ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ
մայիսի 12, 2025

Ավտոմեքենաների առուվաճառքը կթվայնացվի 2025թ. սեպտեմբերի 1-ից

ՀՀ կառավարությունը որոշել է թվայնացնել տրանսպորտային միջոցների առուվաճառքը, նվիրատվությունը, լիզինգը և հաշվառման գործընթացները: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հայտարարությամբ՝  նոր համակարգը կգործարկվի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:

Թվային նոր հարթակի շնորհիվ քաղաքացիները կկարողանան իրականացնել մեքենաների առուվաճառքի գործարքներ՝ առանց հաշվառման կենտրոններ այցելելու: Համակարգն ավտոմատ կերպով կկատարի անհրաժեշտ ստուգումները և կգեներացնի էլեկտրոնային պայմանագրեր՝ էլեկտրոնային ստորագրությամբ:

Բացի մեքենաների առուվաճառքից, թվայնացվելու են նաև՝

  • լիզինգի և գրավադրման գրանցումները,
  • համարանիշների ստացումը (հնարավոր կլինի ստանալ փոստով)
  • հաշվառման վկայականների տրամադրումը։

Բոլոր այս ծառայություններից հնարավոր կլինի օգտվել նաև ոչ աշխատանքային օրերին և ժամերին:

Ավտոմեքենա ունենալու և վարելու վերաբերյալ բոլոր մանրամասները՝ ներառյալ վարորդական իրավունքի ձեռքբերման, մեքենայի մաքսազերծման, հաշվառման, ապահովագրության և 13 բալանոց համակարգի պահանջները, կարող եք գտնել «Ունենալ և վարել ավտոմեքենա» կյանքի իրադարձության ուղեցույցում։

Այս էջը օգտակա՞ր էր