Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ աջակցություն որպես պատերազմի հետևանքով ընտանիքում անհայտ կորած անձ ունեցող
Ծրագրի նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ԼՂ-ի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին։
Ծրագրի մասին
Աջակցության ծրագրի շրջանակներում դրամական աջակցություն են ստանում այն անձինք, ովքեր պատերազմական գործողությունների հետևանքով ունենք անհայտ կորած ընտանիքի անդամ։ Սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամսական 300.000 դրամի չափով:
Անհայտ կորած են համարվում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ԼՂ-ի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ կամ գերեվարված այն քաղաքացիական անձինք, որոնց տվյալներն առկա են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կամ ԼՂ մարդու իրավունքների պաշտպանի կամ ՀՀ քննչական կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվության մեջ:
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝
- մուտք գործել համակարգ (e-request.am կայքում գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ),
- լրացնել պահանջվող տվյալները՝ շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը, բանկային հաշվեհամարը կամ բանկը,
- կցել պահանջվող փաստաթղթերը։
Ուշադրություն
Դիմումները անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2025 թվականի մայիսի 15-ը։
Ներկայացվող պահանջները
Աջակցությունից օգտվելու իրավունք ունեն անհայտ կորած անձի ընտանիքի անդամները։
Սույն միջոցառման շրջանակում ընտանիքի անդամներ են համարվում`
- ամուսինը,
- զավակը (զավակները),
- ծնողը (ծնողները) կամ օրինական ներկայացուցիչը,
- 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քույրը և եղբայրը,
- անհայտ կորած քաղաքացու խնամքի տակ գտնված 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող քույրը և եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը:
Ընդ որում՝ քույրը և եղբայրը սոցիալական աջակցության իրավունքից կարող են օգտվել, եթե նրանց ծնողները կամ միակ ծնողը մահացած են կամ ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն երրորդ աստիճանի սահմանափակում:
Պահանջվող փաստաթղթերը
- Ամուսնության վկայականի կամ ամուսնության ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքի էլեկտրոնային լուսապատճենը` անհայտ կորածի ամուսնու համար,
- անհայտ կորածի ծննդյան վկայականի կամ ծննդյան ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքի էլեկտրոնային լուսապատճենը` անհայտ կորածի ծնողի կամ օրինական ներկայացուցչի համար,
- երեխայի ծննդյան վկայականի կամ ծննդյան ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքի և առկայության դեպքում` երեխայի ծնողների ամուսնության վկայականի (կամ հայրության ճանաչման վկայականի) էլեկտրոնային լուսապատճենը` անհայտ կորածի երեխայի համար,
- ըստ անհրաժեշտության` առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելը հաստատող փաստաթղթի, հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու վերաբերյալ որոշման (վարչական ակտի), ինչպես նաև 18 տարին չլրացած երեխայի օրինական ներկայացուցիչը` ծնողը, խնամակալը, որդեգրողը, դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի խնամակալ հանդիսանալը հաստատող փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները,
- տեղեկություն այլ շահառուների (ընտանիքի անդամներ` ամուսին, զավակ, ծնող, քույր, եղբայր) առկայության վերաբերյալ (բացառությամբ անհայտ կորածի կարգավիճակը հստակեցված անձի դիմելու դեպքի)` համաձայնության դեպքում կցելով անհայտ կորածի համար նախատեսված գումարը մեկ շահառուի կողմից ստանալու մասին բոլոր շահառուների կողմից ստորագրված համաձայնագրի էլեկտրոնային լուսապատճենը:
Դիմումի ընթացքը
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմումով ներկայացված տվյալները համեմատում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կամ ԼՂ մարդու իրավունքների պաշտպանի կամ ՀՀ քննչական կոմիտեի կողմից տրամադրված տվյալների հետ, անհրաժեշտության դեպքում, համեմատում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվական բազաների տվյալների հետ և մերժում է կամ հաշվառում է դիմումը: Ընդ որում, ճշգրտվում է նաև այլ շահառուների առկայության վերաբերյալ տեղեկությունը:
- Աջակցությունը նշանակելու կամ մերժելու մասին որոշումը նախարարությունը կայացնում է դիմումն ստանալուց հետո առավելագույնը 30 օրվա ընթացքում, որի մասին գրավոր տեղեկացնում է դիմողին: Ընդ որում, աջակցությունը նշանակելու դեպքում` նշվում է նաև հաշվարկված աջակցության չափը:
Եթե դիմումը չի մերժվում, ապա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը`
- հաշվառում է դիմումը և դիմելու օրվա ամսվանից հաշվարկում է շահառուի ամսական աջակցության չափը` սկսած սույն կարգը հաստատելու ամսվանից մինչև 2025 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ` բացառությամբ հետևյալ դեպքերի`
- 300.000 դրամ/շահառուների թիվ (գումարը բաժանվում է շահառուների միջև, եթե չկա նախատեսված գումարը մեկ շահառուի կողմից ստանալու մասին համաձայնություն),
- եթե առկա չէ շահառուների վերաբերյալ ճշգրտված տեղեկատվություն, ապա հաշվարկվում է ամսական աջակցության նախնական չափ` 100.000 դրամ: 2025 թվականի մայիսի 15-ի դրությամբ ամսական աջակցության վերջնական չափի հաշվարկումը կատարվում է համաձայն սույն ենթակետի «ա» պարբերության,
- ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 635-Լ որոշման հիման վրա շահառուին վճարված միանվագ աջակցության առկայության դեպքում սույն ենթակետի «ա» և «բ» պարբերություններով սահմանված ամսական միանվագ աջակցության չափը հաշվարկվում է` վճարված միանվագ աջակցության չափը նվազեցնելուց հետո։
- ՀՀ քննչական կոմիտեից, անհայտ կորածի վերաբերյալ դեպքը տեղի ունենալու կամ կարգավիճակի հստակեցման (անհայտ կորած համարելու հիմքերը հայտնի դառնալու կամ դադարելու) օրվա կամ ամսվա մասին, ստացված տեղեկատվության առկայության դեպքում շահառուի կամ անհայտ կորածի կարգավիճակը հստակեցված անձի ամսական աջակցության չափը հաշվարկվում է սույն կետի 1-ին ենթակետով սահմանված չափերով` դեպքը տեղի ունենալու ամսվանից մինչև կարգավիճակի հստակեցման ամիսը ներառյալ,
- հաստատում է դիմումը և շահառուի տվյալները ներառում է վճարման ցուցակում:
Տրամադրման ժամկետը և կարգը
- Սոցիալական աջակցությունը տրամադրվում է գումարը բանկային հաշվեհամարին կամ շահառուի ընտրված բանկին փոխանցելու միջոցով:
- Աջակցությունը վճարվում է անկանխիկ եղանակով` աջակցության գումարը` դիմումը հաստատելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմողի բանկային հաշվեհամարին փոխանցելու կամ շահառուի` ընտրված բանկի մասնաճյուղ անձամբ կամ նոտարական կարգով լիազորված անձի ներկայանալու և վերջինիս նույնականացնելու միջոցով:
- Աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի պարտավորությունների դիմաց:
- Նշանակված և շահառուի մահվան պատճառով մինչև 2025 թվականի մայիսի 20-ը չվճարված գումարը վճարվում է դիմողի ամուսնուն կամ 14 տարին լրացած երեխային, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը նախարարություն են ներկայացվում մինչև 2025 թվականի մայիսի 25-ը:
Հղում օրենսդրությանը
ՀՀ Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1924-Լ որոշում (անհրաժեշտ է կարդալ ամենավերջին փոփոխված տարբերակը)
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am կայքում։
09:00-18:00
Հեռախոսահամար`
Թեժ գիծ՝ 114
Տելեգրամյան ալիք
09:00-18:00
Հեռախոսահամար`
Թեժ գիծ՝ 114
Տելեգրամյան ալիք