ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Աշխատանք և զբաղվածություն

Դիմել ներդրումային ֆոնդերում ներդրումներ կատարելու ծրագրին

Ծրագիրն ուղղված է ներդրումային կարողությունների ավելացմանը, հայաստանյան շուկա նոր մուտք գործող ֆոնդերի կառավարիչների համար առավել գրավիչ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև իրական հատվածի համար ֆինանսներին հասանելիության դյուրացմանը։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։

Ծրագրի մասին

 

Ծրագիրն ուղղված է ներդրումային կարողությունների ավելացմանը, հայաստանյան շուկա նոր մուտք գործող ֆոնդերի կառավարիչների համար առավել գրավիչ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև իրական հատվածի համար ֆինանսներին հասանելիության դյուրացմանը։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառավարության մասնակցությունը տնտեսության գերակա ոլորտներում ներդրումներ իրականացնող ֆոնդերում՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տվյալ ֆոնդում ներդրողի կողմից առնվազն 250,000,000 (երկու հարյուր հիսուն միլիոն) դրամի չափով փայերի ձեռքբերման պարագայում՝ ֆոնդի զուտ ակտիվների 30%-ի չափով, սակայն ոչ ավել քան 3,000,000,000 (երեք միլիարդ) դրամը։
Ծրագրի իմաստով գերակա ոլորտներ են համարվում մշակվող արդյունաբերությունը, էներգետիկան և զբոսաշրջությունը:
 

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծրագրի շահառու են համարվում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ և գերակա ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրում կատարող ներդրումային ֆոնդերը, որոնք կառավարվում են առնվազն 1.000.000.000 (մեկ միլիարդ) ԱՄՆ դոլարի չափով ակտիվներ կառավարող կառավարիչների կողմից։ 

 

Դիմելու կարգ

 

Ծրագրի շահառու դառնալու համար անհարժեշտ է.

 

  • դիմումը և անհարժեշտ փաստաթղթերը ներկայացնել Էկոնոմիկայի նախարարություն
  • Էկոնոմիկայի նախարարությունը հայտը դիտարկում է 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում։
  • Դիմումը Էկոնոմիկայի նախարարության կողմից մերժվում է եթե՝
    ►Էկոնոմիկայի նախարարություն են ներկայացվել կեղծ կամ անարժանահավատ տվյալներ,
    ►դիմումատուն հրաժարվում է տրամադրել Էկոնոմիկայի նախարարության կողմից պահանջվող լրացուցիչ տեղեկություն, որն անհրաժեշտ է ծրագրի հետ համապատասխանությունն ստուգելու համար,
    ►դիմումատուն չի համապատասխանում սույն ծրագրի պահանջներին։
  • Դիմումի բավարարման դեպքում Էկոնոմիկայի նախարարությունը այդ մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է շահառուին, որից հետո շահառուի հետ կնքվում է փայերի ձեռքբերման վերաբերյալ պայմանագիր, որում ներառվում են առնվազն հետևյալ պայմանները՝
    ►ֆոնդում պետության կողմից իրականացվելիք ներդրման ծավալները,
    ►ֆոնդում ՀՀ կողմից ձեռք բերված փայերի դիմաց ստացված միջոցների ներդրումը բացառապես «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգիրք» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի իմաստով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպություններում,
    ►ֆոնդի ներդրումային գործունեության ոլորտը, թիրախները և սահմանափակումները,
    ►ֆոնդի շահույթի բաշխման կարգը,
    ►փայերի ձեռքբերումը,
    ►Ֆոնդի ծախսերի փոխհատուցումը ներդրողների կողմից և նոր ներդրողների մասնակցությունն արդեն իսկ կատարված ներդրումներին,
    ►Ֆոնդի ներդրումային քաղաքականությունը` ներառյալ ծրագրի շահառուների ընտրության չափանիշները և ծրագրում մասնակցության պայմանները,
    ►Ֆոնդի (կառավարչի) հաշվետվողականությունը։
  • Նախատեսված դիմումին կցվող փաստաթղթերը թերի կամ ոչ ամբողջական լինելու դեպքում տասնօրյա ժամկետում դիմումն էլեկտրոնային եղանակով վերադարձվում է հայտատուին՝ նշելով առկա թերությունները և սահմանելով թերությունների վերացման ժամկետ՝ առնվազն 10 (տասը) աշխատանքային օր։ Նախատեսված կարգով վերադարձված դիմումը սահմանված ժամկետում շահառուի կողմից կրկին ներկայացվելու դեպքում Էկոնոմիկայի նախարարության կողմից դիտարկվում է 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում։
  • Մերժման դեպքում՝ Էկոնոմիկայի նախարարությունը էլեկտրոնային եղանակով ծանուցում է դիմումատուին դիմումի մերժման մասին՝ նշելով մերժման հիմքը։
  • Հայտները կարող են ներկայացվել Էկոնոմիկայի նախարարություն մինչև 2027 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ:

 

Ծրագրի շահառու ներդրումային ֆոնդերը պետք է հրապարակեն արտաքին աուդիտի դրական եզրակացությունը, ինչպես նաև իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները՝ համաձայն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների իրենց պաշտոնական կայքերում կամ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական՝  https://www.azdarar.am/ ինտերնետային կայքում։ Միևնույն ժամանակ, վերջիններս պետք է Էկոնոմիկայի նախարարություն ներկայացնեն իրենց եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները կազմված համաձայն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների։ Սույն կետով սահմանված պարտավորությունների չկատարման դեպքում պետության կողմից ներդրված միջոցները ենթակա են վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

  • Դիմում-հայտ,
  • փայերի ձեռքբերումը հավաստող փաստաթուղթ,
  • ֆոնդի՝ իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը և կանոնադրությունը,
  • Ֆոնդի կանոնները,
  • Ֆոնդի վերաբերյալ առկա արտաքին աուդիտի չորակավորված (դրական) եզրակացությունը (ներկայացվում է, եթե ֆոնդը չի ստեղծվել տվյալ տարում),
  • Ֆոնդի կառավարչի կանոնադրությունը և պետական գրանցման վկայականը և ֆինանսական հաշվետվությունները՝ համաձայն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների,
  • Ֆոնդի բոլոր մասնակիցների կանոնադրությունները, պետական գրանցման վկայականները ֆինանսական հաշվետվությունները՝ համաձայն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (IFRS),
  • Ֆոնդի տարեկան ֆինանսական հաշվետվությունները՝ համաձայն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (նոր ստեղծված ֆոնդի պարագայում միայն ակտիվների մասին տեղեկատվություն ստորագրված կառավարչի գործադիր մարմնի ղեկավարի կամ (լիազորագրի առկայության պարագայում) վերջինիս կողմից լիազորված անձի կողմից):
 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ Կառավարության 18 հունվարի 2024 թվականի N 93-Լ որոշում

ՀՀ ԷՆ Ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման վարչություն՝ հեռ.՝ (+374)11 597 239։

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոս՝

+(374 11) 597 206

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր