This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ Հայաստան վերադառնալու վկայական անչափահասի համար
ՀՀ վերադարձի վկայականը միանգամյա օգտագործման ճամփորդական փաստաթուղթ է, որն անձին տրամադրվում է շտապ ՀՀ վերադառնալու նպատակով։ Այն տրամադրվում է անձին, եթե սահմանը հատելու իրավունք տվող օրինական փաստաթուղթը կորել կամ գողացվել է, ժամկետանց է, օգտագործման համար ոչ պիտանի կամ ընդհանրապես չի տրամադրվել։
ՀՀ քաղաքացու դեպքում սահմանը հատելու իրավունք տվող օրինական փաստաթուղթը անձնագիրն է, իսկ փախստականի կամ քաղաքացիություն չունեցող անձի դեպքում՝ ՀՀ-ի կողմից տրված ճամփորդական փաստաթուղթը։
Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ առցանց այցի ամրագրմամբ, ինչպես նաև դեսպանություն կամ հյուպատոսություն այցելելու հնարավորություն չունենալու դեպքում տեսակապով նույնականացվելով։
Արտասահմանում գտնվող մինչև 16 տարեկան անձի դիմումը ներկայացնում է ծնողներից մեկը կամ երեխայի օրինական ներկայացուցիչը (հոգաբարձուն կամ խնամակալը)։ Լիազորված անձի միջոցով դիմելու դեպքում անձին լիազորում է ծնողը կամ երեխայի օրինական ներկայացուցիչը։ 16-18 տարեկան անձինք կարող են դիմել անձամբ։
Անհրաժեշտ է դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ` նախապես այց ամրագրելով։
Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության։
Անհրաժեշտ է «Ամրագրել այց» կոճակը սեղմելուց հետո՝
- ընտրել այն երկրի դեսպանության կայքը, որտեղ ներկայացվելու է դիմումը,
- էջի ձախ հատվածում սեղմել «Ամրագրել ժամադրություն» կոճակը,
- բացվող պատուհանում ընտրել «Վերադարձի վկայականի տրամադրում» տարբերակը,
- ընտրել հասանելի օրերից և ժամերից ամենահարմար տարբերակը,
- բացվող էջում լրացնել անձնական տվյալները և հաստատել ամրագրումը։
Պահանջվող փաստաթղթերը
Անհրաժեշտ է համապատասխան դեսպանություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում-հարցաթերթիկ,
- 35x45 մմ չափսի 2 լուսանկար։
Առկայության դեպքում ցանկալի է ներկայացնել նաև՝
- ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի, կորած կամ գողացված ՀՀ քաղաքացու անձնագրի կամ ՀՀ-ի կողմից տրված ճամփորդական փաստաթղթի պատճենը,
- տեղեկանք տվյալ բնակավայրի ոստիկանությունից կամ այլ իրավասու մարմնից՝ անձնագրի կորստի կամ գողության, կողոպուտի կամ այլ հանցագործության կամ որևէ աղետի հետևանքով անձնագիրը կորցնելու մասին։
Եթե երեխան չի ստացել ՀՀ քաղաքացու անձնագիր, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև՝
- ՀՀ կամ օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված ծննդյան վկայականի բնօրինակը կամ դրա՝ նոտարի հաստատումով պատճենը,
- ծնողների անձնագրերի կամ նույնականացման քարտերի բնօրինակները։
Լիազորված անձի միջոցով դիմելու դեպքում լիազորված անձը պետք է նաև ներկայացնի՝
- լիազորագիր (նոտարական վավերացումը պարտադիր չէ),
- իր անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը։
Վճարման չափը
Վերադարձի վկայականը անչափահասներին տրամադրվում է անվճար։
Տրամադրման ժամկետը և կարգը
Վկայականը տրամադրվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում։
Հարցումն ստանալուց հետո անձը նույնականացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից, որից հետո վերադարձի վկայական տրամադրելու վերաբերյալ պատասխանն ուղարկվում է այն դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, որը զբաղվել է տվյալ անձի դիմումով։ Անձին տեղեկացվում է վկայականի տրամադրման որոշման վերաբերյալ, ինչից հետո հնարավոր է վկայականը ստանալ համապատասխան հյուպատոսական հիմնարկում։
Վերադարձի վկայականը հնարավոր է օգտագործել փաստաթղթի տրվելու պահից 30 օրվա ընթացքում։
Ուշադրություն
Եթե ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի անձնագիր ներկայացնելիս կասկած է առաջանում՝ արդյոք դիմողը անձնագրում պատկերված անձն է, ապա հյուպատոսական հիմնարկը վերադարձի վկայական տալու էլեկտրոնային հարցում է ուղարկում անձնագրային բաժանմունք։ Այս դեպքում վկայականը տրամադրվում է 5-15 աշխատանքային օրվա ընթացքում՝ պայմանավորված լրացուցիչ ստուգումներով։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2011 թվականի մարտի 24-ի N 297-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11
Be aware that using different methods might take more time or cost more money.
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11