ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Կրթություն

Դիմել մարզերի պետական ուսումնական հաստատություններ գործուղման համար

Ծառայությունը նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր ցանկանում են աշխատել ՀՀ մարզերի պետական ուսումնական հաստատություններում: Ծրագիրը ներառում է լրացուցիչ վճարներ և փոխհատուցումներ՝ տրանսպորտային, բնակարանային ծախսերի համար:

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
Մինչև 30 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար

ՀՀ մարզերի պետական ուսումնական հաստատություններ գործուղվելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմում ներկայացնել (դիմումը տրամադրվում է տեղում) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։ 

Ներկայացվող պահանջներ

Գործուղման համար կարող են դիմել այն անձինք, ովքեր․

  • ստացել են մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով),
  • կամ ունեն բարձրագույն կրթություն և վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ։

Պահանջվող փաստաթղթեր

Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փասատթղթերը․ 
  • բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն,
  • ինքնակենսագրություն,
  • առկայության դեպքում՝ նախկին աշխատավայրից բնութագիր,
  • մասնագիտական գիտելիքները և որակավորումը հաստատող այլ փաստաթղթեր՝ ըստ ցանկության,
  • գրավոր համաձայնություն՝ գործուղման վայրում առավելագույնը 2 ուսումնական տարի բնակվելու մասին։

Փոխհատուցման չափը

Գործուղված մասնագետներին տրամադրվում են հետևյալ փոխհատուցումները.

  • ընտանիքի անդամների տեղափոխության ծախսեր՝ հասարակական տրանսպորտի սակագնով,

  • գույքի տեղափոխման ծախսեր՝ մինչև 50,000 դրամի չափով,

  • տարեկան 4 անգամ տուն այցելելու ծախսեր՝ հասարակական տրանսպորտի սակագնով,

  • բնակարանի վարձակալություն ծախսեր՝ 10,000 - 34,000 դրամ՝ կախված մարզից և բնակավայրի տեսակից (քաղաք/գյուղ),

  • կոմունալ ծախսեր՝ ամսական 10,200 դրամ,

  • լրացուցիչ վճար՝ աշխատավարձի 30%-ի չափով:

Հատկացումները տրամադրվում են եռամսյակային կտրվածքով:

Ուշադրություն

Գործուղված մասնագետները կարող են միաժամանակ օգտվել նաև մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծախսերի փոխհատուցումից։

Տրամադրման ժամկետ և կարգ

Մարզպետարանները մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 10-ը նախարարություն են ներկայացնում պետական հաստատություններում մանկավարժական կադրերի պահանջի մասին հայտերը:

Նախարարությունը ստացված հայտերի հիման վրա կազմում է թեկնածուների ցանկը՝ նախապատվությունը տալով.

  • տվյալ դպրոցում նախկինում աշխատած և դրական բնութագիր ստացած թեկնածուին,
  • դպրոցին ամենամոտ բնակվող թեկնածուին,
  • ավելի բարձր որակավորում ունեցող թեկնածուին:

Թեկնածուին ուղարկվում է գործուղման ուղեգիր: 3 անգամ հրաժարվելու դեպքում, թեկնածուի տվյալները հանվում են շտեմարանից 3 տարով:

Ընտրված թեկնածուն դպրոցի հետ կնքում է մինչև 2 ուսումնական տարվա աշխատանքային պայմանագիր:

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2020 թվականի հոկտեմբերի 14-ի N 40-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը):

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալություն ՊՈԱԿ
Այս էջը օգտակա՞ր էր