Արձակուրդն աշխատանքային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար: Այդ ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղը և վճարվում է միջին աշխատավարձը:
ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Արձակուրդ և հանգիստ
Ուղեցույցի օգնությամբ կտեղեկանաս․
- արձակուրդի տեսակների,
- տրամադրման պայմանների,
- տևողության,
- վճարի և հաշվարկի մասին։
Ինչպես նաև կծանոթանաս, թե ինչպես է կազմակերպվում հանգիստը աշխատավայրում և հանգստի ինչ տեսակներ կան։
Արձակուրդ
Բացի ամենամյա արձակուրդից՝ կան նաև նպատակային արձակուրդի հետևյալ տեսակները․
-
ուսումնական արձակուրդ,
-
պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար տրամադրվող արձակուրդ,
-
չվճարվող արձակուրդ:
Ուսումնական արձակուրդը տրամադրվում է, եթե աշխատողը․
- պատրաստվում է ընդունվել ուսումնական հաստատություն,
- նախապատրաստվում է քննությունների,
- մասնակցում է այլ կրթական ծրագրերին։
Ընդ որում՝ յուրաքանչյուր քննության համար տրամադրվում է արձակուրդ 3 աշխատանքային օրով։
Պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար արձակուրդը աշխատողին տրամադրվում է, եթե նա․
- մասնակցում է դատական նիստերին,
- ընտրական իրավունք է իրականացնում,
ներկայացել է հետաքննության, նախաքննության մարմինների, դատախազի և դատարանի կանչով որպես վկա, տուժող, փորձագետ, մասնագետ, թարգմանիչ, ընթերակա, - դոնոր է։
Չվճարվող արձակուրդը տրամադրվում է․
-
հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև 1 տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն: Այդ արձակուրդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 2 ամիսը,
-
հաշմանդամություն ունեցող աշխատողին կամ ընտանիքի հիվանդ անդամին խնամող աշխատողին՝ ոչ ավելի, քան 30 աշխատանքային օր տարվա ընթացքում,
-
ամուսնության համար` 3 աշխատանքային օր,
-
ընտանիքի անդամի մահվան դեպքում` մինչև 3 աշխատանքային օր,
-
ազգային, կրոնական տոները կամ հիշատակի օրերը նշելու համար` տարեկան 4 աշխատանքային օր,
-
համատեղությամբ աշխատողին` հիմնական աշխատավայրում գործուղման մեջ գտնվելու դեպքում կամ հիմնական աշխատավայրի աշխատողին` համատեղությամբ աշխատավայրում գործուղման մեջ գտնվելու դեպքում՝ 30 օր աշխատանքային տարվա ընթացքում:
Արձակուրդի տրամադրման պայմաններ
Վճարվող ամենամյա արձակուրդից կարող ես օգտվել տվյալ կազմակերպությունում 6 ամիս շարունակ աշխատելուց հետո կամ ավելի շուտ, եթե գործատուն տալիս է իր համաձայնությունը։
Եթե դեռ չի լրացել անընդմեջ աշխատանքիդ 6 ամիսը, ապա կարող ես ունենալ չվճարվող արձակուրդ՝ տարեկան առավելագույնը 60 օր տևողությամբ։ Այս դեպքում արձակուրդային օրերի համար արձակուրդային կամ աշխատավարձ չի վճարվում։
Արձակուրդի տևողություն, վճար և հաշվարկ
Ամենամյա արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա համար 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա համար՝ 24 աշխատանքային օր:
Աշխատողը այն կարող է օգտագործել մաս-մաս։ Ամենամյա արձակուրդը մասերով օգտագործելու դեպքում այդ մասերից մեկը պետք է առնվազն 10 աշխատանքային օր լինի։
Առանց աշխատողի համաձայնության՝ գործատուն չի կարող հետ կանչել արձակուրդից։
Ընդ որում՝ եթե աշխատողն արդեն ստացել է ամենամյա արձակուրդի գումարը և արձակուրդից հետ է կանչվում աշխատանքի, ապա աշխատած օրերի համար ստանում է աշխատավարձ, իսկ արդեն ստացած արձակուրդայինը չի վերադարձնում։
Արձակուրդայինը պետք է փոխանցվի աշխատողին արձակուրդը սկսելուց առնվազն 3 օր առաջ, իսկ եթե աշխատողից կախված պատճառներով դա հնարավոր չէ ապահովել, ապա՝ արձակուրդի օրվանից սկսած՝ 3 օրվա ընթացքում։
Արձակուրդայինը հաշվարկվում է՝ աշխատողի միջին օրական աշխատավարձը բազմապատկելով տրամադրվող արձակուրդի օրերի քանակով:
Առցանց հաշվել արձակուրդայինի չափը
Սկսել
Հանգիստը աշխատավայրում
Աշխատողը իրավունք ունի աշխատանքային օրվա ընթացքում հանգստանալու 1 ժամ, որը կարող է օտագործել իր հայեցողությամբ։
Գործում են հանգստի հետևյալ տեսակները՝
-
հանգստանալու և սնվելու համար ընդմիջում,
-
աշխատանքային օրվա ընթացքում հանգստանալու համար լրացուցիչ և հատուկ ընդմիջումներ,
-
աշխատանքային օրերի միջև ընկած անընդմեջ հանգիստ,
-
ամենշաբաթյա անընդմեջ հանգիստ,
-
ամենամյա հանգիստ։
Լրացուցիչ հանգստի կարիք ունի․
-
մինչև 18 տարեկան աշխատողը (նվազագույնը 30 րոպե), որի աշխատաժամանակի տևողությունը գերազանցում է 4 ժամը,
-
ծանր ֆիզիկական, մտավոր, հուզական գերլարված բնույթ կրող կամ առողջության համար բացասական ներգործություն ունեցող, վտանգավոր պայմաններում աշխատողը։
Ո՛չ, գործատուն իրավունք չունի ներգրավելու աշխատողին աշխատանքի հանգստյան օրերին։
Բացառություն են կազմում միայն այն աշխատանքները, որոնց դադարեցումը տեխնիկական պատճառներով անհնար է, կամ որոնք անհրաժեշտ են բնակչության սպասարկման համար։
Օրինակ՝ տրանսպորտի, կապի, առողջապահության ոլորտի աշխատանքների դեպքում։
Այս էջը օգտակա՞ր էր