Յուրաքանչյուր վարորդի տարեկան տրվում է 9 բալ։ Եթե տարվա կտրվածքով իրավախախտում կատարես, ապա քեզ տրված բալերից կհանվեն տուգանային միավորներ, որոնց չափը որոշվում է՝ ելնելով խախտումների վտանգավորության աստիճանից ու քանակից։
This site is new, your feedback will help us improve it.
Ինչպե՞ս երթևեկել Հայաստանում
Ուղեցույցում ներկայացված են մանրամասն տեղեկություններ ՀՀ-ում երթևեկելու կանոնների, դրանց խախտման դեպքում գործող վարչական տուգանքների, հնարավոր զեղչերի և օգտակար հավելվածների մասին։
ՀՀ-ում վարելու կանոնները, տուգանքները և բալային համակարգը
ՀՀ-ում ավտոմեքենա վարելիս արգելվում է ծխել, խոսել բջջային հեռախոսով, սակայն բարձրախոսով խոսել թույլատրվում է։ Ամրագոտիները պարտադիր է կապել միայն առջևում նստելիս, իսկ առջևի նստատեղին կարող են նստել միայն 12 տարին լրացած երեխաները։
Արագության թույլատրելի սահմանաչափերը քաղաքում և բնակավայրերում տատանվում են 20 կմ/ժ-ից մինչև 60 կմ/ժ, իսկ քաղաքից դուրս՝ 90 կմ/ժ-ից 110 կմ/ժ։
Տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվում է, եթե նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չլինեն ձմեռային անվադողեր։
Այս և այլ կանոններ չպահպանելու դեպքում գործում են վարչական տուգանքներ, որոնց չափը և ձևը կախված են խախտման տեսակից։ ՀՀ-ում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում կիրառվում է նաև տուգանային բալերի համակարգը։
Եթե գործող մեկ տարվա ընթացքում սպառես քո բոլոր 9 բալերը, ապա 6 ամսով կզրկվես ավտոմեքենա վարելու իրավունքից, ինչից հետո քեզ կրկին կտրվի 9 բալ։
Այս դեպքում դու կարող ես նշված ժամկետից շուտ վերադարձնել քո վարորդական իրավունքը․ դրա համար անհրաժեշտ է վարորդական իրավունքից զրկվելուց ոչ շուտ, քան 3 ամիս անց որակավորման տեսական քննություն հանձնել։
Եթե նույն տարում երկրորդ անգամ սպառես 9 բալը, ապա 1 տարով կզրկվես քո վարորդական իրավունքից, ինչից հետո ստիպված կլինես հանձնել տեսական և գործնական քննություններ և կրկին ստանալ վարորդական իրավունք։
Եթե քո հաշվին քիչ բալեր են մնացել, ապա կարող ես տարվա ընթացքում մեկ անգամ համալրել դրանք` հանձնելով տեսական քննություն և ստանալով 2 «բոնուսային» միավոր։
Եթե ավտոմեքենայի սեփականատերն ես, սակայն իրավախախտումը կատարել է մեկ այլ անձ, ով տվյալ պահին վարել է քո ավտոմեքենան, ապա իրավախախտման բալերը կհանվեն ոչ թե փաստացի վարորդի միավորներից, այլ քո, քանի որ ավտոմեքենայի սեփականատերը դու ես։
Նման խնդրից խուսափելու համար պարզապես անհրաժեշտ է roadpolice.am առցանց համակարգում վարորդին կցել ավտոմեքենային, և բալերը կպակասեն տվյալ վարորդի միավորներից։
Վարորդին առցանց կցել ավտոմեքենային
Կկորցնես 0,5 բալ, եթե.
-
ավտոմեքենան վարես անընթեռնելի համարանիշով,
-
խախտես կանգառի և կայանման կանոնները,
-
քո սխալ կայանման կամ կանգառի պատճառով մեքենադ տարհանվի պահպանվող հատուկ տարածք։
Կկորցնես 1 բալ, եթե․
-
խախտես խաչմերուկներում անցման կանոնները,
-
խախտես հետիոտնային անցումների հատման կանոնները,
-
խախտես վազանցի կանոնները,
-
մանևր կատարես,
-
խախտես հետընթաց վարման կանոնները,
-
վարելիս հեռախոսով խոսես, ծխես,
-
անվտանգության գոտին չամրակապես,
-
առանց սաղավարտի վարես (մոտոցիկլետի դեպքում)։
Կկորցնես 2 բալ, եթե․
-
թույլատրելի առավելագույն արագությունը գերազանցես 11–30 կմ/ժ–ով,
-
համարանիշի առնվազն մեկ նիշը փակես,
-
ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում հատես,
-
ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարես,
-
ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման կարգը խախտես և առաջացնես վթարային իրադրություն,
-
լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվես։
Կկորցնես 3 բալ, եթե․
-
ավտոմեքենայի համարանիշն այլ անձի հանձնես,
-
միակողմանի երթևեկությամբ ճանապարհով տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ, այդ թվում` հետընթաց վարես,
-
հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գաս,
-
թույլատրելի առավելագույն արագությունը գերազանցես 31–50 կմ/ժ–ով։
Կկորցնես 4 բալ, եթե․
-
թույլատրելի առավելագույն արագությունը գերազանցես 51–80 կմ/ժ–ով։
Վարորդական իրավունքից զրկվելու համար պատճառ կարող են լինել՝
-
ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելը,
-
առանց թույլտվության ավտոմեքենայի վրա կարմիր և/կամ կապույտ փարոսիկների և հատուկ ձայնային ազդանշանների տեղադրումը,
-
առանց համարանիշի կամ կեղծ համարանիշով ավտոմեքենա վարելը,
-
հանրային տրանսպորտի «դեղին» համարանիշերի անօրինական օգտագործումը,
-
ճանապարհային ոստիկանության տեսուչի` ավտոմեքենան կանգնեցնելու պահանջը չկատարելը,
-
թույլատրելի առավելագույն արագությունը գերազանցելը 81կմ/ժամով և ավելի
Ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտման դեպքում գործում են վարչական տարբեր տուգանքներ, որոնց ցանկը կարող ես տեսնել այստեղ։
Առցանց ստուգել վարորդի տուգանքները
Տուգանքների զեղչեր
Տուգանքի 20% զեղչը գործում է էլեկտրոնային տարբերակով տուգանքի ծանուցումը ստանալու դեպքում։ Այսինքն՝ եթե ճանապարհային ոստիկանությանը տրամադրում ես գործող էլեկտրոնային փոստի հասցե, որին ցանկանում ես ստանալ կատարածդ խախտման և տուգանքի մասին ծանուցումը, ապա տուգանքիդ սահմանված չափից հանվում է դրա 20%-ը։
Օրինակ՝ եթե տուգանքի չափը 5,000 դրամ է, ապա էլեկտրոնային փոստով ծանուցվելու դեպքում տուգանքի չափը կլինի 4,000 դրամ։
Ուշադրություն
20% զեղչը չի գործում տուգանքի ծանուցումը թղթային տարբերակով ստանալու դեպքում։
Առցանց ստանալ տուգանքների վերաբերյալ ծանուցումներ
Տուգանքի 30% զեղչը գործում է իրավախախտումը կատարելուց հետո 15 օրվա ընթացքում տուգանքը վճարելու դեպքում։
Օրինակ՝ 5,000 դրամ տուգանքի դեպքում կվճարես 3,500 դրամ։
Այո՛, հնարավոր է, եթե․
- ծանուցվել ես էլեկտրոնային փոստի միջոցով (20%),
- վճարել ես տուգանքը 15 օրվա ընթացքում (30%):
Այսինքն՝ եթե կատարել ես 5,000 դրամի իրավախախտում, վերը նշված պայմանները բավարարելուց հետո տուգանքի չափը կլինի 2,800 դրամ։
Ընդ որում՝ երկրորդ զեղչը հաշվարկվում է արդեն զեղչված արժեքի նկատմամբ։
Ավտոկայանատեղի վճարումներ
Երևանում ավտոմեքենան կայանելու համար պետք է կատարել սահմանված չափով վճարներ։ Կան 2 տեսակի ավտոկայանատեղեր՝ Ա գոտի և Բ գոտի, որոնք հայտնի են նաև կարմիր գծեր անվանմամբ։ Յուրանքաչյուր գոտու համար վճարները տարբեր են։
Փոքր կենտրոնում (Ա գոտի) կայանելու համար սահմանված են հետևյալ վճարները․
- 300 դրամ՝ 1 ժամվա համար,
- 2,000 դրամ՝ մեկ օրվա համար,
- 5,000 դրամ՝ մեկ շաբաթվա համար,
- 18,000 դրամ՝ 1 ամսվա համար,
- 160,000 դրամ՝ 1 տարվա համար:
Փոքր կենտրոնում ներառված փողոցների ցանկ
Կարող ես վճարել 2 տարբերակով․
- SMS հաղորդագրությամբ,
- բանկային կամ վճարային (տերմինալ) համակարգերով։
SMS հաղորդագրությամբ վճարելու համար
Ուղարկիր 1045 հեռախոսահամարին քո տրանսպորտային միջոցի համարանիշը լատինատառ և առանց միջակայքի։
Բանկային կամ վճարային համակարգերի միջոցով վճարելու համար
Կատարիր փոխանցում 900015002430 հաշվեհամարին՝ «Նպատակ» դաշտում նշելով տրանսպորտային միջոցի համարանիշը լատինատառ և առանց միջակայքի։
Փոքր կենտրոնից դուրս (Բ գոտի) կայանելու համար սահմանված են հետևյալ վճարները․
- 200 դրամ՝ 1 ժամվա համար,
- 1,000 դրամ՝ մեկ օրվա համար,
- 2,000 դրամ՝ մեկ շաբաթվա համար,
- 4,000 դրամ 1 ամսվա համար,
- 24,000 դրամ՝ 1 տարվա համար:
Փոքր կենտրոնում ներառված փողոցների ցանկ
Կարող ես վճարել 2 տարբերակով՝
- SMS հաղորդագրությամբ,
- բանկային կամ վճարային (տերմինալ) համակարգերով։
SMS հաղորդագրությամբ վճարելու համար
Ուղարկիր 5045 հեռախոսահամարին քո տրանսպորտային միջոցի համարանիշը լատինատառ և առանց միջակայքի։
Բանկային կամ վճարային համակարգերի միջոցով վճարելու համար
Կատարիր փոխանցում 900015211593 հաշվեհամարին՝ «Նպատակ» դաշտում նշելով տրանսպորտային միջոցի համարանիշը լատինատառ և առանց միջակայքի։
Թե՛ փոքր կենտրում, թե՛ դրա սահմաններից դուրս ավտոմեքենան կայանելու համար պետք է վճարել ժամը 9։00-ից 22։00-ն։ Իսկ այդ ժամերից առաջ և հետո կայանելն անվճար է։
Ընդ որում՝ մինչև 15 րոպե կայանելու դեպքում ևս վճար չի գանձվում, իսկ 15 րոպեից ավելի կայանելիս 1 ժամվա համար սահմանված 300 դրամը պետք է վճարել նախապես` կայանելու պահից սկսած 15 րոպեի ընթացքում։
Ավտոմեքենայի կայանումը 2 գոտիներում անվճար է․
- յուրաքանչյուր օր՝ ժամը 22։00-ից 9։00-ն,
- կիրակի օրերին,
- էլեկտրամոբիլների համար։
ՀՀ ճանապարհներ
Առցանց հավելվածի միջոցով կարող ես ստանալ տեղեկություններ Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական ճանապարհների վիճակի մասին։