This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ երեխայի (մինչև 16 տարեկան) անձնագիր արտասահմանում
ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր՝ անկախ տարիքից։ Անձնագիրն անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է՝ նախատեսված ՀՀ-ից դուրս գալու և ՀՀ վերադառնալու, ինչպես նաև ՀՀ տարածքում օգտագործելու համար։
Մինչև 16 տարեկան քաղաքացիներին արտասահմանում ՀՀ քաղաքացու անձնագիր տրվում է 1 ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա, որը ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ նախապես այց ամրագրելով, իսկ դեսպանություն կամ հյուպատոսություն այցելելու հնարավորություն չունենալու դեպքում՝ տեսակապով նույնականացվելով։
Երեխայի ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար արտասահմանում գտնվող երեխայի ծնողը դիմում է տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ` նախապես այց ամրագրելով։
Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության։
Անհրաժեշտ է «Ամրագրել այց» կոճակը սեղմելուց հետո՝
- ընտրել այն երկրի դեսպանության կայքը, որտեղ ներկայացվելու է դիմումը,
- էջի ձախ հատվածում սեղմել «Ամրագրել ժամադրություն» կոճակը,
- բացվող պատուհանում ընտրել «Անձնագրի տրամադրում (փոխանակում)» տարբերակը,
- ընտրել հասանելի օրերից և ժամերից ամենահարմար տարբերակը,
- բացվող էջում լրացնել անձնական տվյալները և հաստատել ամրագրումը։
Ներկայացվող պահանջները
ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է՝
- գրանցված լինել Բնակչության պետական ռեգիստրում։
Պահանջվող փաստաթղթերը
Անհրաժեշտ է համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում անձնագիր ստանալու մասին,
- 35x45 մմ չափսի 4 լուսանկար,
- երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը,
- ծնողների անձնագրերը և դրանց 2-3-րդ էջերի պատճենները,
- ծնողների ամուսնության վկայականը և դրա պատճենը,
- պետական տուրքի վճարման անդորրագիրը։
Պահանջվող հավելյալ փաստաթղթեր
Որոշ դեպքերում երեխայի ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար կարող են պահանջվել հավելյալ փաստաթղթեր, մասնավորապես՝
Եթե մինչև երեխայի ծնունդը ծնողների ամուսնությունը գրանցված չի եղել, ապա՝
- հայրության ճանաչման վկայական,
- միայնակ մայր լինելու մասին տեղեկանք,
- ծնողի մահվան վկայական,
- անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռ։
Ընդ որում՝ անհրաժեշտ է ներկայացնել վերոնշյալ փաստաթղթերից մեկը և դրա պատճենը։
Եթե երեխայի ծնվելու պահին ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը՝ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա՝
- օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող ծնողի գրավոր համաձայնությունը երեխային ՀՀ քաղաքացիություն և ՀՀ քաղաքացու անձնագիր տալու վերաբերյալ:
Եթե երեխային անձնագիր է տրամադրվում ծնողների կամ ծնողներից մեկի կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու արդյունքում, ապա՝
- ծնողների և նրանց 14 տարին լրացած երեխայի գրավոր համաձայնությունը երեխային ՀՀ քաղաքացիություն և ՀՀ քաղաքացու անձնագիր տալու մասին՝ հյուպատոսական վավերացմամբ (վավերացումը կատարվում է տեղում՝ անվճար):
Վճարման չափը և կարգը
Երեխայի անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է վճարել 30,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել առցանց եղանակով։
Տրամադրման ժամկետը և կարգը
Անձնագիրը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 3 ամսվա ընթացքում։ Այն ստանալու համար անհրաժեշտ է այցելել համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսություն։
Հղում օրենսդրությանը
- «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Օրենքները հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11
Using different methods might take more time or cost more money.
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11