Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
մայիսի 05, 2025
Առաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից
ՀՀ դպրոցներում շուտով մեկնարկում է նոր ուսումնական տարվա համար առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը։ ԿԳՄՍ նախարարությունը մշակել է փուլային մոտեցում՝ ապահովելու գործընթացի թափանցիկությունն ու արդարությունը: Ծնողները պետք է նախապես ծանոթանան ընթացակարգին՝ խուսափելու հնարավոր խնդիրներից:
Նախապատրաստական փուլ
2025թ. մայիսի 5-ից ծնողները stugum.emis.am կայքում կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը: Այս քայլն անհրաժեշտ է հաջող հայտագրման համար:
Հայտագրման փուլերը
Արտոնյալ հայտագրումը կընթանա հունիսի 9-ից 22-ը։ Այս շրջանում hayt.emis.am կայքում հայտագրվելու առաջնահերթություն ունեն՝
- երեխաները, որոնց քույրը/եղբայրն արդեն սովորում են նույն դպրոցում,
- երեխաները, որոնց ծնողը տվյալ դպրոցի աշխատակից է,
- պետական համակարգի աշխատողների երեխաները, ովքեր ծառայողական պարտականությունների պատճառով տեղափոխվել են այլ բնակավայր։
Հայերեն ուսուցմամբ դասարանների հայտագրումը կմեկնարկի հունիսի 24-ից
Hayt.emis.am կայքում բացվում է հայտագրումը բոլոր ցանկացողների համար՝ հայերենով ուսուցմամբ դասարաններում:
Ռուսերենով ուսուցմամբ դասարանների հայտագրումը կմեկնարկի՝ հուլիսի 1-ից
Haytru.emis.am կայքում կարող են հայտագրվել օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների և ազգային փոքրամասնություն ներկայացնող ՀՀ քաղաքացիների երեխաները:
Ուշադրություն
- Բազմազավակ ընտանիքների համար առկա է արտոնություն. երկյակների, եռյակների կամ ավելի երեխաներից մեկի հայտագրումը ավտոմատ կերպով ապահովում է մնացածի ընդունելությունը նույն դպրոց։
- Հայտագրումը շարունակվելու է ամբողջ ուսումնական տարվա ընթացքում։
Հայտագրման գործընթացի, ընդունելության, ուումնական տարվա և ծրագրի վերաբերյալ մանրամասները ներկայացված են «Դպրոցական կրթությունը Հայաստանում» ուղեցույցում։