This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ երեխա ունեցող ընտանիքին տրվող աջակցություն՝ մարզում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար
Ծրագրի շրջանակում միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրերում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։
Եթե հիպոթեքային վարկը տրամադրել է համագործակցող բանկերից որևէ մեկը, ապա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն դիմում ներկայացնելու կարիք չկա․ բանկն ինքը դիմողի տվյալները կփոխանցի նախարարություն։
Իսկ եթե հիպոթեքային վարկը տրամադրվել է ցանկում չներառված բանկի կողմից, ապա անհրաժեշտ է ներկայացնել դիմում ստորև նկարագրված եղանակով։
Աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած որևէ բանկ կամ վարկային կազմակերպություն։
Ծրագրի մասին
- Ծրագրի շրջանակում միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրերում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։
- Աջակցությունն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։
- Ծրագիրը գործում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։
Ներկայացվող պահանջները
Ծրագրից կարող են օգտվել ՀՀ մարզերում ապրող այն քաղաքացիները, որոնք համապատասխանում են հետևյալ պարտադիր պահանջներին՝
- շահառուն ունի ՀՀ քաղաքացիություն և հանդիսանում է հիպոթեքային վարկ մարողը՝ վարկառուն,
- շահառուն ունի առնվազն 2 անչափահաս երեխա,
- մարզային բնակավայրում գտնվող բնակելի անշարժ գույքը պետք է ձեռք բերված լինի կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիպոթեքային վարկը տրամադրված լինի 2024 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո,
- ձեռք բերված անշարժ գույքի (կամ կառուցվող շենքի բնակարանի, որը դեռ պատրաստ չէ) գինը առավելագույնը 35 մլն դրամ է։ Այս շեմը դիմողի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով ավելանում է 5 մլն դրամով,
-
ձեռք բերված կամ կառուցված/կառուցվող անշարժ գույքը պետք է լինի շահառուի և նրա ամուսնու (եթե պաշտոնապես ամուսնացած են) միակ բնակելի գույքը: Այն պետք է պատկանի նրանց անձնական, համատեղ կամ բաժնային (առնվազն 50%) սեփականության իրավունքով,
-
կանխավճարի նվազագույն չափը պետք է լինի առնվազն 10% երկրորդային շուկայից գնվող բնակարանի արժեքից և առնվազն 7,5% առաջնային շուկայից գնվող բնակարանի արժեքից (այս պահանջները չեն վերաբերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիպոթեքային վարկ ստացած շահառուներին): Նշված տոկոսները հաշվարկվում են` առանց ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցության,
- դիմելու օրվա դրությամբ շահառուն առնվազն 12 ամիս կատարել է հիպոթեքային վարկի մարումներ, և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիպոթեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացուցային օրը:
Պահանջվող փաստաթղթերը
Աջակցության ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել․
- անձը հաստատող փաստաթուղթ,
- երեխայի (երեխաների) ծննդյան վկայական,
- հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ),
- վերջին 12 ամիսների մարումների վերաբերյալ քաղվածք,
- անշարժ գույքի սեփականության վկայական,
- գրանցված ամուսնության առկայության դեպքում՝ ամուսնության վկայական։
Աջակցության չափը
- Միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է ձեռք բերվող կամ արդեն իսկ ձեռք բերված անշարժ գույքի արժեքի 5%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 1 միլիոն դրամը։
- Աջակցությանը 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար ավելանում է բնակարանի արժեքի 5%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը։
- Աջակցության առավելագույն չափը 2 միլիոն դրամ է (ներառյալ 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար)։
- Աջակցությունն ավելացվում է 50%-ով, եթե շահառուն հիպոթեքային վարկով բնակելի անշարժ գույքը ձեռք է բերում կամ անհատական բնակելի տունը կառուցում է սահմանամերձ կամ այնպիսի գյուղական բնակավայրում, որտեղ կառուցվում են դպրոցներ կամ մանկապարտեզներ։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստուգում է շահառուի համապատասխանությունը ծրագրի պայմաններին՝ ավտոմատ կերպով տեղեկություններ ստանալով երեխա-ծնող կապի, երեխայի կենդանի լինելու, ամուսնության կարգավիճակի և շահառուի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի մասին: Ստուգումն իրականացվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում:
- Նախարարությունը որոշում է կայացնում շահառուին ծրագրում ընդգրկելու կամ մերժելու մասին: Այնուհետև 3 օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է դրա մասին ֆինանսական կազմակերպությանը (բանկ) և շահառուին:
- Հիփոթեքի պայմանագիրը կնքելուց հետո նախարարությունը 10 օրվա ընթացքում փոխանցում է գումարը կազմակերպության հաշվին: Անհատական տուն կառուցելու դեպքում գումարը փոխանցվում է վարկը տրամադրելուց հետո: Գումարի փոխանցման մասին նախարարությունը տեղեկացնում է շահառուին էլեկտրոնային փոստով:
Հղում օրենսդրությանը
ՀՀ Կառավարության 14 մայիսի 2020 թվականի N 968-Լ որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Using different methods might take more time or cost more money.