Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի փոփոխության պետական գրանցում
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների փոփոխության պետական գրանցումն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի փոփոխության պետական գրանցման համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով դիմել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տարածքային սպասարկման գրասենյակներ։
Ներկայացվող պահանջները
Դիմելու համար անհրաժեշտ է լինել գործադիր մարմնի ղեկավար կամ նրա կողմից լիազորված անձ։
Պահանջվող փաստաթղթերը
Ընկերության բաժնեմասի կամ դրա մասի օտարման դեպքում պետական գրանցում կատարելու համար շահագրգիռ անձը ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն է ներկայացնում՝
- դիմում, որը պետք է պարունակի նոր մասնակիցների մասին տեղեկություններ՝ անձնագրային տվյալները ֆիզիկական անձի դեպքում, կամ գրանցման համարը ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձի դեպքում,
- բաժնեմասի կամ դրա մասի օտարման հիմքը,
- ընկերության տնօրենի գրավոր հավաստումը ընկերության մասնակիցների նախապատվության իրավունքի (դրա առկայության դեպքում) իրականացման՝ օրենքով և ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգը պահպանելու մասին:
Եթե ընկերության մասնակցի բաժնեմասը փոխանցվում է նոտարական կարգով վավերացված պայմանագրով, ապա սույն մասում նշված հավաստումը չի ներկայացվում, - պետական տուրքի վճարման անդորրագիր,
- քաղվածք տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից, կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ և նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները)` վավերացված և հայերեն թարգմանված, եթե բաժնեմասի սեփականատեր պետք է դառնա օտարերկրյա իրավաբանական անձ,
- եթե բաժնեմասի սեփականատեր պետք է դառնա օտարերկրյա ֆիզիկական անձ, ապա պետական գրանցման համար նախատեսված փաստաթղթերից բացի` տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված:
Ընկերության մասնակցի բաժնեմասի բռնագրավման դեպքում պետական գրանցման համար շահագրգիռ անձը ներկայացնում է՝
- դիմում,
- դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը կամ կատարողական թերթը,
- պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Ընկերությունից մասնակցի դուրս գալու հետ կապված գրանցում կատարելու համար, եթե դիմում է ընկերությունը, ներկայացվում են՝
- դիմում՝ տրված ընկերության կողմից,
- ընկերության անվանմամբ՝ դուրս գալու մասին մասնակցի դիմումի պատճենը,
- պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
Ընկերությունից մասնակցի դուրս գալու հետ կապված գրանցում կատարելու համար, եթե դիմում է դուրս եկող մասնակիցը, ներկայացվում են՝
- դիմում՝ տրված դուրս եկող մասնակցի կողմից,
- գրավոր հավաստում` ընկերությունից դուրս գալու մասին մասնակցի դիմումն ընկերության կողմից ստանալու վերաբերյալ, որը տրվում է դուրս եկող մասնակցի կողմից,
- պետական տուրքի վճարման անդորրագիր:
Ընկերության մասնակիցների ժառանգներին կամ իրավահաջորդներին, բաժնեմասի փոխանցմամբ պայմանավորված, գրանցում կատարելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
- դիմում,
- ժառանգ կամ իրավահաջորդ համարվելու մասին համապատասխան փաստաթուղթ,
- ընկերության բոլոր մասնակիցների գրավոր համաձայնությունը կամ ընկերության տնօրենի հավաստումն ընկերության մասնակիցների համաձայնության մասին, եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված է, որ նման գործարքը հնարավոր է միայն ընկերության մասնակիցների համաձայնությամբ,
- պետական տուրքի վճարման անդորրագիր։
Եթե բաժնեմասի սեփականատեր պետք է դառնա օտարերկրյա իրավաբանական անձ, ապա, անհրաժեշտ է նաև՝
- քաղվածք տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից, կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ,
- նրա հիմնադիր փաստաթղթերը` վավերացված և հայերեն թարգմանված։
Եթե բաժնեմասի սեփականատեր պետք է դառնա օտարերկրյա ֆիզիկական անձ, ապա անհրաժեշտ է նաև՝
- տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված:
Բոլոր դեպքերում անհրաժեշտ է նաև իրական շահառուների հայտարարությունը։
Վճարման չափը և կարգը
Այն հնարավոր է վճարել՝
- Բանկային փոխանցման միջոցով,
- Վճարային տերմինալի միջոցով,
Վճարման չափ՝ 20,000 ՀՀ դրամ
Նպատակ՝ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի փոփոխության պետական գրանցում
Ուշադրություն
Ցանկացած փոփոխություն ենթադրում է կանոնադրության փոփոխություն ևս, որի համար անհրաժեշտ է վճարել առանձին պետական տուրք։ Կանոնադրության փոփոխության համար սահմանված է 10,000 ՀՀ դրամ։
Տրամադրման ժամկետը և կարգը
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի փոփոխության պետական գրանցումն իրականացվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
- «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80