Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է յուրաքանչյուր օտարերկրացու, եթե նա հիմնավորում է, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ տարի և ավել ժամկետով իր բնակվելը հիմնավորող հանգամանքներ։
This site is new, your feedback will help us improve it.
Ինչպե՞ս ստանալ ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ
Այս ուղեցույցի նպատակն է տեղեկություններ տրամադրել Հայաստանում ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև ապաստան հայցելու վերաբերյալ։
Ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակները բնակության իրավունքի տեսակներ են, որոնցից յուրաքանչյուրի համար սահմանված է վավերականության ժամանակահատված՝ համապատասխանաբար 1 և 5 տարի ժամկետներով։
Ինչպե՞ս ստանալ կացության կարգավիճակ
Քայլ 1
Պատրաստիր փաստաթղթերդ
Տեղեկացիր, թե որ դեպքերում կարող ես ստանալ ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ, և պատրաստիր համապատասխան փաստաթղթերը։
Քայլ 2
Ներկայացրու դիմում
Ներկայացրու ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու դիմումդ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Օտարերկրացիների վարչություն։
Քայլ 3
Ստացիր կացության քարտ
Դիմումը ներկայացնելու օրվանից 30-օրյա ժամկետում ստացիր ժամանակավոր կամ մշտական կացության քարտդ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Օտարերկրացիների վարչությունից։
Ժամանակավոր կացության կարգավիճակ
ՀՀ-ում անձի մեկ տարի և ավել ժամկետով բնակվելը հիմնավորող հանգամանքներ կարող են լինել՝
-
ուսումը,
-
աշխատանքի թույլտվության առկայությունը,
-
ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը, ծնողը կամ զավակը լինելը,
-
ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը կամ մերձավոր ազգականը (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) լինելը,
-
ձեռնարկատիրությամբ զբաղվելը,
-
ազգությամբ հայ լինելը։
Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է մինչև 1 տարի ժամկետով, և այն յուրաքանչյուր անգամ հնարավոր է երկարաձգել ևս 1 տարով։
ՀՀ-ում մշտական կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Օտարերկրացիների վարչություն։
Հասցե՝ Թաիրովի 14, Երևան
Աշխատանքային օրեր՝ Երկ, Երք, Չրք, Հնգ 09։00-17։00, Ուրբ՝ 10։00-17։00
Ընդիմջում՝ 14։00-15։00
Ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Օտարերկրացիների վարչություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
-
դիմում-հարցաթերթիկ (լրացվում է տեղում),
-
35 x 45 մմ չափսի երեք գունավոր լուսանկար,
-
անձնագիրը, անձնագրի պատճենը և անձնագրի՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը,
-
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) հանգամանքը հիմնավորող փաստաթղթեր,
-
առողջական վիճակի մասին տեղեկանք,
-
պետական տուրքի վճարման անդորրագիրը: Ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար պետական տուրքը կարելի է վճարել տեղում՝ POS տերմինալի կամ առցանց՝ Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով, ինչպես նաև ցանկացած բանկում՝ հաշվեհամարին փոխանցում կատարելով (գանձապետական հաշվեհամար՝900005162111)։
Ժամանակավոր կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը ժամանակավոր կացության քարտն է, որը տրվում է անձին, եթե բավարարվում է ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու նրա դիմումը։
Ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու կամ մերժելու որոշում կայացնելու գործընթացը կատարվում է դիմումը ներկայացնելու օրվանից 30-օրյա ժամկետում։
Ժամանակավոր կացության քարտի վավերականության ժամկետը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացնել անձնագրային բաժանմունք (տարածված է նաև ОВИР անվանումը) քարտի ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ։
-
Մինչև 1 տարի ժամանակավոր կացության քարտի տրամադրման պետական տուրքը 105,000 ՀՀ դրամ է։
-
Մինչև 1 տարի ժամանակավոր կացության քարտի երկարաձգման պետական տուրքը նույնպես 105,000 ՀՀ դրամ է։
-
Փոխադարձության սկզբունքի համաձայն՝ ԱՄՆ քաղաքացիների համար մինչև 1 տարի ժամանակավոր կացության քարտի տրամադրման պետական տուրքը 85,000 ՀՀ դրամ է։
-
ԱՄՆ քաղաքացիների համար ժամանակավոր կացության քարտի՝ մինչև 1 տարով երկարաձգման պետական տուրքը 1,000 ՀՀ դրամ է։
Ժամանակավոր կացության կարգավիճակի համար սահմանված պետական տուրքը հնարավոր է վճարել բանկերում կամ տեղում՝ վճարային տերմինալի կամ առցանց՝ Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով։
Առցանց ամրագրել այց ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար
Ֆիզիկապես դիմել ժամանակավոր կացության քարտը վերականգնելու կամ փոխանակելու համար
Մշտական կացության կարգավիճակ
Մշտական կացության կարգավիճակը տրվում է օտարերկրացուն, եթե նա՝
-
ապացուցում է, որ ունի ՀՀ-ում ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող ամուսին կամ մերձավոր ազգական (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ), ՀՀ-ում ապահովված է բնակարանով ու գոյության միջոցներով և մինչև մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմելը առնվազն երեք տարի բնակվել է ՀՀ-ում,
-
ազգությամբ հայ է,
-
ՀՀ-ում զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ։
Մշտական կացության կարգավիճակը տրվում է 5 տարի ժամկետով և այն յուրաքանչյուր անգամ հնարավոր է երկարաձգել ևս 5 տարով։
ՀՀ-ում մշտական կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Օտարերկրացիների վարչություն։
Հասցե՝ Թաիրովի 14, Երևան
Աշխատանքային օրեր՝ Երկ, Երք, Չրք, Հնգ 09։00-17։00, Ուրբ՝ 10։00-17։00
Ընդիմջում՝ 14։00-15։00
Մշտական կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Օտարերկրացիների վարչություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
-
դիմում-հարցաթերթիկ (լրացվում է տեղում),
-
35 x 45 մմ չափսի երեք գունավոր լուսանկար,
-
անձնագիրը, անձնագրի պատճենը և անձնագրի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը,
-
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) հանգամանքը հիմնավորող փաստաթղթեր,
-
առողջական վիճակի մասին տեղեկանք,
-
պետական տուրքի վճարման անդորրագիրը։ Մշտական կացության կարգավիճակ ստանալու համար պետական տուրքը կարելի է վճարել տեղում՝ POS տերմինալի կամ առցանց՝ Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով, ինչպես նաև ցանկացած բանկում՝ հաշվեհամարին փոխանցում կատարելով (գանձապետական հաշվեհամար՝900005162111)։
Մշտական կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը մշտական կացության քարտն է, որը տրվում է անձին, եթե բավարարվում է մշտական կացության կարգավիճակ ստանալու նրա դիմումը։
Մշտական կացության կարգավիճակ տրամադրելու կամ մերժելու որոշում կայացնելու գործընթացը կատարվում է դիմումը ներկայացնելու օրվանից 30-օրյա ժամկետում։
Մշտական կացության քարտի վավերականության ժամկետը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացնել անձնագրային բաժանմունք (տարածված է նաև ОВИР անվանումը) քարտի ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ։
5 տարի ժամկետով մշտական կացության քարտի տրամադրման և երկարաձգման պետական տուրքը 140,000 ՀՀ դրամ է։
Մշտական կացության կարգավիճակի համար սահմանված պետական տուրքը հնարավոր է վճարել բանկերում կամ տեղում՝ վճարային տերմինալի, կամ առցանց՝ Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով։