով և նպատակներով։

ՀՀ մուտքի վիզա ստանալու համար անհրաժեշտ է դիմել օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դեսպանություններ կամ հյուպատոսական հիմնարկներ, ինչպես նաև, կախված երկրից, հնարավոր է դիմել E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով կամ ՀՀ պետական սահմանին։ 

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
Օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
7-34 ԱՄՆ դոլար
Տրամադրման տևողությունը
3 աշխատանքային օր

Որոշ դեպքերում հնարավոր է ՀՀ մուտքի վիզա ստանալ առցանց՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության E-VISA համակարգի միջոցով։ Էլեկտրոնային վիզա կարող են ստանալ աշխարհի 73 պետությունների կողմից տրված սովորական անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձինք։

Վիզայի անհրաժեշտությունը կարելի է ստուգել՝ այցելելով ՀՀ արտաքին գործերի նախարարության կայք (յուրաքանչյուր երկիր ընտրելիս անհրաժեշտ է թարմացնել էջը)։


Առցանց դիմելու համար անհրաժեշտ է՝

  • սեղմել ''Apply for e-visa'' կոճակը, այնուհետև ընտրել անձնագրի տեսակն ու տրամադրող երկիրը և մուտքագրել էլեկտրոնային փոստի հասցեն,
  • էլ․ հասցեին ուղարկված նամակում հաստատել էլ․ փոստի հասցեն,
  • բացվող էջում լրացնել պահանջվող տեղեկատվությունը, կցել պահանջվող փաստաթղթերի սկանավորված տարբերակները և հետևել հրահանգներին։


Պահանջվող փաստաթղթերը

E-VISA էլեկտրոնային համակարգով դիմելու դեպքում անհրաժեշտ է՝
• լրացնել առցանց դիմում-հարցաթերթիկը,
• կցել անձնագիրը (կամ ճամփորդական փաստաթուղթը),
• կցել լուսանկարը,
• կատարել պետական տուրքի վճարումը։


Առկայության դեպքում խիստ ցանկալի է կցել նաև՝
• ինքնաթիռի տոմս,
• հյուրանոցի ամրագրում,
• տուրիստական ընկերության հրավեր,
• բանկային քաղվածք կամ որևէ այլ ապացույց ֆինանսական միջոցների առկայության մասին,
• առողջապահական (ճամփորդական) ապահովագրություն,
• անձնագրի այն էջերը, որոնք պարունակում են այլ պետությունների գործող կամ վերջին 3 տարիներին տրված վիզաներ կամ կացության կարգավիճակի քարտեր,
• այլ փաստաթղթեր։


Էլեկտրոնային հարթակի միջոցով հնարավոր է հետևել դիմումի ընթացքին՝ սեղմելով ''Check application status'' կոճակը։


E-VISA-ի դիմումը մերժվելու դեպքում հնարավոր է նորից դիմել։ Անհրաժեշտ է պարզել մերժման պատճառը, որի մասին անձին ծանուցվում է էլ․ փոստով։ Եթե մերժման պատճառը եղել է պահանջվող փաստաթղթերը չկցելը կամ անձնական տվյալները սխալ մուտքագրելը, ապա կարելի է նորից դիմել՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը և ճիշտ տվյալները։

Ուշադրություն
ՀՀ մուտքի վիզան երկարաձգվում է միայն ՀՀ տարածքում՝ վիզայի ժամկետի ավարտից առաջ։ ՀՀ մուտքի վիզան երկարաձգելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչություն (հայտնի է նաև ОВИР անվանումը)։


Վիզայի ժամկետները, վճարման չափը և կարգը

ՀՀ մուտքի վիզա հնարավոր է ստանալ տարբեր ժամկետներով․ յուրաքանչյուր ժամկետի դեպքում վճարման չափը տարբեր է։ Վիզայի ժամկետներն ու վճարման չափերը հետևյալն են՝

  • մինչև 21 օրվա վիզա՝ 7 ԱՄՆ դոլար,
  • մինչև 120 օրվա վիզա՝ 34 ԱՄՆ դոլար։


Վճարումը կատարվում է առցանց՝ դիմումը ներկայացնելիս։ 


Տրամադրման ժամկետը

E-VISA-ն տրամադրվում է 3 աշխատանքային օրում։


Հղում օրենսդրությանը

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00

WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր