ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Ստանալ ՀՀ քաղաքացիություն, եթե դիմողի ծնողը ՀՀ քաղաքացի է

Անձը կարող է ստանալ քաղաքացիություն, եթե նրա ծնողը ՀՀ քաղաքացի է կամ ծնվել է ՀՀ-ում։

Քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող քաղաքացիության շնորհման վարչություն (ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն)՝ նախապես այց ամրագրելով։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։
Ո՞վ կարող է դիմել
Օտարերկրյա քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք
Դիմելու տևողությունը
15 րոպե
Ծառայության արժեքը
1,000 դրամ
Տրամադրման տևողությունը
90 աշխատանքային օր

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։ 

 

Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝
  • նույնականացումից հետո լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
  • բացվող էջում մուտքագրել էլ․ փոստի հասցեն և հեռախոսահամարը, այնուհետև՝ էլ․ փոստին ուղարկված կոդը,
  • բացվող էջի «Այցի ամրագրում» դաշտում ընտրել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գործող բաժանմունքը,
  • անհրաժեշտ է լրացնել այն անձի տվյալները, ում համար ներկայացվում է դիմումը,
  • «Ընտրել օր և ժամ» պատուհանում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։

Ներկայացվող պահանջները

Ծնողի ՀՀ քաղաքացիություն ունենալու կամ ՀՀ-ում ծնված լինելու հիմքով քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է՝

  • 18 տարին լրանալուց հետո 3 տարվա ընթացքում դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ 

Պահանջվող փաստաթղթերը

Նախատեսված այցի օրը և ժամին Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում կլրացվի դիմում, որին կից անհրաժեշտ է ներկայացնել՝

  • անձնագիրը և դրա պատճենը (քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը, կամ ճամփորդական փաստաթուղթը և ՀՀ-ում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը),

  • 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար,

  • ամունության վկայականը և դրա պատճենը,
  • ամուսնու անձնագրի պատճենը և դրա հայերեն թարգմանությունը (եթե փոխել է ազգանունը ամուսնության հիմքով),
  • ծնողի՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը և դրա պատճենը կամ ՀՀ քաղաքացիությունը հավաստող այլ փաստաթուղթ,
  • ծննդյան վկայականը և դրա պատճենը՝ նոտարական կարգով վավերացված և հայերեն թարգմանությամբ,
  • պետական տուրքի վճարման անդորրագիրը,

  • 1981 թվականի նոյեմբերի 28-ից հետո ծնված անձինք պետք է ներկայացնեն նաև ծնողների անձը հաստատող փաստաթղթերը, այդ թվում՝ ծնողների ամուսնության կամ հայրության ճանաչման վկայականը կամ միայնակ մայր հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքը կամ մահվան վկայականը կամ դրանց պատճենները։

Վճարման չափը և կարգը

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել նախապես՝ առցանց եղանակով։


Տրամադրման ժամկետը և կարգը

ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը դիտարկվում է 90 աշխատանքային օրվա ընթացքում։ Քաղաքացիության շնորհման վարչություն (ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն) քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելուց հետո անձը ստանում է SMS հաղորդագրություն իր դիմումի համարով, որով կարող է հետևել դիմումի ընթացքին։

Դիմումը բավարարվելու դեպքում անձն այդ մասին տեղեկացվում է SMS հաղորդագրությամբ, որից հետո կարող է դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար։


Հղում օրենսդրությանը

  • «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Այս էջը օգտակա՞ր էր