This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ «ԵսԵմ» բջջային ID SIM քարտ
«ԵսԵմ» բջջային ID SIM քարտի միջոցով անձը կարող է անվտանգ կերպով նույնականացվել թվային ծառայություններից օգտվելիս, կատարել վստահելի գործարքներ և ստորագրել թվային փաստաթղթեր։ Այն ստանալու համար անհրաժեշտ է այցելել նախընտրելի բջջային օպերատորի գրասենյակ:
Ուշադրություն
eSIM տեսակի քարտերով աշխատող հեռախոսների դեպքում «ԵսԵմ» բջջային ID SIM քարտը չի գործում։
Պահանջվող փաստաթղթերը
-
նույնականացման քարտ կամ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի վկայական և անձնագիր,
- դիմողի անունով գրանցված և գործող հեռախոսահամար (հեռախոսահամար չունենալու դեպքում անհրաժեշտ է ձեռք բերել այն)։
Անհրաժեշտ է հաշվի առնել, որ ֆիզիկական քարտը փոխելիս նախկին քարտի հեռախոսահամարները կարող են ջնջվել, ինչի պատճառով հարկավոր է բոլոր հեռախոսահամարները նախապես պահպանել հեռախոսի մեջ կամ ամպային տիրույթում (cloud):
Վճարման չափը և կարգը
«ԵսԵմ» բջջային ID SIM քարտ ստանալու համար անհրաժեշտ է վճարել 500 դրամ, իսկ էլեկտրոնային ստորագրության ակտիվացման համար՝ 3,000 դրամ (տարեկան սպասարկման վճար):
Տրամադրման կարգը
Գրասենյակում բջջային օպերատորի հրահանգներից հետո անհրաժեշտ է ինքնուրույն ստեղծել ծածկագիր (PIN կոդ), որը կիրառվելու է յուրաքանչյուր անգամ առցանց նույնակացվելիս կամ փաստաթուղթ ստորագրելիս։ Ծածկագիրը ապահովում է անհատի անձնական տվյալների անվտանգությունը, ուստի այն պետք է հայտնի լինի միայն տվյալ անձին։ Ծածկագիրն այլ անձանց հասանելի դառնալու դեպքում անհրաժեշտ է անձնագրով մոտենալ օպերատորի գրասենյակ և փոխել այն։
Էլեկտրոնային փաստաթղթեր ստորագրելու համար անհրաժեշտ է ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը՝ կատարելով տարեկան 3,000 դրամ սպասարկման վճարը։