ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Ստանալ մշտական կացության կարգավիճակ

Հայաստանում մշտական կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Թաիրով 14 հասցեում գտնվող Օտարերկրացիներին ուղղված ծառայությունների Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանում՝ նախապես այց ամրագրելով։

Մշտական կացության կարգավիճակ ստանալու դիմումը ներկայացնելուց հետո օտարերկրացին ստանում է կացությունը հիմնավորող փաստաթուղթ՝ մշտական կացության քարտ, որը տրամադրվում է 5 տարի ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։
Ո՞վ կարող է դիմել
Օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
20 րոպե
Ծառայության արժեքը
140,000 դրամ կամ անվճար
Տրամադրման տևողությունը
1 ամիս

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։

Առցանց հերթագրվելու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝
  • լրացնել պահանջվող տվյալները (Էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը) և սեղմել «Առաջ» կոճակը,
  • բացվող պատուհանում լրացնել էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված ծածկագիրը, 
  • հաջորդ էջում լրացնել դիմողի անունը, ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի (օրինակ՝ անձնագիր) համարը, իսկ այցելության վայրն ինքնաշխատ կերպով ընտրված կլինի (հասցե՝ Թաիրով 14),
  • «Այցելության օր և ժամ» պատուհանում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը և ամրագրել այցը։


Ներկայացվող պահանջները

ՀՀ-ում մշտական կացության կարգավիճակ ստանալու համար օտարերկրացին պետք է հիմնավորի, որ`

  • ունի ՀՀ-ում ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող ամուսին կամ մերձավոր ազգական (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ), ՀՀ-ում ապահովված է բնակարանով ու գոյության միջոցներով և մինչև մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմելը առնվազն երեք տարի բնակվել է ՀՀ-ում,

  • ազգությամբ հայ է,

  • ՀՀ-ում զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ։


Պահանջվող փաստաթղթերը

Տեղում կլրացվի դիմում, որին կից անհրաժեշտ է ներկայացնել՝

  • 35 x 45 մմ չափսի երեք գունավոր լուսանկար,

  • անձնագիրը, անձնագրի պատճենը և անձնագրի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը,

  • ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) հանգամանքը հիմնավորող փաստաթղթեր, 

  • ծննդյան վկայականը, ծնողների անձնագրերի պատճենները և ծնողների ամուսնության վկայականի պատճենները,

  • առողջական վիճակի մասին տեղեկանք,

  • պետական տուրքի վճարման անդորրագիրը։


Վճարման չափը և կարգը

Մշտական կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է վճարել 140,000 ՀՀ դրամ։

Վճարումը հնարավոր է կատարել տեղում՝ POS տերմինալի միջոցով, առցանց եղանակով, ցանկացած բանկում՝ 900005162111 հաշվեհամարին փոխանցում կատարելով, ինչպես նաև բանկային հավելվածի միջոցով (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։

Մշտական կացության կարգավիճակը անվճար տրամադրվում է հետևյալ անձանց

  • անչափահասներին (մինչև 18 տարեկան անձանց),
  • ՀՀ քաղաքացու մերձավոր ազգականներին,
  • Հայաստանի ուսումնական հաստատություններում սովորող օտարերկրացի ուսանողներին, դասավանդող մանկավարժներին և դասախոսներին,
  • ՀՀ-ին մարդասիրական կամ տեխնիկական օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ ժամանող անձանց,
  • ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի և Կառավարության կողմից աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետների և նրանց ընտանիքի անդամներին,
  • դիվանագիտական անձնագրերով ՀՀ մուտք գործող անձանց, ինչպես նաև ՀՀ-ում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցներին ու նրանց ընտանիքի անդամներին,
  • ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, սահմանադրական դատարանի նախագահի, վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի, մարդու իրավունքների պաշտպանի հրավերով Հայաստանի Հանրապետություն այցելող պաշտոնական անձանց և պատվիրակությունների անդամներին,
  • ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող  արտակարգ իրավիճակ,
  • փախստականի կարգավիճակ ստացած անձի` ՀՀ ժամանող մերձավոր ազգականներին։


Տրամադրման ժամկետը և կարգը

Կացության քարտը տրամադրվում է դիմելուց հետո 1 ամսվա ընթացքում։ Այն ստանալու համար անհրաժեշտ է այցելել Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակ։

Կացության կարգավիճակ ստանալու դիմումը մերժվելու դեպքում մերժման վերաբերյալ որոշումը փոստային առաքման միջոցով ուղարկվում է դիմողին։


Հղում օրենսդրությանը

  • «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
  • Կառավարության 2008 թվականի փետրվարի 8-ի N 134-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Այս էջը օգտակա՞ր էր