Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
մարտի 05, 2025
Հնարավոր է հետ ստանալ արվեստի դպրոցի, գրքերի և ատամների բուժման ծախսերը
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները այսուհետ կարող են իրենց վճարած եկամտային հարկից ստանալ փոխհատուցում նաև հետևյալ ուղղություններով կատարված ծախսերից՝
-
երաժշտական, արվեստի, գեղարվեստի պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, մանկապատանեկան մարզադպրոցների և ԿԳՄՍՆ (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի (նաև՝ շարունակական մասնագիտական ուսուցում և վերապատրաստումներ) մասով կատարված կրթական վճարներ,
-
դասագրքերի վարձակալության համար կատարված ծախսեր՝ յուրաքանչյուր աշակերտի գծով տարեկան 3,000 դրամի չափով (ընդ որում՝ այս ծախսը փոխհատուցվում է նույնիսկ այն դեպքում, երբ փաստացի այդ ծախսը չի կատարվել),
- ատամնաբուժական ծառայությունների գծով կատարված ծախսեր։
Անհրաժեշտ է հաշվի առնել, որ այս ծախսերը փոխհատուցվում են, եթե՝
- թվարկված կրթական ծրագրերը երաշխավորված են ԿԳՄՍՆ (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) կողմից (երաշխավորված կրթական ծրագրերի ցանկը կհրապարակվի նախարարության էջում),
- ծախսերը կատարվել են անկանխիկ եղանակով, և դրանց համար հաշվարկային փաստաթուղթ է դուրս գրվել ծառայությունը մատուցողի կողմից։
Եթե անձը 2024-ին մասնակցել է որևէ կրթական ծրագրի, որը ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված չի եղել, ապա նա կստանա փոխհատուցում իր կատարած կրթական ծախսից, եթե հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ այդ ծրագիրը լինի երաշխավորված նախարարության կողմից։
Իսկ եթե անձը 2025-ի ընթացքում մասնակցի որևէ կրթական ծրագրի, ապա հաջորդ տարի կստանա այդ ծախսի փոխհատուցումը, եթե ծախսը կատարելու (կրթական ծրագրի համար վճարելու) օրվա դրությամբ այդ ծրագիրը լինի երաշխավորված նախարարության կողմից։
Սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել առցանց դիմում. մանրամասները կարող եք գտնել այս էջում։
Իսկ եկամուտների հայտարարագրի ներկայացման և փոխհատուցվող այլ ծախսերի վերաբերյալ տեղեկությունները ներկայացված են ուղեցույցում։