Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ աջակցություն ՀՀ վերադառնալու դեպքում
ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված աջակցության ծրագրի նպատակն է օգնել Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկատվությամբ և կացարանով։
Աջակցություն ստանալու նպատակով ՀՀ վերադարձած քաղաքացին (ընտանիքի առկայության դեպքում՝ ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկը) դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնի ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (հասցե՝ ք․ Երևան, Թաիրով 14)։
Ծրագրի մասին
Ծրագիրը բաղկացած է 2 բաղադրիչից։ Առաջին բաղադրիչի շրջանակներում տրամադրվում է տեղեկատվական աջակցություն և կարիքներին համապատասխան ուղղորդում, իսկ երկրորդ բաղադրիչի շրջանակներում՝ կացարանով ապահովում։
Ծրագրի առաջին բաղադրիչը վերաբերում է հավասարապես հարկադիր և կամավոր վերադարձող ՀՀ քաղաքացիներին։ Իսկ երկրորդ բաղադրիչը հիմնականում նախատեսված է հարկադիր կերպով վերադարձող ՀՀ քաղաքացիների համար, այդ թվում՝
- օտարերկրյա պետություններից արտաքսված կամ վտարված ՀՀ քաղաքացիները,
- հետընդունման (ռեադմիսիոն) համաձայնագրերի շրջանակներում վերադարձողները։
Ներկայացվող պահանջները
Կացարան ստանալու աջակցությունից (երկրորդ բաղադրիչ) կարող են օգտվել առնվազն 1 տարի արտերկրում բնակվելուց հետո ՀՀ հարկադիր կերպով վերադարձած այն քաղաքացիները, ովքեր վերադարձից հետո առավելագույնը 3 ամսվա ընթացքում դիմում են ծրագրին՝ աջակցություն ստանալու նպատակով և ՀՀ-ում չունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն:
Ծրագրի շրջանակներում երկրորդ բաղադրիչի համար աջակցություն ստանալու հարցում կարող են դիմել կամավոր վերադարձած այն ՀՀ քաղաքացիները, որոնք համապատասխանում են նախորդ պարբերությունում ներկայացված պահանջներին և միևնույն ժամանակ պատկանում են հետևյալ խոցելի խմբերից առնվազն մեկին՝
- բազմազավակ ընտանիք (4 և ավելի երեխաներ ունեցող),
- հաշմանդամություն ունեցող անձինք։
Պահանջվող փաստաթղթեր
Աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
- դիմում,
- դիմողի և նրա ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- վերադարձի վկայական,
- դատարանի կամ վարչական մարմնի կողմից արտաքսման կամ վտարման վերաբերյալ որոշումները,
- լրացուցիչ փաստաթղթեր, որոնցով հնարավոր է տեղեկություններ ստանալ արտերկրում գտնվելու և ՀՀ վերադարձի ժամկետների, հաշմանդամության կարգ ունենալու, բազմազավակ լինելու մասին և այլն։
Տրամադրման կարգը և ժամկետը
- 3 աշխատանքային օրվա ընթացքում ծառայության աշխատակիցը փաստաթղթերի հիման վրա վեր է հանում բնակչության սոցիալական պաշտպանության կամ կացարանով ապահովման հաստատություններում տեղավորվելու խնդիր ունեցող անձանց կարիքները,
- հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է դիմողի անձնական գործը՝ կցելով նրա կարգավիճակը հավաստող առկա բոլոր փաստաթղթերը:
- Դիմողի անձնական գործը կազմելուց հետո 3-օրյա ժամկետում անձն ուղղորդվում է համապատասխան հաստատություն:
Հղում օրենսդրությանը
ՀՀ Կառավարության՝ 2020 թվականի մարտի 19-ի N 336-Լ որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։
0-8000-2020
+374 10 54-69-14
+374 10 54-69-12
0-8000-2020
+374 10 54-69-14
+374 10 54-69-12