BETA

This site is new, your feedback will help us improve it.

Ուղեցույց

Ինչպե՞ս արտասահմանից ներմուծել ավտոմեքենա և մաքսազերծել այն

Ավտոմեքենա հնարավոր է գնել ինչպես ՀՀ շուկայից, այնպես էլ արտասահմանից։ Արտասահմանից ներմուծելու դեպքում այն անհրաժեշտ է մաքսազերծել, ինչի հաջորդական քայլերը ներկայացված են այս ուղեցույցում։ 

Ավտոմեքենան ներմուծելու հաջորդական քայլերը

  1. Քայլ 1

    Շուկայի ուսումնասիրություն

    Նախ անհրաժեշտ է արտասահմանյան առցանց հարթակներում ուսումնասիրել ավտոմեքենաների տարբեր մակնիշները, գտնել ամենաարդյունավետ տարբերակները։

  2. Քայլ 2

    Բյուջեի սահմանում

    Շուկայի մասին մոտավոր պատկերացում կազմելուց հետո անհրաժեշտ է պլանավորել բյուջեն, որը պետք է ներառի ինչպես ավտոմեքենայի գնման արժեքը, այնպես էլ դրա տեղափոխման, մաքսազերծման և հաշվառման հետ կապված ծախսերը։ Հաջորդական քայլերը ներկայացված են այս ուղեցույցում։

  3. Քայլ 3

    Ավտոմեքենայի ընտրություն և գնում

    Ինքնուրույն կամ բրոքերային ընկերությունների օգնությամբ անհրաժեշտ է ընտրել ավտոմեքենան, վաճառողի հետ հստակեցնել վերջնական գինը, վճարման կարգը և կատարել փոխանցումը։

  4. Քայլ 4

    Ավտոմեքենայի ներմուծում և հայտարարագրում

    ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն փաստաթղթերը ներկայացնելու, ավտոմեքենան մաքսազերծելու և սահմանված վճարումները կատարելու նպատակով անհրաժեշտ է ծանոթանալ այս ուղեցույցին և գործող օրենսդրության դրույթներին։

Մաքսազերծման քարտեզ

Ավտոմեքենայի ներմուծումը Հայաստան իրականացվում է թե՛ օդային, թե՛ ցամաքային, և թե՛ ծովային եղանակներով։ Ծովային ճանապարհով փոխադրվելիս ավտոմեքենան նախ հասնում է հարևան երկրներ, որտեղից էլ բեռնափոխադրող մեքենաներն այն հասցնում են Հայաստան։

Կարևոր է ճիշտ ընտրել բեռնափոխադրող ընկերությունը, քանի որ նրան բավականին արժեքավոր ապրանք է վստահվելու։ Ընտրությունը կատարելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել` արդյոք բեռնատարի թափքը բավարար վիճակում է, որպեսզի կարողանա անվնաս կերպով տեղ հասցնել ավտոմեքենան, արդյոք բեռնափոխադրողը բավականաչափ ամուր է տեղավորում մեքենան թափքի վրա և հուսալի ընթացք կապահովի ամբողջ ճանապարհին։ 

Հասնելով Հայաստան՝ ներմուծվող մեքենաները մաքսազերծվում են Հյուսիսային մաքսատուն-վարչությունում, որը գտնվում է Գյումրիում։

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները (օրինակ՝ Հայաստանը և Ռուսաստանը) ունեն միասնական մաքսային տարածք, որտեղ գործում են միասնական մաքսային կանոններ։ ԵԱՏՄ անդամ երկրների միջև մեքենա տեղափոխելիս մաքսատուրք չի գանձվում։

Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Ղրղզստանից Հայաստան տրանսպորտային միջոց ներմուծելիս այն մաքսազերծելու համար ֆիզիկական անձինք վճարում են միայն բնապահպանական տուրք և ԱԱՀ։

Բոլոր հարկերի և տուրքերի մասին անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացված է այս ուղեցույցում։

Այն երկրներում, որոնք ԵԱՏՄ անդամ չեն, գործում են մեքենայի մաքսազերծման այլ պայմաններ։

Օրինակ՝ Վրաստանից տրանսպորտային միջոց ներմուծելու համար անհրաժեշտ է վճարել ԵԱՏՄ կողմից երրորդ երկրների համար սահմանված մաքսատուրքերը։

Մաքսազերծման փուլերը

Ավտոմեքենայի մաքսազերծումը բաղկացած է 6 փուլից՝

  • մուտք մաքսային հսկողության տարածք,

  • նախնական զննում մաքսային տեսուչի կողմից,

  • ձևակերպում,

  • վճարում,

  • գանձումների համակարգում,

  • բացթողում։

Մուտք, զննություն, ձևակերպում

Ավտոմեքենայի մաքսազերծումը ֆիզիկական անձանց դեպքում

Ավտոմեքենան մուտք է գործում մաքսային տարածք ինչպես բեռափոխադրող ընկերությունների բեռանատարների միջոցով, այնպես էլ ինքնաշարժ եղանակով:

Մաքսային տարածք մուտք գործելուց հետո մաքսային տեսուչը լրացնում է տարանցման հայտարարագիրը, որում նշվում են ավտոմեքենայի և փոխադրողի տվյալները։

Ավտոմեքենայի տարանցման հայտարարագիրը լրացնելուց հետո մաքսային տեսուչը կատարում է տրանսպորտային միջոցի նախնական զննում և հանձնում լրացված հայտարարագիրը։

Այս փուլում ստուգվում է նաև ներկրված տրանսպորտայի միջոցի նույնականացման կոդը (VIN)։

Ձևակերպումը կատարվում է մաքսային ծառայողի կողմից։ Տրանսպորտային միջոց ներկրողը, տեղում վերցնելով հերթի կտրոն կամ նախապես ամրագրելով այց, անհրաժեշտ փաստաթղթերով ներկայանում է մաքսային ծառայողին, որը լրացնում է ուղևորային հատարարագիր և մաքսային մուտքի օրդեր (ՄՄՕ)։

Առցանց ամրագրել այց ավտոմեքենայի մաքսազերծումը ձևակերպելու համար
Սկսել

Մաքսային ծառայողին անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • անձը հաստատող փաստաթուղթ,

  • տարանցման հայտարարագիր, որը կլրացվի և կտրամադրվի մաքսային տեսուչի կողմից, երբ տրանսպորտային միջոցը մուտք գործի մաքսային հսկողության տարածք,

  • ավտոմեքենայի ձեռբերման հաշիվ-ապրանքագիր,

  • ապրանքատրանսպորտային բեռնագիր, որը լրացվում է մաքսային մարմնում, եթե ավտոմեքենան մուտք է գործել ՀՀ տարածք բեռանփոխադրող ընկերությունների կամ քարշակի միջոցով։ Եթե ավտոմեքենան մուտք է գործել ՀՀ մաքսային սահման ինքնաշարժ եղանակով, ապա ապրանքատրանսպորտային բեռնագիր ներկայացնելու կարիք չկա։

Առցանց հաշվել ավտոմեքենայի մաքսային վճարը
Սկսել

Ի՞նչ փաստաթղթեր են լրացվում ավտոմեքենայի մաքսազերծումը ձևակերպելու համար

  • Ուղևորային հայտարարագիր

Ուղևորային հայտարարագրում լրացվում են տրանսպորտային միջոցի տվյալները՝ տարեթիվ, մակնիշ, առք ու վաճառքը հավաստող անդորրագրեր։ Եթե մեքենան ձեռք է բերվել աճուրդի միջոցով, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև աճուրդի մասնակցության տվյալները, օրինակ՝ աճուրդի կայքից գնված ավտոմեքենայի լուսանկարները՝ տպված տարբերակով։ 

  • Մաքսային մուտքի օրդեր (ՄՄՕ)

Մաքսային մուտքի օրդերը տրանսպորտային միջոցի ձևակերպման ֆինանսական մասն է։ Այս գործընթացում մաքսային ծառայողը հաշվարկում է մաքսային վճարները, որոնց չափերը կախված են ավտոմեքենայի արտադրման տարեթվից, շարժիչի ծավալից

Վճարման փուլ

Ի՞նչ վճարումներ են կատարվում ավտոմեքենան մաքսազերծելիս

Մաքսային ծառայողը մաքսային մուտքի օրդերը լրացնելուց հետո կտեղեկացնի, թե որքան է ավտոտրանսպորտային միջոցի մաքսավճարների չափը։ Կփոխանցի մաքսային մուտքի օրդերը, ինչից հետո անհրաժեշտ է մոտենալ մաքսատան տարածքում գործող բանկ և կատարել անհրաժեշտ վճարումները։

Մասնավորապես․  

Մաքսային հարկը պարտադիր վճար է, որի չափը կախված է ներմուծված ավտոմեքենայի գնից, արտադրման տարեթվից, շարժիչի հզորությունից և այլ հատկանիշներից։

Եթե մեքենան Հայաստանի տարածք է ներմուծվել ԵԱՏՄ անդամ երկրներից, ապա մաքսային հարկ վճարելու կարիք չկա։ 

ԵԱՏՄ անդամ պետություններն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

Սա պետական բյուջե վճարվող հարկ է, որն ուղղված է շրջակա միջավայրի պահպանմանը, քանի որ մեքենան շրջակա միջավայրի աղտոտման աղբյուր է։

Բնապահպանական հարկի չափը կախված է ավտոմեքենայի գնից, արտադրման տարեթվից, շարժիչի հզորությունից և այլ հատկանիշներից։

Ուշադրություն
2020 թվականից հետո արտադրված ավտոմեքենաների համար բնապահպանական հարկ չի վճարվում։

Ավտոմեքենա ներմուծելիս վճարվում է նաև ԱԱՀ, որի չափը կախված է ավտոմեքենայի գնից, արտադրման տարեթվից, շարժիչի հզորությունից և այլ հատկանիշներից։

Անհրաժեշտ է նաև վճարել պետական տուրքեր, որոնց չափը կհաշվարկի մաքսային տեսուչը։

Գանձումների համակարգում

Տեղում գործող բանկում անհրաժեշտ վճարումները կատարելուց և վճարման անդորրագրերը ստանալուց հետո անհրաժեշտ է դրանք ներկայացնել գանձումների համակարգման բաժին, որտեղ կստուգեն՝ արդյոք վճարումները ճիշտ են կատարվել և պատշաճ կերպով փոխանցվել են ճիշտ հաշվեհամարներին։

Ավտոմեքենայի բացթողում

Գանձումների համակարգում վճարումների ստուգումից հետո անհրաժեշտ է տեղում հերթի կտրոն վերցնել կամ առցանց այց ամրագրել և վճարման անդորրագրերով ներկայանալ ավտոմեքենայի բացթողման գործընթացն իրականացնող տեսուչի մոտ, որն էլ իր հերթին կատարված անհրաժեշտ գործարքները ստուգելուց հետո կտրամադրի ավտոմեքենայի ժամանակավոր համարանիշ, եթե ավտոմեքենայի հաշվառումը կատարվելու է ավելի ուշ։ 

Տրված համարանիշն ունենալու է 15-օրյա ժամկետ, և սահմանված ժամկետներում ավտոմեքենայի հաշվառումը չկատարելու դեպքում սահմանված է 20,000 ՀՀ դրամ տուգանք։

Այս գործողությունները կատարելուց հետո անհրաժեշտ է մոտենալ տրանսպորտային միջոցների հատուկ ավտոկայանատեղի, որտեղ կայանված են ներմուծված ավտոմեքենաները։

Առցանց ամրագրել այց ավտոմեքենայի բացթողման համար
Սկսել

Ավտոմեքենայի մաքսազերծումը իրավաբանական անձանց դեպքում

Իրավաբանական անձը անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է նախապես՝ առցանց եղանակով։ Այնուհետև, երբ տրանսպորտային միջոցը հասնում է Հայաստան, ներկրող կողմը ներկայանում է մաքսատուն հետագա գործարքներն իրականացնելու համար։

Անհրաժեշտ փաստաթղթերն են՝

  • անձնագիր,

  • ապրանքների հայտարարագիր, որում լրացվում են տրանսպորտային միջոցի տվյալները՝ տարեթիվ, մակնիշ, առք ու վաճառքը հավաստող անդորրագրեր,

  • աճուրդի մասնակցությունը հաստատող փաստաթղթեր, եթե մեքենան ձեռք է բերվել աճուրդով,

  • ավտոմեքենայի ձեռբերման հաշիվ-ապրանքագիր, 

  • ապրանքատրանսպորտային բեռնագիր, եթե ավտոմեքենան մուտք է գործելու ՀՀ տարածք բեռանփոխադրող ընկերությունների կամ քարշակի միջոցով, 

  • մաքսային մուտքի օրդեր,

  • այլ ծախսեր (օրինակ՝ բեռնափոխադրման ծախսեր) հաստատող փաստաթղթեր։

Իրավաբանական անձը ավտոտրանսպորտային միջոցի մաքսազերծման համար անհրաժեշտ փաստաթղթերը նախապես ներկայացնում է առցանց եղանակով՝ trade.gov.am հարթակի միջոցով։ 

Երբ մեքենան ժամանանում է Հայաստան, ներմուծող կողմը նախապես այց է ամրագրում մաքսազերծման ձևակերպման գործընթացը սկսելու համար։

Մաքսային տեսուչը ստուգում է trade.gov.am հարթակի միջոցով ներկայացված փաստաթղթերի լրիվությունն ու ճշտությունը, հաշվարկում է տրանսպորտային միջոցի մաքսազերծման վճարը և ուղղորդում է իրավաբանական անձին կատարելու անհրաժեշտ վճարումները։

Առցանց ամրագրել այց ավտոմեքենայի մաքսազերծումը ձևակերպելու համար
Սկսել
Առցանց հաշվել տրանսպորտային միջոցի մաքսային վճարը իրավաբանական անձանց դեպքում
Սկսել

Մաքսազերծման վճարումները կատարելուց հետո իրավաբանական անձը մոտենում է մաքսատան տարածքում գործող գանձումների համակարգման հատուկ բաժին, որտեղ մասնագետները վճարումները ստուգելուց հետո ներկրող անձին ուղղորդում են կատարելու մաքսազերծման վերջին քայլը՝ ավտոմեքենայի բացթողումը։

Ավտոմեքենայի բացթողումը կատարելու համար հնարավոր է տեղում հերթի կտրոն վերցնել կամ նախապես առցանց հերթագրվել մաքսազերծման ձևակերպման գործընթացին։

Առցանց ամրագրել այց ավտոմեքենայի բացթողման համար
Սկսել

Հերթի կտրոնով անհրաժեշտ է մոտենալ բացթողման գործընթացն իրականացնող տեսուչին, ով  ևս մեկ անգամ կստուգի կատարված վճարումները և կտրամադրի ավտոմեքենայի ժամանակավոր համարանիշ։

Գյումրու Հյուսիսային մաքսատանը հնարավոր է ներմուծված ավտոմեքենան նաև հաշվառել՝ խնայելով ժամանակը։ Մաքսազերծումից հետո հաշվառման գործընթացը իրականացնելու համար այցի ամրագրում չի պահանջվում․ պարզապես անհրաժեշտ է ավտոմեքենայի բացթողումը ձևակերպող մաքսային տեսուչին տեղեկացնել ավտոմեքենան հաշվառելու ցանկության մասին, և տեսուչը կուղղորդի՝ կատարելու անհրաժեշտ քայլերը։ 

Կայանումը մաքսատան տարածքում

Ներմուծված ավտոմեքենան հնարավոր է թողնել մաքսատան հատուկ ավտոկայանատեղիում 4 ամիս։ Յուրաքանչյուր օրվա համար ավտոմեքենայի ժամանակավոր պահպանման համար անհրաժեշտ է կատարել կայանման վճար, որի չափը կախված է ավտոմեքենայի քաշից։ Մինչև 1 տոննա քաշ ունեցող տրանսպորտային միջոցի համար սահմանված է օրական 1,000 դրամ կայանման վճար, իսկ հաջորդող ամեն տոննայի համար վճարն ավելանում է 300 դրամով։ 

Եթե 4 ամսվա ընթացքում տրանսպորտային միջոցը չմաքսազերծվի, և այդ ընթացքում ավտոմեքենան կայանված մնա մաքսատան հատուկ ավտոկայանատեղիում, ապա անհրաժեշտ կլինի վճարել 50,000 դրամ տուգանք։

Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության, ՀՀ ճանապարհային ոստիկանության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից։
Was this page useful?