BETA

This site is new, your feedback will help us improve it.

Կյանքի իրադարձություն

Արտահանում և ներմուծում

Ուղեցույցի նպատակն է տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն ապրանքների ներմուծման հետ կապված քայլերի վերաբերյալ։ Ուղեցույցի օգնությամբ կտեղեկանաս ապրանքների ներմուծման թույլատրելի քանակի, գնային սահմանաչափերի մասին, կծանոթանաս ապրանքների մաքսազերծման և հայտարարագրման գործընթացներին։ 

Քայլերի հաջորդականություն

Ինչպե՞ս ներմուծել ապրանքները

  1. Քայլ 1

    Ծանոթություն ներմուծման պայմաններին

    ՀՀ անձնական օգտագործման ապրանքներ ներմուծելու համար ծանոթացիր ներմուծման պայմաններին՝ արգելվող իրերի ցանկ, ապրանքների թույլատրելի քանակներ և գնային սահմանափակումներ։

  2. Քայլ 2

    Փոխադրող ընկերության ուսումնասիրություն

    Տեղեկացիր, թե ինչ պայմաններով են փոխադրող ընկերությունները մատուցում ներմուծման ծառայությունները։

     

  3. Քայլ 3

    Ապրանքի մաքսազերծում

    Ծանոթացիր մաքսազերծման հաջորդական փուլերին՝ զննություն մաքսային ծառայության կողմից, ապրանքի հայտարարագրում, փաստաթղթերի տրամադրում և մաքսավճար։

Ապրանքների ներմուծման պայմանները

Հայաստան մի շարք ապրանքների ներմուծումը արգելված կամ խիստ սահմանափակված է հիմնականում անվտանգության, առողջապահական և բնապահպանական նկատառումներով:

Գոյություն ունի ապրանքների մի քանի խումբ, որոնք արգելված է ներմուծել Հայաստանի Հանրապետություն

  • զենքեր, զինամթերք և ռազմամթերք,
  • թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր,
  • պայթուցիկ և ռադիոակտիվ նյութեր,
  • վտանգավոր քիմիկատներ,
  • վայրի կենդանիներ և բույսեր։

Հարկ է նշել, որ յուրաքանչյուր փոխադրող ընկերություն ունի արգելված իրերի ներմուծման իր ցանկը․ օրինակ՝ օծանելիք, ծխախոտ։ 

Նախքան ներմուծման պրոցեսը խորհուրդ է տրվում համապատասխան փոխադրող ընկերություններից պարզել ապրանքների ներմուծման արգելքների և պայմանների մասին:

Անձնական օգտագործման ապրանքների ներմուծման դեպքում թույլատրելի առավելագույն քաշը 31 կիլոգրամ է, իսկ թույլատրելի առավելագույն արժեքը՝ 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամ։

Նշված սահմանաչափերը գերազանցող ներմուծումների դեպքում անհրաժեշտ է լինելու մաքսազերծել ապրանքները և վճարել համապատասխան տուրքեր։

Բեռնափոխադրող ընկերությունները

Ապրանքների ներմուծումը Հայաստան իրականացվում է թե՛ օդային, թե՛ ցամաքային, և թե՛ ծովային եղանակներով։

 

Ընտրիր շուկայում առկա և քեզ հարմար բեռնափոխադրող ընկերություններից մեկը։ Գրանցվիր՝ տրամադրելով․

  • անձնագիր կամ նույնականացման քարտ,

  • հեռախոսահամար,

  • Էլեկտրոնային փոստի հասցե։

Ձևակերպիր ապրանքդ բեռնափոխադրող ընկերությունների հավելվածների միջոցով։ Կատարիր գնումդ, որից հետո կստանաս ապրանքի հսկիչ կոդ (tracking number):

Հսկիչ կոդի միջոցով կարող ես տեղեկանալ, թե տվյալ պահին որտեղ է գտնվում առաքանիդ և քանի օրից կլինի ՀՀ-ում։

Առաքանին Հայաստան հասնելուց հետո անվճար պահվում է 180 օր բեռնափոխադրող ընկերության պահեստում։ Նշված ժամկետը լրանալուց հետո առաքանին չվերցնելու դեպքում ստիպված կլինես հավելյալ գումար վճարել, որի չափը կորոշի բեռնափոխադրող ընկերությունը։

Ապրանքների մաքսազերծումը և հայտարարագրումը

Հասնելով Հայաստան՝ ներմուծվող ապրանքները մաքսազերծվում են արևմտյան մաքսատուն-վարչությունում, որը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանում։

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը, ունեն միասնական մաքսային տարածք, որտեղ գործում են միասնական մաքսային կանոններ։

ԵԱՏՄ անդամ երկրների միջև ապրանքներ տեղափոխելիս մաքսատուրք չի գանձվում։

Այն երկրներում, որոնք ԵԱՏՄ անդամ չեն, գործում են ապրանքների մաքսազերծման այլ պայմաններ։ Օրինակ՝ Չինաստանից ապրանքներ ներմուծելու համար անհրաժեշտ է վճարել սահմանված մաքսատուրքեր։

Մաքսազերծման փուլերը

Ապրանքերի մաքսազերծումը բաղկացած է 6 փուլից՝

  • մուտք մաքսային հսկողության տարածք,

  • նախնական զննում մաքսային տեսուչի կողմից,

  • ձևակերպում,

  • վճարում,

  • բացթողում։

Հնարավոր են դեպքեր, երբ ՀՀ ներմուծված ապրանքները մաքսային հսկողության տարածք մուտք գործելուց հետո անմիջապես տեղափոխվում են փոխադրող ընկերություններ։ Այսինքն` հավելյալ զննության, հայտարարագրման և մաքսավճարներ կատարելու կարիք չի առաջանում։

Եթե ֆիզիկական անձի անունով ՀՀ ժամանած յուրաքանչյուր առաքանու արժեքը չի գերազանցում 200 եվրոն, իսկ քաշը չի գերազանցում 31 կգ-ը, ապա մաքսային վճար վճարելու անհրաժեշտություն չկա։

Եթե ներմուծվող առաքանու քաշը չի գերազանցում 31 կգ-ը, իսկ արժեքը գերազանցում է 200 եվրոն, ապա սահմանվում է 15% մաքսային վճար 200 եվրոն գերազանցող մասի համար։

Եթե առաքանու քաշը գերազանցում է 31 կգ-ը, ապա անհրաժեշտ է վճարել մաքսային վճար՝ առաքանու ամբողջ արժեքի 15%-ի չափով կամ 31 կգ-ը գերազանցող յուրաքանչյուր կգ-ի համար 2 եվրոյի չափով։

 

Մաքսավճարը կարող ես վճարել բանկերի և վճարային տերմինալների միջոցով։ Վճարման գործընթացի մասին քեզ կտեղեկացնի փոխադրող ընկերությունը։

Ի դեպ, մաքսային վճարումների և ապրանքների հայտարարագրման գործընթացը պարզեցնելու համար կարող ես դիմել բրոքերային ընկերություններին։

Երբ առաքանին ժամանում է Հայաստան և զննվում է մաքսային տեսուչի կողմից, կարող է առաջանալ հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու կարիք։ Այս դեպքում մաքսային տեսուչը կապ է հաստատում փոխադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Փոխադրող ընկերությունն էլ իր հերթին տեղեկացնում է ֆիզիկական անձին, որ իր կողմից ներմուծված ապրանքը մաքսային տարածքում է։

Ներմուծված ապրանքը վերցնելու համար փոխադրող ըներությունները տեղեկացում են, թե ինչ հավելյալ փաստաթղթեր է պետք ներկայացնել։ Ֆիզիկական անձը կարող է օգտվել նաև բրոքերային ընկերությունների ծառայություններից ապրանքը մաքսազերծելու, հայտարարագրելու և մաքսավճար կատարելու համար։

Ապրանքի հայտարարագրումը

Ապրանքի հայտարարագրումն անհրաժեշտ է ապրանքների օրինական շրջանառությունն ապահովելու, հարկերի և տուրքերի հաշվարկման և առևտրի վիճակագրությունը վարելու համար։

Ապրանքի հայտարարագրումը մաքսային գործընթաց է, որի ընթացքում ապրանքներ ներմուծող անձը պաշտոնապես տեղեկացնում է մաքսային մարմիններին այդ ապրանքի մասին:

Ապրանքի հայտարարագրումը ներառում է՝

  • ներմուծողի տվյալներ,
  • ապրանքի անվանում և նկարագրություն,
  • քանակ,
  • արժեք և արժույթ,
  • մաքսային ծածկագիր (HS կոդ),
  • ապրանքի ծագման երկիր,
  • մաքսային դրույքաչափեր և հարկեր։

Ապրանքների հայտարարագրման համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • ներմուծողի անձնագիրը կամ նույնականացման քարտը,
  • հաշիվ-ապրանքագիր (ինվոյս),
  • բեռնագիր կամ տրանսպորտային փաստաթուղթ,
  • ապրանքի ծագման հավաստագիր (եթե կիրառելի է)։

Ապրանքների ներմուծումը ՀՀ տեղափոխվելիս

Օտարերկրյա քաղաքացիները նախքան մշտական բնակության նպատակով ՀՀ տեղափոխվելը պետք է տեղյակ լինեն ներմուծման պայմաններին։

Օտարերկրյա քաղաքացիների համար որոշ դեպքերում գործում են արտոնյալ պայմաններով ապրանքների ներմուծում՝ առանց մաքսային վճարների։

Մշտական բնակության նպատակով ՀՀ տեղափոխվելիս քեզ հետ բերված անձնական օգտագործման ապրանքների ներմուծումը կարող է իրականացվել արտոնյալ պայմաններով, այսինքն՝ առանց մաքսային վճարների, հետևյալ դեպքերում՝

 

  • եթե դու ունես ՀՀ քաղաքացիություն կամ ՀՀ հատուկ կամ մշտական կացության կարգավիճակ,

  • եթե դու նախորդ 5 տարվա ընթացքում առնվազն 1280 օր բացակայել ես Հայաստանի Հանրապետությունից,

  • եթե դու նախկինում չես օգտվել նշված արտոնությունից, այսինքն՝ ՀՀ չես ներմուծել անձնական օգտագործման ապրանքներ՝ առանց մաքսային վճարների:

Կարող ես ներմուծել առանց գործարանային փաթեթավորման և պիտակավորման անձնական օգտագործման, ինչպես նաև ընտանեկան, տնային ու այլ կարիքների համար նախատեսված ապրանքները։

Անձնական օգտագործման ապրանքների ու գույքի ցանկը ներառում է.

  • կենցաղային և անձնական օգտագործման սարքեր` յուրաքանչյուր տեսակից 3-ական օրինակ (սառնարան, հեռուստացույց, լվացքի մեքենա և այլն),

  • կահույք` յուրաքանչյուր տեսակից մեկ լրակազմ (ննջասենյակի, խոհանոցի, հյուրասենյակի),

  • անձնական օգտագործման տրանսպորտային միջոց,

  • անձնական գործածության այլ իրեր և տնային գույք՝ առանց քանակային սահմանափակման (հագուստ, սպասք, գրքեր և այլն)։

Արտոնյալ պայմաններով ապրանքներ ներմուծելու համար անհրաժեշտ են․

  • դիմում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության պետի անունով (լրացվում է տեղում),

  • մանրամասն գույքագրում՝ ապրանքների անվանման, քաշի, քանակի մասին՝ ներառյալ արժեքները (ապրանքների ցուցակ, հաշիվ-ապրանքագիր),

  • անձնագրի պատճենը կամ ՀՀ-ում մշտական բնակության իրավունքը հաստատող փաստաթուղթը՝ կացության քարտ, կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակը հաստատող ՀՀ կառավարության լիազոր մարմնի տրամադրած փաստաթուղթը,

  • օտարերկրյա (ելքի) պետությունում մշտական բնակության փաստը հաստատող փաստաթուղթը (անձնագիր, կացության քարտ),

  • բեռնափոխադրող ընկերության հետ կնքված գույքի տեղափոխության պայմանագրի և վճարման անդորրագրի բնօրինակը,

  • Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթ` ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից։


Ընդ որում՝

  • օտարերկրյա պետությունների կողմից տրված փաստաթղթերը՝ բացի անձնագրից, ներկայացվում են ապոստիլով, նոտարական կարգով վավերացված թարգմանությամբ,
  • ՀՀ-ում մշտական բնակության տեղափոխվող անձը պետք է ունենա հաշվառում որևէ հասցեում։
Առցանց դիմել արտոնյալ պայմաններով ապրանքներ ներմուծելու համար
Իմանալ ավելին
Այս էջը օգտակա՞ր էր